livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

urmalaՄի քանի օրից Արտեկում մեկնարկող ՙՆոր ալիք՚ մանկական մրցույթում Հայաստանը կներկայացնեն երկու փոքրիկներ` ՍՈՆԱ ԳՅՈՒԼԽԱՍՅԱՆՆ ու ԱՐԻՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ: Երեկ ՙԱզդակ՚ ակումբում հյուրընկալված փոքրիկներն ու նրանց պրոդյուսեր ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ լրագրողներին հավաստիացրեցին, որ պատրաստվել են 200 տոկոսով, որից հուզմունքի պատճառով բեմում հանդես կգան 100 տոկոս լավ պատրաստված:

Մինչ փոքրիկները կխոսեին պատրաստված լինելու եւ երգերի ընտրության մասին, ասուլիսին ներկա ՙՆոր ալիք՚ մրցույթի հայաստանյան պրոդյուսեր ԻՐԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ով մեկ օր առաջ էր վերադարձել Յուրմալայից, պատմեց մեր երկրի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանի ելույթների մասին:

ՙՇատ բարդ եւ երկար աշխատանքային պրոցես անցանք: Բոլոր երգերը փոփոխման ենթարկվեցին, որպեսզի Սուրենը երեւա առավելագույն լավ կողմերով: Առաջին օրվա երգը նույնը թողեցին, եւ այն, իմ կարծիքով, հաջողված էր: Երկրորդ օրվա երգի համար ընտրվեց Անդրեի ՙԻմ սերը քեզ՚ երգը, որի ժամանակ Սուրենը հուզված էր: Ի դեպ, նա իրեն բեմում լավ էր զգում միայն կիթառով, իսկ երկրորդ օրն առանց կիթառի էր, ինչը, գուցե, իր համար մի քիչ անհարմար էր: Բայց հաղթահարեց նաեւ այդ պահը: Կխնդրեմ, որ շատերը չմեղադրեն` ասելով, թե երգն իրենը չէր: Փորձերի ժամանակ նա շատ լավ էր երգում, պարզապես երեք օրվա ընթացքում կար երգը զգալու խնդիր, ինչը բարդ գործընթաց է: Հուզմունքի պատճառով նա երգը կատարեց ավելի վատ, քան փորձերի ժամանակ: Երրորդ օրվա երգը մեզ նվիրեց Բրենդոն Սթոունը, որի ժամանակ դրական աուրայով, ժպտերես Սուրենն էր` կիթառը ձեռքին: Պարզապես փոքր-ինչ փոփոխություն արեցին, որպեսզի հանդիսատեսին հետաքրքիր լինի. որոշեցին փակ քվեարկություն անել: Նորություն էր, բայց շատերի համար` անհասկանալի: Փորձենք ոչ ոքի չքննադատել, մենք անձամբ լավ ելույթ ունեցանք այն առումով, որ նկատվեցինք, իսկ դա ամենակարեւորն է: Ինչպես Էրիկը թողեց իր հետքը, հավատացե°ք, նույնը արեց Սուրեն Առուստամյանը, ով տպավորվեց որպես պայծառ մարդ` իր կիթառով ու ժպիտով: Սա իր համար կյանքի փորձ էր, որովհետեւ այն Սուրենը, ում հետ մեկնեցինք, եւ այն Սուրենը, ով օրերս կվերադառնա, դրական իմաստով տարբեր մարդիկ են՚,- ասաց Ի. Վարդանյանը: Ապա նա շտապեց փոխանցել Ա. Ռեւզինի խոսքերը. ՙՀիշելով մրցույթում հայերի ողջ պատմությունը` մեկ-երկու դեպք եմ հիշում, երբ խնդիր չենք ունեցել երգերի ընտրության հարցում: Դա եղել են Էմմին եւ ՙՀայեր՚ խումբը: Մենք միշտ խնդիր ենք ունենում երգերի ընտրության հարցում, որովհետեւ այն երգերը, որոնք պատկերացնում ենք, չեն համապատասխանում բեմին: Շնորհակալություն տիկին Նադեժդային, որ առաջին-երկրորդ տարում երգերի ընտրության հետ խնդիր չենք ունեցել՚:

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ հավելեց. ՙԴա երեւի իմ փորձից է: Եվ հետո, ամեն մի մրցույթ ունի իր ուղղվածությունը: Կա կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն մրցույթ, վոկալի կամ երգի մրցույթ: Այսինքն` պետք է իմանանք, թե ուր ենք գնում: Իսկ ՙՆոր ալիքը՚ երգչի մրցույթ է, որտեղ պետք են վոկալը եւ դերասանի վարպետությունը: Երեւի դա իմ անձնական փորձից է, որ միշտ մրցույթներին գնացել ենք պատրաստված: Այսօր էլ երեխաներից յուրաքանչյուրի համար պատրաստել ենք մոտ 15 երգ, որից ընտրվել է 8-10-ը: Ընդհանրապես 1-2 ամիս առաջ ընտրվում է 2 երգ, որի վրա սկսում ենք ավելի խորը աշխատանքներ կատարել: Այս անգամ չեն կարողանում ընտրություն կատարել, ասում են` երգերը մեկը մյուսից լավն են, տեղում կընտրեն: Իսկ մենք եւ երեխաները մեղք ենք. երկու երգի փոխարեն պիտի փորձեն 8-10 երգ: Առաջին անգամ է, որ Հայաստանից երկու մասնակից ընտրվեց: Ինձ համար ավելի հեշտ էր մեկի հետ պարապել, քան երկուսի: Վստահ եմ, որ լավ ենք պատրաստվել, լավագույն երգերն ենք ընտրել, մնում է` երեխաները չհուզվեն՚:

urmala1Ն. Սարգսյանին շարունակելով` ՍՈՆԱ ԳՅՈՒԼԽԱՍՅԱՆԸ հավաստիացրեց. ՙՀուզմունք չի կարող չլինել. մեծ մրցույթ է, մեծ դահլիճ: Միեւնույն է, ամեն ինչ շատ լավ է լինելու՚: Միջազգային բազմաթիվ մրցույթներում փորձ ունեցող Սոնան նաեւ նշեց, որ իրենք միշտ հաշվի են առնում ոչ թե ժյուրիի, այլ Նադյայի կարծիքը. ՙՈրովհետեւ նա միշտ ազնիվ է, մեզ միշտ ասում է ճշմարտությունն ու ճիշտ խորհուրդներ է տալիս: Ինչպես միշտ, մեկնում եմ լավ տրամադրվածությամբ: Իրոք լավ ենք պատրաստվել: Ճիշտ է, բարդ է, որովհետեւ ամեն օր երեք անգամ փորձերի ժամանակ երգում ենք մոտ 10 երգ: Բայց դժվարությունը ոչինչ, մրցույթին մենք լավ կներկայանանք, որովհետեւ ներկայացնում ենք ոչ թե մեր կամ տիկին Նադյայի անձը, այլ հենց Հայաստան երկիրը եւ մեր դրոշի տակ ենք մտնելու բեմ՚:

Ի տարբերություն Սոնայի, փոքրիկ ԱՐԻՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, չնայած չունի միջազգային մրցույթների փորձ, բայց հուսով է, որ լավ կներկայացնի Հայաստանը:

Ն. Սարգսյանի խոսքերով` ժյուրին հետեւում է, թե ինչպես են մասնակիցները հարցազրույցներ տալիս: Դա հաշվի առնելով` որպես պրոդյուսեր մոսկովյան նախընտրական փուլի ժամանակ խորամանկ քայլ է արվել. ՙՍոնան կարողանում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներով հարցազրույց տալ: Ես էլ` որպես պրոդյուսեր, ուզում էի, որ նրանք իմանային, որ, բացի երգելուց, երեխաներն էլ ինչ գիտեն: Ուստի ասել էի, թե երգելուց հետո ինչ հարցեր էլ տան, իբր միամտորեն պատասխանի անգլերենով, ապա, ներողություն խնդրելով, անցնի ռուսերենի: Սոնան դա շատ լավ կատարեց: Այսինքն` նրանք հիմա գիտեն, որ ունեն երգչուհի, որն ազատ կարող է խոսել երկու լեզուներով եւ պահպանել իրենց մրցույթի որակը՚:

Հանդիպման ավարտին Ի. Վարդանյանը տեղեկացրեց. ՙԲոլոր մասնակից երկրները, որոնք պատրաստվել էին մեկնել Արտեկ, տպավորված էին մեր երեխաներով: Եվ արդեն խոսակցություններ էին գնում, որ մենք մեկնում ենք առաջին տեղի համար: Հուսամ, որ երեխաները հավաքված կլինեն, եւ իսկապես կվերադառնանք գլխավոր մրցանակներով՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում