livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

12Ավարտին մոտեցավ կանանց միամսյակը՝ իր տեղը զիջելով ամառային տոներին: Թեպետ մեկ ամիս շարունակ գովերգվեց կինը, մայրը, գեղեցիկն ու վսեմը, սակայն այս ամենի կողքին, X ուժերի թելադրանքով եղան նաեւ հայուհուն ոչ վայել դրսեւորումներ, որոնք փորձում էին նսեմացնել միամսյակի ողջ փայլն ու բույրը: Որոշ կերպարներ փողոցում բղավեցին, որ այլեւս չեն ցանկանում կնոջը բնորոշ տնային գործերով զբաղվել, վերջիններիցս էլ ոմանք ավելի հեռու գնացին՝ հպարտանալով ու հանրության աչքը ծակելով իրենց չամուսնացած լինելու, բայց եւ կուսությանը վաղուց հրաժեշտ տված լինելու մասին հայտարարություններով: 

՛՛ ՈՐՈՇ ԿԱՆԱՅՔ ԵՎ ՕՐԻՈՐԴՆԵՐ, ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊՈՎ, ՄԱՅՐԱՆԱԼՆ ԱՆԳԱՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԿՆՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ՛՛

Ի վերջո, թե ի՞նչն է պատճառը, որ հայուհիների շրջանում սկսել են ակտիվանալ ֆեմինիստական խմորումերը «Զարուհին» նախ պարզեց ՏԵՐ ԱՐԱՄ քահանա ՂԱԶԱՐՅԱՆԻՑ.

- Արյունով ու աղոթքով ձեռք բերված մեր անկախությունից հետո, ցավոք սրտի, Հայաստանում ոչ միայն ֆեմինիստների, այլեւ զանազան նմանատիպ «իզմ»-երի հարող մարդկանց մոտ ակտիվություն է նկատվում: Իմ կարծիքով, դա այլ բան չէ, քան փորձ միանալու այսօր ողջ աշխարհում իրականացվող` մեղքն օրինականացնելու եւ օրենքով պաշտպանելու համաշխարհային գործընթացին: Ցավալի է, որովհետեւ ֆեմինիստական շարժումը փորձում է աղավաղել ավանդաբար մեզ համար սրբության արժեք ներկայացնող մի շարք հասկացություններ` որպիսիք են՝ կինը, մայրը, քույրը եւ դուստրը:

- Տեր հայր, վերջիններս ձգտում են կին-տղամարդ հավասարության, մի՞թե սա արդարացի ցանկություն չէ:14

- Հավասարության մասին խոսելը հրաշալի է, ես կողմ եմ հավասարությանը: Կողմ եմ, որ բոլոր մարդիկ` կին, թե տղամարդ, հավասար իրավունքներով ապրեն այս արեւի տակ: Միեւնույն ժամանակ, չեմ կարող հաշվի չնստել այն փաստի հետ, որ որեւէ տղամարդ չի կարող մայր դառնալ, կամ հակառակը` որեւէ կին, որքան էլ երազի, չի կարող հայր դառնալ: Այնպես որ, համաձայն եմ գոռալ հավասարություն` հաշվի առնելով նաեւ բնությունից մեզ տրված տարբերությունները: Աստվածաշունչը կանանց պատգամում է սիրով ու հնազանդությամբ ապրել ամուսինների հետ, իսկ ամուսիններին պատգամում՝ սիրել կանանց` անձնազոհության աստիճանի` «ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար» (տես՝ Եփես. Ե 22-25):

- Ի դեպ, վերջերս որոշ կանայք փողոցում բղավում էին, որ չեն ցանկանում այլեւս սուրճ եփել, տնային գործերով զբաղվել եւ այլն: Ի վերջո, ո՞ւր կտանի այսպիսի մոտեցումը:

- Մեր կողքին ապրող որոշ կանայք եւ օրիորդներ, տարօրինակ կերպով, մայրանալն անգամ համարում են կնոջ իրավունքների խախտում: Իմ կարծիքով, այստեղ մենք գործ ունենք դժբախտ ու չհասկացված, կյանքում իբրեւ կին սեփական լիարժեքությունը չգտած ու չսիրված տեսակի հետ: Ցավալիորեն, սուրճ չեփելու ու տնային գործերով չզբաղվելու մասին պարզունակ ձեւակերպումների տակ՝ թաքնված է այն դժբախտ հայուհին, որը նոր ժամանակների «ազատական» գաղափարների մեջ է իր բախտը փորձում: Այս մոտեցումը, ըստ էության, հավակնում է փոխել կնոջը, հետեւաբար, իմ կարծիքով, դատապարտված է ձախողման: Իսկ կանանց ճնշող մեծամասնությունը մանիֆեստների կարիք չի զգում:

- Եվս մի սարսափելի երեւույթի ականատեսը եղավ հայ հանրությունը, երբ մի աղջիկ իր կույս չլինելու մասին «հպարտորեն» ֆեյսբուքյան գրառումներ էր կատարում:

- Կասեմ, որ, հավանաբար, խեղճ ու մեղավոր մի աղջիկ է, որի հետ պետք է խոսել ու հասկանալ` ինչո՞ւ է ուզում այդ մասին պատմել բոլորին: Ես մի բան գիտեմ` մենք ավելի անմեղ չենք, քան այդ աղջիկը, մենք ավելի սուրբ չենք, քան բոլոր սայթաքած մարդիկ: Պետք է քննադատելուց առաջ փորձել օգնել, քարեր նետելուց առաջ` փորձել ներել: Աստծո համար վերջնական կորած մարդիկ չկան, այդ մենք ենք թերահավատ, մենք չենք հավատում այդ կանանց դարձի գալու հավանականությանը: Անշուշտ, չեմ արդարացնում այդ կնոջը, որովհետեւ նրա ֆեյսբուքյան գաղափարներից կարող են վարակվել ավելի անմեղները:

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք կանանց եւ աղջիկներին, մի՞թե 21-րդ դարը թելադրում է պարկեշտ ու հնազանդ լինելու փոխարեն, պայքարել տղամարդկանց դեմ ու մայրիշխանության ձգտել:

- Հայ կանանց եւ աղջիկներին խորհուրդ կտամ իրենց հայացքները հառած պահել մեր եկեղեցիների խորաններին. այնտեղ Տիրամոր պատկերն է: Իսկ ֆեմինիստական գաղափարներով «ներշնչվել» խորհուրդ չեմ տա:


«Ո՞Վ ԿՈՒԶԵՆԱ ՈՒՐԻՇԻ ՃՄՌԹԱԾՆ ԻՆՔՆ ՈՒՆԵՆԱ»

Վերջերս ասպարեզում հայտնված ֆեմինիստուհիների ու նրանց գենդերային հավասարության մասին կոչերի վերաբերյալ, զրուցեցինք նաեւ ազգագրագետ, նկարչուհի ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑՈՒ հետ.

- Դե նայած ինչն են հավասար գտնում, եթե իրենց իրավունքները նկատի ունեն, հնարավոր է, ասենք, աշխատավարձի հավասարությունը: Իսկ, եթե վերցնենք որպես էակ, իհարկե, ի սկզբանե հնարավոր չէ, քանի որ կինն առանձին կենսաբանական օրգան է: Տղամարդը տիեզերական, հզորության կերպար է, որովհետեւ Աստված ինքը տղամարդ է, իր զավակը նույնպես տղամարդ էր, բայց միեւնույն ժամանակ կա նրա մայրը՝  ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆԸ, այ հենց այդ կերպարը պետք է կրի կինը: Ամեն դեպքում ինչի՞ համար այդքան վերելք ունենալ, ի՞նչ է ուզում այսօր կանայք, Աստծո՞ւն հասնել:

- Այսօր որոշ կանայք նույնիսկ չեն ցանկանում սուրճ եփել եւ դա վիրավորական են համարում, մի՞թե 21-րդ դարում կնոջ համար հաճելի չէ իր ընտանիքի համար հոգալը:16

- Եթե կինն այսօր սուրճ եփելուց է հրաժարվում, բա էլ ինչպե՞ս է «ծնունդ նստելու» (ծննդաբերելու), ուրեմն՝ «ծնունդ նստելուց» էլ պետք է հրաժարվի: Բայց, չէ՞ որ ամենադժվարին բանն է կնոջը տրված, որ մինչեւ աշխարհի վերջ պետք է կրի:

- Էլ ի՞նչ սպասել վերջիններիցս, եթե այսօր ֆեմինիզմով տառապող մի քանի կանայք իրենց սեռական կյանքն են հանրության առաջ բացում ու նույնիսկ «կարմիր խնձորի» թաղման արարողություն կազմակերպում:

- Դա պետք է հարցնել մեր հայ տղամարդկանց, թե ո՞վ կուզենա ուրիշի «ճմռթածն» ինքն ունենա: Դու, որ հասարակ պոլիէթիլեն ես խանութից վերցնում, անպայման ուզում ես նորը լինի եւ ոչ թե օգտագործած: Բա կինն էլ այդպիսին է, նա պետք է լինի մաքուր մարմնով ու հոգով, մաքուր մտածելակերպով ու ձեռքի շնորհքով: Եթե նա պետք է ուրիշի ձեռքին «ճմռթված» լինի, պարզ չէ՞, որ կունենա թերություններ:

- Ըստ Ձեզ, այս ամենի դեմ ինչպե՞ս պետք է պայքարել:

- Կառաջարկեմ, որ հայուհիներն ուսումնասիրեն մեր անցյալի ոչ միայն ազգային, էթնիկ մշակույթը, այլ նաեւ ժողովրդական մշակույթը, որը դարեր շարունակ ձեւավորվել եւ հասել է մեր օրերը: Ընդամենը 100 տարի առաջ՝ 20-ական թվականներին, դեռ մեր ժողովրդական մշակույթը պահպանվում էր: Իսկ այսօր շատ աղջիկներ «կարմիր խնձորը» կապում են կուսության հետ, ինչը շատ սխալ է: Գրեթե ոչ մի աղջիկ չգիտի կարմիր խնձորի գաղափարն ինչ է, չգիտի, որ դա տիեզերական ծառի պտուղն է:


«ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԼԻՆԵՆ ԱԴԵԿՎԱՏ ԻՐԵՆՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ, ՀԱՎԱՏԱՑԵՔ՝ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՉԷՐ ԼԻՆԻ»

Խնդրին անդրադարձանք նաեւ հոգեբանական տեսանկյունից՝ վերոնշյալ հարցադրումների պատասխանները ստանալով հոգեբան ԼԻԼԻԹ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.

- Ինձ թվում է, ցանկացած գաղափար ունի իր, այսպես ասած, աբսուրդ դրսեւորումները: Վերջերս աղանդների մասին մի ասուլիս եղավ, որտեղ նշվեց, որ երբ խոսքը գնում է կատարողներին, իրենք դառնում են «ֆանատիկներ» եւ իրենց գաղափարին հասնելու համար անցնում են այդ սահմանները: Ցանկացածին, ով դուրս է գալիս եւ գոռում է հրապարակներում, լուրջ չես կարող վերաբերել, որովհետեւ լուրջ մարդն ունի մշակված ծրագիր եւ այդ քայլերով է առաջնորդվում: Հավասարակշռված մարդն իրեն նման բան թույլ չի տա, այսինքն՝ նրանք ինչ-որ խառնվածքի տեր մարդիկ են, որոնք իրենց ճիչն են արձակում, ինչը հնարավորություն է տալիս իրենց ցույց տալ: Ընդհանրապես,  ֆանատների դեմ պայքարելը մի քիչ դժվար է:

- Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ հայուհիների մի հատվածին սկսել են հետաքրքրել ֆեմինիստական գաղափարները, որը, մեղմ ասած, հարիր չէ ավանդական հայուհու կերպարին:

- Նայում ենք պատուհանից դուրս եւ տեսնում ենք, որ 21-րդ դարն է: Մնալ ավանդական սովորույթների գերի՝ չի կարելի, չնայած՝ հայկական մշակույթի մասին մի գիրք էի ուսումնասիում, որտեղ գրված էր, որ հնում երբեք չի եղել, որ տղամարդը կնոջ վրա ձեռք բարձրացնի: Կնոջն իրավունք ուներ ծեծել միայն սկեսուրը:

15- Իսկ մենք դժգոհում ու հրաժարվում ենք այդ ավանդույթներից:

- Մենք պետք է լինենք ճկուն եւ փնտրենք բարոյական ու հասարակական այն օրենքները, որոնք թույլ կտան ապրել համահունչ մեր դարին: Բնականաբար, հայուհիներն ուզում են լինել մի քիչ անկախ, բայց, իհարկե, չպետք է հասնել աբսուրդի: Չէ՞ որ ինչքան էլ կինը փորձի հավասարվել տղամարդուն, չի կարող անել այն աշխատանքը, որն, իրոք, տղամարդը պետք է անի: Ինձ թվում է, մարդու ազատությունն ու անկախությունն այն է, երբ նա գիտի իր իրավունքներն ու պարտավորությունները: Եթե կինը հրաժարվում է սուրճ եփելուց, տղամարդը կարող է հրաժարվել տան հոսանքի լարերը սարքել, իսկ արդյունքում մի օր տղամարդը կասի՝ եթե դու սուրճ չես եփում, ես կեփեմ, դու էլ պատը շարի:

- Իսկ ինչպե՞ս վարվել, որ թեկուզ եւ քայլենք 21-րդ դարին համահունչ, բայց չունենանք այնպիսի հայուհիներ, որոնք հպարտորեն եւ հրապարակավ ասում են, որ ամուսանցած չեն ու «թքած» ունեն  կուսության վրա:

- Եթե վերցնենք արտասահմանյան փորձը, բոլոր պետությունները՝ թե ՛ եվրոպական, թե՛ ամերիկյան, անցել են դա 50-60-ական թվականներին: Դուք տեսեք, թե մենք ինչ հետ ենք մնացել: Վաղ թե ուշ, միեւնույն է, բոլորը վերադառնալու են «ընտանիք» գաղափարին: Հիմա պայքարել այդ ամենի դեմ պետք չէ, որովհետեւ, երբ դու պայքարում ես որեւէ երեւույթի դեմ, ուրեմն՝ այդ երեւույթից վտանգ ես սպասում, իսկ սա վտանգավոր չէ, պարզապես, այդ կանայք դժբախտություն են ունեցել չամուսնանալու: Քանի որ, ինչպես տեսնում եք, գնալով մեր տղամարդիկ քչանում են, միգուցե դա իրենց կողմից ինքնաարդարացում է, թե ինչու իրենք ամուսնացած չեն, որովհետեւ Հայաստանում, եկեք ճիշտ խոսենք, շատ դժվար է այսօրվա դրությամբ ամուսնանալը:

- Միգուցե այս ամենի մեջ նաեւ տղամարդկա՞նց մեղավորությունը կա:

- Չեմ խոսում տղամարդկանց մեղքի մասին, քանի որ, եթե տղամարդիկ լինեն ադեկվատ իրենց տղամարդկային պահվածքով, հավատացեք ֆեմինիստական շարժում չի լինի: Դրա պահանջը չէր լինի, եթե կինն իրեն զգար հարգված, գնահատված եւ իր իրավունքներ չճնշված էակ:

- Այնպիսի ընտանիքներում, որտեղ ֆեմինիստական շարժումներով տարված մայրեր կան, արդյո՞ք երեխաները առողջ հոգեբանական մթնոլորտում կմեծանան:

- Պետք է հաշվի առնենք, որ ընտանիքներ կան, որոնք ամուսնալուծված են. չկա հայր, չկա մայր, ֆեմինիստ չեն եւ ոչ մի այդպիսի շարժման մեջ չկան, բայց շատ քչերի մոտ է ստացվում, որ երեխաների համար ստեղծեն առողջ մթնոլորտ: Էլ ի՞նչ խոսենք այսպիսի ֆանատների մասին: Իրենց երեխաները մեծանալու են, այսպես ասած, իրենց նման ֆեմինիստական հայացքներով, սակայն, կարող է եւ բախտները բերի ու իրենք չուզենան այդպիսին դառնալ:

Ինչեւէ, սիրելի՛ տատիկներ, մայրեր, քույրեր ու դուստրեր, ամփոփելով Ձեր միամսյակը՝ մաղթում ենք, որ միշտ լինեք հավատարիմ հայուհու ավանդական կերպարին, մշտապես մնաք նրբագեղ եւ կանացի, եւ, իհարկե, գիտակցեք, որ ֆեմինիստական շարժումները Հայաստանում հատուկ ծրագիր է, որպեսզի խարխլվի հայկական ընտանիքների ամուր հիմքերը:

Պատրաստեց՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում