livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 22, 2020

operaՙԶարուհի' -ն տեղեկացրել էր, որ օրերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ)` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, պատրաստվում էր ներկայացնել այս համերգաշրջանի ամենասպասված իրադարձություններից մեկը` Պուչինիի` ՙՏուրանդոտ՚ օպերայի համերգային կատարման պրեմիերան: Հայ հանդիսատեսի դատին այն հանձնվեց հուլիսի 3-ին եւ 6-ին: Հիշեցնենք, որ ՙՏուրանդոտը՚ առաջին անգամ հնչեցվեց Հայաստանում, եւ պրեմիերան բազմիցս ընդմիջվեց  ինքնաբուխ ծափահարություններով:

Համերգից հետ  ՙԶարուհի' -ն զրուցեց Տուրանդոտի դերերգով հանդես եկող ՍԻՐԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

Նշենք, որ երգչուհին 1996 թվականին ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը եւ զուգահեռաբար սովորել է Ելենա Վարդանյանի դասարանում, որի  ղեկավարությամբ ավարտել է նաեւ ասպիրանտուրան: Սիրանուշ Գասպարյանը Ավ. Իսահակյանի անվան մրցույթի դափնեկիր է: Մասնակցել է Չայկովսկու անվան եւ Մոնսերատ Կաբալյեի անվան միջազգային մրցույթներին: 2009 թվականին Մյունխենի International Musikwettbewerb der ARD մրցույթում արժանացել է Barenreiter Original Text Prize մրցանակին: Այժմ լսենք երգչուհուն.

ՙԷդուարդ Թոփչյանի հետ առաջին անգամն է մեր համագործակցությունը: Մինչ այդ համագործակցել եմ Ռուբեն Հախվերդյանի հետ եւ հանդես եկել այս հրաշալի նվագախմբով: Երեք տարի առաջ ես եկա Թոփչյանի մոտ, որպեսզի նա իմանա, որ նման երգչուհի գոյություն ունի: Մաեստրոն ունկնդրումից հետո միանգամից ասաց, որ ձայնս Տուրանդոտի ձայն է, բայց մտավախություն ուներ, որ Տուրանդոտ երգելով կարող է ՙկորցնեմ՚ ձայնս: Այնուամենայնիվ, չդիմացա եւ սովորեցի Տուրանդոտի դերերգը եւ նորեն ներկայացա մաեստրոյին…՚:

Ձայնը կորցնելու մտավախություն ինքը` երգչուհին, ինչպես պարզվեց, չի ունեցել: Թեպետ նրա գործընկերներն ու դասական երաժշտությունից բանիմաց մարդիկ հորդորում էին հրաժարվել Տուրանդոտ երգելու մտքից. ՙՈւմ ասում էի, որ պետք է Տուրանդոտ երգեմ, բոլորը միաձայն շոկի մեջ էին ընկնում ու շտապում ասել, որ նման բան հանկարծ չանեմ: Բայց  կոնսերվատորիայի իմ դասախոսը` Ելենա Վարդանյանն ու ամերիկյան անվանի երգչուհի Գրես Բամբրին, ում մոտ վարպետության դասընթացների եմ հաճախում տարին մի քանի անգամ, միաբերան պնդեցին, որ դա իմ ՙպարտիան՚ է, եւ վախենալու ոչինչ չկա: Դրանից հետո սկսեցի հանգիստ աշխատել՚,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ վերջերս միայն ստիպված է եղել հրաժարվել պաղպաղակից` ձայնը խնայելու համար, թեպետ որեւէ պրոֆեսիոնալ խորամանկությունների երբեւէ չի դիմել:

Մեր այն հարցին, թե ինչու Սիրանուշ Գասպարյանին հանդիսականը չի տեսնում օպերային թատրոնի բեմում, եւ արդյոք երբեւէ չե՞ն առաջարկել իրեն հանդես գալ օպերային ներկայացման մեջ, հետեւյալ պատախանը տրվեց. ՙԴրսում առաջարկներ եղել են, սակայն մերժել եմ, քանի որ ինձ համար հոգեհարազատ են համերգային կատարումները: Ինչ վերաբերում է մեր օպերային թատրոնին, ապա երբեւէ չեմ դիմել: Չեմ կարծում, որ այնտեղ կմերժեն ինձ: Պարզապես օպերայի խաղարկային մասը այնքան էլ իմը չէ՚,- նշեց երգչուհին` հավելելով, որ Երեւանում հաճախ է մասնակցում համերգների, սակայն ոչ մեծ մասշտաբների:

ՙՏուրանդոտը ինձ համար մեծ հաղթանակ էր: Ուրախ եմ, որ իմ կատարած աշխատանքը հավանեց հանդիսատեսը… Զգացի նրա անկեղծ ջերմությունը՚:

Աշնանը Ս. Գասպարյանը պատրաստվում է մեկնել վարեպտության դասընթացների: Այն կանցկացնի Գրես Բամբրին: Երգչուհու իսկ փոխանցմամբ այնտեղ էլ կորոշվեն առաջիկա համերգային ծրագրերը: Բամբրին, վարպետության դասընթացներից զատ, մասնակիցների համար նաեւ հատուկ համերգներ է կազմակերպում, որտեղ հրավիրում է անվանի դիրիժորների, մենակատարների…  

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում