(Ըստ սասունցիների ազգագրական սովորույթների)

hay1Հնուց անտի մարդկային հասարակության մեջ որոշված են եղել նրա անդամների տեղն ու դիրքը, պարտականություններն ու իրավունքները, որոնք տարբերվել են ըստ սեռատարիքային պատկանելության: Սեռատարիքային խմբերի բաժանվածությունը հատուկ է եղել համայնատոհմական կացութաձեւ ապրած բոլոր ժողովուրդներին, ինչի դրսեւորումները պահպանվել են անգամ մինչեւ XXI դարը: Հայ իրականության մեջ դրանց պահպանմանը, անշուշտ, նպաստել են սոցիալ-տնտեսական եւ պատմաքաղաքական իրավիճակը, սովորութային իրավունքը, եկեղեցին: Դրանք հատկապես ակնառու դրսեւորվել են նահապետական գերդաստանի նիստուկացում, որտեղ զբաղմունքները բաժանված էին` դրսի աշխատանքը տղամարդկանց, իսկ ներսինը` կանանց միջեւ: Հատկապես կարեւորվում է գերդաստանի նահապետի ու նրա կնոջ դերը, որոնք, առաջնորդվելով նշված չափանիշներով, կարողանում էին հաստատուն պահել հասարակության հիմքը հանդիսացող ընտանիքի ամրությունը:

Հայ ժողովրդի սովորութային համակարգում կին թե տղամարդ դաստիարակվում էին իրենց դերին լիարժեք ծառայելու գիտակցությամբ: Հայ կինը պարտավոր էր հետեւել ընդունված ավանդական որոշ չափանիշների` հնազանդություն, հավատարմություն, տնային աշխատանքներին նվիրվելու պատրաստակամություն, իր ու նոր ընտանիքի մշակութային միջավայրին հարմարվողություն եւ այլն: Կյանքը ընտանեկան խիստ պայմանների մեջ էր մշակել որոշակի սովորութային օրենքներ, կանոնակարգումներ, որոնց հետեւում էին սրբությամբ: Կինը մանկուց դաստիարակվում էր ընտանիքի շահերի պաշտպանության եւ հավատարմության ու ավանդույթների պահպանման, հնազանդության ոգով:

Ամուսնուն հնազանդվելը կնոջ կարեւոր պարտականություններից մեկն էր:

Այս պարտականության հետ սերտորեն կապված էր կնոջից հնազանդություն պահանջելու ամուսնու իրավունքը: Այս մասին են վկայում ոչ միայն ազգագրական նյութերը, այլեւ եկեղեցական գրականությունը, ձեռագիր մատյանները:

Կնոջ գործերին խառնվող, կանանց խոսակցությանը մեջ ընկնող, կնոջ թելադրանքով շարժվող տղամարդուն հասարակությունը ամոթանք էր տալիս. «Գնա, քո կնգա փեշի տակ մտի», «Գնգադ լաչիգ վըր քո գլխուն», «Գնա, կնգադ յազման կապա»: Կնոջը ենթակա տղամարդուն հաճախ դիմում էին իր կնոջ անունով` «Իլգա Մուշո», «Փառո Մուշո». դրանք տղամարդու համար ամենավիրավորական արտահայտություններից էին: Այս առումով տեղին է հիշել «Սասնա ծռեր» էպոսից հետեւյալ հատվածը. «Մելիքի կնիկ` Իսմիլ խաթուն միտք էրավ, էսած. «իմ մոտեն տղա չելավ, էլնի, մեր ազգին տիրություն էնի. թե օր սասնեցոց մոտեն կրակ չառնինք, մենք կը մնանք շիվար»: Իսմիլ խաթուն թուղթ ճամպխեց Մհերին` գաս գլոխ իմ խետ մեկ էնիս: Ուր գոդիկ լաչիկ լէ խետ օղարկեց` թէ չգաս, քանց ինձ կնիկ իս»: Մհերը համաձայնում է գնալ, այլապես` «օր ես չէրթամ, կ’էղնիմ կնգա կնիգ»: Կնոջ կարեւոր պարտականությունների շարքում ամուսնու տոհմանվան եւ դասային դրության ընդունումն էր:

hay2Ամուսնու տոհմանունն ընդունելն ուներ անգիր օրենքի կամ սովորութաիրավական պարտականության ուժ: Թեեւ այդ պարտականությունը օրենսդրական ոչ մի ակտով սահմանված չէր, բայց եղել է մշտապես գործող կարգ: Ամուսնու տոհմի համար մեծ անպատվություն էր, եթե կինը արհամարհում էր նրա տոհմանունը:

Ամուսնական հավատարմությունը կնոջ կարեւորագույն պարտականությունն էր, որից ամեն մի նահանջ դաժանորեն պատժվում էր: Կնոջից պահանջվում էր լինել ավելի հանդուրժող, ողջախոհ եւ ամուսնուն հավատարիմ: Ամուսնալուծության համար կնոջից բաժանվելու հիմնական պատճառներն էին չբերությունը, վարքը, հիվանդությունները, դիվահարությունը:

Ամուսնու մահից հետո կինը պարտավոր էր մեկ տարուց ոչ պակաս մնալ ամուսնու տանը: Այդ տեւողությունը կոչվում էր սգո տարի: Ամուսնու մահվան տարին նշելուց հետո միայն կարող էր խոսք լինել երիտասարդ կնոջ բաժանքի մասին: Դա հանգուցյալի հիշատակը հարգելու բարոյաիրավական տուրք էր` կոչված ծառայելու հանգուցյալից ծնված եւ ծնվելիք զավակի գույքային իրավունքների պաշտպանությանը: Եթե նա վաղաժամ ամուսնանար, որի սովորույթը չկար, կզրկվեր նաեւ գույքային իրավունքներից: Երկարատեւ անհայտ բացակայողի, կամ ամուսնու մահվան դեպքում կանոնական գրականությունը եւ ազգագրական սովորույթները այդ ժամկետը սահմանել են յոթ տարի:

Կնոջ անձնական կարեւոր պարտականություններից էր տան կրակարանն անշեջ պահելը: Այս պարտականությունը շատ հին է եւ աղերսվում է կրոնական հին հավատալիքների հետ: Այն կինը, որի անգործության կամ անփութության պատճառով հանգչում էր ընտանիքի կրակը կամ անթեղը, անարժան էր համարվում տանտիկին կոչվելու: Հայկական ժողովրդական մի ասացվածքի համաձայն` կնոջ մահը համեմատվում է տան օջախի հանգչելու հետ, ինչը մեծ դժբախտության նշան էր: Ամուսինը կնոջ մահը ողբում էր հետեւյալ խոսքերով. «Մեկը չունիմ օճախս վառի, մեկը չունիմ տանս կրակը անի, ճրագը վառի»: Եվ քանի որ կինն էր օջախի կրակի անշեջ պահելու պատասխանատուն, նա էլ սահմանել էր հետեւյալ արգելքները. չթքել կրակի վրա, ջուր չլցնել, այն փոխ չտալ, երբեք չհանգցնել եւ այլն: Թոնիր-օջախը հայոց մեջ դիտվել է սրբություն: Ժողովրդական ընկալմամբ ընտանիք, օջախ բառերը հոմանիշ են եւ հաճախ գործածվել են տուն, ծուխ, երբեմն նաեւ` տանտիրուհի, տանտիկին իմաստներով: Պաշտամունքային առումով օջախները նախնիների պաշտամունքի վայրն էին, ողջերի համար պահպանիչ էին ծառայում, խորհրդանշում էին տոհմի հարստությունը, հարատեւությունը, առողջ սերունդը, բարեկեցությունը: Այս բոլորի երաշխավորն ու պահպանողը տանտիկինն էր:

Տղամարդը գույքային, այդ թվում` ամուսինների, ծնողների եւ զավակների ու մերձավոր ազգականների ինչքային հարաբերություններում ճանաչված էր սեփականության իրավունքի լիարժեք սուբյեկտ: Մինչդեռ կինը այդ իրավունքը չուներ իր ամուսնու նույնպիսի սեփականության նկատմամբ, ինչպես եւ համատեղ կյանքի ընթացքում ամուսնու ձեռք բերած ունեցվածքի ու երեխաների նկատմամբ:

hayՄիայն տարիների ընթացքում, արդեն զավակների տեր կինը աստիճանաբար ձեռք էր բերում մասնակի ազատություն: Կինը հասարակության լիարժեք անդամ էր դառնում միայն մեծ տարիքում: Ի նշան հարգանքի, երբ բազմազավակ տարեց կին էր անցնում, ջահել տղամարդիկ ոտքի էին կանգնում եւ խոնարհվում, դադարեցնում էին ամեն կարգի կռիվ ու վիճաբանություն, երբ միջամտում էր նա: Զգալի տարբերություն կար լեռնային ու հովտային շրջաններում կնոջ կյանքի ձեւերի ու տնտեսության մեջ կնոջ ունեցած դերերի միջեւ:

Լեռնային շրջաններում սովորաբար կայուն պահպանված էին կյանքի հնավանդ ձեւերը, մարդիկ ապրում էին կատարյալ նահապետական պարզության մեջ, մինչդեռ հովտային շրջաններում, շփման ազդեցությամբ կնոջ կենցաղավարման եղանակը փոխվում եւ բազմատեսակ էր դառնում: Այս առումով, սակայն, բացառություն է Սասունը: Այստեղ, ի տարբերություն գերազանցապես դաշտավարությամբ զբաղվող գերդաստանների, կանայք առավել չափով էին մասնակցում եւ տղամարդուն հավասար լծվում դաշտային աշխատանքի: Սասունում կանանց մի մասը, հիմնականում երիտասարդները, մնում էին տանը եւ զբաղվում տնային ու հողագործական դժվարին գործերով, իսկ մյուսները վարում էին սարվորի կյանք` ապահովելով կաթնամթերքների մշակումը եւ պահեստավորումը: Այս հանգամանքը որոշակիորեն բարձրացնում էր լեռնցի կնոջ, առանձնապես տանտիրուհու հեղինակությունը, որը ղեկավարում էր տնային տնտեսության մի շարք բնագավառներ:

ՌԱՖԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

(Շարունակելի)