livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

sona1«Կյանքը հիասքանչ է» արտահայտությունը լսել են գրեթե բոլորը, բայց քչերն են գիտակցում` դա իրո՞ք այդպես է: Սեր, ուրախություն, ծիծաղ... այս ամենի հետ մեկտեղ՝ կյանքը նաեւ լի է փորձություններով: Դժվարության ժամանակ երբեք չի հանձնվի եւ չի նահանջի նա, ով ունի հոգու զորություն, բարիություն, հավատք, համառ կամք եւ անկեղծություն... Այսօր մեր հյուրն է հայ-ռուսական էստրադայի երգչուհի, սիրված, վառ անհատականություն, «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի անդամ, «Մեր բակը» ֆիլմի դերասանուհի ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

 

- Սոնա, իրականացե՞լ է արդյոք Ձեր մանկության երազանքը:

- Կարծում եմ, այո՛, մասամբ: Մանկուց երազել եմ դառնալ բեմի մարդ: Շնորհակալ եմ իմ ծնողներին, որ չէին ստիպում զբաղվել որեւէ այլ բանով: Կատարելությունը սահմաններ չունի, ամեն բան դեռ առջեւում է, կանգառներ չկան: Միշտ մտածել եմ, որ եթե չերգեմ, ապա մարդկանց կբուժեմ: Ի դեպ, ես բժշկում եմ մարդկանց, ու կարծում եմ՝ դա էլ է պարգեւ: Եղել է դեպք, երբ փրկել եմ խորտակվող երեխայի, գիտակցում էի, որ կարող եմ մահանալ, բայց միեւնույն է, որոշել էի փրկել նրան: Երբ փրկված ութամյա տղայի մայրը համբուրում էր ոտքերս, եւ բոլորը ուրախությունից գրկախառնվում, լալիս էին, ես հասկացա, որ կատարել եմ ինչ-որ հերոսական քայլ: Այդ ժամանակ 16 տարեկան էի: Ունեցել եմ համերգներ, որից հետո մարդիկ մոտենում էին եւ ասում` գիտեք, հոգիս այնքան ծանր էր, բայց հիմա ունեմ ապրելու ցանկություն: Ինձ համար կարեւոր է որեւէ մեկին օգնելը:

- Ունե՞ք Ձեզ բնորոշող վարքագիծ:

- Անհատականությունը: Երբեք չեմ եղել ամբոխ: Միշտ ունեցել եմ իմ կարծիքը ցանկացած հարցի շուրջ: Այդ բնավորության գիծը ձեւավորվել էր դեռ մանկուց, այսօր էլ եմ այդպիսին: Իմ շրջապատը գիտի, որ եթե ինչ-որ բան ասում եմ, ապա դա միանշանակ այդպես է:

- Բազում երկրներում լինելով, ո՞րը կընտրեիք՝ որպես մշտական բնակավայր:

- Որտեղ հիմա բնակվում եմ: Մոսկվան մեգապոլիս է, ինձ միշտ ձգել է այնտեղ: Չնայած` անապատում էլ զրուցակից կգտնեմ: Բոլոր մարդիկ էլ հետաքրքիր են: Խնդիրը քո մեջ է. մարդու մեջ ուզո՞ւմ ես գտնել որեւէ հետաքրքիր բան, թե՞ ոչ: Ես չեմ դատում մարդուն ազգությամբ, դավանանքով, կրոնով կամ այլ նման բաներով, ինձ համար մարդը անձ է:

- Ձեր մեջ ի՞նչն եք ավելի շատ գնահատում:

- Անկեղծությունը, արդարամտությունը: Ամեն իրավիճակում փորձում եմ լինել արդար եւ հպարտ եմ դրանով: -

sona3Ռուսաստան, Իսպանիա, Հայաստան... Այս կամ այն երկրին բնորոշ մտածելակերպն անդրադարձա՞վ Ձեր բնավորության վրա:

- Բացարձակ, իմ բնավորության հիմքը դեռ մանկուց էր սերմված: Չնայած, հասկանում եմ` հանրության մտածելակերպը, իհարկե, կարող է անդրադառնալ, եթե մարդը վստահ չլինի սեփական մտածելակերպի հարցում:

- Երգարվեստի ոլորտում կհասնեի՞ք նման արդյունքների, եթե մնայիք Հայաստանում: 

- Կարծում եմ` այո՛: Մի ժամանակ վերադարձել էի Հայաստան` Հայաստանի պետական ջազային նվագախումբը վերականգնելու գաղափարով: Գաղափարի, մտքի ետեւից ամեն տեղ կգնամ, կապ չունի՝ Մոսկվա, թե՝ Երեւան: Ըստ իս` գաղափարակիր մարդիկ են կյանքում որեւէ բան փոխում, ներդնում, թողնում իրենցից հետո:

- Կա՞ բան, որի համար զղջում եք:

- Ոչ, ես չեմ զղջում: Այ, երբ դառնամ հարյուր երկու տարեկան, լինեմ տատիկ՝ Սոնա խանում, այդ ժամանակ կկարողանամ ասել: Հիմա իմ ծաղկուն ժամանակաշրջանն է, եւ ես չեմ էլ մտածում զղջալու մասին:

- Այսօր ամեն երկրորդն իրեն երգիչ է համարում, նրանց հանրայնացման հարցում մեծ դեր են խաղում ֆինանսներն ու ծանոթությունը: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն պետք է լինի երգիչը:

- Մարդիկ գալիս-գնում են, ժամանակը ցույց կտա, թե ով է իրական երգիչ: Կոնկրետ իմ խնդիրը հեռուստացույցը չէ, երգն է: Իհարկե, արտիստ դառնալը լավ նպատակ է, բայց դրանով պետք է ապրել, զարգացնել տաղանդը: Փոքր տարիքում ես լավ էի նկարում, բայց ընտրեցի երգն ու սպորտը, իսկ նկարչությունը մղվեց երկրորդ պլան: Այսօր շոկի մեջ եմ ընկնում, երբ նայում եմ  հինգ տարեկանում արված իմ նկարներին: Երգչի համար կարեւոր է ունենալ հոգու զորություն, կապ ՝ նախնիների հետ: Պետք է իմանաս քո արմատները, քանի որ մեր մեջ նրանց գենն է հոսում:

- Երգարվեստում ունեք բազում նվաճումներ, իսկ աձնական կյանքո՞ւմ:

- Իմ կողքին եղած տղամարդիկ չէին ընդունում այն, որ ելույթներից հետո արտիստներին ծաղկեփնջեր են նվիրում, ասում գովասանքի եւ հիացմունքի խոսքեր... Մի ժամանկ փորձում էի հասկացնել, որ ես շատերի համար անհասանելի եմ, բայց քեզ հետ եմ, քո կողքին, դու կարող ես հպարտանալ… Երբեմն, կարճ ժամանակով, կարծես թե, ստացվում էր, բայց… դա երեւի տղամարդկային խանդ է, դատել չեմ ուզում: Հավատացած եմ, որ աշխատանքը եւ անձնական կյանքը համատեղելի են. օրինակ՝ Անժելիկա Վարումն ու Լեոնիդ Ագուտինը: Դժվարություններ միշտ էլ լինում են: Մարդիկ միշտ անցնում են փորձություններ, բայց եթե այդ միացումը երկնքից է, ապա այն ոչինչ չի կարող քանդել: Հավատում եմ դրան, ուրեմն այն, ինչ եղել է, իմը չէր: Էլ ինչի՞ համար նեղվեմ, ժամանակ ծախսեմ տրտնջանքի կամ տխրության վրա: Մտերիմներս կմտահոգվեն ինձ համար, իսկ ես, ի դեպ, բազմազավակ մորաքույր եմ, զարմիկներիս մի մասը հայ է, մյուս մասը՝ գերմանացի, նույնիսկ՝ մուլատ:

- Որո՞նք են հաջողակ կնոջ երեք գլխավոր սկզբունքերը:

 Առաջինը` հարգանք: Եթե դու ինքդ քեզ չհարգես, քեզ էլ ոչ մեկ չի հարգի: Բնությունը կնոջը տղամարդուց ֆիզիկապես ավելի թույլ է ստեղծել: Սխալ վերաբերմունքը, բռնությունները... այդ ամենը գալիս է հարգանքի բացակայությունից, իհարկե, սա հարյուր տոկոսով չեմ ասում,  խելագարներն էլ քիչ չեն: Երկրորդ` հույսդ դիր ինքդ քեզ վրա: Մ՛ի ճնշիր տղամարդկանց իրավունքները: Եթե չլիներ հայր, չէր լինի նաեւ մայր: Պահե՛ք ընտանիքում ներդաշնակությունը: Գլուխը տղամարդն է, իսկ վիզը` կինը: Եվ երրորդը` կապ պահել նախնիների, ծնողների հետ: Դա կօգնի շատ կանանց:

- Որտեղի՞ց Ձեզ այդքան ինքնավստահություն:

- Ինքնավստահությունը հարաբերական հասկացողությունն է: Կարեւորը հոգու զորությունն է, չթողեք ոչ մեկ կոտրի ձեզ:

- Ի՞նչ խորհուրդ կտաք բարդույթավորվող կանանց:

- Ես էլ ունեմ բարդույթներ, ավելի ճիշտ՝ սահմանափակումներ: Ամեն բան չէ, որ ինձ թույլ եմ տալիս: Մենք ինքներս ենք շարում այդ արգելապատերը, իսկ հետո ինքներս էլ փորձում քանդել: Իհարկե, հասարակությունն էլ իր մտածելակերպն է թելադրում, բայց մարդն է զգում, որոշում, թե ինչպես ապրել: Դա յուրաքանչյուրի ընտրությունն է: Եթե որեւէ մեկը ուզում է լինել ինքնամփոփ, փակվել իր ներսում, բոլորից հեռու մնալ, ապա՝ ինքը այդպիսին է: Կենդանիներից տարբերվում ենք նաեւ վերլուծելու կարողությամբ, իսկ սա նշանակում է, որ ինքներս էլ կարող ենք որոշել` ինչ պետք է անենք, իսկ ինչ` ոչ: Պետք է լինել անհատ, ոչ թե՝ ամբոխ: Մարդը պետք է խոստովանի իր խնդիրը եւ դիմի օգնության, նույնիսկ` հոգեբանին: Դու վատնում ես սեփական կյանքդ, մինչդեռ կարող ես օգտվել բոլոր բարիքներից, որոնք մեզ հավասարապես են տրված: Երկրագունդը կլոր է, արեւը շողում է բոլորի համար հավասար, սեւը եւ սպիտակը բոլորի համար հավասար է: Երբ ինքս ունենամ երեխաներ՝ իմ սեփականը, նրանց կսովորեցնեմ պատասխանատու լինել իրենց կյանքի եւ ընտրության համար:

- Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբացասական վարքագիծը:

- Դյուրահավատությունը: Մարդկանց մեջ տեսնում եմ դրականը: Առաջին տպավորությունը շատ կարեւոր է: Իհարկե, պարզ է, որ այն խաբուսիկ էլ է լինում, բայց կյանքը ցույց է տալիս, որ ոչինչ չի լինում հենց այնպես: Շուտ վստահում եմ, ցավոտ է, երբ հիասթավում եմ: Նաեւ շատ էմոցիոնալ եմ, բայց այնպիսին եմ, ինչպիսին կամ:

- Ինչպե՞ս կբունաթագրեք հայկական շոու-բիզնեսը:

- Ճիշտն ասած, ես հայկական շոու-բիզնեսից հեռվացել եմ: Բայց, դատելով համաշխարհային մաշտաբային «The Voice» նախագծով, պիտի ասեմ, որ շատ տաղանդավոր երիտասարդներ հիմա ունեն զարգանալու հնարավորություն:

- Ի՞նչ նոր աշխատանքներ՝ տեսահոլովակներ, երգեր ունեք:  

- Նոր զուգերգ է Վորոնեժից երգիչ Արմեն Հովհաննիսյանի հետ: Տեսահոլովակի առաջին մասը նկարահանեցինք Դուբայում, իսկ երկրորդ մասը` Երեւանում: Ռեժիսորը Մոսկվայի հայ՝ Ալեն Մենուան է: Երգը կոչվում է «Սիրո ալիք», հեղինակ՝ Արա Հովհաննիսյան: Ի դեպ, աշնանը պլանավորում ենք համերգ, տա Աստված, հաջողվի ամեն բան:

- Նման զբաղվածության հետ՝ ընկերների, ընտանիքի հետ լինելու ժամանակ գտնո՞ւմ եք:

- Իհարկե, ինքներս ենք պլանավորում մեր ժամանակը: Երբ տխուր եմ լինում, շփվում եմ  հարազատներիս երեխաների հետ, խաղում եմ, խենթություններ անում՝ ինչպես տաս տարեկան երեխան, քսանչորս ժամ նրանց հետ եմ լինում: Չեմ կարող չտեսնել իմ տատիկին, նա Երեւանում է, կուզենայի ավելի հաճախ տեսնել նրան, իմ բոլոր հարազատներին: Իմ ընկերներից՝ Սերժ Հարությունյանը եւ Մերին, բնակվում էին Մոսկվայում, եւ շատ ողբալի էր ինձ համար, երբ նրանք որոշեցին Երեւան տեղափոխվել: Բայց, այսօր ուրախ եմ, որ նորից նրանց հետ եմ: Ընկերներս նույնիսկ հայացքս են հասկանում, իսկ ես հեշտ մարդ չեմ:

sona2- Ո՞րն էր Ձեր կյանքի ամենաբարդ շրջանը:

- Դժվար շրջան... դրանք լինում են ժամանկ առ ժամանակ: Երեւի այն ժամանակ, երբ պետք է թողնեի խումբը եւ տեղափոխվեի Մոսկվա: Բարդ ընտրության առջեւ էի` կա՛մ անձնական կյանք, կա՛մ խումբ: Ցավոք, իմ խիղճը չթողեց, որ այլ կերպ վարվեմ, բայց ես չեմ զղջում: Գուցե, եթե այն ժամանակ այսօրվա պես մտածեի, ապա կմնայի ու կաշխատեի, բայց իմ մարդկային քայլը տարիներ անց  ինձ վերադարձրեց շատ բաներ, որոնք կարող էին չլինել:

- Ունե՞ք արտասովոր եւ հետաքրքիր ձայն: Էլ ի՞նչ տաղանդ կամ շնորհ կուզենայիք ունենալ:

- Տասներեք տարեկանից իմ մարմինը պատվեց պեպեններով, ես տառապում էի: Դպրոցում ինձ ասում էին, որ այլուրամաղով արեւայրուք եմ ընդունել, կամ մուլտֆիլմի Անտոշկա էին կոչում: Մոտ տասը տարի պայքարել եմ պեպենների դեմ: Բայց, մի օր իմ շատ սիրելի Իրինա Պանարովսկայայի հետ, որն ամբողջովին պեպենների մեջ է, հանգստանում էինք ծովափին: Ես շատ էի ամաչում, ոչ մի արեւայրուքի մասին խոսք գնալ չէր կարող, լողում էի եւ թաքնվում: Իռան նկատեց եւ ասաց. «Ի՞նչ ես անում, դու պետք է հպարտանաս, որ պեպեններ ունես: Հենց հիմա պառկի՝ արեւայրուք ընդունելու»: Նա իր օրինակով օգնեց ինձ՝ ազատվել իմ բարդույթից: Մենք պետք է սիրենք մեզ այնպիսին, ինչպիսին Աստված է ստեղծել:

- Երբեւէ չե՞ք նեղվել Ձեր ձայնից:

- Նույնիսկ մանկապարտեզում ինձ ասում էին, որ ես երգելու եմ ջազ կամ ռոք: Եվ, ինչպես տեսնում եք, հիմքս ջազային դպրոցն է: Փառք Աստծո, մտածող մարդիկ գիտակցում էին, որ 3 տարեկան Սոնան չի կարող ծխել կամ խմել, որ ծնված օրվանից ձայնս այդպիսին է: Բայց, այսօր ինձ նման խոսակցություններ են հասնում... Եթե դա արհեստական ձայն լիներ, ապա Սոնան հաստատ չէր կարողանա կենդանի երգել 2-3 իրար հաջորդող երգեր համերգների ժամանակ:

- Կյանքում շատ ծաղիկներ եք ստացել, իսկ ո՞րն է ձեր ամենասիրած ծաղիկը:

- Վարդը եւ Երիցուկը: Նույնիսկ երգ ունեմ՝ «Սիրո երիցուկներ»: Ավելի հեշտ է ասել, թե որոնք չեմ սիրում: Չեմ սիրում մեխակներ եւ շուշաններ: Շուշանները շատ գեղեցիկ են, սակայն, նրանց ուժեղ հոտից գլուխս ցավում է:

- Ի՞նչ է Ձեզ հարկավոր լիարժեք երջանկության համար:

- Ինձ համարում եմ երջանիկ: Իմ երազանքն է` օգնել մարդկանց, որ մարդիկ կարողանան լիցքավորվել իմ համերգների ժամանակ:

- Ավելի շատ սիրում եք նվերներ ստանա՞լ, թե՞ նվիրել:

- Սիրում եմ ե՛ւ ստանալ, ե՛ւ նվիրել, կարեւորն անկեղծ լինի, ոչ թե՝ պարտադրաբար: Հյուրանոցիս համարում 3 երեխաներից ստացած նկարներ ունեմ: Տասնամյա տղան նկարել էր ինձ համար հագուստի մոդելներ եւ ստորագրել իմ երգի վերնագրով. «Սոնա, ամեն բան կանցնի եւ չի վերադառնա»: Նկարում բարի փերի էի: Մի աղջիկ էլ ինձ նվիրել էր ծաղիկ-ապլիկացիա, ինձ մոտ միտք առաջացավ՝ կարելի է մարտի 8-ի համար նման ծաղիկով զգեստ պատրաստել: Ինձ համար շատ մեծ արժեք է այս ամենը: Ես այդ բոլոր նկարները, նվերները տանում եմ ինձ հետ Մոսկվա: Դրանով ոգեշնչվում եմ, թեւեր եմ առնում: Երեխաները ինձ շատ ուրախացնում եւ զարմացնում են ավելի շատ, քան՝ մեծերը: Օգտվելով առիթից` ուզում եմ անկեղծ շնորհավորել իմ անձնակազմի կանանց միամսյակը: Գոհանում եմ Աստծուց՝ բոլոր մարդկանց համար, ում նա ուղարկել է իմ կյանք:

- Ի՞նչ կմաղթեք հայ կանանց:

- Գտնեն իրենց երկրորդ կեսին: Ուզում եմ, որ կնոջը հասկանան, գնահատեն, չփնտրեն ուրիշին: Լինում են դեպքեր, երբ ամեն բարիք քթիդ տակ է, բայց, չգիտես ինչու, շղարշը պատում է, եւ մարդիկ կորցնում են այն, ինչ իրական է, արժեքավոր եւ հարազատ: Մաղթում եմ, որ կանայք ունենան թիկունք, որի վրա կկարողանան հենվել: Սիրելի կանայք, տղամարդկանց Ձեզ օգնելու հնարավորություն տվեք, ամեն բան մի՛ վերցրեք ձեզ վրա, որ հետո չբողոքեք:

ՄԱՐԻՆԱ ՄԱՐՅԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում