livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

AnushՄինչ ՙԺառանգությունը՚ ողբում է ՙԱզատ դեմոկրատների՚ անդառնալի կորուստը, վերջիններս բավական ակտիվ պատրաստվում են առաջիկա նախագահական ընտրություններին: Ըստ շրջանառվող լուրերի եւ հենց իր' ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հայտարարության, չի բացառվում, որ հենց ինքը լինի կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուն: Առաջին հայացքից ժպիտ պարգեւող այս տեսակետը բավական խոր արմատներ ունի, եթե հաշվի առնենք, թե ֆեմինիստական որոշ գրանտակեր կազմակերպություններ ինչպիսի պատրաստակամությամբ կպաշտպանեն ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվող առաջին կնոջը: Վերոնշյալ հայտարարության վերաբերյալ մենք զրուցեցինք ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության մամլո խոսնակ ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

-Ո՞ր քաղաքական ուժերի աջակցությունն են ակնկալում ՙԱզատ դեմոկրատները՚ առաջիկա նախագահական ընտրություններում:

- Նախ ասեմ, որ Անուշ Սեդրակյանը նման բան չի հայտարարել: Պարզապես մամուլում այդպես շրջանառվում է եւ Անուշ Սեդրակյանը' մեկնաբանելով այդ լուրերը, նշել էր, որ մեր քաղաքական ուժը քննարկում է բոլոր հնարավոր տարբերակները, ներառյալ նաեւ դա: Դեռեւս քննարկման փուլում են այդ բոլոր գործընթացները ու առաջիկայում ավելի ինտենսիվ կլինեն քննարկումները, քանի որ բավականին ժամանակ ունենք նախագահական ընտրություններին ընդառաջ: Երբ կլինի հստակ ձեւաչափ' մասնակցության, եւ հստակ որոշում, այդ ժամանակ նոր կհրապարակենք:

-Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ հենց կուսակցության երկրորդ դեմքը լինի առաջադրվող նախագահի թեկնածու եւ ոչ թե առաջինը' Խաչատուր Քոքոբելյանը:

- Մեզ մոտ նման բաժանում չկա' առաջին դեմք, երկրորդ դեմք, երրորդ դեմք: Մենք լիբերալ ուժ ենք, եւ մեզ մոտ թիմային աշխատանք է: Նման ստորաբաժանումներ չկան մեր կուսակցությունում: Ինչպես ասացի, առաջիկայում բոլոր քննարկումները կլինեն եւ, ըստ այդմ, որոշում կլինի, ինչի մասին հստակ կտեղեկացնենք հանրությանը, թե ինչպես են ՙԱզատ դեմոկրատները՚ մասնակցելու նախագահական ընտրություններին:

- Արդյո՞ք նախագահական ընտրություններում գրանտային կազմակերպությունների աջակցությանն եք ցանկանում դիմել եւ այդ պատճառով է, որ միտում կա Ձեր կուսակցությունից առաջադրել կին թեկնածուի:

- Մենք լինելով ազատական ուժ' մեզ համար քաղաքական գործունեությունը թե' կանաց համար է, թե' տղամարդկանց, որեւէ նման տարանջատում մեզ մոտ չկա: Իհարկե, դժբախտաբար, Հայաստանում` քաղաքականության մեջ, այդ գենդերային խնդիրը կա եւ շատ գովելի կլինի, որ առաջիկայում համահարթեցում գնա այդ բնագավառում եւ հավասարեցում լինի բոլոր առումներով: Մենք որեւէ միտում ու նպատակ չունենք կին թեկնածուով հավակնել որեւէ գրանտերի: Դա մեր քաղաքական որոշումն է լինելու: Եթե որոշենք նման պատասխանատու քայլի գնալ, իհարկե, մեր կուսակցության համար որեւէ գրանտային աջակցություն պետք չէ:

- Այսինքն` կարո՞ղ ենք ենթադրել որ ՙԱզատ դեմոկրատները՚ հույսները միայն իրենց վրա կդնեն նախագահական ընտրությունների ժամանակ:

- ՙԱզատ դեմոկրատները՚ միշտ էլ հույսներն իրենց վրա են դրել: Ճիշտ է, մենք նոր կուսակցություն ենք, բայց դա չի խանգարում, որ մենք լինենք շատ կազմակերպված թիմ: Մեզ մոտ քաղաքական մենեջմենթի առումով բավական բարձր ցուցանիշ է: Գրեթե բոլոր մարզերում ունենք շատ կուռ եւ շատ համախմբված տարածքային կազմակերպություններ: Այնպես որ, մենք ընտրություններ կազմակերպելու, ընտրություններ անցկացնելու եւ ընդհանրապես քաղաքական գործընթացներին մասնակցելու կազմակերպչական որեւէ խնդրի առաջ չենք կանգնի, քանի որ նոր կուսակցություն լինելով հանդերձ, մեր կուսակցության կորիզը քաղաքականության մեջ թրծված մարդիկ են, եւ քաղաքական երկարատեւ ճանապարհ են անցել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում