livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

19«Զարուհի» ամսագիրն օտար ափերում բացահայտելով հայուհու նոր կերպարներ` այս անգամ զրուցեց հաղորդավարուհի, ՌԴ-ում հայտնի ARM TV հեռուստաընկերության հայկական լուրերի գլխավոր խմբագիր, ԵԿՄ ռուսաստանյան երիտասարդական թեւի ղեկավար, ինչպես նաեւ New GP փրոդաքշնի ղեկավարներից` մոսկվաբնակ ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԻ հետ` եւս մեկ անգամ համոզվելով ֆրանսիացի հռչակավոր գրող Վ. Հյուգոյի առաջ քաշած հետեւյալ ճշմարտության մեջ. «Հայրենիքում է միայն քո ե՛ւ անցյալը, ե՛ւ ապագան,  օտար երկրում` միմիայն ներկան»:

«ՍՏԵՂԾՎԱԾ ԿԱՐԾԻՔԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԷ, ԱՅԼ ՄԵՐ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ»

- Պետք է խոստովանեմ, որ ինձ համար մեծ բացահայտում էր, որ Ձեզ պես երիտասարդ, նրբագեղ աղջիկը, ով ապրում է Ռուսաստանում, նաեւ Երիտասարդ կամավորական միության անդամ է:
- Եվ ոչ միայն անդամ, այլեւ Երկրապահների երիտասարդական միության ղեկավարն եմ ողջ Ռուսաստանի Դաշնությունում: Հինգ տարի է` մշտական բնակություն եմ հաստատել Մոսկվայում եւ անընդհատ փնտրում էի հայկական օղակներ: Ի վերջո, գտա հայկական կիրակնօրյա դպրոցը, Եկեղեցին, որը, ինչպես գիտեք, սփյուռքում համախմբող ամենամեծ օղակն է: Մշտապես ձգտում էի մոտ լինել Հայաստանին եւ այդպես մի պատահական միջոցառման ժամանակ ծանոթացա Երկրապահ կամավորական միության Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար Նելսոն Մարգարյանի հետ, եւ սկսեցինք աշխատել, համագործակցել: Երեւի իմ աշխատասիրությունը, նվիրվածությունը հավանեցին եւ առաջարկեցին գլխավորել երիտասարդական միությունն այստեղ: Բնականաբար, մեծ ուրախությամբ համաձայնեցի:

20- Ինչո՞ւ որոշեցիք բնակություն հաստատել հենց, ինչպես ասում են, սառը «բնավորություն» ունեցող Ռուսաստանում:
- Շուրջ տասը տարի է` ընտանիքս բնակվում է այստեղ: Իսկ ես Երեւանում շատ տարված էի կրթությամբ` ավարտեցի Երեւանի պետական համալսարանի ե՛ւ բակալավրիատը, ե՛ւ մագիստրատուրան: Ընդհանրապես մտածում էի, որ եթե գնամ երկրից դուրս, կմոռանամ ամեն ինչ ու կկտրվեմ իմ հայկական արմատներից: Չէ՞ որ մի ողջ կյանք ապրել էի այդտեղ ու չգիտեի, չէի պատկերացնում, թե ինչպես կլինի հետագան արտերկրում, եւ ինձ համար էլ էր այդքան սառը թվում Ռուսաստանը: Ի դեպ, ապրելով ՌԴ-ում` հասկացա, որ ստեղծված կարծիքը ռուսական սառնությունից չէ, այլ մեր կովկասյան ջերմությունից: Ինչեւէ, առաջին երկու-երեք տարիներն ինձ համար շատ ծանր էին, եւ ես տարին 4-5 անգամ գալիս էի Երեւան ու տեղս չէի գտնում: Հիմա շատ հանգիստ եմ վերաբերվում դրան: Հատկապես, որ Ռուսաստանում հայերը շատ են, ինչպես հայրենիքում, այստեղ էլ հյուրասեր են ու ջերմ: Այնպես որ, ոչինչ չի փոխվել:

- Անդրադառնանք նաեւ Ձեր ռուսաստանյան աշխատանքային գործունեությանը:
- Երկու տարի է` աշխատում եմ Ռուսաստանում գործող միակ ռուսալեզու հայկական հեռուստաընկերությունում` որպես լուրերի գլխավոր խմբագիր, նախկինում ունեի նաեւ հաղորդաշար: Թերեւս ոչինչ պատահական չի լինում, հաղորդաշարս կոչվում էր «Ձեռքդ տուր»,  եւ մենք շրջում էինք ՌԴ  տարբեր շրջաններում, մարզերում եւ մարզկենտրոններում, որտեղ կային հայկական համայնքներ ու իրենց կյանքն էինք ներկայացնում, թե ինչպես են ապրում, հայապահպանությանը նվիրված ինչ մշակութային միջոցառումներ են իրականացնում: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով ընդհատվեց հաղորդաշարը: Բայց համարում եմ, որ հաղորդաշարս այսօր ավելի մեծ ծավալներ է ստացել` ընդգրկելով ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Հայաստանն ու Արցախը: Բավական է նշել, որ New GP փրոդաքշնի կազմակերպած  բարեգործական գալա-համերգը, որի ողջ հասույթը փոխանցվեց հայաստանյան սահմանամերձ երկու գյուղերի, կազմակերպվել էր ՌԴ-ում Երկրապահ կամավորական միության եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչի հովանավորությամբ: Այս եռամիասնությունը շատ հուզիչ է:

«ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ, ՈՒ ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱԺԱՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ»

- Ըստ Ձեզ, որքանո՞վ է Ռուսաստանում այսօր առկա հայապահպանության խնդիրը:
- Մենք սիրում ենք նստել, քննադատել, եւ դա շատ հեշտ է, բայց իրականում իմ ընտանիքում, հայ ընկերներիս շրջապատում կամ աշխատավայրում այդպիսի խնդիրներ չեմ տեսնում: Ընտանիքում, ընկերների հետ, նույնիսկ աշխատավայրում խոսում եմ հայերեն, թեպետ մեր հեռուստաընկերությունը ռուսալեզու է: Չկան խնդիրներ, որովհետեւ գործում են հայկական դպրոցներ, հայկական պարային համույթներ, այսինքն` բոլոր պայմանները կան, որպեսզի մնաս հայ ու ինչ-որ այլ պետության, այլ մշակույթին չձուլվես: Միշտ հիշում եմ իմ շատ սիրելի բանաստեղծ Վահան Տերյանին, որը Ռուսաստանի եւ Հայաստանի գրական կյանքում ահռելի դեր է ունեցել: Նա ասում էր, որ հայ ժողովրդի փրկությունը լեզվի եւ մշակույթի պահպանության մեջ է: Մենք հայ ենք, ու մեզ ոչինչ չի կարող բաժանել մեր հայրենիքից:

- Դուք մեծ ոգեւորությամբ խոսում եք հայրենասիրությունից, հայրենիքից: Հետաքրքիր է` անձնական կյանքը դասավորելու հարցում նախապատվություն կտաք հայաստանաբնա՞կ, ռուսաստանաբնա՞կ հայ տղային, թե՞ հանուն սիրո պատրաստ եք անգամ Ձեր կյանքը կապել ռուս երիտասարդի հետ:
- Իմ ընտանիքում  բոլորը հայ են, խոսում են հայերեն, այնպես որ, դրանով ամեն ինչ ասված է, իսկ թե ինչ կլինի հետո, կիմանանք ապագայում: Հուսով եմ, որ ես կգտնեմ կամ ինձ կգտնի այն անձը, ով իմ ապրելակերպը, իմ աշխատանքը ճիշտ ու իրեն մոտ է համարում, դա շատ կարեւոր է:

«ԻՄ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ՉԿԱՆ ՎԱՏ ՄԱՐԴԻԿ»

21- Մի փոքր էլ բացահայտենք Ձեր հայուհու կերպարը: Օրինակ, լինելով բավական գործունյա անհատականություն, հնարավո՞ր է տեսնել Ձեզ խոհանոցում:
- Գուցե չհավատաք, բայց ինձ կարող եք տեսնել ամեն տեղ, եթե, իհարկե, ժամանակ եմ ունենում: Մենք Մոսկվայում անընդհատ վազքի մեջ ենք, եւ դա է պատճառը, որ տանը, ընկերների եւ հարազատների շրջապատում շատ քիչ եմ լինում:

- Գաղտնիք չէ, որ Ձեր տարիքի երիտասարդ աղջիկները գեղեցկության սրահներում են ավելի շատ սիրում ժամանակ անցկացնել, քան ավելի խորքային լուրջ գործունեությամբ զբաղվել: Մինչդեռ Դուք, կարծես, այս ամենի «ոսկե միջինը» գտել եք:
- Հասցնում եմ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը ու չեմ բողոքում: Շատ կարեւոր է` միշտ լինել համադրության մեջ: Կարելի է եւ լուրջ գործունեություն ծավալել ու միեւնույն ժամանակ, լինել նորաձեւ, գեղեցիկ, խնամված եւ, իհարկե, երկար մազերով, ինչը բնորոշ է հայուհու կերպարին, որից չեմ հրաժարվել ու չեմ պատրաստվում:

- Ամեն դեպքում, ռուս ընտանիքում դաստիարակված աղջիկը բավական տարբեր է հայի ընտանիքում դաստիարակված աղջկանից: Ռուսաստանում տան անդամների եւ միջավայրի բախումներ եղե՞լ են, եւ ի՞նչ արգելքներ են դրվել Ձեր առջեւ:
- Ընտանիքի կողմից արգելքներ իմ առջեւ ընդհանրապես չեն դրվել: Սուտ է, որ ասում են` ծնողներս շատ խիստ են, ու դրա համար չեմ ծխում, չեմ խմում:  Դա ներքին դաստիարակությունից է գալիս: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Արդեն կայացած մարդ էի, երբ Երեւանից տեղափոխվեցի Մոսկվա, եւ ինձ ինչ-որ բան արգելել կամ թույլ չտալ, հնարավոր չէր, ավելին` դա աբսուրդ է: Նույնիսկ ասեմ, որ ունեմ ռուս շատ ընկերուհիներ, որ ինչքան էլ տարօրինակ թվա, իրենք շատ մոտ են մեզ կամ գուցե ես եմ գտել մեզ նմաններին: Ընդհանրապես իմ շրջապատում չկան վատ մարդիկ:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵԾ Է,  ԻՍԿ ԿՅԱՆՔԸ` ԿԱՐՃ»

- Վերջերս կրկին հայրենիքում էիք բարեգործական ծրագրով, որպես կողքից հայացք` ի՞նչ փոփոխություններ եք տեսնում Հայաստանում ու ի՞նչը կցանկանայիք փոխված տեսնել:
- Ամեն տարի լինում եմ Երեւանում, լինում եմ նաեւ Դիլիջանում, քանի որ տատիկս այնտեղ է բնակվում: Անկեղծ ասած, գլոբալ առումով փոփոխություններ չկան, բայց չեմ կարող չնշել, որ մարդիկ սկսում են ավելի լավ ապրել: Եթե մի քանի տարի առաջ տարբերությունը կերպարի, հագուստի ահռելի էր,  հիմա դա չի զգացվում: Անգամ Մոսկվայից եկած իմ ընկերները, որոնք  երկար տարիներ չեն եղել Հայաստանում, զարմացած հարցնում են` ամեն ինչ նույնն է այստեղ, ինչպես մեզ մոտ, այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ լքում հայրենիքը:

- Այս հարցի պատասխանը հենց  Ձեզնից եմ ակնկալում ստանալ. ի՞նչ կա Ռուսաստանում, որ հայը չի գտնում իր իսկ հայրենիքում:
- Հիմա ընտրությունը շատ մեծ է, իսկ կյանքը` կարճ: Մարդիկ այդ կարճ ժամանակամիջոցում ուզում են  հնարավորինս լավ ապրել եւ, չեմ կարծում, որ պետք է մեղադրենք հայրենիքից գնացողներին կամ մնացողներին: Սկսած ծովից, ջրից, ինչո՞ւ չօգտվեն մարդիկ այլ բարիքներից: Ամենակարեւորն այն է, որ պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի հայ չի գնում ու մոռանում հայրենիքը կամ չի դավաճանում: Այդպիսի դեպքեր հազվադեպ են, այնպես որ, ընտրությունը շատ լավ բան է:

- Իսկ ընտրության դեպքում կընտրեի՞ք Հայաստանը` որպես մշտական բնակության վայր, թեկուզ վաղը-մյուս օրը` ամուսնության դեպքում:22
- Ինչու ոչ: Վերջերս ես եւ Թոմաս Ոսկանյանը Հայաստանում էինք բարեգործական ծրագրով, ու մեզ հետ եկել էին մեր ընկերները, բայց  կարող էինք կոմերցիոն միջոցառում կազմակերպել եւ այդ գումարներով գնալ որեւէ տաք երկիր` ծով, հանգստանալ ու գնալ հետ, բայց ես եկել էի մեծ սիրով, մեծ սպասումով ու ինձ հետ եկել էին իմ ընկերները:

- Ամփոփելով մեր զրույցը` եւս մեկ հարց. ի՞նչն է այսօր մտահոգում Նաիրա Նիազյանին:
- Շատ եմ հոգնում եւ թվում է` դա այլեւս անտանելի է: Երբեմն ասում եմ` վերջ… Մարդիկ գնում են ինչ-որ սովորական աշխատանք են անում, 6 ժամ աշխատելուց հետո գնում են քաղաք շրջելու, հանգստանալու: Իսկ ինձ մոտ այլ կերպ է` աշխատանք, աշխատանքից հետո հանդիպումներ, հայ-ռուսական երկխոսություն… Բայց այդ հոգնածությունը շատ արագ հօդս է  ցնդում, քանի որ  գիտակցում եմ, որ ես հենց դրա համար եմ: Եվ սա ուղղակի ցանկություն չէ` ինձ ցույց տալու, գովազդելու, այլ այս ամենն իմ ներսում է խմորվում, ես ուզում եմ դա անել:
Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում