livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

vera1BBC հեռուստատեսության կողմից նկարահանված Մոլդովայի ամենաճանաչված կանանց մասին ֆիլմում ամենամեծ մասը նվիրված է Մոլդովայի հայ համայնքի ղեկավար, Մոլդովայի «Հայ կանայք» ասոցիացիայի հիմնադիր նախագահ, Մոլդովայի Հայ առաքելական եկեղեցու եւ կրոնի հիմնադիր-ղեկավար, կոմպոզիտոր-պոետ Վեներա Գասպարյանի հասարակական-ստեղծագործական կյանքին: Նա արդեն 17 տարի է կրում է «Ամենահայտնի կինը Մոլդովայում» տիտղոսը եւ ինչպես մի առիթով ասել է Քիշինյովի քաղաքապետի տեղակալը. «Նա կենդանի Հայաստանն է ու մեր Արարատը Մոլդովայում»:

ՎԵՆԵՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ կրկին Հայաստանում էր եւ դարձավ «Սփյուռքի հայուհի» խորագրի հերոսուհին:

-Տիկին Վեներա, ամեն տարի Հայաստանում նորանոր փոփոխություններ են լինում, այս անգամ գալով Հայաստան՝ ի՞նչ դրական ու բացասական երեւույթներ նկատեցիք:

- Հայաստանը ինչ վիճակում էլ, որ լինի, իմ սիրելին է՝ իր թերություններով ու առավելություններով եւ հատկապես իր գեղեցկությամբ: Սիրում եմ իմ հայրենիքը: Հայաստանն իմ հոգին է:

- Մոլդովայում ինչպե՞ս եք կարողանում լուծել հայապահպանության խնդիրը:

- Մոլդովայի նախագահի հրամանով 13 տարի անընդմեջ կայացավ էթնիկ մրցույթ-փառատոնը եւ 12 տարի հայերս առաջին տեղը գրավեցինք: Այնտեղ մասնակցում էին  ե՛ւ ռուսներ, հրեաներ, ուկրաինացիներ, ե՛ւ գնչուներ, գերմանացիներ, ռումինացիներ, որոնք բոլորն էլ դեսպանատներ ու բիզնեսներ, հասարակական մի քանի կազմակերպություններ ունեն Մոլդովայում, բայց մեր հայկականը այն աստիճան սիրուն ու ճաշակով ենք ներկայացնում, որ 12 անգամ ամենաբարձր գնահատականը մեզ տվեցին: Այդ էթնիկ մրցույթի ժամանակ ներկայացնում ենք  մեր գիրը, երգը, գրականությունը, պատմությունը, բնույթը, կեցությունը, խոհանոցը: Ամեն տարի Մոլդովայում կազմակերպում ենք մայրության օրվան նվիրված միջոցառում, մեծ շուքով նշում ենք Հայաստանի անկախությանը օրը: Ի դեպ, Մոլդովայում ամենամեծ էթնիկ տարածքը հայերինն է: Երբ բելառուսները, հրեաները կամ ուկրաինացիները գալիս են ու հարցնում, թե ինչո՞ւ են հայերին այդքան շատ տարածք տվել, իսկ իրենց՝ քիչ, ասում եմ՝ որովհետեւ ես ներկայացնում եմ հզոր Հայաստանը: Շատ դժվար է Մոլդովայում լինել առաջիններից, որովհետեւ այնտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կան՝ իրենց դեսպանատներով, տարբեր կազմակերպություններով, ու մեր չուզող ազգերն էլ անընդհատ փորձում են խանգարել: Բայց Մոլդովային չես խաբի, ամեն ինչ իրենց աչքի առաջ է: Նրանք քեզ ընդունում ու ճանապարհում են եւ գիտեն  ով ով է, եւ ով ինչի է ընդունակ:

- Ասում են՝ Մոլդովայում հայկական մշակույթի կենտրոնը շատերին նախանձելու առիթ է տալիս:

- Մեծ պայքարի գնով ինձ հաջողվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուց վերադարձնել մեր հայկական 65 տարվա կորսված եկեղեցին: Այն վերանորոգել եմ,  ցանկապատել  ու կողքին էլ, հենց քաղաքի կենտրոնում ստեղծել  «Արմենիա» մշակույթի կենտրոնը: Դիմացն էլ կանգնեցրել եմ երեքմետրանոց եռագույն դրոշը, որպեսզի դեսպանատան տեղ էլ ծառայի, քանի որ Մոլդովայում հայկական դեսպանատուն չկա: Մշակույթի կենտրոնը ազգիս համար իմ ուժերով եմ ստեղծել, որտեղ պարապում ենք, միջոցառումների մասնակցում  ու մեզ հայ ենք զգում: Այնպիսի մշակութային կենտրոն ենք ստեղծել, որ երեւի Հայաստանում նմանը չկա՝ նուրբ, համեստ, բայց շուքով ու շնորհքով Հայաստան: Մի գիշերում  մեր աղջիկների հետ հազար վարդ եմ տնկել կենտրոնի առաջ:

- Դուք ոչ միայն Ձեր երգերով, այլեւ գործերով մեծ ներդրում եք կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

- Այն աստիճան, որ քաղաքի կենտրոնում տեղադրել ենք Ցեղասպանության անմեղ զոհերի խորհրդանիշը՝ անմար կրակը: Վրան էլ գրված է՝ Հայերի ցեղասպանություն 1915թ., ապրիլի 24: Մարդիկ կանգնում են  եւ  հուզվում: Այնտեղ նույնիսկ փակցված է, թե որ երկրներն են ընդունել Ցեղասպանությունը, ինչքան զոհեր են եղել, ինչքան դպրոցներ ենք կորցրել, ինչքան եկեղեցիներ, ինչքան քաղաքներ ու նահանգներ: Մարդիկ կարդում են այդ ամենն ու իմանում ողջ ճշմարտությունը: Ցեղասպանության հիշատակի օրը միշտ նշվում է Մոլդովայում:

vera-  Լինելով կին՝ որտեղի՞ց այդ ներքին մեծ ուժը, ինչի շնորհիվ կարողանում եք հաղթահարել մի ողջ հայ համայնքի դժվարությունները:

- Ինձ մայրս չի ծնել, այլ հայրենի հողը: Ես իմ հողից ծնված զավակն եմ ու ապրում եմ այդ հողի համար: Մոլդովայում ամեն տեղ ես հարգված ու գնահատված հյուր եմ ու բոլոր կառավարական, քաղաքապետարանի կազմակերպած կոնֆերանսների ու միջոցառումների մասնակից եմ դառնում: Ազգիս բալիկն եմ: Ես ինձնից դուրս եմ գալիս ու Հայաստան ստեղծում: Ֆինանսական ոչ մի օգնություն չունեմ, ամբողջ ծախսերը իմ երեխայի բերանից կտրում, ամուսնուս գրպանից հանում եւ հային լավագույնս եմ ներկայացնում Մոլդովայում: Իմ ժողովուրդն ինձ համար նույնն է, ինչ երեխաներս, ավելի շատ մտածում եմ հայրենիքիս մասին, քան երեխաներիս: Ես շատ բան եմ վերցրել երեխաներիցս՝ հանուն հայրենիքի: Եղել է տան վերջին կոպեկը վերցրել եմ ու տարել մի մեքենա ցեմենտ գնել, որ եկեղեցու վերանորոգման գործը չկանգնեցնեն: Ասում են՝  հայրենասերներին գնահատում են կյանքից հետո, միգուցե այդպես էլ լինի:

- Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում ե՛ւ զբաղվել հասարական գործունեությամբ, ե՛ւ  ստեղծագործել, ե՛ւ միեւնույն ժամանակ լինել լավ մայր ու սիրելի տատիկ:

- Նույնիսկ համարվել եմ Մոլդովայի առաջին բիզնես-լեդին: Ամենից հզոր կազմակերպությունն այնտեղ ես եմ ստեղծել, բայց ազգասիրությունն  ինձ ամեն ինչից կտրել է: Ինձ հասարակական գործիչ էլ չեմ համարում, ես ազգապաշտպան գործ եմ անում: Իսկ հասարական գործիչը ո՞վ է,  չեմ էլ պատկերացնում, որովհետեւ նրանք փող են ստանում, փող վերցնում  ու մի չնչին բան ցույց տալիս, թե իբր գործ են արել: Մինչդեռ ես գումար եմ դնում, հիանում ու լիանում ազգս ներկայացնելով՝  իմ խելքով, իմ տաղանդով: Ես հայրենասիրության ճանապարհն եմ ընտրել, որովհետեւ երկու գործ միասին անել չի ստացվի: Պետք է լինես այնտեղ, որտեղ պարտավոր ես լինել:

- Իսկ Վեներա Գասպարյանը սիրո՞ւմ է լինել խոհանոցում:

- Ես շատ համեստ եմ ապրում, բայց այն, ինչ ունեմ գեղեցիկ եմ մատուցում: Մեկ կիլոգրամ մսից կարող եմ 7-8 կերակուր պատրաստել ու այնպես ներկայացնել, որ չիմանան, թե այդ ամենն ընդամենը մեկ կիլոգրամ մսից էր:

- Ձեր դստերը՝ Տաթեւիկին, շատերը հիշում են, որպես փոքրիկ աղջիկ, որը երգում էր մայրիկի հետ: Ինչո՞վ է այժմ նա զբաղվում:

- Տաթեւիկս պետականորեն հաստատված Մոլդովայի հայ կանանց խորհրդի նախագահն է: Ի դեպ, նա արդեն երրորդ տղա թոռնիկիս պարգեւեց:

- Հետեւո՞ւմ եք հայ էստրադային կամ ինչպես ասում են հայաստանյան շոու-բիզնեսին:

- Շատ լավերը կան, բայց միշտ ուզում են միմյանց կրկնել: Թող իրենցը ստեղծեն ու օրիգինալ լինեն: Օրինակ, ես պրոֆեսիոնալ երգչուհի չեմ, բայց ունեմ իմ ժանրը: Իմ երգերը ոչ մեկի մոտ չի ստացվում ներկայացնել այնպես, ինչպես ես եմ դա անում, որովհետեւ հոգիս է երգում, ազգիս կարոտը: Իհարկե, հայրենասիրության մոտիվն ինձ համար առաջին տեղում է, բայց ես գրում ու երգում եմ ե՛ւ շանսոն, ե՛ւ թեթեւ ռոք:  Հետաքրքիր երգացանկ ունեմ, իսկ շատերը երգում են այնպես, կարծես այդ երգը խորոված բիբարի մասին լինի:

- Ի՞նչն  է գաղտնիքը, որ Ձեր երգերով կարողանում եք հուզել ե՛ւ հայ, ե՛ւ օտարերկրյա հանդիսատեսին:

 - Որովհետեւ իմ երգերը խորը իմաստ ունեն: Մոլդովայում երկու հազար հինգ հարյուր հոգանոց լեփ-լեցուն հզոր դահլիճներում անվճար համերգներ եմ տալիս ու  հանդիսատեսը իմ կատարմամբ  «Քրիստոսը», «Գենոցիդը»  hոտնկայս է ընդունում: Մոլդովայում հայերեն չիմանալով՝ իմ «Քրիստոս» երգը  անվանում են քրիստոնեության հիմնը: Մոլդովայի նախկին վարչապետը, երբ առաջին անգամ ավտոմեքենան վարելիս լսել է իմ «Քրիստոսը»,  կանգնեցրել է մեքենան ու ասել. «Այս ստեղծագործությունը մեքենայի մեջ չի կարելի լսել» եւ կանգնած է մնացել մինչեւ երգի ավարտը: Ես նույնիսկ գրել եմ Մոլդովայի հանրապետության երկրորդ հիմնը, որը պաշտոնապես ճանաչվել է պետության կողմից:

- Ինչո՞ւ Հայաստանում մենահամերգ  չեք տալիս:

- Փորձել եմ, բայց չեմ անի: Խոստացել էի նոյեմբերի 22-ին մենահամերգով գալ Հայաստան ու բերել հայտնի մոլդովական երգիչների, որոնք իմ երգերն են կատարում: Ուզում էի մի հրաշք միջոցառում կազմակերպել եւ մեր հայաստանյան կազմակերպիչներին ցույց տալ, թե ինչպես են կազմակերպում: Հայաստանում խանգարում են, որ իմ երգերը հնչեն եւ դա միայն իմ դեմ չէ ուղղված: Երբ գալիս եմ Հայաստան ու տեսնում անկիրթ վերաբերմունք, հիասթափվում եմ եւ ուրախանում, որ գնացել եմ: Այսինքն՝ ոչ թե ուրախանում, այլ ինքս ինձ այդպես խաբում եմ: Չնայած այդ ամենի մեղավորը մի քանի մարդիկ են, ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, ոչ ոք մեղք չունի…

- Տիկին Վեներա, Հայաստանը մենք ենք, իրենք չեն:

- Դուք ապրում եք Հայաստանում, ես՝ Հայաստանով: Երեւի թե ես այս դարի մարդ չեմ, պիտի հարյուր տարի շուտ  ծնվեի, որովհետեւ այն ժամանակ գոնե մի քիչ մաքրություն կար:

- Իսկ մոլդովական հեռուստատեսությունում հաճա՞խ է հնչում Վեներա Գասպարյանի երգերը:

 - Մոլդովայի առաջին հեռուստաալիքն ամբողջությամբ հեռարձակում է իմ բոլոր ստեղծագործությունները: Մի օր իմ երգացանկից «Ստեփանակերտն» են ներկայացնում, մի ուրիշ օր «Իմ Հայաստանը», «Քեզ Մալդովան» եւ այլն: Իրենք սիրել ու ընդունել են իմ երգերը: Բայց, օրինակ, Հայաստանում չեմ կարող գտնել մի հեռուստատեսություն կամ ռադիո, որոնք կցուցադրեն իմ տեսահոլովակները: Եթե սիրով էլ վերցնում են, ապա մեկը խանգարում է:

vera2- Ինչո՞ւ:

- Որովհետեւ իմ ստեղծագործությունները կոմերցիոն չեն: Իմ երգերը ոչ թե վաճառքի համար են, այլ հոգու, իմ ազգի համար, եւ դրանք կապրեն դարեդար: Եթե գոնե մի հայ հիշի իմ երգերը, թեկուզ միայն իմաստը կամ մեղեդին, դա կլինի արդեն առաջընթաց:

- Մի օր մշտական բնակության համար Հայաստան վերադառնալու հեռավոր երազանք ունե՞ք:

- Շատ արդար, ուղիղ ու մաքուր եմ ու չեմ կարող Հայաստանում բնակվել: Բայց ես ոչ թե ձեր կողքին եմ ապրում, այլ՝ ձեզ հետ միասին: Հոգիս չեմ կարող առանձնացնել իմ երեխաների, թոռներիս ու հայրենիքիս միջեւ: Նույնիսկ երբեմն ընտանեկան հոգսերս թողած, գիշերները նստած Հայաստանին նվիրված նոր միջոցառումներ կազմակերպելու մասին եմ մտածում: Չեմ քնում ու ոչ մի անգամ չեմ ասում, թե հոգնել եմ: Պատկերացնում եք, երեք պետությունում՝ Ուկրաինա, Մոլդովա, Ռումինիա, իմ միջոցով Հայաստանի մասին ավելի լավ են իմանում: Այսօրվա դրությամբ ես այդ կամուրջն եմ:

- Աշխարհասփյուռ հայությանը Մոլդովայի ամենահայտնի հայուհին ի՞նչ կցանկանար ասել:

- Ես մայրական ջերմ խոսքերով եմ դիմում: Հայ հարուստները պարտավոր են Հայաստանին օգնել: Ունե՞ս՝ տուր, չէ որ այդ հայրենիքն է ուժ տվել, որ աշխատում ես: Ճիշտ է, հայրենիքը քեզ հնարավորություն չի տալիս ֆինանսական հաջողությունների հասնելու համար, բայց այդ հայրենիքը քեզ ծնել է ու դու հպարտորեն ամեն տեղ ասում ես, որ հայ ես: Ամո՛թ այն հային, որ հնարավորություն ունի ու չի անում Հայաստանի համար: Մոլդովայում ինչքան հայկական միջոցառումներ եմ իրականացնում, մասնակցում են տեղի հայտնի աստղերը, որոնք հայերեն երգում են, պարում, արտասանում ու ոչ մի կոպեկ չեն խնդրում, որովհետեւ  դա անում են հարգելով հայ ժողովրդին, մեր հայրենիքին եւ մեզ անձնապես:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում