livemarks sitemap
Շաբաթ, Նոյեմբերի 23, 2019

«Սասնա ծռեր» դյուցազներգության ամենաերկարակյաց կինը Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձունն է` Սանասարի կախարդուհի կինը: Տիեզերական իմաստնությամբ օժտված այդ կինը ե՛ւ քաջարի զավակ մեծացնող առյուծածին մայր է, ե՛ւ ամուսնու մահից հետո նրա ժառանգության հմուտ պահապանն ու կառավարիչը, ե՛ւ հաջորդ սերունդներին կրթող ու Տոհմի տղամարդկանց իմաստուն խորհուրդներ տվող Մեծ մայր: Դեղձունը մարմնավորում է մեր դիցարանի Նանե աստվածուհուն, որը տոհմի, օջախի պահապանն է եւ միաժամանակ` պատերազմի դիցուհի: Իզուր չէ, որ հայոց արքաները պատերազմելուց կամ ճակատագրական քաղաքական վճիռներ ընդունելուց առաջ անպայման խորհրդակցում էին թագավորական տոհմի ամենատարեց կնոջ` Մեծ թագուհու հետ: Նույն դերակատարումն ուներ Մեծ մայրը նաեւ ցանկացած հայոց տոհմում` լիներ դա ազնվականի, թե հասարակ ռամիկի տոհմ:

 

Եվ այսպես, Դեղձունը ստանձնում է ամբողջ իշխանությունը Սանասարի մահից հետո: Եվ  կառավարման գործում ոչնչով  չի զիջում հանգուցյալ ամուսնուն.


Վերջը նստան, խորհուրդ արին.

Քանի տղեք պստիկ էին,

Ասին.- Թողնենք Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն կառավարի`

Չուրի տղեք մեծնան:

Դեղձուն Ճուղ-Ծամ հեծավ Քուռկիկ Ջալալուն,

Գնաց սարեր ֆըռա,

Չունքի շատո՛ւնց էր, որ դուրս չէր էլե տնեն:

Մարդ տի էն գախ թամաշ աներ զինք ու իր ձին:

Սադափե Թամք դրե ձիու վերան,

Պողպատե Սանձ դրե ձիու բերան,

Հագե էրկաթե զրահ, պողպատե սոլ,

Բռնե ի ձեռ Սանասարի թոփուզ,

Կախլան էլ կապեր էր քամակ:

Էլավ, քշեց չուր սարեր մեկ:

Էսպես քանի մ’ տարի Դեղձուն կառավարեց:

 

Դեղձունը նաեւ չի զսպում մանուկ Մհերի` որպես տղամարդ ինքնահաստատվելու եւ Սասնա պահապան դառնալու ձգտումը: Բնականաբար, 7 տարեկանում Մհերն այդպիսի հատկությունների տեր էր դարձել ոչ միայն Սանասարից ժառանգած ազնիվ արյան, այլ նաեւ Դեղձունի դաստիարակության շնորհիվ.

 

Երբ որ Մհեր էկավ-էղավ յոթ տարեկան,

Յոթ շենք էղավ իր բոյ:

Էնոր վանք-վարժատուն դրին.

Քիչ մի սորվավ, շնորհքով լցվավ,

Օր մէլ իր մոր ասաց.

- Մարե՛, հերիք էսպես մնամ.

Հրաման տու ինձ` էրթամ սարեր, քարեր շրջեմ,

Գազան ու հավք զարկեմ,

Մարդերու շարք մտնեմ:

Քառսուն-Ճուղ-Ծամ ասաց.- Մհեր,

Պստիկ ես, չես կարնա գնա,

Քանի մի տարի համբերե:

Ամա Մհեր ասաց.- Մարե՜,

Քանի մեր տուն դեռ մարդ չկա`

Դեւեր մեր տան վերա տի գան, վնաս տի տան:

Աղեկ է, որ հիմիկվանե պատրաստ ըլնեմ`

Թըշնամու դե՛մ կայնեմ:

Դեղձուն Ճուղ-Ծամ տեսավ`

չի կարնա վեր տղուն,

Հրաման էտուր:

 

Եվ երբ Մհերը դառնում է չափահաս, մայրը անհապաղ նրան է հանձնում Սանասարի սպառազինությունը եւ ուղարկում պատերազմելու: Նաեւ համոզվելով, որ Մհերը հասուն է արդեն, անտրտունջ եւ ուրախությամբ նրան է հանձնում Սասնա ծռերի տոհմի կառավարման բոլոր ատրիբուտները:

 

Երբ սասնեցիք Մհեր արին կառավարող`

Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն տվեց էնոր

Քուռկիկ Ջալալին,

Թուր Կեծակին,

Գուտն զրեհին,

Գոտին ի մեջքին,

Կապան ղադիֆեն:

Հեծավ Մհեր Քուռկիկ Ջալալին,

Առավ ի ձեռ Թուր Կեծակին,

Շրջեց իր հոր հողեր:

Ու թշնամիք կորագլուխ էլան էնոր առջեւ:

 

Մհերի մահից հետո, սակայն, որդեկորույս մայրը չի մնում հավերժ սգավոր: Հենց որ թոռը` Դավիթը, հրապարակում է իր վճիռը` պատերազմելու Մսրա Մելիքի դեմ, տատը սգից դուրս է գալիս, օրհնում է ռազմադաշտ գնացող Դավթին եւ նաեւ նրան է ներկայացնում պատերազմական հմտության որոշ գաղտնիքներ: Դրանով նա կատարում է իր կարեւոր առաքելություններից մեկը` տոհմը ապահովել հմուտ ռազմիկներով, երաշխավորել Սասնա տան հուսալի պաշտպանությունն ու շարունակելիությունը: Ու նաեւ տանտիրոջ պարտականությունները ստանձնող Դավթին ներկայացնել այն ամենը, ինչին տիրապետում էր հայրը` Ջոջ Մհերը: Ու հենց այդ առաքելության կատարման գիտակցումը նրան ազատում է որդու կորստի ցավից, զի Դավթի կերպարում տեսնում է Մհերի վերածնունդը, Մհերի հաջորդ կյանքը.

 

Երբ որ Դավիթ էս խոսք կ’ասեր`

Իր մամիկ, Մըհերի մեր, Դեղձուն Ծամ,

Իր սուգեն էլավ սգահան:

Էն ժամանակեն, որ Մհեր մեռեր էր,

Ու մամիկ մտեր էր յոթոտանու հետեւ,

Ծառա մի կար,

Էնոր հաց կը տաներ:

Էն օր, որ Դավիթ էլավ

Մհերի սազ էտու զարկել,

Էդ ծառան հաց կը տաներ Մհերի մոր:

Մհերի մեր ասաց.

- Էս Մհերի սազի՛ ձեն կ’առնի իմ ականջ,

Էս ի՞նչ բան է:

Ասաց.- Խանում, հալա դու դեռ չե՛ս հասկացե,

Դավիթ էլե, իր հոր շորեր հագե,

Իր հոր զենքեր կապե վեր ի՛ր,

Իր հոր Քուռկիկ Ջալալին հեծե,

Իր հոր սա՛զն է, որ կը զարկի,

Կռի՛վ կ’էրթա Մելիքի դեմ:

Մհերի մեր` էդ լսեց, թողեց իր սուգ,–

Էլավ, իրան տեղեն կայնեց, ասաց.

- Իմ մուրազ կատարվեց, տ’էլնեմ դուրս:

Գնաց, գլուխ փանջարեն վեր կախեց,

Աչքեց, տեսավ` նորմանուկ Դավիթ

Մհերի ձին հեծե, կայնե: Կանչեց.

- Քուռկի՛կ Ջալալին, մեռնե՛մ քե, մուրա՛զ:

Դավիթ շա՛տ զարմացավ, կայնեց:

Դեղձուն շարունակեց.- Քուռկի՛կ Ջալալին,

Իմ Դավիթ հե՛ր չ’ունի` անես հերություն.

Իմ Դավիթ մե՛ր չ’ունի` անե՛ս մերություն,

Իմ Դավիթ աղբե՛ր չ’ունի` անե՛ս աղբերություն,

Իմ Դավիթ դու տանես իր հոր Կաթնով Աղբուր,

Դավիթ ձիուց իջնի, իջնի ջուր խըմի,

Իմ Դավիթ դու տանես իր հոր փորձաքար -

Դավիթ իր թուր զարկի, զարկի սան, փորձի:

Քուռկիկ, քե ամանա՛թ իմ նորամանուկ Դավիթ:

Ձին վիզ թեքած լսեց, ասաց.- Շա՛տ լավ, մամիկ:

Պառավ իր խոսք դարձուց Դավթին, ասաց.

- Դավիթ, քո օղորմած հեր իր ձիուն

Ամեն ճար ու ճամփա շանց է տվե,

Ձին էդ ամեն գիտի:

Դավիթն ասաց.- Շա՛տ լա՛վ, մամիկ:

Ու էլավ Դավիթ` քըշեց Քուռկիկ Ջալալին:

 

Ահա այդպիսին են մեր Մեծ մամիկները: Օջախի, տոհմի, գենոֆոնդի պահապան: Անփոխարինելի խորհրդատու: Տոհմի զորականներին օրհնող եւ ռազմադաշտ ճանապարհող պատերազմի դիցուհի:

Ցավոք, մեծ գերդաստանների ավանդույթը պահպանվել է հիմնականում լեռնային գյուղերում, առավելապես սասունցիների, մշեցիների, սյունեցիների, արցախցիների, ապարանցիների եւ այլ լեռնցիների միջավայրում: Քաղաքներում ու, առավել եւս, սփյուռքում այն գրեթե չի պահպանվել: Սակայն ո՞վ է խանգարում 21-րդ դարում, երբ հաղորդակցությունը շատ դյուրին է` անկախ հեռավորությունից, նորովի վերականգնել տոհմակամ միասնությունը, զի նույն տոհմի զավակներն այսօր նույնիսկ մայրցամաքից մայրցամաք կարող են ամեն օր հաղորդակցվել, կիսվել ուրախությամբ եւ վշտով, իրար հասնող լինել:

Երջանիկ եւ անչափ հարուստ է նա, ում գերդաստանում ողջ է Մեծ մամիկը:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում