Շատերն են Yutube-ում լսել ու հիացել կրակոտ մի աղջկա` Keyoh-ի կատարումներից: Բայց գուցե հիթային երգչուհին քչերին է հայտնի որպես իսկական հայուհի, ով կրելով Բելգիայի 'Միսս Շոու-բիզնես' տիտղոսը ու լինելով բավական հայտնի Եվրոպայում` շարունակում է խոսել մաքուր հայերեն, պահպանել իր հայկականությունն ու բարձր պահել ծնողների պատիվը: 'Սփյուռքի հայուհու' ինքնատիպ կերպար փնտրելով` «Զարուհինե այս անգամ զրուցեց բելգիահայ երգչուհի ԿԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԻ (Keyoh) հետ:
- Ինչո՞ւ Օհանյանների ընտանիքը հայտնվեց Բելգիայում:
- 90-ական թվականներին շատ հայերի նման իմ ծնողներն էլ որոշեցին արտերկրում ապագա փնտրել, եւ այսպես մենք ընտանիքով հայտնվեցինք Բելգիայում:
- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
- Ընտանիքս ինձ համար շատ թանկ է: Մենք միշտ համատեղ ենք գործում: Հարգելով եւ իրենց սիրելով` մինչ այսօր ապրում եմ նրանց հետ: Մեր տանը խոսում ենք միայն հայերեն եւ շատ հետաքրքրված ենք հայաստանյան կյանքով: Մայրս Գենտ քաղաքի հայկական բարեգործական դպրոցի հիմնադիր-տնօրենն է: Իր նպատակն է, որպեսզի հայ մանուկները չմոռանան հայությանն ու Հայաստանը: Ունեմ քույր եւ եղբայր, եւ բոլորս միասին անում ենք ամեն ինչ` օգնելու տեղի հայությանը:
- Մենք գիտենք նաեւ, որ Դուք հայրենիքում ապրող հայերին էլ եք օգնում:
- Բարեգործության պատճառն իմ խիղճն է: Միակ բանը, ինչի համար ափսոսում եմ, այն է, որ առայժմ ավելին չեմ կարող անել:
- Երկար տարիներ ապրելով Բելգիայում` ո՞րն եք համարում Ձեր իսկական հայրենիքը:
- Իրողությունն այն է, որ ուր էլ գնամ, իմ հայ լինելը մնում է եւ փոխել հնարավոր չէ: Իսկ Բելգիան այն երկիրն է, որտեղ ես մեծացել եմ եւ իմ մտածելակերպն է ձեւավորվել:
- Հետաքրքիր է, ինչպե՞ս ընտանիքում ընդունվեց Ձեր շոու-բիզնեսյան կարիերան:
- Ընտանիքիս նպատակն է, որ երջանիկ լինեմ իմ կյանքում եւ հասնեմ բոլոր հաջողություններին, ինչին ինքս եմ ձգտում: Հայրս ինձ միշտ ասել է, որ շատ դժվար ուղի եմ ընտրել, որտեղ շատ փորձություններ կան եւ պետք է շատ աշխատել եւ ուժեղ լինել:
- Դուք մեծ հաջողություններ եք ունեցել մոդելային ասպարեզում, ո՞րն է Ձեզ հարազատ մոդելի՞նգը, թե երգարվեստը:
- Երկուսն էլ ինձ օգնել են հայտնի դառնալ: Շոու-բիզնեսի աշխարհում մեկը մյուսին լրացնում է:
- Ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելգիայում համոզված ենք, որ ունեք բազմաթիվ երկրպագուներ, որոնցից շատերը կերազեին Ձեր կողքին լինել, իսկ Դուք ինչպիսի՞ տղամարդ եք պատկերացնում Ձեր կողքին:
- Ով ինձ, պարզապես, կհասկանա եւ կսիրի…
- Ձեր կողքին պատկերացնո՞ւմ եք միայն հայ ամուսին, թե նա կարող է լինել եվրոպացի:
- Ինձ համար տարբերություն չկա:
- Կարինե Օհանյան գեղեցկուհին մշտապես փայլում է բեմերից, իսկ տա՞նը:
- Օրինակ, ծնողներս տարբերությունը շատ չեն զգում: Ես մանկուց բեմական տրամադրության մեջ եմ, եւ դրան սովոր են բոլորը:
- Ո՞ր դեպքում կհամաձայնեիք ապրել Հայաստանում:
- Ամեն դեպքում, պատրաստ եմ հայաստանյան բեմերում էլ երգել: Ես սիրում եմ իմ երկիրը եւ մեր հայերին: Եվ առիթը երբեք չեմ կորցնում, ամեն տեղ ասելով, որ հայ եմ: Կարծում եմ` այս կարճ ժամանակաշրջանում շատ բան եմ արել Հայաստանի համար` ինձ ներկայացնելով որպես հայուհի: Շատ մարդիկ, ում հետ շփվել եմ Եվրոպայում, անգամ Հայաստանի տեղը չգիտեին:
- Իսկ շա՞տ են տարբերվում բելգուհիները հայուհիներից:
- Մարդկային հարաբերությունների մեջ այդքան մեծ տարբերություն չեմ զգում, ուղղակի կենսամակարդակն է տարբեր:
- Ասում են` Եվրոպայում այսօր բարքերը շատ են փոխվել` այլասերվածություններն օր օրի շատանում են, ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, իրական պատկերը:
- Այլասերվածություն ամենուր կա, իհարկե, Եվրոպայում մարդիկ ավելի բաց են, ինչի համար էլ խոսում ու քննադատում են նրանց:
- Այսօր ի՞նչ երազանքներ ունի կայացած երգչուհին:
- Իմ երազանքն է` երազանքներիս իրականանալը (ծիծաղում է-Հ. Ս.):
- Իսկ մաղթանքների ու խորհուրդների փոխարեն…
- Եթե, իրոք, ինչ-որ նպատակ ունես եւ ուզում ես հասնել այդ նպատակին, ուրեմն կողքից ոչ մի նեգատիվ խորհուրդ քեզ պետք չէ:
Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ