«...ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ, ԱՌՅՈՒԾԻ ՆՄԱՆ, ԵՏ ԲԵՐԵՆՔ ՀՈՂՆ ՈՒ ՓԱՌՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ...»

Այս ու հայրենասիրական այլ երգերն էին կռվից առաջ ոգեշնչում «Խաչակիրների» ջոկատի ազատամարտիկներին:

10 հոգուց բաղկացած ջոկատը, որի մեջ էր մտնում նաեւ միակ աղջիկը` Անժելա Զալյանը, հստակ գիտեր անելիքը` պետք է կոտրել թշնամուն: Ղարաբաղյան շարժման դրամատիկ հիշողությունները կարծես դրոշմված էին Աստծո կողմից ստեղծված այդքան նուրբ էակի աչքերում:

Ինչպես պատմում է տիկին Անժելան.

-30 տարեկան էի, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այդ ժամանակ իմ շրջապատի տղաները պատրաստվում էին գնալ պատերազմի: Երեւի Աստծո կամքով էր, որ նրանց հետ չգնացի: Մի օր ընկերուհիներիցս մեկն ասաց, որ ԱՄՆ-ից Կարոն է գալիս` զենքով, զինամթերքով, որ մասնակցի շարժմանը: Մինչ այդ ես արդեն որոշել էի մեկնել կռվի դաշտ, բայց Կարոն ինձ կընդուներ իր ջոկատ թե ոչ` դա դեռ հարց էր: Ես ծանոթ էի Կարոյի հորեղբոր ընտանիքի անդամներին, եւ երբ նա եկավ Հայաստան, տան բոլոր անդամները մեկ մարդու պես խորհուրդ էին տալիս, որպեսզի նա ինձ իր ջոկատ վերցնի` որպես լավ մասնագետ, բուժքույր:

Հիշում եմ` հանդիպման առաջին օրը նա նստած էր իր ջոկատի անդամների հետ, երբ ես ներս մտա: Կարոն իր հետ բերել էր համապատասխան հագուստ, որը ես չէի ցանկանում կրել, քանի որ առանց հագնելու էլ արդեն պատկերացնում էի, թե որքան մեծ կլիներ դա ինձ վրա: Երբ հագա` Կարոն ինքն ասաց. շուտ հանիր, քեզ համար նորը կբերեմ: Հենց այդ օրը տղաները սկսեցին խրոխտ ձայնով հայրենասիրական երգեր երգել: Այդ քայլով նրանք փորձում էին ավելի խորացնել` առանց այդ էլ խոր արմատներ գցած հայրենասիրական ոգիս: Ես շատ ուրախացա, երբ Կարոն` Սպիտակ արջը, ինձ ընդունեց իր ջոկատ, սակայն դա դեռ ամենը չէր, պետք էր նաեւ ծնողիս` մորս համաձայնությունը: Տղաները համոզեցին նրան` ասելով, որ ինձ տանում են ընդամենը դեղ բաժանելու: Գնացել եմ որպես բուժքույր, սակայն եթե գնում ես կռվի, ապա պետք է պայքարելու եւ կռվելու ձեւն իմանաս: Նա ինձ սովորեցրեց ամեն ինչ` սողաքայլից մինչեւ կրակելը: Կրում էի զենք, ինչպես նաեւ առաջին օգնության պարագաներ: Բառերն ուղղակի չեն հերիքում, որպեսզի բացատրեմ, թե ինչն է ինձ տարել պատերազմի դաշտ: Եթե արմատներով Արցախից էլ չլինեի, էլի կգնայի: Եթե ներկայիս ծանր վիճակում ասեն, որ, օրինակ, Վրաստանում հայերն իմ կարիքն ունեն, առանց մեկ վայրկյան մտածելու կգնամ ու կկռվեմ: Մահվան սարսափը աչքերիս չի եղել, երբ գնացել եմ պատերազմի: Հայրենիքի համար մեռնելը փառք է: Ես իմ կյանքի մասին երբեք չեմ մտածել, ասում  էի` գնում եմ, կամ կգամ, կամ ոչ:

Երբ դպրոցն ավարտեցի, տեղափոխվեցինք Հայաստան, սակայն ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Չի կարելի բաժանել ազգը մի քանի մասի, ասելով` դու հայաստանցի ես, նա` ղարաբաղցի, մյուսը` լենինականցի:

Պատերազմի ընթացքում տարբեր փորձությունների միջով եմ անցել: Չնայած նրան, որ տղաներն ինձ վերաբերվում էին որպես հավասարը հավասարին, այնուամենայնիվ, ես միշտ կանացի եմ եղել, մատներս` միշտ հարդարված, դեմքս` խնամված: Ես ժամանակ եմ գտել եւ դա արել եմ, որ տղաները թեւաթափ չլինեն, իմանան, որ կյանքը շարունակվում է, որ կա գեղեցկություն, եւ որ նրանք պետք է պայքարեն հանուն գեղեցիկի:

Թուրքի ավերած տանն էինք մնում, ներսում կրակ վառում` տաքանում: Այդտեղ ես ունեի իմ անկյունը, ուր դնում էի բժշկական գրքերս ու ծաղիկներս: Անչափ շատ էի սիրում ծաղիկներ: Մի օր էլ առավոտ շուտ գնացել ու հավաքել էի սպիտակակապտավուն գեղեցիկ ծաղիկներ: Տղաները որ տեսան, հանկարծակիի եկան, բոլորը միանգամից սկսեցին հարցնել, թե որտեղից եմ հավաքել, դե, ես էլ ասացի: Պարզվեց, որ դրանք կարտոֆիլի ծաղիկներ էին: Տղաների հետ գնացինք ու ահագին կարտոֆիլ բերեցինք, իսկ սնունդ այդ օրվա համար չկար: Երբեք հողի հետ գործ չեմ ունեցել, մայրս միշտ ստիպում էր դաս սովորել, միայն դաս:

Ես հանձնվել չունեմ, երեւի հորս գեներից է գալիս` Հայրենականի մեծ պատերազմի մասնակից է եղել: Կռվի դաշտում արել եմ ամեն ինչ, ինչն իմ ուժերից վեր էր թվում: Միայն մի բանից եմ վախեցել, որ ոչ ոքի մազը չծռվի, քանի որ բոլորին մայրեր են սպասում, քույրեր են սպասում: Իմ մասին ես մոռացել էի:

Մեր ջոկատը շատ տեղերում է կռվել` Մարտակերտ, Պուշկինյալ, Դրմբոն, Հադրութ, Մարտունի, Եղնիկներ, Շահումյան: Կարոյի մահից հետո էլ արյան վրեժ ենք լուծել:

Փոքրիկ լռությունից հետո տիկին Անժելան շարունակեց.

- Ուզում եմ խաղաղություն լինի, պատերազմ չլինի: Տղաներին ցանկանում եմ խաղաղ ծառայություն, կարեւորը` վտանգ չլինի, բոլորը վերադառնան իրենց տները: Որդեկորույս մայրերին համբերություն` բոլոր տղաները հերոսներ են: Հերոսներ են Ղարաբաղի բոլոր բնակիչները, քանի որ նրանք անընդհատ տագնապի մեջ են եղել, ռմբակոծության մեջ են եղել ու շատ հարազատներ են կորցրել:

Իր կյանքի դրվագները պատմելիս տիկին Անժելան կարծես կրկին ու կրկին վերապրում էր այն դաժան պահերը, որը զգացել է սեփական մաշկի վրա:

Ազատամարտիկ, գրող-արձակագիր Հովիկ Վարդումյանն իր հուշերում պատմում է, որ տիկին Անժելան դեռ շարժման առաջին օրերից եռանդով օգնում էր երկրաշարժից տուժածներին ու փախստականներին, մասնակցում միտինգներին ու ցույցերին: Նա փորձված բուժքույր էր, առանց տատանվելու ընդունել է Կարոյի առաջարկը, ջոկատ կազմել ու մասնակցել Արցախի կռվին: Նրանք մնացել ու պայքարել են մինչեւ սեպտեմբերի վերջ, որից հետո հրամանատարը մեկնել է Ամերիկա` նոր օգնություն հանգանակելու, իսկ մյուսները` հանգստի: Հրամանատարը վերադառնում է 1992-ի դեկտեմբերի սկզբին: Ջոկատը հատուկ հանձնարարությամբ մեկնում է Առաջաձոր, որտեղ դիրքային կռիվներ էին: Ինը հոգուց բաղկացած ջոկատը մեկնում է Ստեփանակերտ, որտեղից մարտական առաջադրանքով` Մաղավուզ գյուղ` մասնակցելու Մարտակերտի ազատագրական պայքարին: Հունիսի 26-ին տվյալ ուղղության վրա տեղակայված ստորաբաժանումների հրամանատարների խորհրդակցությունը որոշում է հարձակումն սկսել գիշերը: «Խաչակիրների» 9 հոգանոց գրոհային խումբն անցնում է մարտական առաջադրանքի կատարման: Տիկին Անժելան ՈւԱԶ-ով  մնացել էր Մաղավուզի մոտակայքում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա օգնության հասնել: Հրամանատարն իր փոքրաթիվ զինվորներով մոտ երեքուկես ժամ պահում է գրավված դիրքերը: Լուսաբացին ազերիները` պարզելով իրադրությունը, կատաղի հարձակման են անցնում: Անժելան լաց էր լինում անզորությունից:  Ուժերն անհավասար էին, իսկ օգնություն չկար ու չկար: Վերջում լսվում է հրամանատարի ձայնը. «Փամփուշտները վերջանում են, օգնության հասեք: Երկաթ (տանկ) ուղարկեք: Առաջին գիծը դեռ պահում եմ...»:

- Կարոյի ձայնը այլեւս չլսվեց...

Հրադադարից երկու տարի հետո Անժելան ծառայության անցավ Գեղարքունիքի մարզի N զորամասի խառը հրետանային դիվիզիոնում` ղեկավարելով 3 բուժկետ:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ