livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

cascadԿասկադում ՙԳաֆեսճյան՚ հիմնադրամի իրականացրած շինարարական աշխատանքներին վերջն այդպես էլ չի երեւում: Թե' մայրաքաղաքի բնակիչներին, թե' հյուրերին հետաքրքրում է, թե երբ վերջնական տեսք կունենա Կասկադը: ՙԳաֆեսճյան՚ արվեստի կենտրոնից պատասխանել էին, որ ավարտվել է աշխատանքների առաջին փուլը, եւ շուտով կսկսվի երկրորդը. սպասում են ամերիկյան դիզայնավորողներին:  

Չնայած պարզաբանումներին` Կասկադի հետ կապված հարցերը դեռ շատ են, եւ հույս ունեինք, որ արդեն մեր քաղաքային մարմինները կպատասխանեն դրանց:

Իսկ մեր հարցերը հետեւյալներն էին.

ՙՆախքան ՙԳաֆեսճյան՚ հիմնադրամի կողմից գտնվելը, ո՞ր գերատեսչությանն էր պատկանում Կասկադը: Եթե գտնվում էր քաղաքապետարանի ենթակայության տակ, ապա ի՞նչ պայմանագիր է կնքվել, քանի՞ տարով, ի՞նչ պարտավորություններ է ստանձնել սեփականատերը եւ  արդյոք կատարե՞լ է դրանք: Կասկադի ներկայացուցիչները նշում են, որ Կասկադի շինարարությունն ավարտելու համար սպասում են ամերիկացի դիզայներների նախագծին: Որքանո՞վ է այդ դիզայնը հարազատ լինելու քաղաքի կենտրոնի թամանյանական կերպարին: Եթե տարածքը այլ գերատեսչության ենթակայության տակ է եղել, կառույցի, Կասկադի նկատմամբ քաղաքապետարանը որեւէ վերահսկողության հնարավորություն չունի՞՚:

Իսկ հարցերն ուղղել էինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանին:

Եվ ահա, երեկ ստացանք հետեւյալ պատասխանը. ՙԻ պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ ներկայումս իրականացվում է մայրաքաղաքում առկա  կիսակառույց եւ հողամասը նպատակային չօգտագործվող տարածքների գույքագրում:

Այս համատեքստում, համաձայն օրենքով սահմանված կարգի, մշակվում են ընդհանուր մոտեցումներ բոլոր կառուցապատողների նկատմամբ: Գույքագրման գործընթացի ավարտից հետո արդյունքների մասին  հանգամանալի տեղեկատվություն կտրամադրվի, քանի որ ձեր բարձրացրած` ՙԿասկադ՚ համալիրի թեման այս շրջանակում  է:

Նշենք նաեւ, որ Երեւանի ՙՓոքր կենտրոնի՚  կառուցապատման կանոնակարգման վերաբերյալ ՀՀ  վարչապետի որոշմամբ  ստեղծվել է  աշխատանքային խումբ, որի ղեկավար է նշանակվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը:  

Աշխատանքային խումբն իրեն տրված գործառույթների շրջանակում  համալիր անդրադարձ է կատարելու Երեւանի ՙՓոքր կենտրոնին՚ առնչվող խնդիրներին, այդ թվում նաեւ` Երեւանում առկա կիսակառույց եւ անավարտ շինություններին, հողամասերի ոչ նպատակային  օգտագործմանը՚:

Իհարկե, ընթերցողն էլ հասկացավ, որ մենք չենք ստացել մեր բոլոր հարցերի պատասխանները: Իսկ ՙցրելու՚ նմանվող այս պատասխանը բավականին տարօրինակ է մի քանի նկատառումներից ելնելով: Դրանց թվում, անշուշտ, առաջինն այն է, թե ինչ կառույցի մասին է խոսքը: Ընթերցողին, թերեւս նաեւ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցներին հիշեցնենք, որ Կասկադը համարվում է թամանյանական Երեւանի հիմնաքարերից մեկը, ինչքան էլ որ դրա ամբողջական տեսքի բերելը ուշանում է: Ըստ այդմ էլ տրամաբանական կլիներ, մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի այս յուրօրինակ հատվածը պետք է ոչ միայն մշտապես գտնվեր քաղաքային եւ նույնիսկ հանրապետական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այն աստիճան, որ նրանք պետք է ամեն օր, ամեն ժամ ՙխեղդեին՚ կառուցապատողին, թե այս ինչու եք ձգձգում ձեր ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչու այս օրը գրաֆիկից այսքան ետ մնացիք եւ այլն: Իսկ ահա քաղաքապետարանից մեզ տրամադրված պատասխանից մնում է ենթադրել, որ այս կառույցի համապատասխան աշխատակիցները ոչ միայն չեն շտապեցնում, այլ նույնիսկ իրենք էլ պատկերացում չունեն Կասկադի շինարարության ծրագրի պայմաններից ու ժամանակացույցից, եւ պետք է գույքագրեն, որ նոր միայն հասկանան, թե որը որից հետո է: Եվ ավելին, որ Կասկադը ոչ միայն բերել, հավասարի մեջ են դրել մայրաքաղաքի ՙՓոքր կենտրոնի՚  կառուցապատման մյուս օբյեկտների հետ` համարելով, որ պետական նշանակության Կասկադ համալիրի թեման ՙայս շրջանակում  է՚:

Մի խոսքով, երբ բերում եւ Կասկադը դնում են ՙՓոքր կենտրոնի՚ մի սովորական ՙէլիտար՚ այլանդակության կողքին, ապա էլ ինչու զարմանանք, որ մայրաքաղաքի կենտրոնի այս խորհրդանիշերից մեկը կառուցապատողը փորձում է դիզայնավորել ամերիկյան ոճով եւ, ինչպես իրենք են ասում, սպասում են այնտեղի դիզայներներին: Մինչդեռ մեծ հարց է, թե ո՞ւմ է պետք ամերիկյան դիզայնով Կասկադը եւ այդ դիզայնի արդյունքում չէ՞ր, որ բերեցին, ինչ-որ անկապ սեւ կատու ցցեցին Երեւանի կենտրոնում...

Ի դեպ, մայրաքաղաքային իշխանությունների այս նույն անտարբերության արդյունքում էր, որ Երեւանն արդեն իսկ կորցրել է իր երբեմնի դիմագծային եւ կոլորիտային դիմագիծը կազմող մի շարք շինություններ, ու թեեւ ժամանակին քանիցս է անիծվել նման հանցավոր անտարբերությունը, պարզվում է, որ մեկ է, ոչ ոք չի էլ մտածում այդ ամենից դաս առնել:

Իսկ քաղաքապետարանից, այնուամենայնիվ, հուս ունենք ստանալ մեր վերոհիշյալ կոնկրետ հարցադրումների պատասխանը: Թե չէ ստացվում է, որ պարզապես փորձում են այդ ամենը ծածուկ պահել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում