livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Diana1Իսկ դուք գիտեի՞ք, որ աշխարհի ամենաառաջին կին դեսպանը ՀԱՅ է եղել: Կարծում եմ` ոչ, քանի որ այդ մասին գրեթե չի խոսվում: Աշխարհի առաջին կին դեսպան սխալմամբ համարում են միջազգային եւ ռուսական հեղափոխական գործիչ ու սովետական դիվանագետ Ալեքսանդրա Կոլոնտային, ով 1923-1952թթ. եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում եւ Շվեդիայում:

Մինչդեռ դա ամենեւին էլ ԱՅԴՊԵՍ ՉԷ: Արդեն 1920 թվականին, այսինքն` 3 տարի ավելի շուտ, Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել հայազգի Դիանա Աբգարը: Դիանա Աբգարի կյանքի ու գործունեության մասին քիչ տեղեկություններ կան: Դիանան, ում իսկական անունը Անահիտ է, իսկ օրիորդական ազգանունը Աղաբեկյան, ծնվել է Արեւելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն), բարեկեցիկ ընտանիքում:

Իրականում Դիանայի անունը Դայանա է, բայց քանի որ ինքը` Աբգարը, իր անունը հայերեն գրել է Դիանա, այժմ ընդունվում է այդ տարբերակը: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ:

1890-ին Աբգարը ամուսնացել է ծննդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ, ով էլ կանխորոշել է օրիորդի հետագա կյանքի ընթացքը:Diana2 Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել Չինաստանի Հոնկոնգ քաղաքում, որից հետո նորապսակ ամուսնական զույգը ճանապարհորդության է մեկնել Չինաստան եւ Ճապոնիա: Այստեղ էլ նրանք որոշել են մշտական բնակություն հաստատել` ընտրելով Ճապոնիայի Կոբե քաղաքը: 1906-ին` իր ամուսնու անակնկալ մահից հետո, Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը` մինչ որդու չափահաս դառնալը: Այնուհետեւ նրա ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի ամենաբանուկ նավահանգիստներից մեկը` Յոկոհամա, որը գտնվում էր Տոկիոյից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ Դիանան բացել է ընդարձակ վաճառատուն, որը առեւտուր էր կատարում Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ: Շուտով նրա ընտանիքը մեծ առանձնատուն է գնում Յոկոհամայի Յամատե թաղամասում, որի հյուրընկալ դռները միշտ բաց են եղել ինչպես օտար բարձրաստիճան անձանց, այնպես էլ խոնարհ հայ գաղթականների առաջ:

Առաջին Համաշխարհային պատերազմի նախօրեին եւ նրա տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է Յոկոհամայի «The Japan Gazette» անգլալեզու ճապոնական թերթին: Այդ թերթի հրատարակչությունում նրա անգլերեն հրատարակած գրքերից են` «The Truth About the Armenian Massacres»-«Ճշմարտությունը հայության ջարդերի մասին»(1910), «The Case of the Armenians»-«Հայկական հարցը», Betrayed Armenia-«Դավաճանված Հայաստան»(1912), «In His Name»-«Իր անունով»(1911), «The Peace of Europe»-«Եվրոպայի խաղաղությունը», «The Peace Problem»-«Խաղաղության հարցը»(1912), «Peace and No peace»-«Խաղաղություն եւ ոչ խաղաղություն»(1912): Նա նաեւ կատարել է ժամանակի հանրահայտ «Թայմս», «Ֆիգարո» եւ այլ թերթերի ու ամսագրերի պատվերները` գրելով հոդվածներ Արեւելքի երկրների տնտեսության վերաբերյալ: Բացի հայերենից ու անգլերենից, Դիանան տիրապետել է նաեւ հնդկերենին, ճապոներենին ու չինարենին:

Դիանան նաեւ բանաստեղծություններ է գրել, որոնք լույս են տեսել եվրոպական ու ամերիկյան մամուլում: Նրա վերջին գործը եղել է «From the Book of One Thousand Tales», «Stories of Armenia and its People»-«Հազար պատմվածքների գրքից», «Հայաստանի ու նրա մարդկանց պատմությունները» պատմվածքների ժողովածուն, որը 2004-ին ԱՄՆ-ում հրատարակել է նրա թոռնուհին` Լուսիլ Աբգարը: Ճիշտ է, դրանք գեղարվեստական գրվածքներ են, սակայն բոլորն էլ իրական հիմք ունեն եւ ներկայացնում են հայ ժողովրդի կյանքն իր հայրենիքում: Աբգարը դրանք լսել եւ գրի է առել Ճապոնիա հասած հայ փախստականներից:

Դիվանագետը լավատեղյակ էր ինչպես հայ ժողովրդի ծանր վիճակի, այնպես էլ եվրոպական երկրներից տրվող օգնության պակասի մասին: Ճապոնացի ուսումնասիրող Հիդեհարու Նակաջիմայի խոսքերով «Դիանա Աբգարը, 46 տարի ապրելով հեռավոր Ճապոնիայում, միակ հայ կինն էր, ով լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին»: Նա ամեն ինչ արել է Եվրոպայի օգնությունը կազմակերպելու ուղղությամբ, բայց ապարդյուն: Դիանան ցանկանում էր, որ ԱՄՆ-ը խնամակալ պետություն դառնա Հայաստանի համար, որը նույպես, ինչպես գիտենք, տեղի չունեցավ:

Diana4Հայոց ցեղասպանությանը հաջորդող տարիներին իր կրթությամբ, հարստությամբ ու հայրենասիրությամբ մեծ համբավ ու հեղինակություն վայելող Դիանան դրսեւորեց իր մեծ սերն ու հարգանքը հայ ժողովրդի հանդեպ: Նա փորձում էր ամեն կերպով օգտակար լինել ազգակիցներին ու Հայաստանին, որտեղ, ի դեպ, երբեք չէր եղել: Եվ դա նրան հաջողվեց: Դիանան կարողացավ օգնել բազմաթիվ հայ գաղթականների, ովքեր Սիբիրի եւ Ճապոնիայի վրայով փորձում էին անցնել ԱՄՆ:

Ասում են, որ Ճապոնիայում միշտ էլ հայերի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք են ունեցել, ուստի, անժխտելի է Դիանա Աբգարի մեծ ավանդը հայ-ճապոնական բարեդրացիական հարաբերությունների կայացման գործում: Թողնելով իր աշխատանքը` Դիանան անձամբ է գնացել ճապոնական իշխանությունների եւ հյուպատոսների մոտ` փախստական հայերի փաստաթղթերի խնդիրները կարգավորելու եւ նրանց ճանապարհորդությունը դյուրացնելու համար: Նա իր առեւտրական գործակալությունը օգտագործել է որպես հայ գաղթականների դիվանագիտական առաքելության գրասենյակ, իսկ իր տունը` նրանց ժամանակավոր ապաստարան:

1919 թվականին Դիանան մասնակցել է Խարբինում (Չինաստան) կայացած Սիբիրի եւ Ծայրագույն Արեւելքի հայերի համաժողովին, որտեղ նրան ընտրել են պատվավոր նախագահ: 1920 թվականի հուլիսի 2-ին Դիանա Աբգարը նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ եւ գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արեւելքում, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան` Ճապոնիայում: Պահպանվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի նամակը Դիանա Աբգարին` վերջինիս հյուպատոս նշանակելու մասին: Նամակում Օհանջանյանը շնորհակալություն է հայտնում նրանից` նորածին հայրենիքի շահերը պաշտպանելու եւ հայրենակիցների ծանր վիճակը թեթեւացնելու համար: Դիանա Աբգարի դեսպան նշանակվելուց հետո Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը` հեշտացնելով տիկնոջ մարդասիրական գործունեությունը եւ փախստականներին տրվող օգնությունը: Նրա հովանավորությունն են վայելել նաեւ Սինգապուրի եւ Ինդոնեզիայի հայերը:

Ժամանակակիցների վկայությամբ` Դիանա Աբգարը եղել է զարգացած, կրոնասեր, քաղաքականապես տեղեկացվածDiana3, գթառատ եւ հստակ գործող անձնավորություն: Նա ունեցել է նաեւ շատ տպավորիչ արտաքին ու հմայք: Երբ նա մտել է տարբեր դահլիճներ, բոլոր ազգերի դիվանագետները միշտ ոտքի են կանգնել:

Ճիշտ է, Դիանա Աբգարի գործունեությունը ոչ միշտ է գնահատվել ճապոնացիների եւ հատկապես հայերի կողմից, բայց Ամենայն Հայոց Գեւորգ Ե կաթողիկոսը, ըստ արժանվույն գնահատելով Աբգարի գործունեությունը, 1926-ին արժանացրել է նրան հատուկ կոնդակի` հայ ժողովրդի շահերին ծառայելու եւ դժվար պահերին նրա կողքին լինելու համար:

Դիանա Աղաբեկի Աբգարը մահացավ 1937 թվականի հուլիսի 8-ին Յոկոհամայում: Նրա աճյունն ամփոփվեց տեղի օտարերկրացիների գերեզմանատանը` ամուսնու շիրիմի կողքին:

Աբգարը հայոց պատմության մեջ թողել է քաջ, ազնիվ, խելացի, արդար ու գթասիրտ հայ կնոջ կերպար:


ԳՐԻԳՈՐ ԵՐԻՑՅԱՆ

http://grigoryeritsyan.blogspot.com

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում