livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

slavik-paronyanԵրեւի մարդ ծնված օրվանից, տեսնելով իրեն շրջապատող իրերը, երեւույթները, ցանկացել ու միշտ էլ կցանկանա պատկերել դրանք` երբեմն ավելացնելով իր երեւակայածը: Այսինքն` մարդ ծնված օրվանից նկարիչ է, սակայն քչերն են կայանում, դառնում նկարիչ: Մարտիրոս Սարյանը մի առիթով ասել է. ՙԱրվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է: Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը՚:  


Նկարիչը, ում մասին այսօր խոսելու ենք, լավ ճանաչել է Սարյանին, տեսել է, թե ինչպես է նկարում ու նաեւ հավատարիմ է մնացել նրա պատգամին... Այդ նկարիչը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի գծանկարի, գունանկարի եւ քանդակի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր ՍԼԱՎԻԿ ՊԱՐՈՆՅԱՆՆ է, ում Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչում: Կոչում, որը նա շատ վաղուց պետք է ստանար: Նրա բազմաթիվ աշխատանքներ տեղ են գտել ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, անհատ անձանց հավաքածուներում: Ծնվել է 1929 թվականին` Երեւանում, Վանից գաղթածի ընտանիքում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը, ապա գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը` կարմիր դիպլոմներով: 1956-ից ՀՍՍՀ նկարիչների միության անդամ է, մասնակցել է բազմաթիվ երիտասարդական ցուցահանդեսների, այդ թվում` 1957-ին երիտասարդության եւ ուսանողության 6-րդ միջազգային փառատոնի ԽՍՀՄ երիտասարդ նկարիչների ցուցահանդեսին եւ արժանացել հատուկ մրցանակի: 1960-ին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1974 թվին ԱՄՆ Սկոպան քաղաքում կայացած EXPO-74 համաշխարհային ցուցահանդեսում ձեւավորել է Հայաստանի տաղավարը` ստանալով հատուկ պատվավոր մրցանակ: 1983-ին դարձել է ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ, նույն թվականին Մոսկվայում կայացած ցուցահանդեսում արժանացել է լավագույն բնանկարչի մրցանակին: Մասնակցել է բազմաթիվ այլ ցուցահանդեսների, ստացել մրցանակներ: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ: Կյանքում երբեք փառքի, պաշտոնի չի ձգտել, եղել է գեղարվեստական խորհրդի անդամ, նախագահ, պատգամավոր չի սիրում, սիրում է մարդկանցով շրջապատված լինել, բարի է: 
Իսկ նկարիչ դառնալու գործում ազդեցություն են ունեցել մեծ քույրը` Հայկանուշ Պարոնյանը, ով նույնպես նկարչուհի է, նրանց հարեւաններ Մարտիրոս Սարյանը, Ռաֆո Իսրայելյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը... Այսինքն` եղել է արվեստի մթնոլորտ, եւ հենց այդպիսի մթնոլորտում` նկարչի արվեստանոցում, զրուցում էինք նկարչի, նրա կնոջ` բալետի պարուհի տիկին Անժելայի ու դուստր Զարուհու հետ, ով գեղանկարչուհի է, դասավանդում է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում: Տղան` Հակոբը, Փարիզում է ապրում, դուստրերից Աղավնին լայն պրոֆիլի արվեստաբան է, Մոսկվայում է... Իսկ մեզ շրջապատել ու լուռ ունկնդրում էին նկարչի տարբեր տարիների վրձնած բնանկարները, դիմանկարները... Արվեստը, հատկապես նկարչությունը, ինչպես նշեց Սլավա Պարոնյանը, կարծես թմրանյութ լինի. սովորում ես ու կապվում վերջնականապես. ՙԱռավոտվանից երեկո աշխատում էի, իսկ Մարտիրոս Սարյանն ասում էր. ՙՏղա°ս, կտավներիդ մեջ հայերեն կխոսե°ս՚: Ու ես միշտ ձգտել եմ կատարել Սարյանի պատգամը՚: Եվ իրոք, նայում ես ցանկացած կտավ, եւ նրանից հայկական շունչը, համն ու հոտն ես զգում: Ինչպես Մեծն Լոռեցին է ասում. ՙԱրվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ եւ աչքի նման բարդ՚: Դրանում եւս մեկ անգամ համոզվեցինք` դիտելով Ս. Պարոնյանի գործերը: Նկարիչն իրեն երջանիկ է զգացել` շրջապատված լինելով մեծերով` Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Արա Սարգսյան... ՙԲակում միասին նստելը, նույնիսկ ծիրան ուտելը, թեյ խմելը արվում էր սիրով. գերիշխողը սերն էր, բարեկամությունը, միմյանց օգնելու ցանկությունը, բարձր արվեստի հետ առնչվելը: Իսկ այսօր բոլորովին այլ արժեքներ են դարձել առաջնային՚,- ասում է նկարիչը: 
Խորհրդային տարիներին նկարիչների միության անդամն արտոնություններ է ունեցել, ստեղծագործական օժանդակություն է ստացել, նաեւ ինքն է օգնել երիտասարդ նկարիչներին. ՙՆկարիչներն ընդհանրապես լավ էին ապրում: Միությունն օժանդակում էր, որպեսզի նկարիչները տարբեր երկրներ գնան` այլ ազգերի արվեստին, քաղաքակրթությանը ծանոթանալու, իրենց աշխարհայացքը զարգացնելու, այդ ամենը կտավներում ներկայացնելու համար: Իսկ գեղֆոնդը բավականին թանկ գնով նկարը գնում էր, նկարը գնում էին նաեւ ամեն մի ցուցահանդեսից հետո: Մի խոսքով` ամեն ինչ արվում էր, որպեսզի արվեստագետն աշխատի՚: Նկարչին հուզում է այն ամենը, ինչը գեղեցիկ է, եւ, երբ գնում է որեւէ քաղաք կամ գյուղ, այնքան է կապվում  այդ բնակավայրի բնության, մարդկանց հետ, որ ամեն ինչ նկարում է. ՙՈր կողմը նայես, գեղեցիկ է, ու տարվում, ապրում եմ այդ գեղեցկությամբ, այդ ամենը պատկերում կտավներում... 1971 թիվն էր, Օհանավանում նկարել էի ամեն ինչ եւ որոշեցի գնալ Արագածի փեշերը... Առավոտ շուտ կաթի մեքենայով գնում էի, մեկ էլ հեռվից եկեղեցի տեսա, վարորդին խնդրեցի կանգնել: Իջա, ոտքով գնացի, Սաղմոսավան հասա, մտա մի գյուղացու բակ, վերեւից` լավ կետից, սկսեցի նկարել: Տրորել էի խոտը, իսկ գյուղացիները մեծ հարգանք ունեն խոտի նկատմամբ, ու մի պառավ կին ամոթանք տվեց, որ խոտը տրորել եմ: Պառավի տղան` Մաքսիմը, դուրս եկավ, սաստեց մորը, ապա հրավիրեց իրենց տուն ու մորն ասաց` սեղան գցի°ր, արաղ բե°ր: Պառավը դժգոհեց` դու արաղ կթողնե±ս: 10 ռուբլի տվեցի, որով 4 օղի կգներ: Մաքսիմը հարցրեց. ՙՔո ցավը տանեմ, դու ուզո±ւմ ես ըստեղ մնաս՚: Ասացի` այո°՚: Ու կապվում է նկարիչն այդ հրաշք բնության հետ եւ որոշում այնտեղ տուն կառուցել. ՙԳյուղից շատերը քոչում էին, մի տուն հավանեցի ու տանտիրոջը գինը հարցրեցի: Ասաց` 600 ռուբլի: Անմիջապես համաձայնեցի: Տանտերը դժգոհեց` ո±նց թե. ես ասում եմ 600, որ դու սակարկես, ասես 700՚: Մենք համոզվեցինք, որ նկարիչը հումորի հիանալի զգացում ունի, բարության անսպառելի պաշար ու ստեղծագործելու անմարելի ցանկություն: Ու առանց կուսական բնության կյանքը չպատկերացնող նկարիչը կապվել է Սաղմոսավանին ու շարունակում է ստեղծագործել երիտասարդական ավյունով: 
Ինչպես նշեցինք, մեր զրույցին մասնակցում էր նաեւ նկարչի կինը` բալետի նախկին պարուհի տիկին ԱՆԺԵԼԱՆ, ում խնդրեցինք պատմել, թե ինչպես է ծանոթացել նկարչի հետ, եւ ինչու են իրեն ԿԱՐԱՊ կոչում:
ՙԵս Օպերայի դիմաց էի ապրում, ինքը` Սարյանի վրա, եւ հաճախակի փողոցում հանդիպում էինք: Սլավիկն ինձ տեսել էր, հավանել, հետո ընկերուհուս միջոցով տեղեկացրել, թե ինչու իրեն չեմ բարեւում: Մի օր նրան Բաղրամյանի անկյունի ծաղկի կլոր խանութում նստած տեսա, հիշեցի ընկերուհուս ասածը եւ հեռվից գլխով բարեւեցի, նույնիսկ ժպտացի: Նա անմիջապես վեր կացավ, մոտեցավ, ասաց` ուզում եմ Ձեր դիմանկարը նկարել (ես արդեն բալետի պարուհի էի թատրոնում): Պատասխանեցի` հաճույքով, բայց պիտի մի 20 օրով նկարահանումների գնամ, բացակայելու եմ քաղաքից: Պայմանավորվեցինք 20 օր հետո հանդիպել նույն տեղում` ժամը 7-ին, ժամացույցի տակ... Բոլոր ընկերուհիներին ասել էր, որ այդ օրը իրեն հիշեցնեն ժամադրության մասին... Մի քիչ մոռացկոտ էր անունների հարցում եւ այդ պատճառով ընկերուհիներին կեղծանուն էր դնում, որ հեշտ հիշի, թե ով ով է: Մեկին, օրինակ, Սալատիկո էր ասում. լավ սալաթ էր պատրաստում... Ինձ էլ դրել էր Կարապ անունը` նկատի ունենալով ՙԿարապի լիճ՚ բալետը: Մի 6-7 ամիս հանդիպում էինք, Կարապ էր ասում, ես էլ չէի առարկում... Մի օր Պարույր Սեւակը հյուր էր եկել, ես էլ աշխատանքից հետո գնացել էի Սլավիկին օգնելու: Եվ, երբ Սլավիկն ինձ դիմեց` Կարա°պ, մի բան բե°ր, Պարույրը հարցրեց. ՙՍլավա°, այս աղջկան Կարապ, Կարապ ես ասում, իսկ ի±նչ է իսկական անունը՚: Սլավան պատասխանեց. ՙԲայց շատ հետաքրքիր հարց ես տալիս, ես էլ չգիտեմ... Կարա°պ ջան, մեզ հետաքրքրում է քո անունը՚: Պատասխանեցի` անունս Անժելա է: Պարույրն ասաց. ՙՍլավա°, շատ լավ անուն ես դրել, էլ ի±նչ Անժելա, Կարապիկ ու վերջ՚: Այդպես էլ անունս մնաց Կարապ: Հիմա էլ մորաքույր Կարապ են ասում... 4-5 տարի հանդիպել ենք, նոր ենք ամուսնացել, այսօրվա նման չէր: 
Ինչ վերաբերում է Սլավիկի ստեղծագործություններին, ապա նա ա-լյա-պրիմ է նկարում, այսինքն` վերցնում է կտավը, գնում, նստում բնության մեջ եւ մի ծայրից սկսում ու ավարտում, որ պահպանվի նկարների շրջապատող օդը, անմիջականությունը: Կտավը չի բերում տուն, վրան աշխատում, էսքիզ անում, մեծացնում, փոփոխություն կատարում... Նա ամենուր, նույնիսկ ձյան, փոքրիկ Մասիսների մեջ արեւն Է տեսնում՚:
Մեր զրույցը երկար շարունակվեց, եւ ես չէի ցանկանում լքել արվեստին նվիրված այդ մարդկանց ու նաեւ արվեստանոցը` բարության, գեղեցկության ու բնության այդ գողտրիկ անկյունը, քանի որ դրսում ինձ սպասում էին ձանձրալի կենցաղն ու հերթական մարդկային խարդավանքները: 

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում