livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

tarazԲոլոր ժողովուրդներն ունեն իրենց ազգային տարազը: Յուրաքանչյուր տարազ ունի իր առանձնահատկությունները: Մեր տարազն էլ շատ ինքնատիպ է, հետաքրքիր, գեղեցիկ եւ գունեղ:

Այս թեմայով «Զարուհի» ամսագիրը զրուցեց ազգագրագետ, պ.գ.թ. Սվետլանա Պողոսյանի հետ:

- Ի՞նչ է ընդհանրապես տարազը:

- Տարազը մարդկանց ավանդականությամբ բնութագրվող տարրերից է: Տարազը ներառում է հագուստը, գլխանոցն ու ագանելիքը, արդուզարդը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը: Ավանդական տարազը էթնիկական ցուցիչ է, որն արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային  ինքնատիպությունն ու ազգային խառնվածքի որոշ հատկություններ:

- Իսկ ինչպիսի՞գործառույթներ ունի այն:

- Տարազային համալիրն ունի տարբեր գործառույթներ` կիրառական, սոցիալական, սեռատարիքային, գեղագիտական, ծիսահմայական, էրոտիկ, հագի հարմարվելու(պրեստիժային) եւ այլն: Մարդուն պաշտպանելով ցրտից կամ շոգից, հագուստը կատարել է գործնական ֆունկցիա, մարմինը զարդարելով ձեռք է բերել գեղագիտական նշանակություն: Առօրյա հագուստը հարմարեցվել է տվյալ տարածքի բնակլիմայական, էթնիկական միջավայրին: taraz1Հագուստի էրոտիկ գործառույթը շատ թույլ է արտահայտվում ազգագրական նյութերում, քանի որ էրոտիկան բանասացների համար արգելված թեմա է: Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային առանձին խմբերի հագուստին, հատկապես չամուսնացած աղջիկների եւ տղաների, երիտասարդ հարսների հագուստ-կապուստին: Առտնին, առավել եւս տոնածիսական հագուստն ունեցել է նաեւ հմայական, պահպանողական ֆունկցիա:

- Ինչպիսի՞ն է հայկական տարազը:

- Հայկական տարազը հայոց բազմաբարբառ լեզվի նման բազմաբնույթ է: Մեկ համահայկական, ընդհանուր տարազ չկա: Բոլոր տարազախմբերում այն կազմված է ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից եւ զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման): Տարբերությունները ոճավորման մեջ են: Ըստ տիպի` հայկական տարազը արձակ բաց է, զգեստն ունի կտրվածքներ առջեւից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծը ազատ է, գունային գամմայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները: Հայկական զգեստն առանձնանում է երկարափեշությամբ, կողքերի ճեղքվածքներով եւ պարտադիր ուղեկցվում է գոտիով: Գեղազարդվել է ասեղնագործության տարբեր տեխնիկաներով: Կանայք գլխաշորը կրել են ուսերն ի վեր՝ առանց դեմքը, բերանը  ծածկելու:

- Ի՞նչ բաղկացուցիչներից է կազմված հայոց տարազի համակարգը:

- Հայոց տարազի համակարգը կազմում են արեւմտահայկական` Վասպուրական, Աղձնիք, Տուրուբերան, Բարձր Հայք, Շիրակ-Ջավախք, Տրապիզոն, Փոքր Հայք, Կիլիկիա եւ արեւելահայկական` Այրարատ-Թիֆլիս-Պարսկահայք, Սյունիք-Արցախ, Գուգարք, Վայոց ձոր եւ այլ համալիրներ:

- Արդյո՞ք  այդ համալիրներն ունեն առանձնահատկություններ:

- Այո, այդ համալիրներն ունեն էական առանձնահատկություններ: Մասնավորապես, կանանց տարազի պարտադիր մաս համարվող գոգնոցը բացակայում է արեւելահայկական տարազախմբերում: Խիստ տարբեր են նաեւ գլխի հարդարանքի տիպերը: Փակ տիպի գլխի հարդարանքը չէր ենթադրում գոգնոցի պարտադիր առկայությունը, միայն Վասպուրականում գլխի հարդարանքը փակ տիպի էր, գոգնոցի առկայությամբ: Վանա լճի ավազանում, Հայկական Տավրոսից հարավ ընկած տեղավայրերում տարածված էր դեմքը ծածկելու սովորույթը: Վանում կանայք ամուսնանալիս կրել են բարձր գլանաձեւ գլխարկ, որը գլխին ամրացվել է եռանկյունաձեւ գլխաշորով: Ճակատը հարդարել են ճակատակալով: Քունքամասերը զարդարել են եռանկյունաձեւ ակնազարդ կախիկներով: Գլխի հարդարանքը ամբողջացվել է եռանկյունաձեւ կարմիր, քաթանե գլխաշորով: Սյունիք-Արցախում  ամուսնությունից հետո կնոջ գլուխը կապում էին, հատուկ «աշտարակ» դնելով կնոջ գլխին, փակում էին բերանը, քթի ծայրը: Այստեղ, ինչպես եւ Վասպուրականում գլխի հարդարանքում կիրառվել են հիմնականում եռանկյունաձեւ բաղադրիչներ:

- Տիկին Պողոսյան, ձեր հետաքրքիր զրույցից ենթադրվում է, որ կանանց գլխի հարդարանքին մեծ նշանակություն է տրվել:

taraz2- Այո, գլխի հարդարանքը համարվել է տան բարեկեցության գրավականը: Սրբավայր գնացող կանայք Սուրբ գրքի, խորանի սեղանի զարդարման համար գլխաշոր են տարել: Ախալքալաք-Արցախում նվիրաբերել են նաեւ գոգնոց: Այստեղ գլխի հարդարանքը բաց տիպի էր, եւ գոգնոցը հանդես է եկել որպես սեռական խորհրդանիշ:  Հայաստանի հյուսիսային շրջաններում` Բարձր Հայքում, Շիրակ-Ջավախքում գլխի հարդարանքը բաց տիպի էր: Այս համալիրում ճակատակալը հայտնի էր վարդ անվամբ: Դրա ճակատամասը ասես մի չքնաղ պարտեզ լիներ` ասեղնագործ ժանյակով, բնական գուներանգներով,  կենդանի թվացող նրբահյուս ծաղիկներով: Վարդն ուղեկցվել է մետաքսե շղարշ-քողով, որն ուներ լայն ժանյակե եզրաշերտ, նորալուսիններով, աստղաձեւ եւ բուսական նախշերով հարդարված: Կիլիկիայում օղակաձեւ թագը սպիտակ ժանյակե ժապավեն էր` 7 ճերմակ շուշաններով, արանքներում ոճավորված թռչունների մարմիններ: Թագը կրել են եռանկյունաձեւ քողի հետ: Գլխի հարդարանքի մեջ կապ-հանգույցները ունեցել են նաեւ ծիսական նշանակություն:

- Ո՞րոնք են Հայաստանի արեւմտյան եւ արեւելյան տարածաշրջաններում կնոջ զգեստի տարբերությունները:

- Հայ կնոջ զգեստը,  թե արեւմտյան, թե արեւելյան գավառներում գրեթե նույնն էր,  նույն ներքնազգեստ սպիտակ կամ կարմիր շապիկը, կարմիր վարտիքը` ներքին եզրում զարդարված: Զգեստը պճղնավոր էր, կողքերից` ճեղքվածքներով: Բոլոր համալիրներում կրծքի եւ կողքերի ճեղքվածքները հարդարվել են քուղերով, կտրվածքը` կտորե նեղ երիզներով: Տարազի պարտադիր մաս էին կազմում երկար կտորից կամ մետքսյա մի քանի տակ իրանի շուրջը փաթաթվող գոտիները: Արեւմտյան եւ արեւելյան տարազի համալիրները տարբերվել են նրանով, որ կնոջ, անգամ տղամարդու տարազը արեւմտյան գավառներում ճոխ ասեղնագործվել է: Մյուս էական տարբերությունն այն էր, որ արեւմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր, մինչդեռ արեւելյան շրջաններում գոգնոցը հիմնականում բացակայում էր:

- Ի՞նչ տիպի  գոգնոցներ կային  եւ ի՞նչ էին խորհրդանշում դրանք:

- Գոգնոցը լինում էր գոտկատեղում ամրացվող եւ կրծքամասով ու ուսամասում կապվող տիպերի:  Բարձր Հայքում գոգնոցը քառանկյունաձեւ, կարմիր մահուդե, մետաքսե կամ բրդե կտոր էր: Գոգնոցի եզրագոտին ծաղկանախշերի շարք է կազմել: Ստորին երկու անկյուններում ասեղնագործվել են կենաց ծառեր կամ նշաձեւ խոշոր զարդապատկերներ, հաճախ՝ անվանատառերով: Վասպուրականում գոգնոցը ամբողջովին ասեղնագործված էր, բրդյա տնայնագործ կտորից: Գույների մեջ գերակշռել է կարմիրը: Գոգնոցի երկրորդ տիպը ծածկում էր առաջնամասը` կատարելով կրծկալի դեր: Նման կրծքամասով գոգնոցներ հագել են Խոտորջրում, որոնց վրա ասեղնագործված են միմյանց փարված երկու թռչնապատկեր:

tazar3Սասունում գոգնոցը կապույտ բրդյա կտորից էր, ասեղնագործված բրդյա գունավոր թելերով, երկրաչափական նախշերով: Սեբաստիայում գոգնոցները զարդարված են երկրաչափական եւ հատկապես շեղանկյունաձեւ զարդանախշերով: Հարսնությունն անցկացրած կնոջ գոգնոցն ունեցել է նաեւ խաչաձեւ նախշեր: Կիլիկիայում գոգնոցը քառանկյունաձեւ կտորից էր, առանց նախշերի: Գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը. «կարմիր գոգնոց» նշանակել է կին: Ջահել աղջիկը նման գոգնոց չի կրել: Գոգնոցը, կրծկալ սրտանոցի հետ կապված են սեռական սիմվոլիկայի հետ, որոնք վրայի զարդանախշերի հետ կոչված են եղել զերծ պահել կրողին չար ուժերից, ապահովել որդեծնության կարողությունը, պաշտպանելով կուրծքը եւ գոտկամասը:

- Տիկին Պողոսյան, պատմեք կրծկալի դերի  եւ նրա կիրառման մասին հայ կնոջ տարազում: 

- Կրծկալը լայն տարածում ուներ հայկական ավանդական տարազի համալիրում, այն կրել են զգեստի տակից` Կարինում, Ախալցխայում, Շիրակում, Վասպուրականում սրտանոց անվամբ, Սասունում, Կարսում, Արդվինում, իսկ Գողթնում, Մեղրիում, Խոտորջրում, որտեղ գոգնոցը բացակայում էր, կրել են  զգեստի վրայից:

- Տարազի ո՞ր մասերն են համարվում սեռային սիմվոլներ:

taraz3- Կարմիր գոգնոցը, կարմիր գոտին եւ գլխի կարմիր քողը սեռային սիմվոլներ են: Ուշագրավ են բարձրհայքյան մետաքսահյուս գոտիները (գոգնոցի կապը): Մի երեսին կարմիր, մյուսին դեղինով զարդանախշեր (կենաց ծառ, կենցաղային իրեր, մկրատ, սափոր), այսինքն այն ամենով, ինչի հետ առնչվել է կինը: Այս գոտիների վրա սովորաբար գործվում էր բարեմաղթանքի խոսքեր: Ըստ էության, այդպիսով մատնանշվում էր գոտու սկզբնական իմաստը, երբ գործածվում էր որպես յուրատեսակ հուռութք կամ հմայակ-պահպանակ: Վասպուրականի կանանց գոտին կարել են բրդյա կտորից կամ հյուսել բրդյա թելերից եւ երեք անգամ փաթաթել իրանի շուրջը, որը հայտնի էր մեջքկապ անվամբ: Սասունում նշանված աղջիկները կամ ամուսնացած կանայք կապել են գունավոր մետաքսաթելերով գործած գոտիներ: Կիլիկիայում գոտին 3 մ կտավից էր, ծոպավոր ժապավենազարդով: Շատ ինքնատիպ էր Տրապիզոնի կանանց վանդակազարդ կտորից, եզրերը ծոպազարդ, ամբողջ գոտկամասը գրկող գոտին: Սյունիք-Արցախում գոտին մետաքսյա կամ բամբակյա կտորից էր:

- Իսկ ի՞նչ են հագել կանայք տանից դուրս գալիս, ցուրտ ժամանակ:

- Նրանք հագել են թավշե կարմիր մուշտակ, մորթե երիզով, հիմնական զգեստից կարճ կամ էլ` բրդյա վերարկու: Երեւանում մուշտակ-քուրքը մուգ կանաչ, կապույտ թավշից էր, թեւերը երկար, ձեւավոր ու ճեղքվածքներով: Այն եզրազարդվել է սեւ թավշյա ժապավենով: Բացի այդ զգեստը զարդարվել է աղվեսի մորթով:  Սյունիք-Արցախում քուրքը կարմիր թավշից էր կամ բրդյա կտորով, բամբակե ներդիրով եւ աստառով կարված: Թեւքերը կարճ էին, հազիվ մինչեւ արմունկները հասնող: Զգեստը եզրազարդվել է կանաչ կտորով եւ աղվեսի մորթով:

- Տիկին Պողոսյան, ժամանակակից հագուստում պահպանվե՞լ են տարազի էլեմենտներ:

- Այսօր ավանդական հայկական տարազ կարելի է հանդիպել միայն բեմական հագուստում կամ էլ տիկնիկների վրա. այլ հարց է, թե դրանք որքանով են համապատասխանում բնօրինակին: Հայկական տարազը լիովին դուրս է եկել կիրառությունից եւ միայն որոշ երիտասարդ աղջիկներ կրում են ավանդական ճակատակապերը հիշեցնող թելերից հյուսածո ճակատակապեր եւ երբեմն ասեղնագործ գդակներ: Իսկ ագանելիքից մնացել են նախշազարդ գուլպաները:

- Շնորհակալություն անչափ հետաքրքիր զրույցի համար: Կարծում եմ, որ մեր ընթերցողները հաճույքով ծանոթացան հայուհու ավանդական տարազի նրբություններին:

ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները` հայոց ազգագության

թանգարանի հավաքածուներից:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում