livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

Dicuhi1Նախորդիվ արդեն ներկայացրել ենք, թե ինչպես են դրսեւորվում հայուհու որակները մայրության եւ պտղաբերության դիցուհի Անահիտի կերպարում, որը մեր նախնիների ամենապաշտելի դիցուհիներից մեկն էր: Իսկ ավելի վաղ, ներկայացնելով հայուհու կերպարի արտացոլումը «Սասնա ծռերե էպոսում, խոսել էինք տոհմի եւ օջախի հովանավոր, պատերազմի դիցուհի Նանեի մասին, ով էպոսում մարմնավորված է Սանասարի կնոջ` Դեղձունի կերպարով: Այժմ համառոտակի անդրադառնանք մյուս դիցուհիներին:

Անշուշտ, պետք է սկսենք սիրո եւ գեղեցկության դիցուհի ԱՍՏՂԻԿԻՑ, ում տոնը` Վարդավառը, այսօր էլ նույնքան սիրված է ժողովրդի կողմից, որքան հազարամյակներ առաջ: Մեր դիցաբանությունում սերը սերտորեն կապակցված է զորության հետ, զորության մյուս երեսն է. «Սեր եւ Զորություն` հենց շնորհն Արայի: Սեր եւ Զորություն` Գարունն Աշխարհի, խորհուրդը բարու եւ արարումի: Սեր եւ Զորություն` ուժ լինելության` իրար լրացնող եւ իրար կերտող` իրարից անկախ լինել չեն կարող: Զորությունն առանց Սիրո զգացումի` ինքը կործանող. առանց Զորության` Սերն է կործանվող: Սիրո եւ Զորության միասնությունն է լոկ խորհուրդը կյանքի: Եվ թե Վահագն` Զորության Աստված, Աստղիկ Դիցուհին Սերն է Զորության, Սերն է Գարունքի` պճնված կուսական ճերմակ շղարշով, վառվելով իր սուրբ շողերի միջին, Սեր է ճառագում` սիրո ջերմություն եւ այդ ջերմությամբ հույզեր է վառում, արցունքներ քամում, թախիծ արարում, հոգեւոր խռովք ու տառապալից երջանկություն պարգեւում սիրող պատանուն: Թե նույնիսկ պատանին Վահագնը լինի: Եվ Վահագն ինքը` թեեւ Հրեղեն, թեեւ ինքն Աստված, ինքը` Գերհզոր, շանթեր արձակող, ամպրոպներ սանձող, Վիշապներ քաղող... Աստղիկի սիրուց ինչպե՞ս պաշտպանվի` նա էլ է ընկնում սիրո որոգայթ: Եվ մանկան նման շիկնում է, վառվում, սիրուց խենթացած` իրար է խառնում երկինք ու երկիր, սիրտը սիրավառ` վարդի պես բացվում` մեղմ ու քնքշալի եւ պարուրում է Արարատը ողջ` ե՛ւ ծառ, ե՛ւ ծաղիկ, ե՛ւ մայր, ե՛ւ մանուկ, ե՛ւ հարսներ չքնաղ, ե՛ւ կույս Աստղիկին: Եվ Սիրով օծված հույզը Զորության հորդում է նրա հրե աչքերից, եւ Վիշապի դեմ մարտի է ելնում հանո՛ւն ժպիտի, հանո՛ւն կարոտի, հանո՛ւն հարսնության եւ մայրացումի, հանո՛ւն սրբության եւ արարումի: Եվ ո՞վ կարող է Վահագնի դեմ կանգնել, երբ նրան սիրում է Աստղիկը չքնաղ` Դիցուհին Սիրո եւ Գեղեցկությանե:

Ըստ էության, Աստղիկը մարմնավորում է կույս աղջիկների որակը: Պատահական չէ, որ հայոց մոտ հոր ամենասիրելին սովորաբար լինում է հենց դուստրը, որը նաեւ օջախի ներսում կատարում է փոխադարձ սիրո պահապանի դերը.

Ո՜վ, չքնաղ Աստղի՛կ, Դիցուհի՛դ Սիրո,

Մեր սերը օծիր քո վեհ ժպիտով,

Վարդավառ սարքիր մեր սրտերի մեջ,

Մեր Արի ոգին վառիր արեւով:

Վարդաջուր ցանիր դու մեր աչքերին

Ու սեր բորբոքիր` սեր լուսապայծառ,

Լույսի պես անկիրք, մաքուր եւ ազնիվ:Dicuhi2

Անվերջ նորոգիր քո Սերը մեր մեջ

Եվ այն տարածիր Արարատով մեկ,

Որ սիրով շնչեն պատանիք Արի,

Որ սիրով տենչան, որ սիրով երկնեն,

Որ սիրով ծնեն եւ նույն այդ սիրով

Գուրգուրեն իրար:

Մանուկը սիրով իր մորը գգվի,

Իր հոր արեւին փարվի նա սիրով,

Եղբայրն իր եղբոր աչքերին նայի

Հավատի սիրով,

Եվ հենց այդ սիրով բարե՜ւը հնչի:

Ահա մի դրվագ Վարդավառի մասին պատումից, որ ի ցույց է հանում մաքուր սիրո իրական զորությունը. «Աստղիկը չճանաչեց Արարատը: Ամենուր փուշ ու տատասկ էր, եւ օձերն էին վխտում իր շուրջը: Ամենուր ոռնոց էր, լաց եւ ոչ մի ժպիտ:

Տեսավ` մի թափոր է մոտենում: Այլայլված դեմքերով, խորտակված հայացքներով, հոգնած ու հյուծված քայլում էին Արի Հայերը:

- Այդ ո՞ւր եք գնում, ազնիվ Արինե՛ր, - հարցրեց Աստղիկը:

- Մենք հեռանում ենք այս անիծված երկրից, - ցասումով պատասխանեցին նրանք, - մենք հետեւում ենք Վիշապի կանչին:

Աստղիկը տխրեց ու քայլեց առաջ: Եվ տեսավ` մի քանի աղջիկներ գալարվում են գետնի վրա, իսկ բազմաթիվ օձեր կրծոտում են նրանց մարմինները:

- Այս ի՞նչ եք անում, Արի աղջիկնե՛ր, - զարմացած բացականչեց Աստղիկը:

- Չե՞ս տեսնում, որ վիշապազուններին ենք կերակրում, - զայրացան աղջիկները:

Վշտացավ Աստղիկը, արտասվեց: Նրա արցունքները ընկան հողի վրա, եւ հրաշալի վարդեր բացվեցին:

Վարդաբույրը տարածվեց շուրջը, եւ վարդերը շողարձակեցին մռայլի մեջ: Օձերը ֆշշացրին ու փախան: Կիսամեռ աղջիկները զմայլված վարդերին էին նայում: Աստղիկը ամեն մի աղջկա մի վարդ տվեց, ապա սափորից աստվածային ջուր սրսկեց նրանց վրա: Աղջիկներն անմիջապես կերպարանափոխվեցին, նրանց վերքերը փակվեցին, նրանք արթնացան խոր թմբիրից, դեմքերը պարզվեցին: Նրանք նայեցին վարդերին, նայեցին Աստղիկին, նայեցին իրար ու ժպտացին: Եվ գեղեցկացան նրանք»:

Այսպիսով, Աստղիկը մարմնավորում է սիրո բոլոր դրսեւորումները` ե՛ւ տղամարդու ու կնոջ փոխադարձ սերը, ե՛ւ ծնողի ու զավակի, ե՛ւ եղբայրների, ե՛ւ ընկերների, ե՛ւ հայրենակիցների, ե՛ւ անգամ հայրենիքի հանդեպ սերը: Ու քանի դեռ հայուհիները հայոց սրտերում սեր են բորբոքում` կլինի ե՛ւ համերաշխ ընտանիք, ե՛ւ արարում բոլոր բնագավառներում, ե՛ւ երկրի հուսալի պաշտպանություն, ե՛ւ սխրանքներ:

Այլ դիցուհիների մասին բավականին սուղ տեղեկատվություն է հասել մինչ մեր օրերը: Ամենախորհրդավոր դիցուհիներն են թերեւս ՏԱԹԵՎԸ եւ ԳԻՍԱՆԵՆ:

Տաթեւը բժկության եւ խնամքի դիցուհին էր: Ուշագրավ է, որ համանուն տաճարի անունը ժառանգել է նրա տեղում կառուցված Տաթեւի վանքը, ուր հետագայում նաեւ բժշկական համալսարան է գործել: Հարկ է նշել, որ «բուժել» բառը հայոց լեզվում ունի ավելի լայն իմաստ, քան սոսկ հիվանդի առողջությունը վերականգնելը: «Բուժել» նշանակում է ուժ տալ, ուժով օժտել: Այսինքն` Տաթեւը ուժով օժտող դիցուհի է, եւ դա արտացոլում է հայուհու հատկանիշը` ուժով օժտող: Պատահական չէ, որ Գարեգին Նժդեհը սիրում էր հանգստանալ հենց Տաթեւի վանքում. նրան թերեւս հայտնի էր, որ այդ տեղանքը մարդկանց ուժով օժտելու հատկություն: Պատահական չէ նաեւ, որ մինչեւ հիմա անպտղությունից տառապող կանայք Տաթեւի վանք ուխտի գնալուց հետո կարողանում են հղիանալ...

Գիսանե դիցուհու պաշտամունքը, ծնունդ առնելով մեր երկրում, այնուհետ հասել էր Հնդկաստան, եւ այնտեղից կրկին վերադարձել մեր երկիր: Գիսանեն որպես դիցուհի բավականին լայն գործառույթներ ուներ. նա սեռական կրքի` տարփանքի, խնջույքների, բայց միաժամանակ նաեւ` ամուսնական հավատարմության դիցուհին էր: Դրանով նա մարմնավորում էր հայուհու կրքոտ սիրառատությունը, կենսախնդությունը, բայց միաժամանակ` անսասան հավատարմությունը: Նա նաեւ դրսեւորում էր այն իմաստնությունը, որ սեռական կրքին վայել միակ տեղը ամուսնական առագաստն է:

Մեկ այլ խորհրդավոր դիցուհին ԾՈՎԻՆԱՐՆ է, որին երբեմն կոչում էին ՆԱՐԵ: Ծովերի, գետերի, լճերի, անձրեւների դիցուհին էր, որն առնչություն ուներ նաեւ մոգական ծեսերի հետ: Պատահական չէ, որ «Սասնա ծռեր» էպոսում Ծովինարը դրամատիկ եւ գրեթե անելանելի իրավիճակում հղիանում է երկու բուռ ջրից. դրանով Ծովինարը մարմնավորում է հայուհիների ճկունությունը, հնարամտությունը, ցանկացած իրավիճակից ելք գտնելու շնորհը...

Dicuhi-LilitԱնշուշտ, մեր դիցաբանությունում կա եւ կերպար, որը մարմնավորում է եւ հայուհիների մոտ երբեմն պատահող բացասական որակները` գոռոզությունը, կամակորությունը, նախանձը, բանսարկությունը: Դրանք մարմնավորված են ԼԻԼԻԹԻ կերպարով: Սակայն դիցաբանությունը նաեւ ուսուցանում է, թե ինչ վատ վերջաբան է ունենում այդպիսի որակների դրսեւորումը. «Արին լուռ բռնեց Լիլիթի ձեռքից ու տարավ նույն լեռնային լճակի մոտ, ուր տարել էր մի ժամանակ: Լիլիթը կռացավ, նայեց լճի ջրերին եւ սարսափեց. ջրերի մեջ արտացոլվում էր իր պատկերը: Բայց մի օտարոտի կերպար էր դա` խամրած աչքերով, կապտած շուրթերով: Անհետացել էր նրա երբեմնի գեղեցկությունը, որի ցոլքը ընկել էր ջրի վրա: Վշտացավ Լիլիթը:

- Այս ի՞նչ է պատահել ինձ, - հարցրեց նա, - չէ՞ որ ես հրեղեն եմ:

Արին հեգնորեն ժպտաց եւ ասաց.

- Այո, դու հրեղեն էիր: Բայց հուրը սիրով է բոցավառվում: Քո հուրը մարեց հենց այստեղ այն ժամանակ, երբ քո մեջ մեռավ սերը, եւ գոռոզությունն ու փառասիրությունը հանգցրին քո հուրը:

Լիլիթը ամոթահար ծածկեց երեսը ու փախավ: Նա փախավ լեռները, ամաչելով երեւալ նույնիսկ կենդանիներին: Նա մեծ վիշտ էր ապրում, նա զղջում էր իր արածը, եւ այդ զղջումը նրա մեջ ձեւավորում էր անհանդուրժողականություն ամեն մի գեղեցիկի նկատմամբ»:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում