livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

5«Զարուհի» ամսագիրը շարունակում է բացահայտել տարբեր ոլորտներում` իրենց կրթությամբ, աշխատանքով լավագույնը դարձած ու ճանաչված հայուհիներին:

Ներկայացնելով մեր զրուցակցին` նախ նշենք, որ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսական ֆակուլտետի մագիստրատուրան, ապա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրան: Այնուհետեւ աշխատել է մի շարք պետական կառույցներում` միեւնույն ժամանակ` չդադարելով զբաղվել գիտական աշխատանքով: Իսկ այժմ Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետն է` դոցենտ, բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս ՆԱՏԱԼԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ, կամ, պարզապես, գեղեցիկ, երիտասարդ հայուհի, ով իր աշխատասիրությամբ` կերտել է բովանդակալից եւ խոսուն կենսագրություն:
- Նատալի Գառնիկովնա, Ձեր կենսագրությունն ուսումնասիրելով` կարելի է ասել աշխատանքային ու գիտական հաջողությունները փոխարինում են նոր հաջողություններին: Ո՞րն է գաղտնիքը:
- Իմ կարծիքով այս ամենին հասնելու գաղտնիքը նպատակասլացությունն է: Յուրաքանչյուր մարդ պետք է իր առջեւ խնդիր դնի եւ փորձի հնարավորինս հաղթահարելով բոլոր դժվարությունները` հասնել նրան, ինչին ինքն է
ցանկանում: Ստացածս բարձրագույն կրթությունն ինձ համար կյանքիս առաջնային նպատակներից է եղել: Միշտ ձգտել եմ շրջապատից վերցնել դրական գծերն ու ընդօրինակելով` հասնել առավելագույնին:
- Տարիներ առաջ փոքրիկ Նատալին հենց այսպիսի՞ աշխատանքի մասին էր երազում:2
- Այս աշխատանքն ինձ համար երազանք, իհարկե, չի եղել, բայց գիտական գործունեության մասին մանկուց եմ երազել:
Նախ, դպրոցում եղել եմ բացարձակ գերազանցիկ, հետո ինստիտուտում, ասպիրանտուրայում ու այդպես շարունակ…
- Ի դեպ, գիտեմ, որ Ձեր բավական պատասխանատու աշխատանքին զուգահեռ այսօր էլ շարունակում եք գիտական գործունեությամբ զբաղվել: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել:
- Ըստ իս, այդ ամենը մարդուն ի ծնե է տրվում: Այնպես չէ, որ ես ավելի լավն եմ, քան մեկ ուրիշը, ամենեւին: Պարզապես, պետք է շնորհակալ լինեմ իմ գենոֆոնդին. այս ամենն ինձ տրվել է Աստծո եւ ծնողներիս շնորհիվ: Արդյունքում այսօր կարողանում եմ համատեղել աշխատանքս գիտական գործունեության հետ եւ տեղավորվում եմ ժամանակի մեջ: Գիտեք, այդ ժամանակն էլ, կարծես, Աստծո կողմից է տրվում, որովհետեւ կարող ես ցանկանալ զբաղվել գիտական գործունեությամբ, բայց ֆիզկական եւ հոգեւոր հնարավորություներդ չների:
- Եթե շատ երիտասարդ հայուհիներ իրենց ժամանցն այլ կերպ են պատկերացնում, Դուք դրա փոխարեն գիրք եք գրում:
Անդրադառնանք նաեւ Ձեր նոր գրքի բովանդակությանը:

- Ես համահեղինակ եմ այդ գրքի, որը վերաբերում է
կրթության ֆինանսական կառավարմանը: Ի դեպ, պաշտպանել եմ «Տնտեսության եւ նրա ճյուղերի էկոնոմիկա ու կառավարում» թեմայով ատենախոսություն ու ստացել եմ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, ուստի` այս թեմային տիրապետում եմ լավագույնս:
- Որքանով տեղյակ եմ, դասախոսում եք Երեւանի Հյուսիսային համալսարանում: Հետաքրքիր է` ավելի նախընտրում եք շփվել ուսանողների՞, թե՞ ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր անձնագրային խնդիրներով են դիմում Ձեզ:
3- Իմ քաղաքացիներին շատ եմ սիրում, այդ թվում`ուսանողներիս, ովքեր նույնպես ՀՀ քաղաքացիներ են:
Այսօր ոչ թե առանց այս աշխատանքի ինձ չեմ պատկերացնում, այլ առանց իմ քաղաքացիների հետ շփման չեմ կարող պատկերացնել կյանքս: Նույնիսկ շաբաթը եւ կիրակին ինձ համար շատ տխուր օրեր են, որովհետեւ չեմ տեսնում նրանց: Իհարկե, պարզ է, դուրս եմ գալիս, էլի տեսնում եմ քաղաքացիների, բայց բոլորովին այլ է, երբ շփվում ես քաղաքացու հետ աշխատավայրում ու փորձում քո հնարավորության սահմաններում ինչ-որ ձեւով օգտակար լինել: Այնպես որ, ինձ համար այս աշխատանքը եւ
ուսանողների հետ շփումը հավասար են, որովհետեւ երկուսն էլ առնչվում են իմ քաղաքացիների հետ:
- Ամեն դեպքում, պատասխանատու պաշտոն զբաղեցնելը շատ բարդ ու ծանր չէ՞ երիտասարդ հայուհու համար:
- Եթե մի բան անում ես սիրով, դժվարություն չես զգում: ՀՀ քաղաքացու հետ շփվելը մեծ հաճույք է: Անգամ եթե նա բարկացած է գալիս, ես այդ բարկությունը չեմ վերագրում ինձ, որովհետեւ միգուցե տանը հոգս ունի, ու դա է
պատճառը: Հետեւաբար, փորձում եմ իր այդ վրդովմունքը հանգստացնել, անել հնարավորը, որպեսզի նա` մեր երկրի քաղաքացին, հանդարտ եւ խաղաղ դուրս գա անձնագրային բաժանմունքից:
-Իսկ ինչպե՞ս է հաջողվում բավական լուրջ , ինչու ոչ, «սառը» միջավայրը վերածել ջերմ աշխատանքային մթնոլորտի:
- Որովհետեւ իմ կոլեկտիվին սիրում եմ ինչպես իմ ընտանիքի անդամներին: Հնարավորինս փորձում ենք օրվա ընթացքում ստեղծել այդ միջավայրը, որպեսզի հեշտ անցնի աշխատանքային ժամերը, հոգեպես ինչ-որ տեղ կարողանան աշխատակիցներս լիցքաթափվել, հանգստանալ: Իսկ այդպիսի առիթներ մենք կարողանում ենք ստեղծել:
- Տպավորություն է, որ շատ բազմազբաղ կանայք ժամանակ չեն ունենում հայելու առաջ երկար անցկացնելու, բայց Դուք միշտ խնամված տեսք ունեք: Ինչպե՞ս եք հասցնո՞ւմ հետեւել արտաքին տեսքին:
- Հասցնում եմ, որովհետեւ ողջ ժամանակս իմ մասնագիտության պես կանոնակարգված է: Յուրաքանչյուր գործընթացի համար կա հատկացված ժամանակ, ընդհուպ` հարդարվելու: Արտաքին տեսքը ոչ թե ինձ համար գեղեցկության արտահայտչամիջոց է, այլ սիրում եմ իմ ժողովրդի առաջ ներկայանալի եւ կոկիկ լինել: Յուրաքանչյուրս պետք է ապրենք այն գիտակցմամբ, որ ամենքս մեր երկիրը, մեր ազգն ենք ներկայացնում, ուստի` կարեւոր է, որ ճիշտ դրսեւորենք մեզ հասարակության մեջ:
- Ցավոք, մեր հասարակության մեջ այսօր հայտնվել են ֆեմինիստական ինչ-որ խմբեր, քայքայիչ աղանդներ: Որպես երիտասարդ ու կայացած անձնավորություն` ինչպե՞ս եք վերաբերում այդ ամենին, երբ ոմա՞նք այս խնդիրների լուծումները գտնելու փոխարեն, պարզապես, երկիրն են լքում:

- Սիրում եմ իմ երկիրը, այն ինձ համար շատ թանկ է: Չնայած նրան, որ դրսում աշխատելու բավականին գայթակղիչ առաջարկներ եմ ստացել, սակայն, մտքովս անգամ չի անցել լքել իմ երկիրը: Հնարավորինս փորձում եմ օգտակար լինել երկրիս, եւ այն ամենն ինչ կխոչընդոտի դրա զարգացմանը, կայունացմանը իմ կողմից կարժանանա եւ արժանանում է քննադատության: Առաջին հերթին քրիստոնեությունն ինձ համար իմ հավատն է, Հայ Առաքելական եկեղեցին իմ եկեղեցին է: Պետք չէ մոռանալ, որ հայ ժողովուրդը առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եկեղեցին, կրոնը մեր երկրի հիմնասյուներից մեկն է: Դատապարտում ու քննադատում եմ ցանկացած տիպի շեղումներ: Մարդիկ չպետք է գնան այլ ուղղություններով:
- Լինելով սիրված ղեկավար, սիրված դասախոս, ունենալով լավ աշխատանք, կոչումներ` ի՞նչն է պակասում կատարյալ երջանկության համար:4
- Եթե համարեմ, որ ինձ դեռ ինչ-որ բան հարկավոր է, կփորձեմ դրան էլ հասնել: Պարզ է` յուրաքանչյուր կնոջ կատարյալ երջանկության համար պակասում է ընտանիք, երեխաներ ունենալը… Բայց ես այս պահին չեմ համարում դա անհրաժեշտություն: Ինձ այս պահին էլ երջանիկ եմ համարում, որովհետեւ սիրում եմ իմ աշխատակազմին, իրենք էլ` ինձ, ունեմ մայր, եղբայր, զարմիկներ, որոնք իմ կյանքի առօրյան են:
- Ճիշտ ժամանակն է անդրադառնանք Նատալի Կոստանդյանին` որպես հորաքույր:
- Եղբորս երեխաներն իմ կյանքի թուլություն են: Եղբայրս, իմ կյանքում մայրիկիցս հետո ամենաթանկ մարդն է, բայց զարմիկներիս սիրում եմ խենթի պես: Իրենք այստեղ չեն, բայց օրվա մեջ իրենց հետ պարտադիր առավոտյան ութից` աշխատանքի գալու ճանապարհին, սկսում եմ շփվել եւ օրս էլ ավարտում եմ իրենց հետ շփվելով:
- Մոտենում է Ամանորը: Ինչպե՞ս եք Դուք նշում այն եւ, լինելով մշտապես ծանրաբեռնված` կարողանո՞ւմ եք մասնակցել տոնական սեղանի պատրաստություններին:
- Ամանորը միշտ նշում եմ եղբորս ընտանիքի հետ: Ցավոք, իրենք այժմ Հայաստանում չեն, եւ քանի որ իրենց ընտանիքն ավելի մեծ է, մայրիկիս հետ ես մեկնում եմ իրենց
մոտ: Ինչ վերաբերում է տոնական սեղանի պատրաստություններին, իհարկե, մասնակցում եմ, բայց ինձ թվում է` տոնական սեղանը չէ կարեւոր, այլ մարդու հոգու լիությունը: Եթե լինեն առատ սեղաններ, բայց մարդը լինի հոգով դատարկ, այդ ամենը զուր է: Ինձ համար կյանքում
կարեւորը մարդկային կերպարն է, իսկ ամենակարեւորն այն է, որ մեր երկիրը խաղաղ լինի, մենք` որպես ՀՀ քաղաքացիներ, կարողանանք յուրաքանչյուրս մեր տեղում, մեր հնարավորության չափով դրսեւորենք մեզ` հանուն մեր երկրի:
1-Հավատո՞ւմ եք Ձմեռ պապին:
- Իհարկե, հավատում եմ:
- Իսկ զարմիկները հավատո՞ւմ են:
- Ոչ (ծիծաղում է-հեղինակ), մենք ավելի շատ ենք հավատում, քան իրենք: Չնայած սպասում են Ձմեռ պապիկին` իմանալով հանդերձ, որ Ձմեռ պապիկը հայրիկն է:
- Ի՞նչ եք ակնկալում 2016 թվականից:
- Ակնկալում եմ մեր երկրին խաղաղություն, ժողովրդին` առողջություն: Ուզում եմ, որ իմ ժողովուրդը նյութապես էլ ապահովված լինի: Երբ քաղաքացիները գալիս են ինձ մոտ, ու տեսնում եմ նրանց դեմքին թախիծ, ինձ վրա շատ խիստ է  անդրադառնում: Դրա համար էլ ցանկանում եմ, որ բոլորի երազանքներն իրականություն դառնան: Ոչ միայն պատերազմ չլինի, այլեւ մարդկանց հոգիներում էլ տիրի խաղաղություն: Մաղթում եմ համբերություն բոլորիս, որ հաղթահարենք մեր բոլոր դժվարությունները: Թեպետ կարծում եմ`մեր երկրում շատ բան արդեն հաղթահարված է, սակայն չպետք է մոռանանք, որ ունենք Արցախ եւ սահմանային լարվածություն, ուստի` ամենակարեւորը բոլորիս համար պետք է լինի մեր երկրի խաղաղությունը:

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում