architectorՙՀսկայական այդ շենքերը բանտի կառուցվածքով են կառուցել ու այնպիսի գներ են սահմանել, որ տարիներով դատարկ են: Ես այդ շենքերի մեջ ոչ մի գեղեցկություն չեմ տեսնում: Բլոկ, քառակուսի մեծ շենքեր են, որոնց ներքնամասում ՙշիկ՚ խանութներ են, եւ մարդիկ իրենց լավ են զգում այդ փողոցով զբոսնելիս…՚: Սա մի հատված է Հայաստանում գտնվող քանդակագործ ՎԱԶՐԻԿ ՄԱՆԱՍՍԻԱՆԻ ՙ168 ժամ՚-ին տված  հարցազրույցից, եւ նկատի ունի Հյուսիսային պողոտան, որը ոմանց համար պարծանքի աղբյուր է: Ի դեպ, հատկապես ամառվա տապին զարմանքով տեսնում ենք, թե ինչպիսի հաճույքով են ոմանք զբոսնում այդ` դամբարան հիշեցնող փողոցներով: Եվ հաճույք ստացողներն այնքան շատ են, որ պարզապես անհնար է արագ քայլել: Ընդ որում, այդ տարածքում զբոսնողների մեծ մասը ո'չ այդ բնակարաններից է օգտվում, ո'չ էլ ֆիրմային խանութներից:

Քանդակագործը կատակով նկատում է, որ մարդիկ փոխվել են, բայց հագուստով. ՙԲոլորը մոդայիկ են հագնվում, եւ տպավորություն է, որ մոդան է իրենց ղեկավարում: Մարդը կորցնում է իր մարդկային տեսակը, էությունն ու ազգությունը, որն ինձ համար շատ ցավալի է: Աղջիկները շատ բարձր կրունկներով կոշիկներ են հագնում, ՙզոռով՚ քայլում են` առանց մտածելու, որ մատների վրա այդքան ուղիղ քայլելով` ոսկորները ձեւախեղվելու են, հազար հիվանդություն են ստանալու: Եվ հետո` տանջանք է դրանց վրա քայլելը՚: Ըստ քանդակագործի, մոդան ստեղծվել է նրա համար, որ որեւէ արտադրանք մեծ փողեր բերի, իսկ ժողովուրդն իր ունեցածն այդ կերպ նվիրում է դրսի կուտյուրեներին. ՙԱմբողջ աշխարհում մոդան մասսաներին քնացրել, դարձրել է ոչխար: Մարդիկ հագուստը դարձրել են արժեք:  Դա բացարձակ դատարկություն է... Ակամայից հետեւում ես դրսից ինչ-որ մեկի երեւակայությանը, որը փուչիկ է ու անընդհատ պայթելու սովորություն ունի: Իսկ որտե՞ղ է քո ստեղծագործությունը. պարզվում է` չկա, որովհետեւ դու քո ողջ ներուժը վատնում ես ուրիշի ստեղծածը գնելու վրա... Անկարեւոր բաները դառնում են կարեւոր, ինչպիսին մարդու հագուստն է, իսկ կարեւորները մոռացվում են...  Զարմանում եմ, թե այս փոքրիկ քաղաքում որքան թանգարաններ, ակադեմիաներ, համալսարանական շենքեր, մշակույթի կենտրոններ կան: Այդ պարզ բանը վկայում է, որ փոքրիկ այս պետության մեջ հսկայական գիտելիքի պաշար եւ մշակութային արժեքներ կան՚: Բայց. ՙՈւմ տեսնում ես` զբաղված է բջջային հեռախոսով խոսելով: Չգիտեմ` առաջ, երբ այդ հեռախոսը չկար, ինչպե՞ս էր, դժբա՞խտ էին մարդիկ: Հիմա մարդիկ արագ իրար գտնում են, բայց, որ գտնում  են` ի՞նչ: Իրար գտնում են ու սկսում են բջջային հեռախոսներով խոսել՚:

 

Ռուսլան Թաթոյան