gnackՄենք` հայերս, վերջին 20 տարիներին մի տեսակ վարժվել ենք ամեն ինչի եւ այդ ընթացքում, թվում է, թե հասցրել ենք կորցնել զարմանալու կարողությունը: Բայց հաճախակի այնպիսի ՙհանճարեղ գլուխգործոցների՚ ենք բախվում, որ վաղուց կորսված զարմանքի զգացողությունը նորից եւ նորից է իրեն զգացնել տալիս: Զորօրինակ, ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերության վերջին ՙբարեգործությունը՚:

Այսպես` օրեր առաջ բավականին ճոխ քարոզչական արշավի ականատեսը եղանք, թե հիշատակված ընկերությունը վերանորոգման աշխատանքներ է կատարել Մանկական երկաթուղում: Իհարկե, լավ է, որ մեր երկաթուղային մոնոպոլիստը նաեւ երեխաների մասին է մտածում: Բայց ահա ինչի ականատեսը եղանք օրերս, երբ որոշեցինք տեսնել ՙՀարավկովկասյան երկաթուղու՚ այդ ՙբարեգործության՚ պտուղները:

Առաջին բանը, որը վկայում էր ընկերության արածի մասին, պատերից մեկին փակցված ցուցանակն էր (տե'ս լուսանկարը), որը հպարտորեն ազդարարում էր, թե Մանկական երկաթուղին այս տարի ՙվերակառուցվել է Հարավկովկասյան երկաթուղու կողմից՚: Բնականաբար, այդ գրվածքը ստիպում է միանշանակ մտածել, թե խոսքը ողջ տարածքի մասին է: Սակայն նույն պահին էլ մի տեսակ կասկածներ առաջացան այն պատի տեսքից, որի վրա փակցված է ընկերության մեծագույն ՙբարերարության՚ հավաստիացումը հանդիսացող այդ ցուցանակը: Պատկերացրեք` ցուցանակը փակցված է մի պատի վրա, որը ժամանակին աղտոտել են ինչ-որ մակագրություններով: Այդ ամենը մաքրելը, իհարկե, ոչ մի խնդիր չէր: Սակայն, երբ ընկերությունը վերցնում եւ իր անվամբ ցուցանակը փակցնում է աղտոտված պատին, ապա դա առնվազն երկու բան է վկայում: Առաջինը, երբ ընկերությունն իր անունը փակցնում է ամեն մի կեղտոտված պատի, ապա դժվար չէ ենթադրել, թե ինչքան է մտածում այդ անվան հեղինակության մասին: Եվ, երկրորդը. այդ ինչպե՞ս են Մանկական երկաթուղին վերակառուցել, եթե ափսոսացել են մի քանի կոպեկ ծախսել եւ պատը մաքրել:

Եվ ահա այդ կասկածներն էլ ստիպեցին փորձել գլուխ հանել, թե իրականում ի՞նչ է արել ՙՀարավկովկասյան երկաթուղին՚:

Այգու սեփականատեր ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ փոքր-ինչ շփոթված ասաց. ՙՄենք համագործակցել ենք բանկի հետ, վերջինս մեզ գումար է տրամադրել, եւ մենք վերանորոգման աշխատանքներ ենք կատարել Մանկական երկաթուղում: Ինչպես տեսնում եք, այգին իդեալական վիճակում է: 2009թ. նոր կարուսելներ ենք ներկրել Իտալիայից: Ասֆալտապատումը, կանաչապատումը, դեկորատիվ ծառերի տեղադրումը, այն ամենը ինչ տեսնում եք, մենք ենք կատարել: ՙՀարավկովկասյան երկաթուղին՚ միայն մի գնացք է վերանորոգել, ուրիշ ոչինչ: Մենք ենք կատարում նաեւ կայարանի վերանորոգումը, որը շուտով կավարտենք՚:

Փաստորեն, ի՞նչ է ստացվում, որ ՙՀարավկովկասյան երկաթուղին՚ պարզապես մի գնացքի վրա մի քիչ ներկ է քսել եւ դա փորձում է ներկայացնել որպես այգու վերանորոգո՞ւմ: Բացատրություններ ստանալու համար դիմեցինք նաեւ ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանին:

Մեր այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներ է կատարել ՙՀարավկովկասյան երկաթուղին՚ Մանկական երկաթուղում, ի՞նչ ֆինանսներ են ծախսել եւ ինչպե՞ս կբացատրեն վերանորոգումից հետո փակցված ցուցանակի վրա ՙմասնակի՚ բառի բացակայությունը, Վահե Դավթյանը պատասխանեց. ՙՄանկական երկաթուղում մենք հիմնականում կատարել ենք ենթակառուցվածքի վերանորոգմանն ուղղված աշխատանքներ: Խոսքը 1,2 կմ երկաթուղային պաստառի մասին է: Ինչպես նաեւ, վերանորոգել ենք շարժակազմը` լոկամոտիվն իր երեք վագոններով: Կատարել ենք նաեւ որոշակի էսթետիկ բնույթի աշխատանքներ: Խոսքը հին շոգեքարշի վերանորոգման մասին է, որը, որպես նմուշ, անշարժ տեղակայված է Մանկական երկաթուղու տարածքում: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա այժմ ես կոնկրետ բյուջե չեմ կարող նշել` ելնելով հետեւյալ պատճառներից. մենք այդ ամբողջ վերանորոգման աշխատանքները կատարել ենք սեփական բազաների հիման վրա, այսինքն փոխել ենք կոճղերը, ծախսել ենք որոշակի քանակությամբ ներկ, մեխանիզմ եւ այլն: Բայց մենք ոչ թե գնումներ ենք կատարել, այլ օգտվել ենք սեփական բազայից: Եւ մի բան էլ, Մանկական երկաթուղին չի գտնվում ՙՀարավկովկասյան երկաթուղու՚ բալանսի վրա, մենք պարզապես որոշում կայացրեցինք վերանորոգման աշխատանքներ իրականացնել` բարեգործական նպատակներով՚:

Հասկանալի է, որ տարածքի սեփականատիրոջ եւ երկաթուղային ընկերության ներկայացուցչի խոսքերում կա բավականին լուրջ հակասություն: Սակայն այսպահին խնդիրը դա չէ: Ամեն դեպքում, ՙՀարավկովկասյան երկաթուղու՚ ներկայացուցիչն էլ է պնդում, որ իրենք Մանկական երկաթուղում միայն մասնակի աշխատանքներ են արել, այն էլ` ունեցած նյութատեխնիկական բազայի հաշվին: Թե այդ ամենը ընկերության հաշվետվություններում ինչ ֆինանսական տեսք կունենա, ինչ-որ մեկը այդ ամենինց ՙլեւի՚ եկամուտներ ունեցել է, թե ոչ, դա էլ երկաթուղու խնդիրն է: Բայց, խոստովանենք, որ մասնակի աշխատանքները` որպես Մանկական երկաթուղու վերակառուցում ներկայացնելը, մեղմ ասած, տգեղ բան է:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ