dserkՕրեր առաջ մենք տեղեկացրեցինք, որ Գրողների միության կանաչ տարածքի հաշվին վերջինիս պատվերով գրախանութ է կառուցվում: Բայց ի զամանս մեզ նույնիսկ այս տեղեկատվությունից հետո մեր աղաղակասեր  բնապահպանները դարձյալ լռում են: Այսինքն` մեր բնապահպանները զբաղվում են ինչով ասես, բացի իրենց պարտականությունները կատարելուց:

Վերջերս ՙԷկոլուր՚ կազմակերպությունը, որը ստեղծված է էկոլոգիական խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաեւ դրանց լուծմանը նպաստելու, ստորագրել է մի փաստաթուղթ, որպեսզի հոմոսեքսուալների մասին նկարահանված ՙՊարադա՚ ֆիլմի ցուցադրման թույլատվություն լինի Հայաստանում: Փաստորեն համասեռամոլների պաշտպանությունը ավելի մեծ էկոլոգիական խնդիր է համարվում, քան թե կանաչ տարածքի ոչնչացո՞ւմը: Քանի որ ոչ մի արձագանք չեղավ` որոշեցինք ինքներս կապ հաստատել էկոլոգիական խնդիրները ՙբարձր դասող՚ ՙԷկոլուր՚ կազմակերպության հետ եւ պարզվեց. ՙԵս տեղյակ չեմ, ինչի, կանաչ տարածքը արդեն զավթվե՞լ ա,Գրողների միության մո՞տ: Վայ, չէ, մենք տեղյակ չենք, մենք ձեզանից ենք առաջին անգամ տեղեկանում՚: Իսկ մեր այն հարցին, թե կարող են արդյոք ինչ-որ մեկի հեռախոսահամարը տալ, ով փոքր-ինչ իրազեկ կլինի այս խնդրին, տիկինը պատասխանեց. ՙԵթե ես տեղյակ չեմ, ուրեմն ես չգիտեմ ով է տեղյակ, ես միայն կարող եմ խորհուրդ տալ դիմել քաղաքապետարան՚:

Պատկերացրեք` մենք հենց այդպես էլ վարվեցինք, դիմեցինք քաղաքապետարան, որտեղից պարոն Գեւորգյանը մեզ բանավոր տեղեկացրեց. ՙՃիշտն ասած, ես տեղյակ չեմ կատարվածին, բայց կարող եմ ասել, որ պարոն Անանյանը նպաստավոր բան է արել, քանի որ այդտեղ ավելի նկատելի կլինի բոլորի համար, եւ օգտվողները ավելի շատ կլինեն՚: Այսինքն` քաղաքապետարանի աշխատողը սատարում է պարոն Անանյանին, մինչդեռ այս տարվա սկզբին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարություն էր արել, ու այլեւս կանաչ տարածքի հաշվին ոչ մի շինություն չի կառուցվելու: Ի դեպ նշեմ, որ հենց Գրողների միության շենքում բազմաթիվ տարածքներ են տրամադրվում վարձակալությամբ: Եվ արդյոք Գրողների միությունը ֆինանսապես այնքան է ապահովվա՞ծ է, որ իրեն թույլ տա դրսում գրախանութ բացել, այն էլ կանաչ տարածքի հաշվին եւ փչացնելով Գրողների միության շենքի ճարտարապետական տեսքը: Այսինքն` քաղաքապետարանի աշխատողներին կողմնորոշվել է պետք, թե չէ այսպես ո՞նց կլինի: Գուցե որոշ ժամանակ անց մեր բիզնեսմենները հասկանան, որ գումար վաստակելու ավելի հարմար տարբերակ չկա, քան գրախանութ բացելը, քանզի այս դեպքում իրենց նախընտրած եւ կանաչ տարածքը ձեռք կբերեն, եւ շատ հանգիստ քաղաքապետարանի թողտվությամբ իրենց շինությունը կկառուցեն, հետո ինչ, կանաչ տարածքի փոխարեն տգեղ տաղավարներ են բուսնում...

Բնականաբար, առաջիկայում կներկայացնենք նաեւ ճարտարապետների կարծիքը:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ