livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

14Վերջերս հայրենիքում էր բելգիահայ երգչուհի ԿԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԸ, ով առավել հայտնի է իր բեմական անունով` KeyOh: «Մարաշլյան ֆոտո ռետրո ատելիե»-ում կայացավ ազգային հագուստներով նրա բացառիկ ֆոտոշարքը` հատուկ «Զարուհի» ամսագրի համար: Եվ, իհարկե, առիթ ունեցանք նաեւ երգչուհու հետ զրուցել շուտով կայանալիք ամուսնության եւ իր հույն ընտրյալի մասին:

ԻՆՁ ՀՆԱԶԱՆԴ ՀԱՐՍԻ  ՊԵՍ ԷԻ ԶԳՈՒՄ

- Նախեւառաջ խոսենք ֆոտոշարքի մասին: Կարելի՞ է ասել, որ սա վերադարձ էր դեպի Ձեր արմատները:
- Իսկապես, այդպիսի զգացողություն կար, երբ հայկական տարազն էի հագնում, եւ մտածում էի, թե ինչ լավ հայուհի կլինեի այն ժամանակ: Իսկ երբ հարսի երեւանյան շորը հագա, լրիվ մտել էի դերի մեջ ու ինձ հնազանդ հարսի պես էի զգում: Շատ հետաքրքիր էր եւ անսովոր, լրիվ ուրիշ հոգեվիճակի մեջ էի:

- Ի դեպ, նախորդ մեր զրույցում, ի պատասխան այն հարցի, թե ով կարող է լինել Ձեր կյանքի ուղեկիցը, նշեցիք, որ միայն նա, ով Ձեզ կսիրի ու կհասկանա: Փաստորեն, արդեն գտե՞լ եք նրան:
- Այո, իմ երկրորդ կեսին գտել եմ, եւ մարտի 14-ին մեր նշանադրությունն էր: Հարսանիքը դեռ պարզ չէ, թե երբ կլինի, բայց հուսով եմ` շուտով: Իրոք, բավական բարդ ընտրություն էր: Միշտ ասում էի, որ դժվար կլինի կողակից ընտրել ինչ-որ մեկին, ով նույն ասպարեզից կլինի, բայց` հակառակը: Նշանածս ազգությամբ հույն երգիչ-երգահան Ջեյսոն Մքնայթն է, եւ մենք իրար հասկանում ենք, հարգում մեր կատարած աշխատանքը ու իրար շատ ենք օգնում: Իհարկե, ինքն ինձ ավելի շատ է օգնում, քանի որ 12 տարեկանից բեմի վրա է եղել ու մեծ փորձ ունի երաժշտական ոլորտում: Այնպես որ, ես իրենից շատ բան եմ սովորում ու շնորհակալ եմ դրա համար:

- Անդրադառնանք նաեւ արդեն կայացած նշանադրությանն ու ամուսնության արարողության նախապատրաստական աշխատանքներին...15
- Ամեն ինչ պատրաստ է եղել, երբ դեռ 7 տարեկան էի... Ինչպես եւ բոլոր աղջիկները, մտածել եմ, թե ինչպես է լինելու իմ նշանադրությունն ու հարսանիքը: Իհարկե, ժամանակի ընթացքում շատ բան է փոխվում, բայց երազանքներս գրեթե նույնն են մնացել: Քանի որ ուրիշ երկրում ենք ապրում, միշտ ցանկացել եմ, որ իմ կյանքի այս կարեւոր արարողությունները լինեն այնպես, ինչպես Հայաստանում է: Ջեյսոնն ինձ հարգելով ու սիրելով` նույնպես շատ է ուզում, որ ամեն ինչ հայկական լինի: Ապագա ամուսնուս մայրն անգամ եՎիքիպեդիաե-յով էր գտել եւ կարդացել, թե ինչ պետք է բերեն հայ հարսնացուին նշանդրեքին: Շատ գեղեցիկ նշանադրության արարողություն էինք կազմակերպել` Գենտ քաղաքի սպիտակ ամրոցում: Բայց չգիտեմ` որքանով էր ճիշտ այս ընտրությունը, որովհետեւ, եթե նշանադրությունն ամրոցում էր, չեմ պատկերացնում, թե հարսանիքին ինչ ենք անելու: Մեր նպատակն է, որ այդ օրը երկու ազգ բարեկամանա եւ շատ լավ ժամանակ անցկացնենք` պարենք, ուրախանանք, ծանոթանանք, իսկ մեր սերը` հարատեւի:

- Արդեն հասցրե՞լ եք նրան հայերեն սովորեցնել:
- Դեռեւս հայերեն չի հասկանում, բայց հուսով եմ` մի օր կհասկանա: Ես պարբերաբար իր հետ հայերեն եմ պարապում, իսկ արդյունքում մի քանի կարեւոր նախադասություններ ասում է, օրինակ, եմեռնեմ ջանինե, բայց, բնականաբար, միայն ինձ է ասում (ծիծաղում է KeyOh-ն. - Հ.Ս.):

ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀՈՒՅՆ ԱՊԱԳԱ ԱՄՈՒՍԻՆՍ ՀԱՅԻ  ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ

- Ասում են` աղջիկներն ընտրում են ամուսին` իրենց հայրիկի նմանությամբ: Հույն տղամարդը որքանով է նման Ձեր հայրիկին կամ հայ տղամարդուն:
16- Ազգությամբ հույն ապագա ամուսինս հայի սովորություններ ունի, եւ ընդհանրապես, հույները շատ նման են հայերին: Նախքան Ջեյսոնի հետ ծանոթանալը, Հունաստան էի գնացել հանգստանալու եւ երբ չորս կողմս էի նայում, կարծես, բոլորը հայեր լինեին: Ե՛վ արտաքինով, ե՛ւ իրենց սովորություններով հույները, ինչպես եւ իտալացիները, երեւի, մեզ ամենամոտ ազգերից մեկն են: Իհարկե, կնախընտրեի հայի հետ ամուսնանալ, բայց Բելգիայում ընտրությունը, ցավոք, քիչ է: Իմ աշխատանքի ոլորտում դժվար է հայազգի տղամարդ գտնել, իսկ Հայաստան շատ հաճախ չէի գալիս, բայց այսօր շատ ուրախ եմ իմ ընտրության համար: Ավելին` Ջեյսոնին զգուշացրել եմ, որ շտապի հայերեն սովորել, որ վաղը կարողանա իր երեխաներին հասկանալ (ազնվորեն կատակում է երգչուհին.- Հ.Ս.):

- Ձեր ընտանիքի ու հույն նորափեսայի հարաբերություններն ինչպե՞ս են դասավորվել:
- Արդեն նրան սիրում են, Ջեյսոնն էլ շատ անմիջական է: Երբ գալիս է մեր տուն, սկսում է հայերեն բառեր օգտագործել` «բարի առավոտ», «շնորհակալություն», «ինչ համով է», «մամա ջան»: Այսպիսի բառեր եմ սովորեցրել, եւ նա մեծ հաճույքով այդ ամենն ասում է ու ամենակարեւորը` տեղին է օգտագործում: Կարեւորն այն է, որ ես իրեն սիրեմ, ինքը` ինձ, բայց հաճելի է, որ ծնողներս էլ են նրան հավանում:

- Բազմաթիվ երկրպագուներ ունեք թե՛ Հայաստանում, թե՛ Բելգիայում, հետաքրքիր է` Ձեր փեսացուն խանդո՞վ է վերաբերում այդ ամենին, թե՞ ըմբռնումով:
- Արտիստ լինելով հանդերձ` խանդոտ է, եւ ես էլ եմ խանդոտ: Իհարկե, երկուսս էլ տարբերակում ենք աշխատանքն անձնական կյանքից, բայց այնուամենայնիվ, երեւի այնքան ենք սիրում միմյանց, որ շարունակում ենք խանդել: Օրինակ, ինձ համար շատ անսովոր է դարձել, որ տեսահոլովակում ուրիշ տղայի հետ եմ նկարահանվում, թեպետ այդտեղ ինտիմ ոչինչ չկա: Ինչեւէ, սա է արտիստի կյանքը, չեմ կարող իմ բոլոր տեսահոլովակներում ամուսնուս հետ լինել: Անկեղծ ասած, տղամարդը պետք է մի քիչ խանդոտ լինի, ու ինձ դա դուր է գալիս:


ԱՐԴԵՆ ԻՆՁ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ`  ՈՐՊԵՍ ՏԱՆՏԻԿԻՆ

17- Ինչպե՞ս եք պատկերացնում ապագան` հետագա ստեղծագործական ուղին կլինի զուգերգերով ամուսնու հե՞տ, թե՞ կշարունակեք առանձին աշխատել երգարվեստում:
- Զուգերգեր կլինեն, բայց ոչ միշտ: Թեպետ իր հետ ծանոթացել եմ, որովհետեւ պետք է միասին զուգերգ կատարեինք: Շատ գեղեցիկ ռադիո-հիթային երգ է: Հենց այդ երգն է մեզ միացրել: Հուսամ` այն համաշխարհային հիթ կդառնա, եւ մենք միասին այդ երգը կկատարենք համերգային շրջագայությունների ժամանակ:

- Ձեզ միշտ սովոր ենք տեսնել բեմում, մեծ նախագծերի մեջ, իսկ խոհանոցում Ձեզ` որպես տանտիկին, պատկերացնո՞ւմ եք:
- Հավատացեք, որ խոհանոցում շատ հաճախ եմ լինում: Սիրում եմ եփել: Չեմ ուզում ինձ գովել ու ասել, որ լավ եմ պատրաստում, բայց  հայրիկս, լինելով շատ բծախնդիր, հավանում է կամ էլ, ինձ սիրելով` այդպես է ասում: Ով փորձել է իմ պատրաստած ուտեստները, ասում է, որ տատիկիս` մայրիկիս մայրիկի ձեռքերն ունեմ: Մայրական կողմս Մուսա լեռի հայեր են ու շատ համեղ ախպարական ճաշեր են պատրաստում: Այնպես որ, արդեն ինձ պատկերացնում եմ` որպես տանտիկին, մայր...

- Ե՞րբ սպասենք Ձեզ կրկին Երեւանում:
- Հուսով եմ` սեպտեմբերին նորից կվերադառնամ:

Հրանտ Սարաֆյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում