livemarks sitemap
Երեքշաբթի, Նոյեմբերի 12, 2019

taguhi2Ինչպես ''Ամենից լավ տունը'' քերթվածում է ասված՝ ՛՛Արեւելք կամ Արեւմուտք՛՛, տունն ամենալավն էե, սակայն, այժմ տեղափոխվենք Բուլղարիա, որտեղ բնակվում է ՛՛Սփյուռքի հայուհի՛՛ խորագրի հերթական հերոսուհին: Երգչուհի ԹԱԳՈՒՀԻ ՎԵԶԻՐՅԱՆՆ առավել հայտնի դարձավ հայաստանյան հանրությանը, երբ մեկ տարի առաջ եկավ հայրենիք ու մասնակցեց ՛՛Մենք եւ մենք՛՛ երաժշտական նախագծին. -Ծնվել եւ ապրել եմ Երեւանում: Դեռ փոքր էի, երբ դուրս եկանք Հայաստանից, բայց մշտապես հետեւել եւ հետաքրքրվել եմ հայրենիքում կատարվող ամեն ինչով: Ընտանիքս փորձել է մանկուց իմ մեջ հայրենասիրություն դաստիարակել: Այն, որ ես այժմ խոսում եմ հայերեն, շնորհիվ իմ ծնողների է, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանց:

- Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Վեզիրյանների ընտանիքը հայտնվել է Բուլղարիայում:

- Ծնողներս նույնպես ծնվել եւ ապրել են Երեւանում, բայց 1993 թվականին որոշում են մեկնել Երեւանից արտասահման: Տատիկիս վերջին ցանկությունն էր, որ եթե դուրս գանք երկրից, մեկնենք միայն Բուլղարիա, որովհետեւ նա ծնվել եւ մեծացել էր այնտեղ:  Այդ պատճառով էլ հայրիկս որոշում կայացրեց հաստատվել Բուլղարիայում:

- Ձեր ընտանիքին հաջողվո՞ւմ է օտար կամ արդեն հարազատ դարձած ափերում պահպանել հայկական գենն ու հայկական ավանդույթները:

- Ինչպես արդեն նշեցի, ծնողներս փոքր հասակից պահանջել են, որ ես, քույրիկս եւ եղբայրս տանը միայն հայերեն խոսենք: Ճիշտ է, շատ դժվար էր, բայց հետագայում մենք ինքներս զգացինք մեր մայրենի լեզվի քաղցրությունն ու գեղեցկությունը: Հիմա էլ դեռ մի քիչ դժվարանում եմ, երբ մտածում եմ հայերեն, բայց պետք է արտահայտվեմ բուլղարերեն կամ հակառակը: Այստեղ փորձում ենք պահպանել մեր հայկական ավանդույթները, հայկական ոգին՝ տարբեր տոների կապակցությամբ կազմակերպելով շատ հայկական համերգներ, հավաքույթներ: Օրինակ, Բուլղարիայում հայկական պարի շատ խմբեր կան, որոնցից մեկը ես նույնպես հաճախում եմ՝ 13 տարեկանից մինչեւ հիմա: Հավատացեք, չեմ կարողանում հրաժարվել հայկական պարի փորձերից, որովհետեւ դա իմ արյան մեջ է:

- Հայտնի է, որ Բուլղարիայում շատ թուրքեր են բնակվում: Բուլղարահայերն ու տեղի թուրքերն ինչպիսի՞ հարաբերությունների մեջ են:

- Բուլղարացի ազգը հայտնի է նրանով, որ ընդունել եւ թույլ է տալիս, որ իր երկրում հանգիստ ապրեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Չէ՞ որ, ինչպես բոլորիս է հայտնի, Բուլղարիան այն ազգերից է, որը հայերի ցեղասպանությունից հետո ընդունում էր փրկվածներին: Բուլղարիան ունի շատ ճանաչված հայեր, որոնցով իրենք էլ են շատ հպարտանում: Ինչ վերաբերում է Բուլարիայում ապրող թուրքերին, իրենք ընդհանրապես նման չեն Թուրքիայում ապրող թուրքերին, որովհետեւ ավելի շատ ընդունել են բուլղարական ազգամտածողությունը եւ կյանքում համարձակություն չեն ունենա մոտենալ հային:

- Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր բուլղարահայերը:

- Դեռ ոչ մի խնդիր չի առաջացել հայերիս համար: Այստեղ իմ հայրենակիցները շատ մեծ պատիվ ունեն՝ իրենց հարգում եւ ընդունում են:

- Հայուհիներն ու բուլղարուհիները իրենց բնավորությամբ տարբերվո՞ւմ են, թե՞ նման են:

- Կարող եմ ասել, որ ընդհանրապես նմանություն չունեն: Ինձ համար հայուհին միշտ էլ կմնա հայուհի: Մեր ազգը մշտապես տարբերվել է իր իմաստնությամբ, երեւի դրա համար էլ դարերով գալիս ենք եւ բոլոր երկրներում կարողանում ենք մեր տեղը գտնել եւ հպարտ ասել, որ մենք հայ ենք:

- Բուլղարիայում հայ երգչուհուն առաջ գնալու համար ի՞նչ է անհրաժեշտ:

- Ճիշտ է, երբ բուլղարացի ես, ավելի հեշտ են քեզ ընդունում, իսկ երբ ուրիշ ազգի ներկայացուցիչ ես, ավելի խստապահանջ են քո նկատմամբ: Ես այստեղ լինելով առաջին հայ երգչուհին, նույնպես դժվարություններ եմ ունեցել: Պահանջում էի իմ պրոդյուսերից, որ հանրությանը ներկայանամ իմ անունով՝ ԹաԳուհի, սակայն այստեղ ինձ կոչում են ԹաԿուհի: Որպես անծանոթ անուն՝ շփոթում էին թուրքական անունի հետ, որը ինձ շատ էր բարկացնում… Բայց կարողացա հաղթահարել այդ ամենն ու երգեցի հայերեն: Իմ երջանկությանը չափ ու սահման չի լինում, երբ մինչեւ հիմա իմ ելույթներին լսում եմ, թե ինչպես են փորձում բուլղարացիները կրկնել իմ հայերեն երգերը: Հնարավոր է, որ եթե բուլղարական անունով ներկայանայի հանդիսատեսին եւ երգեի միայն բուլղարերենով, ինձ ավելի հեշտ լիներ, բայց ես ընտրեցի դժվար ճանապարհ, որպեսզի նպատակիս հասնեմ: Ինձ համար ամենակարեւորը եղել է, որ պատվով ներկայացնեմ հայի անունն այստեղ:   

- Ինչպե՞ս սկսեցիք Ձեր ստեղծագործական ուղին:

Takuhi-yev-Narek- Իմ ծնողները ավարտել են երաժշտական դպրոցը: Հայրիկս՝ հարվածային գործիքների, իսկ մայրիկս՝ ջութակի բաժինը: Երեւի դա էլ պատճառ է եղել, որ ես այսքան շատ սիրեցի երաժշտությունը: Առաջին անգամ բեմ եմ բարձրացել 8 տարեկան հասակում: Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական դպրոցում, որտեղ սովորում էի, կար մանկական երգչախումբ, որի ղեկավարն էր մեր հայրենակից Հռիփսիմե Թովմասյանը (նա ներկայացնում էր մեր հայ երգը ամբողջ Բուլղարիայում): Որպես մենակատար` այդ խմբով շատ եմ մասնակցել տարբեր փառատոների եւ մրցույթների: Հ.Թովմասյանն այն մարդն է, որից շատ բան եմ սովորել, անչափ հարգում եւ սիրում եմ նրան: Տարիներ հետո, երբ հասկացա, որ երգելն է լինելու իմ մասնագիտությունը, սկսեցի հաճախել նաեւ բուլղարացի վոկալի ուսուցիչների մոտ դասերի: Մի քանի տարի անց (կլինեի մոտ 18 տարեկան)՝ լսեցի, որ կա մի երաժշտական մրցույթ, եւ որոշեցի մասնակցել: Այդ մրցույթին մասնակցում էին մոտ 200 հոգի, ես չէի հավատում, որ կանցնեի, բայց մի քանի օր հետո զանգահարեցին եւ ասացին, որ միայն ես եմ անցել: Իրոք, շատ անհավատալի թվաց, անսահման ուրախ էի, որ կարող եմ արդեն ավելի պրոֆեսիոնալ զբաղվել իմ սիրած մասնագիտությամբ:

- Հետո նաեւ եկաք Հայաստան եւ մասնակցեցիք «Մենք եւ մենքե երաժշտական նախագծին:

- Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել պարոն Գրիգոր Նազարյանից այդպիսի հրավեր: Շատ մեծ պատասխանատվություն էի զգում, որ  պետք է ներկայացնեմ Բուլղարիան եւ տեղի հայ համայնքը: Ասեմ, որ չափից դուրս հուզված էի, որովհետեւ առաջին անգամ էի ներկայանում իմ հայրենիքում: Չգիտեի ինչպես կընդունեին, եւ արդյո՞ք ամեն ինչ լավ կանցներ, բայց այստեղ պետք է մեծ շնորհակալություն հայտնեմ «Մենք ու մԵնքե նախագծի անձնակազմին` լավ ընդունելության համար: Հուսով եմ, որ նորից կտեսնվենք նմանատիպ նախագծերում:

- Նախագծի շրջանակներում Դուք երգում էիք Նարեկ Բավեյանի հետ, հե՞շտ էր նրա հետ աշխատելը:

- Նարեկի մասին միայն լավը կարող եմ խոսել: Շատ ուրախ էի, երբ ասացին, որ իմ բեմային զույգը նա է լինելու: Իր հետ շատ հեշտ էր համագործակցել, որովհետեւ երկուսս էլ հարգում էինք եւ լսում միմյանց խոսքն ու կարծիքը: Եվ, իհարկե, կուզեմ ավելացնել, թե ինչքան լավ ընդունվեց այստեղ բուլղարական ժողովրդական երգի մեր կատարումը, մանավանդ՝ Նարեկի կատարումը բուլղարերեն: Բուլղարիայում, երբ լսեցին այդ երգը, նույնիսկ մարդիկ կային, որոնք չէին հավատում, որ Նարեկ Բավեյանը բուլղարերեն չգիտի:

- Կլինե՞ն նոր զուգերգեր եւ, ընդհանրապես, հայկական շոու-բիզնեսից ո՞ւմ հետ կցանկանայիք զուգերգով հանդես գալ:

- Շնորհակալություն այս հարցի համար: Հայաստանում կան շատ երգիչներ եւ երգչուհիներ, որոնք շատ տաղանդավոր են, բայց որպես զուգերգ` միշտ ցանկացել եմ օրերից մի օր երգել Թաթա Սիմոնյանի հետ: Իր ե՛ւ երգերը, ե՛ւ ձայնը յուրահատուկ են, որովհետեւ նա երգում է հոգով ու սրտով:

- Այժմ ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք:

- Անկեղծ ասած, չեմ սիրում խոսել գործնականի մասին, երբ դրանք դեռ ընթացքի մեջ են: Հուսով եմ, երբ բարեհաջող ամեն ինչ ստացվի, կներկայացնեմ հանդիսատեսին:

- Այսօր երգելուց զատ, Թագուհի Վեզիրյանն ինչո՞վ է զբաղվում:

- Երգելու հետ միասին դեռ սովորում եմ Էկոնոմիկայի եւ մենեջմենթի եվրոպական քոլեջում:

- Հնարավո՞ր է, որ մի օր գաք Հայաստան՝ մշտական բնակության համար:

- Ապագան ցույց կտա, դեռ ոչինչ չեմ կարող ասել:

- Ազա՞տ է Թագուհի Վեզիրյանի սիրտը:

- Իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք (ժպտում է- Հ.Ս.-ն): 

- Ես կարծում եմ, որ շատերը կերազեին լինել Ձեր սրտի տիրակալը: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Ձեր ընտրյալը:

- Իմ կողքին պետք է լինի մի տղամարդ, որը գիտի ինչ է նշանակում հարգանք, նամուս, պատիվ, սեր, ընտանիք:

- Թեկուզ, եթե բուլղարացի՞ լինի:

- Եթե այն ինչ փնտրում եմ, գտնեմ այդ մարդու մեջ, նրա հետ ինձ երջանիկ զգամ եւ համոզվեմ, որ նա հպարտ է իր կողքին տեսնել հայուհի, հարգի իմ ավանդույթները, ապա այդ ժամանակ կմտածեմ:

taguhi- Պատկերացնո՞ւմ եք Ձեզ հարսիկի, այնուհետեւ մայրիկի դերում:

- Իհարկե, կարծում եմ, յուրաքանչյուր աղջիկ պատկերացնում է իր հարսանիքը: Ինչ վերաբերում է մայրանալուն, դա մեծ պատասխանատվություն է: Հույս ունեմ, որ երբ ունենամ իմ ընտանիքը, կլինեմ լավ ու հոգատար մայրիկ իմ բալիկների համար: 

- Սիրո՞ւմ եք ոճային փոփոխություններ եւ որքա՞ն հաճախ կարելի է Ձեզ տեսնել գնումներ կատարելիս:

- Եթե դա կապված է հագուստի հետ, իհարկե, սիրում եմ որոշ չափով փոփոխություններ անել: Ընդհանրապես կրում եմ այն, ինչի մեջ ինձ լավ եմ զգում: Հագուստը չէ, որ պետք է մեզ ներկայացնի, այլ կարեւորը, թե դու ինչպես կներկայացնես այն: - Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում: - Աստիճաններով վեր բարձրանալիս բարեւիր բոլորին, որովհետեւ ցած իջնելիս հանդիպելու ես այդ նույն մարդկանց: Կարծում եմ, հասկացաք ինձ:

- Ո՞րն է Ձեր ''չի կարելիի'' սահմանը, եւ որքա՞ն ազատ կարող եք լինել:

- Այնպիսին եմ, ինչպիսին կամ, ձեւականություններ չեմ սիրում: Չեմ կարող լինել մի մարդ, որը չեմ, չեմ կարող խոսել մի բանի մասին, ինչին չեմ հավատում: Շատ ավելի պատասխանատու է լինել ճանաչված օտար երկրում, որովհետեւ հայուհի լինելով՝ ինձանով ճանաչում են իմ ազգը: Ես երբեք ինձ չեմ կարող թույլ տալ` թե՛ հագուստով, թե՛ պահվածքով ունենալ վատ կամ անվայել վարքագիծ: Այդպես եմ դաստիարակվել փոքր հասակից եւ չեմ կարող փոխվել, ամեն ինչ գեղեցիկ է իր չափի ու սահմանի մեջ:

- Դե, քանի որ խոսեցինք չափ ու սահմանից, հարցազրույցի վերջում ի՞նչ կցանկանայիք Հայաստանին, Ձեր ընտանիքին ու Ձեր երկրպագուներին:

- Ցանկանում եմ իմ հայրենիքին ուժ, հզորություն եւ միաբանություն՝ սփյուռքի հետ միասին: Իմ ընտանիքին կցանկանամ միայն առողջություն: Անչափ սիրում եմ նրանց եւ շնորհակալ եմ, որ միշտ իմ թիկունքին կանգնած են: Իսկ իմ սիրելի երկրպագուներին ուզում եմ ասել՝ մեծ շնորհակալություն, որ դուք կաք: Մեծ սիրով կարդում եմ Ձեր նամակները եւ փորձում եմ բոլորին պատասխանել: Ցանկանում եմ, որ լինեք առողջ, սիրեք եւ լինեք շատ սիրված, եւ թող Աստված միշտ Ձեզ հետ լինի: 

Զրույցը՝  ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում