livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

payԵվ այսպես, Հայաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ՙՆվազագույն ամսական աշխատավարձի մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Արդյունքում` 2013թ. հունվարի 1-ից մեր երկրում նվազագույն աշխատավարձը կդառնա 35000 դրամ` ներկայիս 32500-ի փոխարեն:

Օրինագիծը ԱԺ-ում բուռն քննարկումների տեղիք տվեց: Թե խորհրդարանական որ խմբակցությունը ինչ դիրքորոշում է ներկայացրել, այս օրերին լայնորեն լուսաբանվել է, ու, երեւի կրկնելու խնդիր չկա: Այնուամենայնիվ, նկատենք, որ հիմնական կողմ եւ դեմ տեսակետները հետեւյալներն էին: Առաջին հերթին քննադատվում էր նվազագույն աշխատավարձն ընդամենը 2500 դրամով բարձրացնելու փաստը, քանի որ ընդդիմախոսները պնդում էին, թե պետք է շատ ավելի բարձր աճ լինի, ընդհուպ նվազագույն աշխատավարձը հասցվի 55-60 հազար դրամի: Դա իր տրամաբանությունն ունի: Նկատենք, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրական տվյալներով այս տարի Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 55 հազար դրամի կարգի է: Ընդ որում, ամսական նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 31 հազար դրամի կարգի է, եւ դրանում ներառված են հետեւյալ սննդամթերքները. օրական կտրվածքով` 355 գրամ հացամթերք, 100 գրամ միս (տավար), 200 գրամ կաթ, 10 գրամ կաթնաշոռ, 20-ական գրամ կենդանական եւ բուսական յուղ, 25 գրամ պանիր, 250 գրամ կարտոֆիլ, 300 գրամ բանջարեղեն, 200 գրամ միրգ, 50 գրամ շաքար, կես ձու, 30 գրամ ձուկ, 10 գրամ մարգարին: Այս սննդակարգով մարդը կարող է գոյատեւել, այլ հարց է, թե դրանց արժեքը ամսական կտրվածքով իրո՞ք դառնում է 31 հազար դրամ:

Թեեւ մեր հաշվարկներով նկատելիորեն ավելի շատ գումար է պետք թվարկված սննդամթերքը ձեռք բերելու համար: Բայց ընդունենք 31 հազար, նաեւ նկատելով, որ այն պահին, այսինքն` գալիք տարվա սկզբին, երբ նվազագույն աշխատավարձը կդառնա մեկ մարդու հաշվով 35 հազար դրամ, նվազագույն զամբյուղի արժեքը եւս գնաճի հաշվին, բնականաբար, որոշակիորեն կաճի: Մի խոսքով, գալիք տարեսկզբին կունենանք նվազագույն աշխատավարձ, որը մի կերպ կբավարարի մարդու օրվա սնվելու պահանջմունքը: Թե դրանից հետո մյուս ծախսերը ինչպե՞ս է հոգալու, դա արդեն լիովին անբացատրելի է, ու այս տեսանկյունից, բնականաբար, պետք է համաձայնել այն տեսակետի հետ, որ սահմանված նվազագույն աշխատավարձը շատ ցածր է:

Ընդ որում, այստեղ վիճակը չի փրկում նաեւ այն հանգամանքը, որ 35 հազար նվազագույն աշխատավարձի պարագայում, ըստ պաշտոնական վիճակագրության, միջին աշխատավարձը 100 հազար դրամից ավելի է: Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ փաստեց, որ մեր երկրի մոտ 470 հազ. վարձու աշխատողների գրեթե 10%-ը ամսական 30-40 հազ. դրամ աշխատավարձ է ստանում: Իսկ դա լուրջ ցուցանիշ է, առավել եւս պետք է հաշվի առնել նաեւ, որ յուրաքանչյուր աշխատող իր հետ պետք է կերակրի նաեւ մեկ-երկու չաշխատողի: Այսինքն` նվազագույն աշխատավարձի կարգի գումար ստացողին եւ նրա մեկ-երկու չաշխատող հարազատներին ամիսը հասնում է 10-12 հազար դրամ գումար, ինչը կբավարարի միայն կիսաքաղց ապրելուն:

Ասենք, դա ոչ մեկն էլ չի ժխտում, եւ նվազագույն աշխատավարձն ընդամենը 2500 դրամով բարձրացնելը բացատրվում է միայն պետության ունեցած հնարավորություններով: Այլ հարց է, թե իրականում պետության հնարավորությունները լիարժե՞ք են օգտագործվում, ինչքա՞ն ոչ արդյունավետ փող է ծախսվում բյուջեից, ինչքա՞ն հարկեր են մնում ստվերում...

Ինչեւէ, օրինագիծն ընդունելուց հետո փորձեցինք լսել նաեւ մասնագետներին ու զրույցի հրավիրեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻՆ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք նվազագույն աշխատավարձերը ընդամենը 2500 դրամով բարձրացնելու փաստը:

- Փաստացի դա այն հնարավորությունն է, որը ներկայացնում է կառավարությունը իր բյուջետային քաղաքականությամբ, որն իրականացնում է կառավարությունը: Այսինքն` կառավարությունն է որոշում, թե որոնք են բյուջեի ծախսման առաջնահերթ նախապատվելի ուղղությունները: Եթե նվազագույն աշխատավարձի աճի համեմատաբար դանդաղ տեմպ է նախատեսվում, նշանակում է, որ հիմնական նախապատվությունը տրվում է այլ ոլորտներին, ինչպես նաեւ առավելագույն ցածր գնաճին, բյուջետային պակասուրդի հնարավորինս ցածր մակարդակին: Իհարկե, պետք է ինչպես գնաճը, այնպես էլ բյուջետային պակասուրդը պահել ցածր մակարդակի վրա: Բայց կարծում եմ առաջնահերթ խնդիրներից պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի ճեղքվածքի հնարավորինս արագ նվազեցման հարցը: Եվ տարանջատել այդ խնդիրը, կարծում եմ արդյունավետ չէ: Տնտեսության առանցքային բոլոր խնդիրները պետք է լուծել համակարգված` հաշվի առնելով տնտեսության կարեւորագույն պատճառահետեւանքային կապերը: Ինչը հնարավորություն կտա նաեւ նվազագույն աշխատավարձի հիմնախնդրի լուծումը արագացնել: Մասնավորապես, եթե ներկայումս մեր տնտեսությունը հնարավորություն է տալիս ունենալ ընդամենը 2-3 տոկոս գնաճ` նախատեսված առավելագույնը 5,5-ի փոխարեն, ապա դա շանս է նվազագույն աշխատավարձն ավելի արագ նվազագույն սպառողական զամբյուղին մոտեցնելու համար:

- Ամեն դեպքում ունենք նվազագույն աշխատավարձերի եւ նվազագույն սպառողական զամբյուղի մոտ 20 հազար դրամի տարբերություն, սակայն աշխատավարձի աճը լինելու է ընադհամնը 2500 դրամ: Այսինքն` Ձեր ասած այդ արագ էական կրճատումը չի ստացվելու:

- Թեեւ տնտեսագիտությունը կտրուկ քայլեր չի սիրում, սակայն կարծում եմ, որ նվազագույն աշխատավարձի աճի տեմպը կարելի էր մի քիչ ավելի արագ իրականացնել: Կամ կարելի է մի փոքր արագացնել այդ տարբերության կրճատման ժամանակի շեմը. դա էլ է լուծում: Օրինակ` տարեսզբին նվազագույն աշխատավարձը հասցնել 35 հազար դրամի, մի կես տարուց` ասենք, 37,5 հազարի եւ այդպես շարունակ: Այս մոտեցումը, մասնավորապես կիրառում է Ռուսաստանը (եւ շատ այլ երկրներ), որտեղ աշխատավարձերի ինդեքսացիա տարվա մեջ տեղի է ունենում 2-3 անգամ: Ամեն դեպքում, մեզ մոտ աշխատավարձերի աճի տեմպը պետք է մի քիչ արագացնել, քանզի տեւական ժամանակ է, որ մեզ մոտ նվազագույն աշխատավարձը այս մակարդակի վրա է: Այսինքն` կարծում եմ, որ բավականին ժամանակ ենք բաց թողել եւ հետայսու պետք է այդ վերանայման ժամկետները ավելի հաճախակի դարձնել: Ամեն դեպքում ոչ պակաս, քան կես տարին մեկ պետք է այդ հարցը քննարկել, հնարավորությունները գնահատել ու համապատասխան հնարավորությունների դեպքում, արագորեն գնալ նվազագույն աշխատավարձերի բարձրացմանը:

Վերջին հաշվով, մեզ մոտ նվազագույն աշխատավարձի բարձրացումը որակվում է որպես սոցիալական գործոն եւ դա իրոք շատ կարեւոր գործոն է, քանի որ պետբյուջեի կարեւորագույն խնդիրներից մեկն էլ հենց դա է` սոցիալական խնդիրների լուծումը: Բայց դրանով հանդերձ, չմոռանանք, որ նվազագույն աշխատավարձը չի կարելի ընդամենը համարել սոցիալական գործոն, քանի որ այն այլ կարեւորագույն խնդիրներ եւս լուծում է: Մասնավորապես` նվազագույն աշխատավարձի բարձրացումը խթանում է ներքին պահանջարկի աճին, որը իր նշանակալի դրական ազդեցությունն է ունենում նաեւ տեղական արտադրանքի վրա: Իսկ տեղական արտադրանքի զարգացումը խթանում է նաեւ ներմուծում` արտահանում ճեղքվածքի նվազեցմանը: Այսինքն` սոսկ սոցիալականից զատ, նվազագույն աշխատավարձի բարձրացումը նաեւ կարեւորագույն տնտեսագիտական գործոն է, որը միշտ էլ պետք է կիրառել:

- Ի դեպ, ԱԺ-ում հնչեց տեսակետ, որ չպետք է սեւեռվել 5-5,5 տոկոսանոց գնաճի վրա: Կարելի է աշխատավարձ-թոշակները բարձրացնել շատ ավելի արագ տեմպերով, որը կբերի հավելյալ գնաճ, հետեւաբար եւ պետք է սահմանել մինչեւ 8-10 տոկոսանոց գնաճ, այնքան, որ աշխատավարձերի աճը որոշակիորեն գերազանցի գնաճին:

- 5,5 տոկոսի շրջանակներում այդ ռեզերվն էլ կա եւ նպատակահարմար է օգտագործել: Ամեն դեպքում մեր կարգի բոլոր երկրներն էլ այդ ռեզերվն օգտագործում են: Կամ. տեւական ժամանակ ունենք վերաֆինանսավորման տոկոսի բավականին բարձր, սակայն` անփոփոխ մակարդակ: Դա բավականին ճկուն գործիք է, եւ դա պետք է հաշվի առնել: Ինչու՞ է անհրաժեշտ անփոփոխ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակ, եթե գնաճը բավականին ցածր մակարդակի վրա է: Իհարկե, այդ բոլոր ռեզերվներն էլ պետք է օգտագործել:

Հաշվի առնելով նաեւ իմ նախկին աշխատանքի` Վերահսկիչ պալատի նախագահի փորձը, ասեմ նաեւ հետեւյալը: Երբեմն պետական մարմինները, պետական ծախսերի մակարդակն ավելացնելու համար նախընտրում են մեծացնել ոչ թե աշխատավարձերի ֆոնդը, որ հստակ վերահսկելի է, այլ, ասենք, պետականգնումներին վերաբերող ծախսերը, որոնք ոչ միշտ են հիմնավոր եւ դժվար վերահսկելի են: Այսինքն` պետք է ոչ թե ետեւից գալ ու պարզել, թե ինչքանով են այդ գնումների համար հատկացված միջոցները ճիշտ ծախսվել, այլ միանգամից փորձել գնահատել, թե մեր այս իրավիճակում արժե՞ արդյոք այդքան գնումներ իրականացնել եւ ինչքանով են դրանք արդյունավետ, թե՞ ճիշտ կլինի առաջին հերթին փորձել լուծել սոցիալական խնդիրը, որը, ըստ իս, կնպաստի նաեւ մեր տեղական արտադրության որոշակի զարգացմանը` ի տարբերություն հատկապես արտասահմանյան ապրանքների գնումների ծախսերի: Այստեղ պատասխանն ինձ համար ակնհայտ է:

Ընդհանրապես հետճգնաժամային պայմաններում կարեւորագույն խնդիր է պետական բյուջեի կառուցվածքի հստակ, պրոֆեսիոնալ գնահատումը: Չպետք է նաեւ մոռանալ, որ ցածր աշխատավարձի դեպքում ունենք ցածր արտադրողականություն: Կարծում եմ, որ մեր երկրում վաղուց է եկել նաեւ լուծել աշխատավարձով աշխատանքի նկատմամբ պատասխանատվության լուծելու հարցը:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում