livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

anush2Նունե Եսայան՝ «4 նամակ», Անդրե՝ «Հազար անգամ», Թաթա՝ «Ուշացած սեր», Քրիստինե Պեպելյան՝ «Երջանիկ եմ», Նունե Եսայան եւ Մհեր՝ «Սիրահարվել եմ», Աիդա Սարգսյան՝ «Կռունկներ», Լիանա՝ «Սեր, քեզ համար»...

 Անուշ Ալեքսանյանի հեղինակային երգերի շղթան կարելի է դեռ երկար շարունակել:

 Կին, ում սերն ակնհայտ է ոչ միայն երգերում, այլեւ իրական կյանքի ակունքներում. «Կարող եմ բղավել, որ սիրում եմ, ու անգամ ուժեղ բնավորությանս, համարձակությանս կողքին դառնալ այնքան փոքրիկ, անօգնական՝ միեւնույն ժամանակ պատրաստ անելու ամեն ինչ՝ հանուն այդ սիրո...»:

-Ո՞րն է կին ստեղծագործողի համար ոգեշնչման աղբյուրը:

- Իրական սիրո ակունքը՝ իրական կյանքից: Եթե ես չսիրեի, չհասկանայի այդ զգացմունքի էությունը, նման երգեր գրել չէի կարող: Միգուցե, երաժշտությունը ստեղծագործել լիներ, բայց բառերը, հաստատ, արհեստական կլինեին: Իհարկե, 17 կամ 20 տարեկանում ապրած սերը նույնը չէ, ինչ հասուն տարիքում, բայց միեւնույնն է, հենց այդ զգացմունքն է իր ամբողջական պատկերով գունավորում ստեղծագործությունդ:

- Սիրել նշանակում է...

- Սիրել նշանակում է լինել նույն աշխարհից, հասկանալ միմյանց հոգիներով, դադարել համեմատել, զգալ ու ընդունել նրան այնպիսին, ինչպիսին, որ կա՝ առանց փոխելու ցանկության:

anush- Երաժշտական կրթություն ունե՞ք:

- Առանց դրա հնարավոր չէ: Ես դաշնակահար եմ, դիրիժոր, երգչուհի:

- Երգչուհի՞:

- 90-ական թվականներին, երբ՝ բառի ուղիղ իմաստով՝ ոչինչ չկար, ընդունվեցի Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետ եւ երգում էի Ճգնավորյանի երգչախմբում: Տեսնելով, որ ոչ մի առաջընթաց չկա՝ որոշեցի... Ամուսնանալ (ծիծաղում է.- Է.Մ): Ծնվեց պահանջված բալիկս, ամբողջությամբ տրվեցի նրան. երգեր, պարեր, օրորոցայիններ... Հասկացա, որ օրեցօր նոր երգեր են ծնվում, ու այդ փաստը խելացի օգտագործեցի՝ վերածելով այն աշխատանքի: Առաջին երգս՝ «Չէ, չէ որ շարունակ չես թողնել մոտենամ», ներկայացրի Նունե Եսայանին, ու այդպիսով սկսվեց ստեղծագործական ուղիս: Պատվերները կամաց-կամաց սկսեցին իրար հերթ չտալ:

- Ինչպիսի՞ն է այսօր այս ոլորտը:

- Եթե համեմատեմ մեկ տարի առաջվա հետ, բավականին լավ՝ համենայնդեպս ինձ համար: Գիշերներս ստեղծագործական են դարձել, որպեսզի հասցնեմ:

- Ու՞մ համար եւ ի՞նչ երգ չեք գրի:

- Չեմ սիրում անվանական եւ մանկական երգեր գրել: Իսկ անձնային առումով՝ կոնկրետ սահմանափակումներ չունեմ: Իհարկե, լավ երգս՝ անգամ մեծ գումարների դեպքում, ձայնային վատ տվյալներ ունեցող երգչի երբեք չեմ տա: Ավելի լավ է ուղղակի նվիրեմ, բայց վստահ լինեմ, որ այն գտել է իր տիրոջը, բայց բոլորի հետ աշխատել փորձում եմ՝ իրենց հնարավորություների չափով: Այդ հարցում բավականին արագ եմ կողմնորոշվում ու յուրաքանչյուրին  համապատասխան երգ գրում:

- Ինչո՞վ է արվեստի ոլորտի կինը տարբերվում մյուս կանանցից:

- Իր խենթությամբ, գժությամբ: Չնայած մեծ նշանակություն ունի կյանքիդ անձնական ուղին, բայց երբ արվեստի ուղղով ես քայլում, ակամայից ուրիշ գույնի ես դառնում: Ես ինձ ուրիշ գույն եմ տեսնում բոլոր կանանց մեջ. ես տարբերվում եմ՝ իմ ուժեղ կամքով, համարձակությամբ, բայց միեւնույն ժամանակ նաեւ՝ իմ «նուրբ մտածելակերպով», «չափից ավել» կանացիությամբ, երբ ամուսնուս կողքին եմ:

- Հայ կին, երգահան: Իսկ սկեսու՞ր, զոքա՞նչ:

- Սկեսուրի դերում լինելու եմ, բայց զոքանչի՝ ոչ: 17 տարեկան մեկ տղա ունեմ: Կողմ եմ, որ երիտասարդներն առանձին ապրեն, ինչպես ապրել ենք նաեւ ես ու ամուսինս: Ի դեպ, սկեսուրիս ես շատ եմ սիրում. (հարազատ ծնողիցս չեմ տարբերում):

- Երբեւէ Ձեր ստեղծած ամենագեղեցիկ արարումը:

- Իմ տղան...

-anush1 Կին-տղամարդ հարաբերություններում գենդերային հավասարություն կոչվածին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Կինը՝ կին, տղամարդը՝ տղամարդ: Հարաբերություններ ուղղված դեպի հավասարություն, բայց եթե, ամեն դեպքում, պետք է առավելություն տալ, կնախընտրեմ տղամարդու գերակայությունը: Եթե տղամարդը թույլ եղավ, այդ հարաբերություններում ապագա չի կարող լինել:

- Հայ կնոջ կերպարում խոհանոցի դերը ո՞ր տեղում է:

- Իմ պարագայում ուզեմ, թե չուզեմ, այն  կա. խոհանոցում չլինելու այլընտրանք չունեմ, բայց այն տանել չեմ կարողանում: Սուրճ, գրքեր, տետրեր՝ ահա այն ամենը, ինչն ինձ խոհանոցային անկյունում կարող է հետաքրքրել... Ըստ իս՝ խոհանոցում անցկացված ժամանակն անօգուտ կորչում է. այդ անտանելի մտքից ես անգամ կարող եմ լաց լինել: Ես այնքան երջանիկ եմ, որ ամուսինս՝ ինձ այդպիսին ճանաչելով, հասկանում է (ժպտում է.- Է.Մ.):

- Ո՞րն է կնոջ ոլորտը:

- Կինն ամեն ինչ կարող է անել... Կոնկրետ իմ պարագայում այդպես է. խոհանոցը, եթե բացառենք, հավաքարարությունից սկսած՝ ամեն տեղ ինձ տեսնում եմ: Մաքրության հետ կապված յուրաքանչյուր աշխատանք ինձ համար հաճելի է. ինչպես հոգու, այնպես էլ բնակարանի մաքրությունն անհրաժեշտություն է: Իմ տանն ամեն ինչ պետք է իր տեղում լինի: Այ սա՛, ինձ համար ժամանակի կորուստ չէ(ծիծաղում է.- Է.Մ):

Եվ առհասարակ, կանայք տղամարդկանցից ավելի պրակտիկ են. շատ բաների տակից կարող են դուրս գալ:

- Գեղեցիկ սեռ եւ...

- Եվ գարուն, ծաղիկներ, կանաչ, բնություն...

- Հրաշք բնություն՝ իմ կյանքի թուլություն...

Հարցազրույցը՝

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում