livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

arax3Թեպետ, քիչ են այն տաղանդաշատ արտիստները, որոնց սիրում են գրեթե բոլորը, բայց, նրանք կան ու կերտում են հայ մշակութային պատմությունը, դառնում հայեցի երգ-երաժշտության իրական դեսպաններն ու մնում մշտապես պահանջված թե՛ հայ, թե՛ արտասահմանյան հանդիսատեսի համար:

Նրանցից է օպերային երգչուհի ԱՐԱՔՍ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ, ով վերջերս կրկին հայրենիքում էր եւ դարձավ «Զարուհու» հյուրը: -Տիկին Մանսուրյան, ամիսներ առաջ Հայաստանում էիք բարեգործական ծրագրով, այս անգամ Ձեզ ի՞նչն է բերել Հայաստան:

- Հունվարին Հայաստանում եղբորս՝ Տիգրան Մանսուրյանի, ռեքվիեմի պրեմիերան պետք է լիներ, ուզում էի այդ բացառիկ երեկոյին լինել եղբորս կողքին, ինչպես նաեւ Շուշանիս, Մարիամիս, Գրիգորիս եւ փոքրիկ Գագիկիս ջերմությունը վայելել, գոնե երկու շաբաթ:

- Ի՞նչ տպավորություններով Ձեր ուսանողուհին՝ ավստրալացի հայտնի օպերային երգչուհի Լիսա Բելլը հեռացավ Հայաստանից:

- Լիսան իր հետ տարավ Հայաստան աշխարհն իր ողջ գեղեցկությամբ, ջերմությամբ եւ սիրով:

- Նախորդ այցի ժամանակ Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը խոստացավ Ձեզ հրավիրելarax բուհում վարպետության դասեր անցկացնելու: Ի վերջո, համաձայնեցի՞ք:

- Այո, իսկապես Շահեն Շահինյանն ինձ հրավիրեց կոնսերվատորիա վարպետության դասերի, բայց ցավոք, ժամանակի սղության պատճառով չկարողացա ընդունել հրավերը: Սակայն, խոստացա անպայման հաջորդ այցելությանս ժամանակ սիրով հանդիպել ուսանողների հետ:

- Տարիներ առաջ վիրավորված հեռացաք Հայաստանից: Այսօր ի՞նչն է խանգարում, որպեսզի վերադառնաք հայրենիք մշտական բնակության համար:

- Վիրավորված չեմ հեռացել, պարզապես, 1995 թվականին ընդունել եմ աշխատանքի հրավեր Սիդնեյի օպերայում: Իսկ մշտական բնակության համար պետք է անկյուն ունենալ, ավաղ, դեռ չեմ կարող իրականացնել երազանքս:

- Հնարավո՞ր է, որ մի օր հանուն Ձեր եղբոր եւ դստեր վերադառնաք հայրենիք մշտական բնակության համար:

- Այո, եւ դա իմ ամենամեծ երազանքն է ամուսնուս՝ Հակոբի հետ, լինել ձագուկներիս եւ եղբորս կողքին:

- Իսկ ինչպե՞ս եք հաղթահարում թոռնիկներից հեռու լինելու կարոտը:

- Շատ դժվար: Գագիկս հազիվ է հաշտվել այն մտքի հետ, որ ես իր տատիկն եմ եւ շատ եմ սիրում իրեն: Հետո գնում եմ, փորձում եմ տեսազանգով (skype) խոսել, փառք Աստծո, որ այս կապը կա: Մեծ թոռնիկս՝ Գրիգորը, շատ խելացի եւ տաղանդավոր տղա է, ես հպարտ եմ իրենով: Որքան մեծանում են, այնքան դժվարությամբ եմ բաժանվում իրենցից:

arax1- Համեմատականներ անցկացնելով Հայաստանի եւ Ավստրալիայի օպերային թատրոնների միջեւ` ի՞նչ եք կարծում զիջում ենք նրանց:

 

- Ես չեմ կարծում, որ մեր երգիչները ինչ-որ չափով զիջում են ավստրալիացի երգիչներին իրենց ձայնային տվյալներով: Խնդիրն այլ է, մենք ունենք հրաշալի ձայներ եւ չունենք օպերան ղեկավարելու եւ պահելու համակարգ: Այս համակարգի շնորհիվ է, որ նոր ներկայացումներ են բեմադրվում: Ժամանակ առ ժամանակ թարմացվում է ներկայացումների ցանկը, աշխատում է թատրոնի ամբողջ անձնակազմը:

 - Երբ Շուշան Պետրոսյանը դարձավ ԱԺ պատգամավոր, լուրն ինչպե՞ս ընդունվեց Ձեր կողմից:

- Որ բնագավառում էլ, որ լինի Շուշանս ես հավատում եմ իր ազնվությանը, պրոֆեսիոնալիզմին, իր հայրենասիրությանն ու նվիրումին: Թող Աստված ուժ տա իրեն, որ կարողանա իրականցնել իր երազանքները:  

- Որքան գիտենք Շուշանը զբաղվել է բալետով, այնուհետեւ ընտրելով հայրիկի ճանապարհը` դարձել նկարչուհի, որից հետո` երգչուհի, իսկ այժմ նաեւ ԱԺ պատգամավոր է: Տիկին Մանսուրյանը՝ որպես մայր, ո՞րն է նախընտրում իր դստեր համար:

- Որպես մայր եւ երգչուհի ամեն անգամ հիացումով եւ հուզումով եմ լսում երեխայիս գեղեցիկ ձայնը: Սիրում եմ իր գունեղ կտավները, պատգամավոր լինելով էլ ոչինչ չի փոխվել Շուշանիս մեջ, նույն մարդն է, նույն հետաքրքրություններով: Հաջողություն եմ մաղթում իր նոր ընտրած ուղուն, որը վստահ եմ՝ ծառայելու է հօգուտ արվեստի: Իսկ բալետով չզբաղվեց հակառակ նրան, որ ուներ հրաշալի տվյալներ: Հայրիկը դեմ եղավ, որ երեխան զբաղվի բալետով: Շուշանս էլ բալետ էր նկարում:

- Ձեր երկրպագուներն էլ ի՞նչ հետաքրքիր անակնկալներ սպասեն Ձեզանից:

- Այս պահին գրեթե պատրաստ են իմ 3 ձայներիզները: 

- Երկար ժամանակ ապրելով դրսում` հայրենիքի դրական ու բացասական փոփոխություններն առավել նկատելի են դառնում: Ի՞նչն է այսօր Ձեզ ուրախացնում ու տխրեցնում Հայաստանում:

- Ես շատ եմ սիրում Հայաստանը իր բոլոր կողմերով, հասկանալով եւ ընդունելով նաեւ բացասական կողմերը: Իսկ ո՞ր երկրում չկան բացասկան կողմեր: Երկու տարի առաջ ամուսնուս՝ Հակոբի հետ էի այստեղ, ուղղակի հիացել էր Երեւանի գեղեցկությամբ: Ես ինձ լավ եմ զգում այդ պահերին, տխրում եմ, երբ փողոցում եւ տաքսիներում լսում եմ ոչ գեղեցիկ հայերեն խոսք եւ ոչ հայեցի երգ-երաժշտություն:    

- Ըստ Ձեզ, աղավաղվե՞լ, թե՞ պահպանվել է հայուհու կերպարը:

- Ես հիանում եմ մեր երիտասարդների արտաքին գեղեցկությամբ եւ իհարկե, այդ գեղեցկության մեջ կուզենայի շարունակել դարավոր բարոյականություն ունեցող հայ կնոջ կերպարը: 

arax2- Քանի որ Դուք նաեւ դասավանդում եք, քաջատեղյակ կլինեք, իրարից շա՞տ են տարբերվում ավստրալիացի ու հայ երիտասարդները:

- Հաճախ լինում են պահեր, երբ մտածում եմ, որ Հայաստանում երիտասարդները ավելի կիրթ են եւ նրբանկատ մեծերի ու կանանց հանդեպ: Հուսամ՝ դեռ այդպես է:

-Այսօր ի՞նչ է պակասում երիտասարդներին:

- Ուզում եմ մեր երիտասարդները գնահատեն եւ սիրեն իրենց հայրենիքը, հայոց լեզուն, հայ երգը, ուղակի գնահատեն եւ սիրեն:

- Դուք բոլոր ժամանակներում եղել եք կանացիության խորհրդանիշ, ո՞րն է այդ հմայքի գաղտնիքը:

- Այս հարցը կուզեի տալ ծնողներիս:

- Ի՞նչ կմաղթեք հայուհիներին:

- Մեր հայուհիներին կմաղթեմ կանացի երջանկություն: Կցանկանամ, որ լինեն հրաշալի մայրեր, մնան միշտ գեղեցիկ, հպարտ, սիրով ու բարությամբ լեցուն:  

Զրուցեց` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում