gomikՙԶարուհին՚ արդեն տեղեկացրել էր, որ Երեւանում Գերմանիայի դեսպանատունը եւ ԵՄ պատվիրակությունը Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում հոկտեմբերի 15-16-ին կազմակերպելու են միասեռականների իրավունքների պաշտպանություն քարոզող ՙParada՚ ֆիլմի ցուցադրությունը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ֆիլմը գեղարվեստական է, եւ այն ցուցադրելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ-ի հետ, ու թատրոնի ղեկավարությունը չի դրժի ֆիլմը ցուցադրելու իր խոստումը եւ պայմանագիրը: Բայց, իհարկե, եթե վերեւից չստիպեն, որովհետեւ, բոլոր դեպքերում, պետական կառույցին ենթակա համակարգ են: Ավելին, Ռ. Բաբայանն ասել էր. ՙՎաղը, մյուս օր կարող են ուրիշ ֆիլմ արգելել. Վիսկոնտիի, հետո` Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը արգելեն: Ես չեմ կարծում, որ այն հարցերը, որոնք վերաբերում են արվեստին, պետք է լուծվեն ցույցերով կամ նման ձեւի ակցիաներով: Կարծում եմ` պետք է դիտել այդ ֆիլմը եւ հետո կազմակերպել քննարկում, որտեղ յուրաքանչյուրն իրավունք կունենա արտահայտել իր կարծիքը՚:

Ամեն դեպքում չմոռանանք, որ Տիկնիկային թատրոնը մի հաստատություն է, որտեղ մատաղ սերունդն է հաճախում, ու ամենեւին էլ պարտադիր չէ, որ թումանյանական հերոսների կողքին հայտնվեն իրենց 21-րդ դարի հերոս հորջորջող միասեռականները:

Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացանք Մշակույթի նախարարությունից, ֆիլմը չի ցուցադրվելու: Իսկ ավելի ուշ Մշակույթի նախարարությունից ստացանք հետեւյալ պատասխանը. ՙՏեղեկացնում ենք, որ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, հոկտեմբերի 15-16-ին ՙPARADA՚ ֆիլմի ցուցադրության վերաբերյալ թատրոնի  տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի նախնական բանավոր համաձայնության մասին ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկատվություն չի ունեցել, ինչն էլ պարտադիր պայման չէ՚:


Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ