Կույս նշանակում է «չամուսնացած աղջիկ», իսկ Սբ. Գրքում գործածվում է իբրեւ ածական` «մաքուր, անփորձ, ողջախոհ» (Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ.II, Եր. 1973, էջ 629), ինչպես նաեւ «կույս» բառը նշանակում է անարատ աղջիկ, որ սեռական հարաբերություն չի ունեցել տղամարդու հետ (Ծննդոց 24:16), իսկ հոգեւոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել (Ստ. Մալխասեանց, Հայերեն բացատրական բառարան, հ.II, Եր. 1944, էջ 466), որոնք իրենց ամրոցը` մարմինը, անառիկ են պահում զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի են արժանանում:

 

Այստեղ նշեցի 3 բացատրություններ, որոնք կարծես թե 21-րդ դարի ժամանակային «ազատության» պահանջների արդյունքում մի տեսակ անտեսված լինեն շատերի եւ ցավոք` նաեւ հայուհիների կողմից, քանզի տուրք է տրվում, այսպես կոչված, ազատությանը, որի արդյունքում էլ առաջ են եկել բազմաթիվ անբարո խնդիրներ, որոնցից մեկն էլ կույս չմնալն է մինչ ամուսնությունը: Այո, կույս մնալը մարդկային սխրանք է, սակայն պետք է կույս (այս դեպքում` ողջախոհ, բարի) լինել նաեւ հոգով: Եվ պատահական չէ, որ մեր նախնիները որպես ազգային սովորություն իրենց որդիներին փոխանցել են «կարմիր խնձոր» ավանդույթը, քանզի կուսությունը պատերազմ է, եւ կուսության պատերազմը կռիվ է սեփական մարմնի կրքերի եւ ցանկությունների դեմ: Սա մի բացառիկ եւ ճշմարիտ երեւույթ է, որով հնարավոր է լինում սկիզբ դնել հայ ավանդական ընտանիքին: Ահա այս կերպ է, որ հայ տղամարդը կարողանում է հպարտորեն շարունակել սիրել եւ հարգել իր կնոջը որպես ավանդական հայ ընտանիքի մայր: Մենք չպետք է մոռանանք այն փաստը, որ հայ կինը` մայրը, համարվում է սուրբ, իսկ դա մեծ նշանակություն ունի, որն էլ, ըստ իս, հիմք է հանդիսացել մեր ավանդական ընտանիքի պահպանման եւ ազգայնացման հարցում: Ցավոք, մենք երբեմն կնոջը հասարակության եւ եկեղեցու մեջ երկրորդական դեր ենք տալիս` մոռանալով, որ Աստված Եվային ստեղծեց Ադամի համար որպես օգնական, այլ ոչ թե հպատակ, որովհետեւ կինը ո՛չ Աստծո, ո՛չ եկեղեցու կողմից չի մոռացվել, քանի որ աստվածային ձեռքերով են ստեղծվել ե՛ւ այր մարդը, ե՛ւ կինը (Ծննդոց 1:27, 2:22): Սա վերստին վկայում է այն, որ տղամարդու եւ կնոջ միջեւ համեմատության եզրերը բացակայում են. «Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տեր» (Ա Կորնթ. 11:11):

Այսօր հայ ազգը կարծես թե թքած ունի եւ չի գիտակցում այս ավանդության լրջությունն ու իսկությունը: Եվ սա է պատճառը, որ օտարների դրդմամբ արդեն իսկ Հայաստանի քաղաքներում սկսվել են հալածիչ քայլեր ընդդեմ «կարմիր խնձոր» ազգային սովորության, որն էլ հետզհետե սկսել է թափանցել նաեւ մեր հայրենի գյուղեր:

 

ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀԻՄՔ ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ

 

Նույնիսկ վերջերս էլ ընկնելով օտարածին ազդեցության տակ եւ միգուցե դրսի ֆինանսական աջակցությամբ մի խումբ երիտասարդ աղջիկներ եւ տղաներ Կառավարության շենքի առջեւ ցույցի էին դուրս եկել եւ անգամ հրապարակավ թաղեցին կարմիր խնձոր` որպես վերը նշվածիս ապացույց: Սակայն երիտասարդները չսահմանափակվելով կարմիր խնձորը թաղելով` մտադիր են նաեւ հրապարակավ` ի ցույց բոլորի, քաղաքի կենտրոնում կազմակերպել նաեւ կուսաթաղանթի պատռում… Մենք այս վատառողջ երեւույթը կարծես թե ընդունում ենք լռելյայն` մոռանալով, որ ընտանիքի մեջ ամենից հարգվածը մայրն է: Մի՞թե այդքան ցածր է հայուհու արժանապատվությունն ու հայ տղամարդու գիտակցությունը, որ կկարողանան անտեսել այս հարցը` մոռանալով, որ կինն է իր մարդու փառքը, եւ այդ առաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից: Եվ դեռ ավելին, որոշ հայուհիներ իրենց արժանապատվությունը վերածել են անբարոյականության ճիչի, որն արդեն իսկ ստվար մի զանգված է կազմում, որոնք էլ իրենց կուսությունը վերածել են բիզնեսի, այսինքն` հայկական հիվանդանոցներում ընդամենը չնչին գումարով կարող են դառնալ կրկին կույս (եւ տեղին է ասված, որ փողը աղջկան դարձնում է «կույս», անբարո կնոջն էլ` «բարոյական»), կարծես թե ոչինչ էլ չի պատահել: Մինչդեռ ամենասարսափելին այն է, որ որոշ կանայք էլ նույնպես վերականգնում են կուսությունը` իրենց «ազատությունը» վայելելուց հետո, եւ մեր հայ երիտասարդների մի մասը, որոնք իրենց չակերտավոր խելացի տղաներ են համարում, կուրորեն ամուսնանում են այդ անթեւ հրեշտակների հետ: Սա ոչ թե ազատության ճիչ է, այլ անբարոյականության: Եթե հնում ասվում էր, թե բաժանիր եւ կտիրես, այժմ կարծես թե այս թեւավոր խոսքը դարձել է փչացրու եւ կտիրես: Անշուշտ, մենք պետք է այստեղից եզրակացնենք, որ սա մեր երկիրը տիրելու խորամանկ քայլ է, որովհետեւ ամուր երկիր ունենալու նախապայմանը հաստատուն ընտանիքն է, իսկ այս ազգային ավանդությունը անտեսելու դեպքում ուղղակի հնարավոր չէ ունենալ հաստատուն ընտանիք` իր նվիրական ամուսնով եւ սուրբ ու հավատարիմ կնոջով, որից էլ սնուցվում է ազգայինը:

Ուստի, սիրելի՛ հայուհիներ, հավատարիմ եղեք մեր նախնիների ազգային ավանդությանը` «կարմիր խնձորին», ապրելով 21-րդ դարում: Եվ մի տրտնջացեք, թե չեք ապրում ժամանակակից կյանքով, քանզի դրանում չէ ձեր արդի լինելը, որովհետեւ դա ոչ թե ժամանակակից քայլ է, այլ անբարոյական մարտահրավեր: Մինչ ամուսնությունն ապրեք կուսական կյանքով` ձեր մեջ ունենալով աստվածային երկյուղը, քանզի Աստված պատվիրեց. «Մի՛ շնացիր» (Ելք 20:14): Մեղք մի գործեք` խախտելով Տիրոջ պատվիրանը, որպեսզի հետագայում սուրբ լինեք մարմնով եւ հոգով: Եվ ապրեք` առանց օրենքը շրջանցելով ու գիտակցված նվիրումի ակնկալիքով, քանզի միայն այդ դեպքում կարժանանաք անթառամ գովեստի պսակին ու նվիրական հայուհու մայր կոչմանը:

ԱՐԱՄ ՈւՐԱՐԱԿԻՐ ԳՅՈՒՐՋՅԱՆ