Հայկական ավանդատական պատկերացումները կանանց ու աղջիկների կարգավիճակի վերաբերյալ իսպառ հերքում են այն կարծրատիպերը, իբր գեղեցիկ սեռը մեր ադաթներով «հետամնաց ձեւով» ճնշված էր: Ավանդական փոխհարաբերությունները առավել անաղարտ պահպանվել են լեռնային շրջաններում եւ լեռնցու չգրված «օրենսգրքի» բաղկացուցիչ մասն են: Ուստի ստորեւ համառոտակի ներկայացնում ենք այդ սովորույթները:

Լեռնցու համար ընտանիքն անվիճելի սրբություն էր եւ է, ու հենց դրանով է պայմանավորված, որ կողմնակի անձանց ներկայությամբ ընտանեկան որեւէ վեճը ու ընդհանրապես ներընտանեկան որեւէ զգացմունք արտահայտելը խստիվ արգելված էր: Օտար մարդկանց ներկայությամբ ամուսինները չեն սիրաբանում, չեն վիճում, կինը ոչ մի հարցով չի առարկում ամուսնու ասածին: Իր հերթին, օտարի ներկայությամբ տղամարդը երբեք դիտողություն չի անում կնոջը կամ երեխաներին, նաեւ օտարների ներկայությամբ չի դրսեւորում քնքշություն զավակների նկատմամբ:

Բացարձակ անընդունելի էր համարվում որեւէ կնոջ, այդ թվում` կողակցի վրա ձեռք բարձրացնելը: Քննարկման ենթակա չէր, որ տղամարդու խոսքը բավարար զորություն եւ հեղինակություն ունի կնոջ համար, եւ ձեռք բարձրացնելը խայտառակ թուլության դրսեւորում էր համարվում: Հետագայում այդ կանոնից բոլոր շեղումները ոչ այլ ինչ էին, քան մահմեդական տիրապետությունների ազդեցության արգասիք, այդ պատճառով առավել տարածվել էին դաշտավայրերում, քան լեռներում:

Կանանց նկատմամբ հարգանքը շատ բարձր մակարդակի էր: Մայրը գրեթե աստվածացվում էր (եւ է), իսկ որեւէ կնոջ կամ օրիորդի խնդրանքը կատարելը պատվավոր էր համարվում: Կանանց ներկայությամբ բացարձակ անընդունելի էր զենք հանելը եւ հայհոյելը: Եթե տղամարդը կնոջ կամ աղջկա ներկայությամբ պատահմամբ հայհոյում էր, ապա սովորարաբար հետո որպես «փոխհատուցում» նրան արժեքավոր որեւէ բան էր նվիրում: Կանայք նաեւ կռիվը դադարեցնելու բացառիկ մենաշնորհ ունեին. եթե կինը կամ աղջիկը կռվող տղամարդկանց միջեւ թաշկինակ էր նետում, ապա տղամարդիկ պարտավոր էին անհապաղ դադարեցնել կռիվը, զինված մենամարտի դեպքում նաեւ` զենքը պատյան դնել:

Կանայք համարվում էին ընտանիքի արժանապատվության եւ շարունակելիության հիմքը: Թեեւ գենետիկան որպես գիտություն այն ժամանակ չկար, սակայն մեր նախնիք զգացել էին, որ «X» քրոմոսոմը առավել հիմնարար դեր ունի, քան «Y»-ը, ու թերեւս դրանով էր բացատրվում այդպիսի խոր հարգանքը կնոջ նկատմամբ: Եթե նույնիսկ արյուն թափելը որոշ հանգամանքներում կարող էր ներվել փրկագնի դիմաց, ապա մորը, կնոջը, քրոջը, դստերը հասցրած վիրավորանքը աններելի էր համարվում ու սովորաբար ավարտվում էր սպանությամբ:

Հին ժամանակներում բավականին տարածված էր արյան վրեժը, եւ տոհմերի թշնամանքը կարող էր սերնդե-սերունդ անցնել: Ազգականի սպանության համար մյուս ազգականները պարտավոր էին վրեժ լուծել, այլապես խայտառակում էին ե՛ւ իրենց, ե՛ իրենց տոհմը: Սակայն գերագույն խայտառակություն եւ ստորություն էր համարվում թշնամի տոհմի կանանց, երեխաների եւ ծերերի վրա զենք քաշելը:

Նաեւ ամոթալի էր համարվում անհամեստությունը, կանանց ներկայությամբ սեփական մարտական կամ որսորդական սխրանքներով պարծենալը: Բոլոր ծանր ֆիզիկական աշխատանքներն էլ բացառապես տղամարդու բաժին էին, բայց փոխարենը տնային տնտեսությունը վարում էին միմիայն կանայք, ու տղամարդկանց արգելված էր այդ գործերին խառնվելը:

Այսպիսով` ստացվում է, որ հայուհիները մի բան էլ արտոնյալ էին, ու իրավազրկությունից խոսելը պարզապես ավելորդ է: Բայց փոխարենը կանայք ունեին պատասխանատու պարտավորություններ` կապված կին եւ մայր լինելու հետ: Նրանց ուսերին էր երեխաների խնամքն ու դաստիարակությունը, տնային տնտեսությունը, տան կարգուկանոնը: Նրանք պարտավոր էին համեստ լինել, չմիջամտել տղամարդկանց գործերին, կատարել տղամարդու ընդունած որոշումը: Սակայն խելացի կանայք հաճախ կարողանում էին էապես ազդել ամուսինների ընդունած որոշման վրա: Օրիորդները պարտավոր էին դրսեւորել համեստ վարքագիծ, իրենց ընտրյալ երիտասարդի հետ հանդիպումները լինում էին կամ բոլորի աչքից հեռու, կամ տոնախմբությունների ժամանակ: Հետաքրքիր նրբություններ կային` կապված խնամախոսության հետ: Եթե աղջկա ձեռքի հավակնորդները շատ էին, ապա միաժամանակ բոլորի ներկայացուցիչները կարող էին գալ խնամախոսության, եւ աղջկա ծնողները այդ դեպքում համաձայնություն էին տալիս այն փեսացուին, որի նվերն ընտրում էր աղջիկը: Գործնականում բացառված էր աղջկան իր կողմից անընդունելի տղամարդու հետ ամուսնացնելը: Խնամիացող երկու կողմերն էլ միշտ բծախնդիր էին հակառակ կողմի տոհմի նկարագրի հանդեպ, ձգտում էին հարազատանալ պատվավոր եւ արժանվոր տոհմերի հետ:

Հետաքրիր է նաեւ հարսի «չխոսկանության» ավանդույթը: Հարսը հաճախ երկար ու ձիգ տարիներ պարտավոր էր լռել ամուսնու ծնողների եւ եղբայրների ներկայությամբ, ու փաստացի նրանց հետ հաղորդակցվում էր ամուսնու միջոցով: Դա յուրահատուկ հոգեբանական զրահ էր, որը կանխում էր հարս-սկեսուր, հարս-սկեսրայր եւ նման այլ անտեղի հակամարտությունները, ամուսնուն էլ դարձնում ամբողջովին պատասխանատու ներընտանեկան մթնոլորտի եւ փոխհարաբերությունների համար:

Ինչ վերաբերում է հագուստին, ապա, բնականաբար, այսօրվա կիսամերկ չափանիշները տեղ ունենալ չէին կարող: Նույնիսկ սեփական բակ ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք ամբողջական հագուկապով պետք է դուրս գային, ու պիտի բացառված լիներ օտարների կողմից նրանց մերկությունը տեսնելը:

Կան նաեւ բազում այլ ադաթներ, որոնցից յուրաքանչյուրը հազարամյակների փորձություն է անցել եւ ծառայել է ընտանիքի սրբության ու ամրության, առողջ եւ արժանապատիվ սերունդ ձեւավորելու գործին:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

Կանայք համարվում էին ընտանիքի արժանապատվության եւ շարունակելիության հիմքը: Թեեւ գենետիկան որպես գիտություն այն ժամանակ չկար, սակայն մեր նախնիք զգացել էին, որ «X» քրոմոսոմը առավել հիմնարար դեր ունի, քան «Y»-ը, ու թերեւս դրանով էր բացատրվում այդպիսի խոր հարգանքը կնոջ նկատմամբ: