livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

 6Մոսկվայաբնակ հայտնի հայ ջազ երգչուհի Դիաննա Դիկովսկին շատ արտիստների նման տարիներ առաջ մեկնեց Հայաստանից` ստեղծագործական աշխատանքն ավելի ընդլայնելու եւ տարածելու նպատակով:

Երգչուհին գրեթե յուրաքանչյուր տարի գալիս է Հայաստան` հայրենիքից կարոտն առնելու եւ մենահամերգներ կազմակերպելու համար: 1988 թվականի սումգայիթյան ջարդերի օրերին Դիկովսկին ընտանիքով տեղափոխվեց Երեւան եւ թվում էր, թե այստեղ նրա վերջին հանգրվանն է լինելու, սակայն տարիներ անց ստիպված էր կրկին թողնել հայրենի հողը: Նա վստահ է, որ Մոսկվան էլ վերջինը չի լինելու. «Չգիտեմ ինչու, զգում եմ, որ Մոսկվայից հետո կամ Եվրոպա եմ գնալու, կամ` Ամերիկա: Բայց, եթե կարողանայի իմ հայրենիքում ապրել, ապա աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեի»,- «Զարուհու» հետ զրույցում անկեղծացավ Դ. Դիկովսկին: Նույնպիսի անկեղծությամբ էլ նա պատմեց երգարվեստում առաջին քայլերի, չիրականացված երազանքների ու նպատակների, ինչպես նաեւ իր խոհերով կիսվեց հայ կնոջ այսօրվա կերպարի եւ հայ երիտասարդության մասին:


ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

7- Երբ դպրոցն ավարտեցի` մտածում էի, պետք է իրավաբան դառնամ, հետո որոշումս փոխվեց` պետք է բժիշկ դառնայի, քանի որ մայրս բժշկուհի է: ճակատագրական մեկ հանդիպում բոլոր ծրագրերս փոխեց: Սկզբում անգամ չէի էլ մտածում, որ պետք է ընտրեմ երաժշտարվեստը:
Եվ ահա օրերից մի օր հանդիպում եմ երաժշտագետ Օլգա Գաբայանին, ով լսելով իմ ձայնային տվյալները շատ հավանեց, եւ ասաց, որ ոչ թե պետք է երգեմ, այլ պարտավոր եմ ընտրել երգարվեստը: 8 տարի սովորեցի կոնսերվատորիայում: Ճիշտ է, այսօր դասական երաժշտությունից շատ եմ շեղվել եւ իմ մեջ ուրիշ շատ բաներ եմ գտել, բայց եթե չլիներ ճիշտ հիմքը, ապա այս արդյունքը չէի ունենա: Օ. Գաբայանն ինձ ճակատագրական եւ ճիշտ խորհուրդ տվեց: Շնորհակալ եմ նաեւ մայրիկիս, ով իմ մեջ սերմանել է սերը դեպի մաքուր ու ճիշտ երաժշտությունը: Այսօր չկա երաժշտական մի ժանր, որի մեջ չլինեմ: Իմ կողմից հետաքրքրությունը եւ սերը դեպի բեմը
միշտ եղել է, բեմն ինձ համար մոգական է: Այսօր արդեն աշխատում եմ Մոսկվայի երաժիշտների հետ, միշտ հպարտությամբ եմ նայում երեւանյան ջազ երաժիշտներին: Մոսկվայում գրեթե չկա մի խումբ, որտեղ չլինեն հայ ջազ երաժիշտներ: Ավելի կատարելագործվելու համար լքեցի Հայաստանը, ցավում եմ, որ չեմ կարող վերադառնալ եւ բնակվել հայրենիքում: Եթե կարողանամ վերադառնալ եւ ապրել այստեղ` աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ:

ԴԻԿՈՎՍԿԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԲՐԵՆԴ


9- Մարդիկ ինձ նայելուց համոզվում են, որ իմ ազգանունն իրոք համապատասխանում է իմ բեմական կեցվացքին: Ազգանունս ինձ համար դարձել է բրենդ, թե՛ Հայաստանում, թե՛ Մոսկվայում: Ազգանվանս հետ կապված ունեմ երկու նպատակ: Քանի որ հայրս ոսկերիչ է եղել, շատ եմ ցանկանում, որ ունենամ ոսկերչական խանութ եւ ակումբներ Դիկովսկի անվամբ: Ցանկություններս միշտ էլ մեծ են եղել, որոնք աղավնիների նման բաց եմ թողել երկինք, եւ պատասխանը քիչ-քիչ ստանում եմ:
Նպատակներիցս մեկն այն է, որ ջազը եւ դասական երաժշտությունը միախառնեմ, սա դեռ նպատակ է` ապագայի իմ ցանկություններից:

ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ, ՀԱՅ ԿՆՈՋ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Միշտ բեմի, կարիերայի մասին եմ մտածել: Որպես կին ես ժամանակին չեմ ամուսնացել եւ ձագուկ չեմ ունեցել:
Տատիկս նախիջեւանցի էր ու միշտ ասում էր, բալիկս, ապագա ամուսինդ քոռ լինի, կաղ լինի, պետք է միայն հայ լինի: Իհարկե, նախընտրում եմ ունենալ հայ ամուսին, քանի որ այն ինչ հասկանում է հայը, ոչ մեկը չի հասկանում: Կապ չունի, նա կխոսի հայերեն, թե ոչ, կարեւորը հայի արյուն լինի մեջը: Այսօր հայ կինը նախկին ամոթխած եւ տղամարդուն շատ նվիրվող կինը չէ: Ամուսնալուծությունները շատացել են: Հիշում եմ, տատիկիս խոսքերը, որ միշտ ասում էր, երբեք ամուսնուցդ չբաժանվես, ասում էր` խաչդ ընտրել ես, ուրեմն մինչեւ կյանքիդ վերջ պետք է տանես: Այսօր մենք ուրիշ ձեւ ենք մտածում` ինչու պետք է տանջվել, եթե կարող եմ ամեն ինչից մեկ րոպեում ազատվել: Նախկինում չէին բաժանվում երեխաների պատճառով, հետո բաժանված կինը երբեք հարգի չի եղել: Ցավում եմ, որ ամուսնալուծվում են, կուզեի թե՛ կինը, թե՛ տղամարդն իր կեսին գտնի, կյանքում բաներ կան, որ պետք է ինքդ քո մեջ դաստիարակես: Կողմ եմ հին ավանդույթներին, մի քիչ էլ հասկանալով եմ մոտենում այսօրվա այն երեւույթներին, ինչ տեղի է ունենում: Ես դեմ եմ բոլոր բաժանություններին: 8Երբ լսում եմ, որ իմ մտերիմներից մեկը ցանկանում ամուսնալուծվել, խորհուրդ եմ տալիս, որպեսզի ամեն ինչ կրկին վերանայի: Գուցե դա փորձություն է, որն ավելի է ամրապնդելու ընտանիքը: Ունենք փայլուն երիտասարդներ, շատ լուսավոր են: Ես միայն լավն եմ տեսնում կամ փորձում եմ լավը տեսնել: Իհարկե, վատը միշտ լինում է, ես ամեն ինչ գունեղ եմ տեսնում:

ՄԵՆԱՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

- Ինձ համար դժվար չէ համերգներ կազմակերպել թե՛ Հայաստանում, թե՛ Մոսկվայում: Չնայած մենահամերգներ այդքան էլ շատ չեմ ունենում: Ջազը կոմերցիոն երաժշտություն չէ, այս ոլորտի երգիչները գումար ավելի շատ վաստակում են կոմերցիոն այլ համերգներից: Ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր դոփում են տեղում, համերգներ կազմակերպելով` ցանկանում եմ հանդիսատեսին ասել, որ նրան չեմ մոռացել: Նախընտրում եմ, որ իմ համերգին չգան այնպիսի մարդիկ, ովքեր չեն հասկանում իմ երգը: Միայն սերը կարող է բոլոր խնդիրները լուծել, ուստի բոլորին մեծ ՍԵՐ եմ մաղթում:

Զրույցը ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում