komitasiՄթություն, անուշահոտ խունկ, որի բուրմունքը տարածվում է ամենուր: Մի պահ թվում է` գտնվում ես եկեղեցում` ծիսակատարության ժամանակ: Խավար, որից սարսռում ես եւ մրսում: Երկու երեւույթ, որոնց գոյությունը պայմանական է եւ կախյալ: Այո', չկա ո'չ ցուրտ, ո'չ մութ: Ինչպես բացատրում է Ալբերտ Էյնշտեյնն իր գիտական աշխատությունում, երեւույթների գոյությունը պայմանավորված է լույսի եւ ջերմության բացակայությամբ:

...Հանկարծ մի կանացի հստակ, միանգամից հափշտակող ձայն լռություն է իջեցնում ու համակ ուշադրություն: Սկսվում է լույսն ու ջերմությունը: Սկսվում է ԿՈՄԻՏԱՍԸ: Ինչպես նա էր ասում. ՙՄարդս պիտի բնության պես լինի...՚:

Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, նորովի բացահայտելով Կոմիտասյան առեղծվածային երաժշտությունը, գրեթե մեկ տարի առաջ ներկայացրեց հանրությանը... Վերջերս Կոմիտասյան նախագիծը մեկնել էր ԱՄՆ` Սան Ֆրանցիսկո եւ Լոս Անջելես: Ա.Գրիգորյանի գլխավորությամբ Անիտա Հախվերդյանի եւ Երգի պետական թատրոնի երգչախմբի մասնակցությամբ սեպտեմբերի 16-ին` Լոս ՙԱնջելեսի ՙHight School Auditorium՚, 23-ին` Սան Ֆրանցիսկոյի ՙBeyond The Stars Auditorium՚ համերգասրագներում ունեցան փայլուն համերգներ:

Երգչախմբի երգիչներից ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ, ՙԶարուհո՚ւ հետ զրույցում պատմելով ԱՄՆ-ի համերգներից, նշեց. ՙՆախատեսված էր, որ պիտի հանդես գայինք երկու համերգով, սակայն առաջին համերգից հետո որոշվեց ավելացնել եւս մեկը` սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում: Անկախության տոնին նվիրված Հայաստանի դեսպանատանը ունեցանք ոչ Կոմիտասյան ծրագրով` մեր երգացանկով համերգ, որին մասնակցում էր նաեւ Ձախ Հարութը՚:

ՙԻրավունք՚-ը նաեւ հետաքրքրվեց, թե հիմնականում ովքեր էին եկել ունկնդրելու հայկական մաքուր երաժշտությունը: Գ. Կյոկչյանն ասաց. ՙԶարմացած էինք, որ դահլիճում կային երիտասարդներ, որոնք շատ ոգեւորված էին եւ եկել էին մեծ սիրով, այլ ոչ թե ստիպված: Ներկա էին նաեւ այն հայերը, ովքեր հիմնականում չեն մասնակցում հայկական համերգներին: Նրանք, իմանալով եւ գնահատելով Կոմիտասի երաժշտությունը, հետաքրքրությունից դրդված` եկել էին: Ասեմ ավելին, նրանց չխանգարեց վայելել համերգը նոր` ջազային մեկնաբանությամբ, որը, ի դեպ, Ա.Գրիգորյանի մտահաղացումն էր՚:

Գ. Կյոկչյանը կարեւորեց նաեւ մրցանակները. ՙԿոմիտասը այն բացառիկ նախագիծն է, որի շնորհիվ եղանք Մոսկվայում, որտեղ եւ ստացանք մրցանակ: Այնուհետեւ եղանք Թեհրանում, նախատեսված էին նաեւ Սիրիան եւ Լիբանանը, սակայն հասկանալի պատճառներով, ցավոք, չկայացավ: Արդեն այս ցանկին կարելի է գումարել ԱՄՆ-ը: Կան մի քանի առաջարկներ արաբական երկրներից` Արաբական Միացյալ Էմիրություններից, Քուվեյթից: Իհարկե, սա դեռ երկրների ամբողջական ցանկը չէ, սակայն հուսանք, որ ԱՄԷ-ն եւ Քուվեյթն արդեն հաստատ են՚:

Իսկ որքան կյանք կունենա Կոմիտասյան նախագիծը: ՙԿոմիտասն ապրել է եւ շարունակելու է ապրել՚,- համոզված է երգիչը:

ՆՎԱՐԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ