livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

srbuhiՄայր, հայուհի, երգչուհի, երգահան-արվեստագետ եւ պարզապես կին: Կին, ով կարծում է, որ կյանքում ամեն ինչ ինքնըստինքյան ստացվելու է...

«Զարուհու» զրուցակիցն այս անգամ բազմաթիվ հիթային երգերի հեղինակ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈՒԼՑՅԱՆՆ է:

-

- Ինչ ակտիվությամբ է ընթանում այսօր Ձեր ստեղծագործական ուղին:

- Ստեղծագործական ակտիվությունը մուսաների հետ է կապված, որոնք երբեմն գալիս, երբեմն էլ կորչում են: Հիմա այդ առումով պասիվ շրջան է, որը, բնականաբար, եւս նորմալ է: Չնայած առաջիկայում համերգներ են սպասվում. կին-կին համագործակցություն՝ Լիլիթ Պիպոյան-Սրբուհի Ստամբոլցյան: Չնայած ոճային առումով տարբեր ենք, բայց համագործակցում ենք որպես միմյանց արվեստը հարգող մարդիկ, որպես ընկերներ:

- Որքանո՞վ են մոտ Ձեր առաջին եւ ներկայիս երգերի թեմատիկաները:

- Առաջին երգս շատ վաղուց էր, երբ դեռ կիթառով բալլադներ էի երգում, որոնք հիմնականում անձնական սիրո արտահայտում էին, իսկ այսօր ավելի շատ զանազան հոգեկան վիճակների, մարդկային ցավերի մասին եմ գրում: Վերջին ստեղծագործությունս Սիրոշոյի մեղեդիներից մեկի հիման վրա գրված բառերն են:

- Ակտիվ երգչուհու կարգավիճակում երբեւէ կտեսնե՞նք Ձեզ, թե միայն երգահանի:

- Երգչուհի չեմ կարծում, քանի որ չեմ երգի այն, ինչի պահանջարկն այսօր կա, հետեւաբար առանձնապես ձեքբերումներ չեմ ունենա:

- Կա՞ն մարդիկ, ովքեր Ձեզ մոտ պատվիրատու չեն կարող լինել:

- Անձնային առումով՝ ոչ, բայց մասնագիտական՝ այո՛: Կան ոմանք, որոնց հետ երբեք չեմ աշխատի: Բայց եւս մեկ անգամ նշեմ, որ այստեղ ոչ թե անձանց, այլ նրանց արած գործի խնդիրն է:

- Փատորեն, չի ստացվու՞մ այնպես, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է:

- Եթե այդպես լիներ, ես այսօր ամենահարուստներից կլինեի:

- Ո՞րն է կին ստեղծագործողի համար ոգեշնչման աղբյուր:

- Բնություն, տրամադրություն, օրվա զգացողություններ, ապրումներ…

- Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը նախեւառաջ հաճույքի՞, թե՞ գումարային հարցերի լուծման համար է:

- Քանի որ ես «շլագերային» երգչուհի չեմ. հիթեր, 6/8-եր,ռաբիզներ չեմ երգում, բնականաբար նյութականի աղբյուր չի կարող լինել, մենք ավելի շատ ծախսում ենք, քան եկամուտ ունենում:

- «Եթե աշխարհում չլինեին կանայք, փողերն իմաստ չէին ունենա…»,- ասել է Արիստոտելը:

- Ծախսելու առումով առանձնապես չեմ առանձնանում, ճոխությունների ու շռայլությունների կողմնակից չեմ, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում: Գումարն ինձ համար զուտ ապրելու միջոց է, ոչ ավելի. նյութապաշտ չեմ:

- Ինչո՞վ է արվեստի ոլորտի կինը տարբերվում մյուս կանանցից:

- Չնայած կինն իր բնությամբ զգացմունքային է, բայց հատկապես արվեստում այդ գիծն առավել է ընդգծվում: Կյանքի բարդություններն էլ իրենց հերթին են վառ արտահայտված դարձնում այդ զգացմունքայնությունը, առհասարակ, տղամարդկանց համար ցանկացած հարցում եւ ոլորտում բարդությունները շատ ավելի քիչ են:

- «Տղամարդ գրող արվեստագետը կարող է միջակություն լինել, կինը՝ երբեք»,- ասել է Սրբուհի Տյուսաբը. ի՞նչ կասի Սրբուհի Ստամբուլցյանը:

- Այդքան էլ համաձայն չեմ: Կինը, կանխավ ունենալով մայր լինելու կոչումը, սկսում է շատ բնագավառներում զիջել՝ իրեն զրկելով շատ ու շատ առաջընթացի հնարավորություններից: Եվ հետո կարծում եմ՝ տղամարդկանց շարքերում ավելի շատ են շնորհալիները: Իսկ, ընդհանուր իմաստով վերցրած, միջակությունը միջակություն է, արտառոց տաղանդը՝ տաղանդ՝ անկախ սեռից ու տարիքից:

- Սարո՝ «Ուրիշ աչքեր, ուրիշ հոգի», Արման Հովհաննիսյան՝ «Կորած սեր», Ռազմիկ Ամյան՝ «Սեր ու թախիծ» եւ այսպիսի շարունակելի շղթա… Որտեղի՞ց այդքան սեր:

- Սերն ապրում է մարդու ներսում… Եթե սիրտդ լիքն է սիրով, կապ չունի ում վրա ես այն տարածում, միեւնույնն է, չափաբաժինը անփոփոխ է: Բոլոր սերերը նույնն են, չի լինում այնպես, որ մեկին շատ սիրես, մյուսին՝ քիչ, բոլոր դեպքերում, դա քո ներսի նույն սերն է: Գուցե հարաբերությունների մեջ այն տարբեր դրսեւորում ունենա, բայց զգացմունքը նույնն է: Ես չեմ կարող ասել, որ առաջին սիրուս առավել եմ սիրել, քան վերջինին: Սերը մարդու մեջ է…

- Ի՞նչ կլինի, եթե Ձեր կյանքից սիրային պատմությունները ջնջվեն:

- Եթե անկեղծ ասեմ, այդ պատմություններն այնքան էլ շատ չեն: Ես միասեր մարդ եմ, իմ սիրային պատմությունները երկար են տեւել, դրա համար քանակային առումով քիչ են: Չէի ցանկանա, որ չլինեին այդ սերերս. դրանք կյանքի գույներ են, յուրահատուկ դպրոց, ու անգամ անհաջողներն են ինձ համար թանկ, չէ՞ որ այդ շրջանում դրանցով եմ ապրել: Տղամարդն առանց սիրո կարող է գոյություն ունենալ, բայց կնոջ համար դա պարտադիր պայման է…

srbuhi1- Լիլի՞թ, թե՞ Եվա… Այնուամենայնիվ ի՞նչ են շշնջում տղամարդու շուրթերը: Արտաքի՞ն, թե՞ ներքին գեղեցկություն:

- Եթե արտաքին, ապա կարծում եմ, որ տղամարդիկ ոչ թե դեմքին, այլ կնոջ մարմնին են ուշադրություն դարձնում: Բայց, այնուամենայնիվ, հիմնական մասն, ըստ իս, արտաքին գեղեցկությունն է կարեւորում, համենայնդեպս, ինձ ծանոթ տղամարդկանց շրջանում: Բայց անգամ արտաքին գեղեցկությունը գնահատողները տեւական շփումից հետո սկսում են ներաշխարհը տեսնել:

- Գեղեցկությունը, լինելով սուբյեկտիվ, անորոշ հասկացություն, տարակարծությունների պատճառ է հաճախ դառնում: Այնուամենայնիվ, ի՞նչ է նշանակում գեղեցիկ կին տղամարդու տեսանկյունից:

- Գեղեցիկ կին, ուրեմն նախեւառաջ կանացիություն եւ ճաշակ…

- Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին:

- Տղամարդիկ հազար ու մի այլ թուլություն ունեն կնոջից բացի: Երեխաներ, փող, սեփական ես… Իսկ եթե կնոջ կոնտեքստում նայենք, ապա ավելի շուտ ոչ թե կին-կողակից, այլ՝ կին-մայր: Հայ տղամարդիկ մայրամեծար են, ոչ թե կնամեծար: Մայրը սրբություն է, իսկ կինը կարող է անտեսված լինել:

- Ի՞նչ է Ձեզ համար կանացի երջանկությունը:

- Ընտանիք, որն ինձ մոտ, ցավոք, չկառուցվեց: Ամուսին, զավակներ, տուն, որտեղ դու քո տեղում ես, որտեղ քո կարիքն ունեն, դու էլ՝ իրենց: Ոչինչ տղամարդ-կին-սեր երջանկությանը չի փոխարինի…

- Ի՞նչն է Ձեր կյանքում լրացնում այդ բացթողումը:

- Արվեստն ու աղջիկս…

- «Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին»,- Հովհաննես Թումանյան:

- Նույն բանն էլ կարող են ասել կանայք տղամարդկանց մասին: Համենայնդեպս, ես այսօր կնոջ խոսքին ավելի շատ եմ հավատում, քան՝ տղամարդու:

- Ի՞նչ է կնոջը նախեւառաջ հարկավոր:

- Սեր, ներդաշնակ վիճակ, որոնցից էլ մնացածն է ճառագում:

- Ի՞նչ կասեք սիրո տոներին ընդառաջ:

- Քանի որ ես հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, վալենտինյան տոներն ինձ համար ծիծաղելի ու ամոթալի են: Սիրո համար ամսաթիվ գոյություն չունի: Առհասարակ, տոներից քչերն են ինձ հետաքրքրում, միայն Սուրբ Ծնունդն ու Սուրբ Հարությունը կառանձնացնեմ:

- «Հայր» եւ «մայր» բառերի բովանդակային տարբերությունները:

- Չնայած, որ ինքս էլ մայր եմ, բայց հորս հետ միշտ ավելի կապված եմ եղել: Դա անբացատրելի, խորը, հոգեւոր կապ էր: Բայց, անխոս, մայրն ավելի մեծ դեր է ունենում երեխայի դաստիարակության մեջ:

- Գեղեցիկ սեռ եւ…

- Ինձ համար չկա այդպիսի հասկացություն, դրանք գովազդային մտացածին բաներ են: Քանի որ մենք սիրում ենք նաեւ ականջներով, հաճելի է լսել. ընդամենը սա:

- Ի՞նչը կցանկանայիք փոխել:

- Չգիտեմ… Ինչը որ պետք է փոխվի, ինքնըստինքյան ստացվում է:

- Ձեր խոսքն՝ ուղղված այսօրվա հայուհոն:

- Դասավանդելով, պարբերաբար շփվում եմ այսօրվա երիտասարդության հետ եւ մի խնդիր եմ նկատել. այսօրվա աղջիկների մեջ պակաս է ինքնահարգանքը. տղաներին միանգամից «ստրկանում» են, դառնում նրանց «գործիքը»: Կցանկանայի, որ մեր աղջիկներն իրենց ավելի շատ սիրեն. կնոջ համար դա կարեւոր որակ է: Եվ վերջին հաշվով՝ ինքնահարգանքից է սկիզբ առնում փոխադարձ հարգանքը…

Հարցազրույցը՝

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում