livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

socpatetԻնչպես հայտնի է, ՀՀ կառավարության որոշման հիման վրա բոլոր քաղծառայողներին մեր իշխանությունները, այսպես կոչված, սոցփաթեթ են նվիրում, ըստ որի այդ ծառայողները պետության հաշվին իրավունք ունեն ամեն տարի հանգստի մեկնել ՀՀ-ի տարածքում եւ Արցախում, ինչպես նաեւ բուժօգնություն ստանալ որոշակի գումարի չափով: Փաթեթի արժեքն է 132 հազար դրամ, որից 52 հազարը նախատեսված է բուժզննման, իսկ մնացածը` հանգստի համար:

Ըստ այդ որոշման, պետբյուջեից տարեկան դուրս է գրվում մոտ 10 միլիարդ դրամ: Քաղծառայողները իրենց հասանելիք գումարի համար կնքում են մեկ տարվա պայմանագիր, իսկ տվյալ տարում չօգտագործվելու դեպքում այն չի կուտակվում եւ, բնականաբար, ետ է գնում պետբյուջե:

Ինչ խոսք նախաձեռնությունը ողջունելի է, քաղծառայողները ստանում են գոնե մի քանի օր հանգստանալու հնարավորություն, իսկ ներքին տուրիզմի ակտիվացման հաշվին վերակենդանանում են մեր հանգստյան տները: Սակայն, երբ հերթականությամբ նայում ենք, թե պետական աշխատողը ինչ քաշքշուկների մեջ կարող է հայտնվել, ենթադրենք մի քանի օրով հանգստի մեկնելու համար, ստեղծված իրավիճակը ավելի պարզ կլինի: Եվ այսպես, երբ քաղաքացին ցանկություն է հայտնում օգտվել իր հասանելիք հանգստից, ապա առաջին հերթին պարտադիր պետք է դիմի միջնորդ տուրիստական ընկերություններին, որոնք մրցութային կարգով շահելով տենդերը, հանդիսանում են կապող օղակ հանգստյան տների եւ հանգստացողների միջեւ: Երեւի մեր կառավարությունում համոզված են, որ առանց այդ միջնորդների մեր քաղաքացիները հանգստյան տների տեղը չգիտեն: Ի դեպ, այդ միջնորդ տուրիստական ընկերությունները ընդամենը վեցն են, որոնք իրականացնում են վերը նշված "բարդագույն" գործառույթը, դրանք են`

1. ""Ռումեա" գայթակղիչ ճամփորդությունների ակումբ" ՍՊԸ

2. Armenia travel Bureau

3. "Sputnik" ՍՊԸ

4. Armane tour opearator

5. Geographic travel club

6. "Erkir Nairi" ՍՊԸ"

Նշենք, որ մեր քաղաքացիները անգամ այդ վեցի միջեւ ընտրություն կատարելու իրավունք չունեն, դրանք տարածքային առումով կցված են այս կամ այն միջնորդին: Վերջիններս ունեն գրասենյակներ միայն Երեւան քաղաքում եւ որ ամենակարեւորն է, յուրաքանչյուր քաղաքացուն սպասարկելու համար ստանում են ուղեգրի 10-20 տոկոս միջնորդավճար: Բացի այդ, քաղաքացիներից պահում են 20 տոկոս հարկեր: Այսինքն ի՞նչ է ստացվում, պայմանականորեն ասած, եթե հաճախորդի հասանելիք գումարը կազմում է 80 հազար դրամ, ապա դրա մինչեւ 40%-ը այս ընկերությունները դնում են իրենց գրպանները եւ արդյունքում ստացվում է, որ քաղաքացին իր հասանելիք հանգստից, եթե կարող էր օգտվել օրինակ` 10 օր, ապա տվյալ դեպքում կհանգստանա մինչեւ 6 օր:

Այս ամենից զատ, այդ, ըստ էության, ոչինչ չանող տուրիստական ընկերությունները շատ դեպքերում իրենց քմահաճույքով են քաղաքացիներին ուղարկում հանգստի այս կամ այն վայրը, այսինքն, կնքելով պայմանագիր ՀՀ տարբեր հանգստյան տների հետ, առաջին հերթին շահագրգռված են մարդկանց ուղարկել այնտեղ, որտեղ գները բարձր են, կամ սպասարկումը թանկ է եւ տվյալ դեպքում, կրկին անգամ, արդեն կրկնակի ձեւով տուժում է ո՞վ, դե, իհարկե`քաղաքացին: Եվ արդյունքում, բացի հարկերի ու միջնորդավճարի պահումը, տվյալ անձը վեց օր հանգստանալու փոխարեն հազիվ կկարողանա հանգստանալ երեք օր: Էլ չենք ասում այն քաշքշուկները, որը առաջացրել են պետությունից "օգտվողների" համար, քանի որ ինչպես արդեն ասացինք, բոլոր այդ ընկերությունները կենտրոնացված են Երեւանում, մարզերի բնակիչները ստիպված են լինում հեռավոր շրջաններից բանուգործը թողած վազել մայրաքաղաք, ժամերով փնտրել տուրիստական օֆիսները, արագ-արագ պայմանագիր կնքել, որ չուշանան իրենց տրանսպորտից, որպեսզի տուն հասնեն: Հաճախակի են դեպքերը, երբ մարզերի բնակիչները մի քանի անգամ ստիպված են  գալ Երեւան`միջնորդներից ուղեգիր ստանալու համար: Ինչ վերաբերում է հանգստյան տների տնօրինությանը, ապա նրանք ստիպված են "ջերմ" հարաբերություններ ձեւավորել միջնորդ ֆիրմաների հետ, որպեսզի իրենց մոտ ուղարկեն հանգստացողներին: Բացի այդ, հանգստյան տները ընդունում-ճանապարհում են ուղեգրերով հանգստացողներին, իսկ գումարը լավագույն դեպքում հասնում է մեկ-երկու ամիս անց: Թե ինչ միջոցների հաշվին հանգստյան տները պետք է ընդունեն հանգստացողներին, պարզ չէ: Ահա թե ինչ կարգով է իրականացվում կառավարության որոշումը:

Այսքանից հետո այդպես էլ անհասկանալի է, թե ինչու կառավարությունը չգնաց ամենապարզ ճանապարհով. չէ որ ավելի հեշտ կլիներ քաղծառայողներին բաժանել իրենց հասանելիք ուղեգրերը (վաուչերները), իսկ վերջիններս արդեն կներկայացնեին դրանք իրենց նախընտրած հանգստյան տներին: Ճիշտ է, այդ դեպքում չէին օգտվի միջնորդ ֆիրմաները, իսկ գուցե այստե՞ղ է քաշքշուկներ սարքելու գաղտնիքը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում