Astvacamayr3Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր, որ ազգերը, ընտրելով իրենց աստվածներին, դրանով ընտրում են իրենց ճակատագիրը:

Առավել եւս այդ միտքը ճշմարտացի է դիցարանների իգական սեռի ներկայացուցիչների համար, զի ընտրելով իրենց դիցուհիներին` ազգերն ընտրում են իրենց մայրերի, կանանց, դուստրերի նկարագիրը: Ուստի եթե ուզում ենք բացահայտել հայուհու կերպարը, պիտի այն պեղենք մեր դիցաբանությունից: Ինչպիսին են հայ դիցուհիները, այնպիսին են եւ հայուհիները:

Մեր նախնիների ամենապաշտելի դիցուհին մայրության եւ գեղեցկության աստվածուհի Անահիտն էր: Նրան կոչում էին նաեւ Ոսկեմատն, Ոսկեծղի, մեր պատմիչները Անահիտին կոչում էին «Մայր ամենայն զգաստությանց»: Քրիստոնեության ընդունումից հետո Անահիտի որակները նույնացվեցին Մարիամ Աստվածածնի որակների հետ: Այսինքն` հայոց մոտ հայուհին նախեւառաջ մայր է, բարոյական, առաքինի, քնքուշ, բայց միաժամանակ պահանջկոտ մայր:

Ահա մի հատված Արարատյան դիցաբանությունից. «Մի օր Աստվածամայր Անահիտը զբոսնում էր հրաշակերտ Արարատում: Արեւն արդեն թեքվել էր սարերի ետեւը եւ իր ճաճանչներն էր հավաքում: Մի մանուկ ճաճանչ դեռ չէր շտապում հեռանալ Արարատից: Նա կայտառ խաղում էր ծաղիկների հետ եւ այնքան տարված էր իր խաղով, որ չէր զգում Արեւի հեռանալը: Նա մոռացել էր, որ արդեն իր քնելու ժամն է:

Astvacamayr2Հանկարծ Արեւը դուրս պրծավ սարերի ետեւից ու երկնքում դես ու դեն վազելով, որոնում էր իր ճաճանչին: Գտավ նրան, առավ իր գիրկը եւ անհագորեն համբուրում էր նրան ու երջանկության արցունքներ թափում աչքերից: Աստվածամայր Անահիտը տեսավ այդ բոլորը եւ թախծեց: Նա գնաց Արայի մոտ:

- Այդ ինչո՞ւ է թախծել Աստվածների Մայրը,- հարցրեց Արան:

Եվ Անահիտը պատասխանեց.

- Ո՜վ, Մե՛ծդ Արարիչ, ես երջանիկ եմ, որ անմահ Աստվածների Մայր եմ, որ իմ զավակները Տիեզերքի տերն են ու զորությունը, որ նրանք հավերժ են ու զորավոր: Ամեն ինչ կատարյալ է: Բայց իմ մայրությունը կատարյալ չէ:

- Ի՞նչ է պակաս քո մայրության մեջ,- հարցրեց Արան:

- Տառապանքը,- ասաց Անահիտը,- այո, տառապանքը: Առանց տառապանքի էլ ի՞նչ մայրացում, առանց ցավի էլ ի՞նչ մայրացում:

- Ի՞նչ ես կամենում:

- Ես կամենում եմ տառապալից մայրությամբ օժտվել: Ես կամենում եմ ցավով երկնել, ցավով ծնել, որդուս պարուրել սիրո կարոտով, տենչալ, երազել, մտովի կորցնել, որոնել, ողբալ, երկյուղած դողալ եւ ապա գտնել, սեղմել իմ կրծքին ու երջանկության արցունքներն առատ աչքերիցս թափել որդուս մազերին ու ժպտա՜լ, ժպտա՜լ... Ես ուզում եմ երկրային աստված ծնել, որը միշտ ապրի Երկրի վրա եւ միշտ իմ մայրական խնամքին կարոտի:

Ժպտաց Հայր Արան եւ ասաց.

- Քո ցանկությունը հաճելի է ինձ համար: Ես կարարեմ երկրային աստված: Նա միշտ կապրի Երկրի վրա եւ մայրական խնամքի պահանջ կունենա: Բայց գիտցի՛ր, որ նա անմահ չի լինի Աստվածների պես: Նա որդիներ կունենա, թոռներ: Եվ մայրացումը կլինի երկրային կյանքի խորհուրդը: Եվ դու ինքդ կպարգեւես բոլոր մայրերին մայրացում որպես շնորհ աստվածային` լինել երջանիկ տառապանքի մեջ:

Եվ Արարիչը հավաքեց Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, պատրանքների ծով եւ այդ բոլորով կերտեց Անահիտի Մայրացումը:

Ու երկնեց Անահիտը: Ցավով երկնեց ու հենց Երկրի վրա Աստվածների կերտած Օրոցքում ծնեց մի չքնաղ զավակ` արեւատես, լուսափայլ, առողջ եւ ուժեղ»:

Մեր դիցաբանությունը տալիս է նաեւ հայուհու մայրական որակների նկարագիրը. «Ծնումի Խորհուրդն է Անահիտը` Ծնող Զորություն` Աստվածամայր:

Թե ծնունդ չլինի, էլ ի՞նչ արարում` արարումը երբեք չի նորոգվի. թե արարումը չնորոգվի, նա չի պահպանվի, ուստի եւ արարում չի լինի երբեք:

Asvacamayr4Թե մայր չլինի, հայրն ինչպե՞ս նորոգի արարումը իր: Եվ հայրը իր որդու արարումը նորոգելու համար մայր է որոնում, որի մեջ եւ որի միջոցով նորոգի իր որդու արարումը: Եվ մայրը իր մեջ սնում է, ապա ծնում ու պահպանում է հոր զավակին:

Եվ Անահիտն է Մայրության Խորհուրդ: Հենց ինքը` Արան Մայրն է արարել Անահիտի մեջ ու հենց Մայրությամբ կերտել է նրան` Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, տառապանքի ծով - դա է Մայրությունը: Եվ այդ Մայրությամբ էլ նա Մայրն է կերտել Անահիտի մեջ:

Մայր Անահիտը` ծնունդի խորհուրդ, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր:

Եվ Անահիտը` ինքը տառապանք, ինքը մայրացում, Մայր Աստվածուհին ամեն երկունքի, ամեն ծնունդի, ամեն քնքշության ու նվիրումի: Առանց երկունքի էլ ի՞նչ մայրացում, եւ էլ ի՞նչ երկունք առանց ցավերի: Եվ այդ ցավերով Մայր Անահիտը հենց ինքն է երկնում. եւ ինքն էլ բոլոր մայրերի նման գարուն է ծնում. եւ ինքն էլ բոլոր մայրերի նման երջանկանում է իր մայրացումով:

Ամեն մի ծնունդ գարուն է կյանքի` լինի տիեզերական անհունության մեջ, թե ամենափոքր մի էակի: Գարուն է ծնում երկրի վրա Մայր Անահիտը եւ ձմեռվա գորշությունն է ցրում երկրի վրայից, կյանքի գույները իրարից զատում եւ շաղ է տալիս ամբողջ երկրով մեկ:

Եվ բազմագույն է աշխարհը դառնում. ամեն մի էակ իր գույնն է ստանում. ամեն մի էակ իր բույրն է ստանում, ամեն մի էակ իր համն է ստանում:

Եվ Հայր Արա՜ն հենց Անահիտի մեջ արարեց երկրային հրեղեն որդուն` Հէգին: Եվ երկնեց Անահիտը, ցավով երկնեց ու հենց երկրի վրա, Աստվածների կերտած Օրոցքում` Արարատում, ծնեց մի չքնաղ հրեղեն որդի` արեգատես, լուսափայլ, առողջ եւ ուժեղ: Եվ Արա՜ն նրան Արի անվանեց: Բայց քանի որ երկրային Արին այնքան զորավոր չէր, որքան նրա Աստված եղբայրները, ուստի Աստվածամայր Անահիտը մշտապես հսկում էր նրան` քնած թե արթուն, աչքը չէր կտրում նրանից եւ մայրական գուրգուրանքով սնում էր նրան:

Եվ մայրացումը եղավ երկրային կյանքի խորհուրդը: Եվ Անահիտը հենց իր Մայրությամբ պարգեւեց բոլոր մայրերին մայրացում որպես շնորհ աստվածային` լինել երջանիկ:

Եվ Անահիտը` Մայրը բոլոր Արի մայրերի, իր Մայրացումով մայրերի կողքին, ամեն երկունքին անձամբ հովանի, անձամբ մասնակից մոր ապրումներին, մոր երազներին:

Եվ Անահիտը` Մայրն Աստվածների ու Արիների, շրջում է ամբողջ Արարատով մեկ, այցելում բոլոր լացող մայրերին, որբ մանուկներին, գուրգուրում նրանց, ամոքում նրանց վիշտը դառնագին եւ կյանք է բուրում, արեւ է բաշխում եւ աստվածային սեր սնում նրանց:

Եվ Անահիտը` Մայրը բոլոր Տոհմի մայրերի` Տոհմի մայրերի մայրության պաշտպան:

Աստվածամայր Անահիտը մերժում է ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ. ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ` մի որբ անտոհմիկ, ընտանիքից դուրս ամեն մայրացում` չարիքի ծնունդ: Մայրը մայրացումն է լոկ ընտանիքի մեջ` տոհմածինն է մայրը: Եվ Անահիտը միայն տոհմածին մորն է պաշտպանում` տոհմը ծնող, տոհմը սնող, տոհմը պահող ու զորացնող մորն է պահպանում:

Մայր Անահիտը ամեն ծնվողին ժպիտներ ունի, ամեն հերոսին համբույրներ ունի, ամեն մեռնողին արցունքներ ունի: Եվ Անահիտը` Մայր Աստվածուհին, որ ամեն Արի մոր կերպարը ունի, մայրական սիրով հասնում է ամեն մեռնող հերոսի, գրկում ջերմագին, սեղմում իր կրծքին, իր արցունքներով վերքը լվանում, համբույրով կնքում աչքերը նրա եւ մեռնող քաջի քունը օրորում: Եվ Արի քաջը երանելի մայրական գրկում աչքերն է փակում եւ ոգիանում սփոփված ժպիտով»:

Astvacacin1Եվ հենց Անահիտի պատգամներով է սահմանվել այն կերպը, որը կրում են հայ մայրերը հազարամյակներ շարունակ, եւ դեռ կրելու է հազարամյակներ. «Մայրացող կանա՛յք, խոնարհվեք Մոր առջեւ, որ հետո ձեր առջեւ խոնարհվեն: Հայրացող այրե՛ր, խոնարհվեք Մոր առջեւ` Տոհմը ծնող, Տոհմը սնող, Տոհմը պահող ու զորացնող Մորը ծնրադրեք: Այդպես է պատգամում Աստվածամայր Անահիտը:

Կինը մայր է` Տոհմի մայր: Եվ ամեն մի կին դեռ չամուսնացած, պետք է զգա իր այդ առաքելական կոչումը - պետք է սրբությամբ պահպանի իր հոգին ու մարմինը մայրության համար: Այն կինը, որ չի զգում իր մայրության կոչումը - պիտանի չէ մայր լինելու:

Կինը, որ մայր չէ կամ մայրանալու համար չէ նախապատրաստված` պարզապես էգ է: Կնոջ սրբությունը մայրության մեջ է»:

Ահա այսքանը` Անահիտի կերպարի մեջ մարմնավորված հայուհու որակների մասին: Իսկ մյուս դիցուհիների որակները կներկայացնենք հաջորդիվ:


ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ