dogԱրդեն շատ է խոսվում, որ վերջին ժամանակներս ոստիկանության աշխատակիցները, հատկապես երեկոյան ժամերին Երեւանի օբյեկտներում պարբերաբար ստուգայցեր են անցկացնում, շատ դեպքերում նաեւ զինված, շների հետ:

Ստուգումները կայանում են հետեւյալում` ոստիկանները կանգնում են բարի մուտքի մոտ, հետեւում ներս մտնող հաճախորդներին, իսկ հետո հատուկ շներով մտնում բար, որ շները սեղանների տակ հոտոտեն: Այդ ամենը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Սկսած նրանից, թե ինչ-որ ահաբեկիչների են փնտրում, կամ` ռումբ, վերջացրած կալանավայրից փախած հանցագործով, զենք-զինամթերքով, թմրանյութի խոշոր քանակությամբ եւ այլն:

Վերոնշյալի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից մեզ ընդամենը տեղեկացրին. ՙՈստիկանությունը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, որոնք ուղղված են մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելուն, հասարակական կարգի պահպանմանը, ինչպես նաեւ հանցագործությունների կանխմանը՚: Մի կողմից այս պնդումն անուղղակիորեն հաստատում է, որ ոստիկանական նման ակտիվ աշխատանք, այնուամենայնիվ, կա: Սակայն մյուս կողմից էլ հարց է ծագում, որ եթե խնդիրը միայն ՙմեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելն՚, ապա ինչո՞ւ հենց հիմա այդ ստուգայցերն այդքան ակտիվացան: Ի՞նչ է, ասենք մեկ ամիս առաջ էլ չէի՞ն ցանկանում նույն ակտիվությամբ մարդկանց անվտանգությունն ապահովել, թե՞ հիմա է, որ դրա կարիքը կա, այսինքն` մարդկանց վտանգ է սպառնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ