livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

Աստ­վա­ծա­դիր օրեն­քը, Մխի­թար Գո­շի Դա­տաս­տա­նա­գիր­քը և Գա­րե­գին Նժդե­հի պատ­գամ­նե­րը` հա­յու­հու նկա­րագ­րի մա­սին։

Թե ինչպիսին են հայուհու ավանդական վարքագիծը և բարոյականությունը, գործնականում հայտնի է իր արմատներից չկտրված  ցանկացած հայազգի անհատի: Սակայն, թերևս, ոչ բոլորը գիտեն, որ հայ աղջկան ու կնոջը վերաբերող օրենքները ծնունդ են առել դեռևս շուրջ 12 հազար տարի առաջ ու իրականում անփոփոխ հասել մեր օրերը:

Հազարամյակներ առաջ հայոց կյանքը կարգավորվում էր, այսպես կոչված, Աստվածադիր օրենքով, որի հեղինակը համարվում էր արդարության աստված Միհրը: Հայուհիների վարքականոնին վերաբերող հատվածը թեև բավականին հակիրճ է, սակայն համապարփակ: Ստորև ներկայացնում ենք դրա շարադրանքը.

«Դատապարտելի է այն Տոհմը, որի աղջիկները չեն նախապատրաստված ուրիշ Տոհմերի շարունակելիությունն ապահովելու առաքելությանը:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկանից ծնված ուրիշ Տոհմի սերունդն է սեփականացնում:

Դատապարտելի է այն Տոհմը, որի ընտանիքներում հարսի Տոհմն է տնօրինում:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկան ուրիշ Տոհմին հանձնելուց հետո, միջամտում է նրա ընտանեկան կյանքին:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր որդուն է փեսայության տալիս հարսի Տոհմին:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկա համար փեսա է ներս առնում:

Դատապարտելի է այն Տոհմը, որն իր անառողջ կամ պղծված աղջկան հարսնության է տալիս ուրիշ Տոհմի:

Կարմիր Խնձորը - սուրբ վկայություն է»:

Այսինքն, նույնիսկ չէր էլ քննարկվում այն աքսիոմը, որ հարսը պետք է լինի տոհմիկ: Ինչ վերաբերում է վերջերս տարբեր հարձակումների թիրախ դարձած «կարմիր խնձորի» ավանդույթին, ապա դա մեր նախնիները ընկալում էին շատ ճիշտ` իր ամբողջ իմաստով հանդերձ: Միայն 20-րդ ու 21-րդ դարերում իրականացված ուսումնասիրություններն ու գիտափորձերը բացահայտել են դրա բուն իմաստը. ցանկացած բարձր արարածի էգի տված ամբողջ սերունդը իր նկարագրով շատ նման է առաջին զուգընկերոջը: Ի դեպ, այդ փաստը դեռևս մինչև գիտափորձերը հայտնի էր աղավնի պահողներին, ձիաբույծներին և ազնվացեղ այլ կենդանիներ բազմացնողներին. անտոհմիկ որձից մեկ անգամ սերունդ տված աղավնուն, ձիուն կամ այլ կենդանուն խոտանում էին` իմանալով, որ նրանից ստացած հետագա սերունդը արդեն իսկ խեղված նկարագիր է ունենալու:

Բնականաբար, ամուսնությունը որպես առողջ, լիարժեք և արժանավոր սերունդ ունենալու միջոց դիտող մեր նախնիները միանգամայն ճիշտ էին վարվել` սահմանելով «կարմիր խնձորի» օրենքը, որպես այդ սերնդի լիարժեքության երաշխիք:

Ինչ վերաբերում է Աստվածադիր օրենքի հետագա ճակատագրին, ապա այն գործնականում շարունակել է գործել և Հայաստանի` քրիստոնեություն ընդունելուց հետո ու հայոց մեծագույն  իրավագետ Մխիթար Գոշին ծառայել է որպես հիմք` Դատաստանագիրքը կազմելու համար:

Նույն հիմքի վրա իր պատգամների մի մասը կառուցել է և Գարեգին Նժդեհը: Առավելագույնս հայտնի են նրա ցեղակրոն ուսմունքի այն դրույթները, որ վերաբերում են ռազմիկներին, քաղաքական գործիչներին, առաջնորդներին: Սակայն կանանց և աղջիկներին վերաբերող նրա դրույթները նույնպես մաս են կազմում ցեղակրոն ուսմունքի: Ահա դրանք.

«Կինը մայր է՝ Տոհմի մայր: Եվ ամեն մի կին դեռ չամուսնացած, պետք է զգա իր այդ առաքելական կոչումը - պետք է սրբությամբ պահպանի իր հոգին ու մարմինը մայրության համար:

Այն կինը, որ չի զգում իր մայրության կոչումը - պիտանի չէ մայր լինելու:

Կինը, որ մայր չէ կամ մայրանալու համար չէ նախապատրաստված՝ պարզապես էգ է: Կնոջ սրբությունը մայրության մեջ է:

Կինը իր կուսությունը սրբությամբ պահելու է Տոհմի ընտանիքում մայրանալու և սրբանալու համար:

Այն կինը, որ կուսությունից զրկվում է ընտանիքից դուրս՝ պղծում է իր մարմինն ու հոգին: Նա պղծում է նաև այն ընտանիքը, որի մեջ մտնում է:

Այն կինը, որ իր կուսությունը ժամանակավրեպ է դարձնում և Տոհմի մայր չի լինում՝ պղծում է իր հոգին:


Ընտանեկան կենակցումը հոգևոր է  - այն ամրացնում է ընտանիքը, հոգևոր ամբողջություն ստեղծում և Տոհմի շարունակելիությունն է ապահովում:

Ամեն մայրացող դեռ մայր չէ: Ընտանիքից դուրս սերունդ չի լինի: Ընտանիքից դուրս մայրացումը չարիքի ծնունդ է: Ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ անտոհմիկ մի որբ - ազգային չարիք է:

Մայրը - մայրացումն է ընտանիքի մեջ՝ տոհմածինն է մայրը: Եվ սրբություն է Տոհմի մայրը, քանզի պահպանում է Տոհմը և ապահովում է նրա հզորացումն ու շարունակելիությունը:

Անհանդուրժելի են այն կիները, որոնք չեն լինում Տոհմի մայր - նրանք արժանի չեն սրբության, սիրո: Նրանք անարգանքի են մատնում իրենց հոգին և իրենք իրենց զրկում են իրենց շարունակելիությունից:

Եթե կինը ազատ է իր կյանքի համար, ապա նա ազատ չէ իր երեխաների կյանքի համար: Նրա ծնած երեխաները իրենը չեն. նրանք Տոհմի զավակներն են: Ինքը ծնել է այդ Տոհմի երեխաներին, և ինքը այդ Տոհմի երեխաների մայր է:

Եվ մայրը չի կարող երեխաներին կտրել իրենց Տոհմից. այլապես նա չարագործ է - նա ոճիր է գործում Տոհմի նկատմամբ՝ գողանալով նրա սերունդը. երեխայի նկատմամբ՝ որբացնելով նրան իր Տոհմից և իր նկատմամբ՝ վտանգելով իր շարունակելիությունը:

Մայրը իր երեխաներին մայր է Տոհմի մեջ. Տոհմից դուրս նա մայր չէ:

Իրավունքը Տոհմի մորն է: Այն կինը, որ պատասխանատվություն չի զգում Տոհմի առաջ - ոչ մի իրավունք չի կարող ունենալ:

Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել Ազգի ճակատագիրը: Մի Ազգի բարքերը՝ գովելի, թե պարսավելի - կախում ունեն մայրերից:

Ոչ իմաստուններ, ոչ թագավորներ օգնության կանչեք Հայրենիքին, այլ՝ տոհմածին մայրերի ազդեցությունը: Ցեղաշունչ մայրն է ազգային բարքերը սնուցողը:

Ամենազորավոր զենքից զորավոր է Ցեղաշունչ մոր սերը: Այն կճեղքի ցանկացած զրահ, ապառաժ: Այն տիեզերական խորություն ունի և կարող է թափանցել ամենահեռավոր վայրերն անգամ՝ գտնելու իր որդուն և զորացնելու նրան իր օրհնությամբ:

Ցեղաշունչ մոր հայրենասիրությունը՝ աստվածային կրակ, բոց ու ջերմություն - պիտի արթնացնի առյուծը իր Ազգի մեջ, պիտի բարձրացնի նրա առօրյա կյանքի թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը:

Մոր ոգիացած հայրենասիրություն, որից Ազգը արձակում է մի հրաշագործ ուժ, անհրաժեշտ՝ Հայրենիքի հզորության և ազատության համար:

Ցեղաշունչ մոր սերը՝ որդու զորությունը սնող աստվածային աղբյուրն է: Սեր և նվիրում դեպի Հայրենիքը՝ ներշնչում և սնուցում է Ցեղաշունչ մայրը:

Ահա թե ինչու՝ Մայր անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը  միայն ու միայն հայրենահավատ Տոհմի մայրերի և ոչ թե բոլոր մայրացողների:

Ամեն արժանին՝ սեր, հարգանք, ակնածանք - հայրենասեր մորը: Եվ ամեն ազգախնամ բարիք՝ հայրենասեր մորից - հերոս որդիներ, հաղթական դափնիներ, ազատ Հայրենիք:

Քանի դեռ հայրենաշունչ մայրը կմնա որպես «բացակայող աստվածություն» Արի ընտանիքների մեջ - Չարին պիտի շարունակի իր արյունոտ խրախճանքը մեր Հայրենիքում:

Ձեր զավակների համար մայր ընտրեք կանանց, որոնց կաթը արյուն լինի, որոնց ծնունդը՝ հերոս ու վրիժակ:

Ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները ավելորդ դարձնեն Հայրենիքը պաշտպանող արհեստական ամրությունները»:

Ի դեպ, Նժդեհը, այդքան կարևորելով հանդերձ մոր դերը,  ամենևին ավելորդ չի համարում անդրադառնալ և ապագա մայրերին.

«Տոհմն է իր սերնդատվության համար ուրիշ Տոհմերից աղջիկներ բերում և միաժամանակ ուրիշ Տոհմերին աղջիկներ տալով, նրանց սերնդատվությանն է նպաստում:

Եվ ամեն մի Տոհմ իր տղաներին պատրաստում է իր սերնդատվության համար, իսկ աղջիկներին՝ ուրիշ Տոհմերի սերնդատվության համար:

Տոհմը միայն Տոհմից է աղջիկ բերելու: Տոհմի աղջիկն է ձգտում դեպի Տոհմ. անտոհմիկ աղջիկը ձգտում է դեպի դուրս: Տոհմի աղջիկը միայն Տոհմի մայր կլինի:

Եվ հարսն ունենալու է տոհմական անարատ արյուն, տոհմական բարք, տոհմական նվիրում, տոհմական պատվի զգացում:

Եվ հարսանիքը հարս ու փեսի համար չէ: Դա երկու Տոհմերի դաշինքի տոնակատարություն է, որտեղ հարսն ու փեսան հանգուցող սրտերն են:

Պսակադրությունը - սուրբ արարողություն է, որտեղ մի Տոհմը հանձնում է իր աղջկան, իսկ մյուս Տոհմը ընդունում է նրան:

Հարսանիքը տոնահանդես է, որ կատարվում է հասունացած տղայի ու աղջկա՝ իրենց բնական կոչումը ստանձնելու առիթով:

Եվ ընտանիքի հայրն ու մայրն են վերահսկում նրանց կողմից Տոհմի սերնդատվության իրագործումը:

Ցեղաշունչ Տոհմի հարս լինելը և՛ դժվար է, և՛ հեշտ: Դժվար է նրանով, որ հարսը մեծ պատասխանատվություն ունի Տոհմի առաջ: Հեշտ է նրանով, որ Տոհմը սիրում և պաշտպանում է նրան»:

Այսինքն, մեր երկրում կանանց և աղջիկներին վերաբերող ավանդական պատկերացումներում նոր ոչինչ չկա: Փոխվել են հազարամյակներ, քաղաքական ու տնտեսական համակարգեր, կրոնական պատկերացումներ, փոխվել են Հայաստանի սահմանները, փոխվել է գործնականում ամեն ինչ, սակայն հայուհու ավանդական կերպարն ու վարքականոնը, որ հայտնի են բոլորին, որևէ էական փոփոխություն չեն կրել 12 հազար տարվա ընթացքում: Հայուհին չի փոխվել այնքան ժամանակ, որքան գոյություն ունի հայ ազգը, և չի փոխվելու նաև ապագայում, քանի դեռ ապրելու է հայ ազգը, քանզի հենց ավանդույթը ազգը ամուր ու անսասան պահելու հիմքերից մեկն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում