livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Aznavur«Սփյուռքի հայուհիներ» խորագիրը գնալով ավելի ու ավելի է ընդլայնում իր սահմանները` փնտրելով ու լուսաբանելով աշխարհի ամենատարբեր ծայրերում գտնվող հայտնի հայուհիներին, ովքեր կամա թե ակամա հայտնվել են օտար ափերում կամ արդեն հարազատ դարձած մի նոր հայրենիքում:

Ֆրանսահայ երգչուհի ՍԵԴԱ ԱԶՆԱՎՈՒՐԸ նույնպես ծնվել է հայրենիքից շատ հեռու` Ֆրանսիայում՝ մշտապես մնալով հավատարիմ Ազնավուրյանների հայկական արմատներին, արյան կանչին: Այո, Ազնավուր ազգանունը յուրաքանչյուր հայի ականջին հարազատ ու քաղցր է հնչում, չէ՞ որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հայրենանվեր գործունեությունը անուրանալի է եւ անհամեմատելի: Իհարկե, տաղանդավոր հորից` Շառլ Ազնավուրից, բացառիկ ձայն ժառանգելով, մշտապես ունկնդրելով հորաքրոջ` Աիդա Ազնավուր-Կառվարենցի երգերը, պետք է ունենայինք եւս մի տաղանդավոր Ազնավուրյան տոհմի ներկայացուցիչ` Սեդա Ազնավուրին, ով բավական էր միայն երգեր Սայաթ-Նովայի «Ես քո ղիմեթն չիմ գիտի» երգը, եւ անմիջապես հայրենիքն իր գիրկը կընդուներ նրան եւ մշտապես սրտատրոփ կսպասեր եւս մեկ անգամ հայաստանյան բեմում տեսնել Շառլ Ազնավուրին եւ իր դստերը` Սեդային:

Մեզ հաջողվեց կապ հաստատել ՍԵԴԱ ԱԶՆԱՎՈՒՐԻ հետ, եւ այս անգամ մեր հարցազրույցն առանձնացավ նրանով, որ մեր հերոսուհին նույնպես բազում հարցեր ուներ հայ կանանց եւ աղջիկներին.

Aznavur1- Ես չգիտեմ` ի՞նչ են զգում հայ աղջիկները եւ կանայք: Ունե՞ն արդյոք խոսքի ազատության իրավունք, սիրո կամ երջանկության ազատության իրավունք: Ընդհանրապես ազատություն ունե՞ն: Եթե այո, ապա կյանքը հրաշալի է, եթե չունեն, բայց դրանց կարիքն էլ չունեն, էլի կյանքը հրաշալի է, որովհետեւ կյանքն այն է, ինչ դու ես ստեղծում: Եվ նույնիսկ դա շատ դժվար է, քանի որ դու կարող ես դոփել նույն տեղում ու մնալ քո իսկ ստեղծած կյանքի առեղծվածի մեջ: Միշտ պետք է հիշել, որ դու ունես հնարավորություն փորձել այն, ինչ ուզում ես եւ ինչը կարեւոր է քեզ համար:

Հարցերի պատասխանները թողնելով «Զարուհու» ընթերցողուհիներին՝ հիմա էլ մեր հարցերն ուղղենք ֆրանսահայ երգչուհուն:

Aznavur-3- Հարգելի Սեդա, Դուք դերասանուհի եք, երգչուհի, նկարչուհի, իսկ այսօր ո՞ր ասպարեզում եք շարունակում գործունեություն ծավալել:

- Շատ զբաղված եմ ընտանիքով, նաեւ ընդհանրապես կյանքով եմ զբաղված: Իսկ մնացածի մասին ինչով ես զբաղվում եմ, չեմ սիրում բարձրաձայնել:

- Հաջողվո՞ւմ է արդյոք օտարության մեջ հավատարիմ մնալ հայկական արմատներին, թե՞, այնուամենայնիվ, ֆրանսիական ազդեցությունը սկսում է գերակշռել ընտանիքում:

- Իմ որդին ամուսնացած է հայուհու հետ, այնպես որ մենք գնում ենք մեր արմատներով: 

- Իսկ Ազնավուրների ավագ սերունդն ի՞նչ ծրագրեր ունի այսօր:

Aznavur-9- Շառլ Ազնավուրը միշտ աշխատանքի մեջ է եւ միշտ փորձում է օգնել Հայաստանին: Հորաքույրս` Աիդա Ազնավուրը, արդեն 89 տարեկան է, խաղաղ ապրում է Ֆրանսիայում: Իսկ Ազնավուրների ընտանիքները բավականին մտերիմ են:

- Եթե հետադարձ հայացք նետենք դեպի մանկություն եւ պատանեկություն, ի՞նչ հատկանիշներ կնշեք, որը կարեւորել է Ձեր հայրը աղջիկների դաստիարակության գործում:

- Հայրս սկզբունքային դերակատարություն է ունեցել մեր դաստիրարակության գործում` առաջին հերթին կարեւորելով հպարտությունն ու բարձր մարդկային արժեքները:

- Ի՞նչ եք կարծում, Հայաստանը մո՞տ է մեծն շանսոնյեյի երազած երկիրը դառնալուն:

- Կարծում եմ` նա շատ ավելի մեծ հույսեր ունի իր երկրի համար: Շառլ Ազնավուրը սիրում է Հայաստանը, բայց իր երազների երկիրը ապրելու համար միշտ կլինի Ֆրանսիան:

Aznavur-4- Երեք տարի առաջ երրորդ անգամ Դուք Հայաստանում էիք, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ապագան:

- Մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանը դեռ բարգավաճելու է, բայց այն մարդկանց համար, ում կյանքը ավելի լավ է, Հայաստանը դեռ բոլորովին էլ չի բարգավաճում:

- Իսկ ե՞րբ կրկին կտեսնենք Ձեզ հայաստանյան բեմում:

- Դժվար հարց է... Ես Հայաստան եկել եմ երեք տարի առաջ, բայց չեմ կարող կոնկրետ ասել, թե երբ կրկին կլինեմ: Հուսով եմ շատ շուտով:

- Ի՞նչն է Ձեզ այսօր ամենից շատ անհանգստացնում:

- Ամեն ինչ: Կյանքն ավելի լավ էր, երբ այն պարզ էր: Աշխարհն այժմ լի է  բազմապիսի անարդարություններով:

- Ցեղասպանությունից անցավ 97 տարի, ի՞նչ մտորումներ ունեք ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ:

Aznavur-2- Կարծում եմ` ամբողջ աշխարհը պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիան բավականին աշխատեց ճանաչման ուղղությամբ, բայց կան բազմաթիվ դժվարություններ, որովհետեւ Թուրքիան հզոր երկիր է:

- Ձեր կարծիքով մենք երբեւէ կունենա՞նք միացյալ Հայաստան, որտեղ կվերադառնան ու կապրեն աշխարհասփյուռ հայերը, թե՞ մենք ճակատագրով դատապարտված ենք բաժան-բաժան լինելուն:

- Չգիտեմ, արդյո՞ք մարդիկ կարող են ամբողջությամբ միասին ապրել: Ես օբյեկտիվորեն չեմ կարող պատասխանել, քանի որ իմ մտածելակերպը շատ արտիստիկ է ու բավական հեռու  քաղաքականությունից:

- Աշխարհասփյուռ հայությանը ի՞նչ կցանկանար ասել Սեդա Ազնավուրը:

Aznavur-10- Կուզենայի ասել. «ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ»:

- Ուղղենք մեր վերջին հարցը՝ ի՞նչ կմաղթեք հայ կանանց եւ աղջիկներին:

- Աշխարհը պատկանում է երիտասարդներին, ապագան նրանցն է: Հայ երիտասարդ կանայք եւ աղջիկները պարտավոր են պայքարել իրենց համոզմունքների համար: Այսպիսով, ես ցանկանում եմ, որ իրենք հնարավորություն ունենան պայքարել իրենց դուր չեկած երեւույթների դեմ, եթե դա այն չէ, ինչ իրենք են ուզում այս դժվար ժամանակներում: Միակ բանը, որ չենք կարող փոխել, դա մեր ինքնությունն է՝ ո՞վ ենք մենք, եւ որտեղի՞ց ենք գալիս: Մենք պետք է համակերպվենք դրա հետ, որովհետեւ դա այն է, ինչ կա, այդպես չե՞ք կարծում:

Իսկ մենք իսկապես այդպես ենք կարծում, եթե մենք ամուր կառչած չլինենք մեր արմատներից, եթե հաստատակամ չլինենք մեր հավատքի մեջ, ապա չենք կարող առաջ նայել ու հզորանալ` պահպանելով մեր ինքնությունը, ազգային դիմագիծն ու մաքրամաքուր լեզուն:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում