livemarks sitemap
Կիրակի, Դեկտեմբերի 08, 2019

tmranyutXXI դարի համաշխարհային հիմնախնդրի` թմրամոլության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հիմնախնդրով զբաղվող տարբեր երկրների բազմաթիվ գիտնական-հետազոտողներ գտնում են, որ վերջին տասնամյակում երիտասարդության շրջանում թմրամոլությամբ հիվանդների թիվը մեծացել է տասից ավելի անգամ: Այսօր թմրամոլության տարածումը եւ  թմրանյութերի ապօրինի շրջանառությունը սերտորեն կապված են կազմակերպված հանցագործությունների, ինչպես նաեւ ահաբեկչության հետ, քանի որ թմրանյութերի անօրինական առեւտուրը դրա կազմակերպիչներին բերում է առասպելական եկամուտներ:

ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով` աշխարհում 200-250 միլիոն մարդ գոնե մեկ անգամ գործածել է արգելված թմրամիջոց, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված տարեկան եկամուտը կազմում է շուրջ 200 միլիարդ դոլար: Աշխարհում մարիխուանա է օգտագործում 156 մլն մարդ, սինթետիկ թմրամիջոցներ` 37 մլն մարդ, կոկաին` 13 մլն, իսկ հերոին եւ օփիում` 15 մլն մարդ:

Իսկ ի՞նչ աստիճանի է հասել թմրամոլությունը Հայաստանում, ովքե՞ր են ռիսկային խմբում, ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում թմրամոլության դեմ: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

- Պարոն Մինասյան, համեմատելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածը այս տարվա հետ` թմրանյութ իրացնողների եւ օգտագործողների շրջանում աճի, թե՞ նվազման միտում է գրանցվել:

- Սույն թվականի վեց ամիսների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է 575 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 871 դեպքի դիմաց: Գրանցվել է նվազում 296 դեպքով կամ 34 տոկոսով: Նախորդ տարվա վեց ամիսներին հայտնաբերված 124 վարչական իրավախախտումների դիմաց այս տարի իրավախախտումների 142 դեպք է գրանցվել: Ստացվում է`  ունենք հանցագործության դեպքերի նվազում, սակայն աճել են վարչական իրավախախտումները: Նշեմ, որ վարչական իրավախախտումների են ենթարկվում հիմնականում նրանք, ովքեր թմրամիջոցներ են գործածում առանց բժշկի նշանակման, որի համար նախատեսվում է վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում արդեն երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկի չափով:

Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 5կգ 586 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց. 18,8 գրամ հոգեմետ նյութ, 207,3 մլ պրեկուրսոր (բաղադրիչ, որն անհրաժեշտ է թմրամիջոց պատրաստելու համար): Նախորդ տարվա վեց ամիսներին համապատասխանաբար առգրավվել է 13կգ 42գրամ թմրամիջոց, 26,7 գրամ հոգեմետ նյութ եւ 668,4 մլ պրեկուրսոր: Առգրավված 5կգ 586 գրամ թմրամիջոցի գրեթե կեսը` 2կգ 442 գրամը, ափիոն տեսակի թմրամիջոցն է, որը ՀՀ է ներկրվում Իրանի Իսլամական Հանրապետությունից: Այս տարի ձերբակալվել են երեք հանցավոր խմբեր, որոնք մաքսանենգ ճանապարհով Իրանից ՀՀ էին ներկրում ափիոն տեսակի թմրամիջոց: Սուբուտեքս տեսակի թմրամիջոցը ՀՀ է ներկրվում Ֆրանսիայից:

2012թ. վեց ամիսների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության են ենթարկվել 319 անձ, որից 64-ը նախկինում եղել են դատապարտված, 11-ը` օտարերկրացի, 18-ը կանայք են եւ 1-ը` անչափահաս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում քրեական պատասխանատվության էր ենթարկվել 332 անձ, 4 անչափահաս, 7 կին:

- Տարիքային ի՞նչ միտում է նկատվում թմրանյութ օգտագործողների շրջանում:

- Հիմնականում ապօրինի շրջանառության մեջ ընդգրկված անձանց տարիքային կազմը 30-49 տարեկանն է: Վերջին տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում առանց բժշկի նշանակման թմրամիջոց գործածող անչափահասների թիվը չի գերազանցում 10-ը, որը աշխարհի մյուս երկրներում ունի աճի միտում:

- Դեղատներում կան հոգեմետ դեղեր, որոնք վաճառվում են միայն դեղատոմսերով, բայց հաճախ նույն դեղերը վաճառվում են նաեւ առանց դեղատոմսի: Արդյո՞ք հսկողություն  իրականացվում է դեղատների վրա  այդ առումով:         

- ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կառուցվածքում գործում է բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության եւ տարածման դեմ պայքարի բաժին, որի ծառայողները սերտորեն համագործակցում են ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան ծառայությունների հետ, որը պայմանավորված է ՀՀ օրինական ներմուծվող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ստացման, բաշխման ռեժիմի նկատմամբ հսկողությամբ` համաձայն ներկայացվող հաշվետվությունների:

- ՀՀ-ում ո՞ր թմրամիջոցներն են համարվում համեմատաբար ավելի մատչելի:

- Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության ՙՀոգեբուժական բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ը նարկոլոգիական կլինիկայի եւ ՀՀ ԳԱԱ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ պետական ոչ առեւտրային կազմակերպության ներկայացված տվյալների` նվազել է ներերակային եղանակով թմրամիջոց  գործածողների թիվը, որը աշխարհի մյուս երկրներում աճի միտում ունի: 2012թ վեց ամիսների ընթացքում հաշվառման վերցված առանց բժշկի նշանակման թմրամիջոց գործածող 500 անձանցից 303-ը կամ 60,6 տոկոսը գործածել են կանաբիսի (մարիխուանա, հաշիշ) խմբի թմրամիջոց, ափիատների (ափիոն, հերոին) խմբին պատկանող թմրամիջոցներ են գործածել 180 անձ կամ 36 տոկոսը եւ 17 հոգի կամ 3,4 տոկոսը սինթետիկ (կոդեին, մեթադոն եւ այլն) խմբի պատկանող թմրամիջոց, այսինքն` այն թմրամրամիջոցները, որոնք պատրաստվում են քիմիական եղանակով:

Մատչելիության եւ հասանելիության առումով հիմնականում դա կանեփի բույսից ստացվող մարիխուանա տեսակի թմրամիջոցն է: Իսկ այն թմրամոլները, որոնք ափիոնային կախվածության մեջ են, իրենց գործածման համար թմրամիջոցը (դեզոմորֆին տեսակի) տան պայմաններում են պատրաստում: Դրա հիմքում է ցավազրկող դեղամիջոցը, որը իր բաղադրության մեջ պարունակում է կոդեին տեսակի թմրամիջոց, վերջինս սինթեզելով բենզինի, լուցկու գլխիկների եւ տեխնիկական թթվի հետ, ստանում են դեզոմորֆին տեսակի թմրամիջոցը: Այն առաջին իսկ գործածումից մարդուն գցում է կախվածության մեջ եւ, աստիճանաբար քայքայելով մարմինը, բերում է մահվան:

ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 763 որոշմամբ 10 մգ եւ ավելի կոդեին պարունակող բազմաբաղադրատարր դեղերը մտել են ՙՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմի թիվ 3 ցուցակ՚, որոնց շրջանառության հսկողության նկատմամբ սահմանվում են որոշակի պայմաններ, այսինքն` բաց են թողնվում համապատասխան դեղատոմսերով:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում