arjԷլ կայքերում եւ սոցիալական ցանցներում օրերս նոր հայտարարություններ եղան այն մասին, թե մի խումբ մարդիկ մտել են Վայոց Ձորի մարզում գտնվող ՙԱրջերի քարանձավ՚ ու վնասել սենյակների սալիկները:

Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության՚ ՊՈԱԿ-ի տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով օգնական ՄԱՐԻՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ եւ ստացանք հետեւյալ պատասխանը.  

-ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության՚ ՊՈԱԿ-ի ՙԱրփի՚ բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, ՙԳլաձորի համալսարան՚ պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը, ինչպես նաեւ Գնիշիկի գյուղապետարանի պատասխանատու ներկայացուցիչը հուլիսի 21-ին եղել են քարանձավում: Նրանք արձանագրել են, որ քարանձավի դուռը փակ է, քարանձավի ներսի առաջին դահլիճում կոտրած կամ տեղաշարժված նոր ստալագմիդներ չեն հայտնաբերվել: Քարանձավի ներսում` հատակի վրա, որեւէ ոտնահետք եւս չի հայտնաբերվել: Ի դեպ, քարանձավի մուտքի ճաղերը եւ շրջակայքը ծածկված է եղել սարդոստայնի ցանցով: Ա. Հայրապետյանը, Բ. Քոչարյանը զրուցել են նաեւ Մոզրով համայնքի (քարանձավը գտնվում է այդ համայնքի տարածքում) բնակիչների հետ, ովքեր հաստատել են, որ վերջին հինգ ամիսների ընթացքում որեւէ այցելու չեն տեսել: Այցելության առիթով կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են ՙԱրփի՚ բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, ՙԳլաձորի համալսարան՚ պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը, Գնիշիկի գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանը:

Հետեւաբար, հայտարարությունները, թե ՙԱրջերի քարանձավ՚ մարդիկ են մուտք գործել ու սալիկներ ջարդել, կեղծ են ու շինծու: ՙՉենք լռելու՚-ի սուտ հայտարարություններն անպատասխան չեն մնալու: Ավելին`  ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ը եւս չի լռելու, մանավանդ, որ սա առաջին դեպքը չէ  եւ կդիմի դատախազություն` հայտարարությանն օրինական ընթացք տալու համար:


Ռ. Թ.