livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

narkotikXXI դարի համաշխարհային հիմնախնդրի` թմրամոլության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հիմնական ուղղությունները այսօր ձեռք են բերել հատուկ նշանակություն: Այս հիմնախնդրով զբաղվող տարբեր երկրների բազմաթիվ գիտնական-հետազոտողներ գտնում են, որ վերջին տասնամյակում երիտասարդության շրջանում թմրամոլությամբ հիվանդների թիվը մեծացել է տասից ավելի անգամ:

Իսկ թմրամոլության տարածումը եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը սերտորեն կապված են կազմակերպված հանցագործությունների, ինչպես նաեւ երիտասարդական ահաբեկչության հետ, քանի որ թմրանյութերի անօրինական առեւտուրը դրա կազմակերպիչներին բերում է առասպելական եկամուտներ:

ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով` թմրամիջոցների տարեկան շրջանառությունը ամբողջ աշխարհում կազմում է 400 մլրդ դոլար: Աշխարհում մարիխուանա է օգտագործում 142 մլն մարդ, սինթետիկ թմրամիջոցներ` 30 մլն մարդ, կոկաին` 13 մլն, իսկ հերոին եւ օփիում` 8 մլն մարդ: Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ օգտագործում է արգելված թմրամիջոցներ, նրանցից գրեթե 200 000-ը մահանում է: Թմրամիջոցների օգտագործումը լրջագույն ռիսկ է վարակիչ հիվանդությունների տարածման առումով:

Հայաստանում էլ այս առումով վիճակն ահավոր է: ՙՄենք ունենք թմրամոլության սարսափելի աճ: Ամեն տարի 50 տոկոսով ավելանում է թմրամոլների թիվը, իսկ թմրամոլությունը անզուսպ տեմպերով տարածվում է: Տարածվում է ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում՚,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ Նարկոլոգիական կլինիկայի բաժնի վարիչ ՍԵԴԱ ՋԱՄԱԼՅԱՆԸ: Ու այստեղ նաեւ պետք է հաշվի առնել, որ. ՙԴեռահասների հաշվառում չունենք, չնայած թմրամոլ են դառնում դեռահաս տարիքում: Գրեթե բոլոր հարցվողները նշում են, որ սկսել են օգտագործել դեռահաս հասակում: Սակայն, այդ տարիքում նրանք չեն ընկնում առողջապահության համակարգի տեսադաշտ, քանի որ անցնում է մի որոշ ժամանակ նոր միայն նրանց մոտ ի հայտ են գալիս առողջական, սոցիալական խնդիրներ, եւ այդ դեպքում միայն նրանք վերցվում են հաշվառման՚:

- Դուք նշեցիք, որ չունենք գրանցված դեռահասներ, ըստ ձեզ ո՞վ եւ ի՞նչ աշխատանքներ պետք անի, որպեսզի դեռահասները եւս առանց կաշկանդվելու դիմեն մասնագետների օգնությանը:

- Մեծ է ընտանիքի, դպրոցի դերը այս հարցում, չէ որ այդ հակումն սկսվում է դեռահաս տարիքից, հարկ է մշտական ուշադրության կենտրոնում պահել անչափահասներին: Մենք հատուկ հուշաթերթիկ ենք տպագրել ծնողների եւ մանկավարժների համար, որտեղ նշված են հիմնական ախտանիշները, որոնցով կարելի է հասկանալ, որ երեխան թմրամիջոց է օգտագործում եւ ուշադիր լինեն եւ ինչ անել երեխային թմրամոլության որոգայթներից փրկելու համար:  

- Ըստ վիճակագրության, եթե համեմատենք Հայաստանում թմրամոլների աճի ցուցանիշը միջազգային ցուցանիշների հետ, ինչպիսի՞ն է մեզ մոտ վիճակը:

- Ինչպես ամբողջ աշխարհում, մեզ մոտ էլ թմրամոլությունն ավելի տարածված է քաղաքներում, քան մարզերում: Վիճակագրական տվյալների համաձայն ամենաշատ թմրամոլներ կան Լոռիի մարզում, իսկ թմրամոլների ամենաքիչ ցուցանիշ է գրանցվել Տավուշի մարզում:

- Որքա՞ն թմրամոլ կա գրանցված այսօր Հայաստանում:

- Հունվարի 1-ի դրությամբ գրանցված են 3893 թմրամոլ հիվանդներ, որոնք օգտագործում են հոգեմետ դեղորայք, իսկ նարկոլոգիական հիվանդների քանակը 8749 է: Անցկացվել է հատուկ հետազոտություն, որն իրականացրել են մեր փորձագետները միջազգային փորձագետների հետ համատեղ: Այդ հետազոտությունը գիտականորեն հիմնավորված է, եւ ամեն երկիր երկու տարին մեկ անցկացնում է նման հետազոտություն` թմրամոլների իրական թիվը ճշտելու համար: Սա մեր իրական թիվն է եւ շատ կարեւոր է այն իմանալ` հետագա բժշկական եւ կանխարգելիչ միջոցառումները պլանավորելու համար:

- Կան դեղեր, որոնք մոտ են հոգեմետ դեղերին, սակայն վաճառվում են առանց դեղատոմսերի: Դրանց վրա որեւէ հսկողություն սահմանված է, թե՞ ոչ:

- Հոգեմետ դեղերը հայտնաբերում են հենց թմրամոլները: Կան դեղեր, որոնք կախվածություն են առաջացնում, բայց ասել, որ նման դեղերը հոգեմետ են` չի կարելի:

Օրինակ` դիմեդրոլը, սեդալգինը, որը հոգեմետ չէ, բայց թմրամոլները դրանց ավելացնելով ուրիշ քիմիկատներ` դարձնում են թմրանյութ:

- Բենզինիստները տարբերվում են արդյո՞ք սովորական թմրանյութ օգտագործողներից:

- Իհարկե տարբերվում են` ավելի շուտ են դեգրադացվում, ավելի շուտ են ստանում սոմատիկ հիվանդություններ: Նկատելիորեն փոխվում է վերջիններիս վարքը: Նրանք, ովքեր դեզոմորֆին տեսակի թմրամիջոց են օգտագործում հիմնականում բուժում չունեն, ունեն շատ կարճ կյանք, եւ ի տարբերություն սովորական թմրամոլներից բենզինիստները բուժվելու ցանկություն չեն ունենում: Նշեմ նաեւ, որ Նարկոլոգիական կլինիկայից ամբողջական բուժում անցած թմրամոլը դուրս է գալիս հարյուր տոկոսով բուժված, բայց հավանականությունը, որ նորից կօգտագործի, նունն է, ինչ մյուս բոլորի դեպքում:

-  Կյանքի ինչ միջին տեւողություն ունեն թմրամոլները :

- Դե դա ինդիվիդուալ հարց է: Մենք այդ ժամանակ պետք է հաշվի առնենք, թե ինչ թմրամիջոցի մասին ենք խոսում: Դրանք 12 խմբի են բաժանված եւ ունեն մոտ 50 թմրամիջոց: Բայց ընդհանուր առմամբ թմրամոլների միջին տարիքը 50 տարեկանն է:

- Ովքեր են դառնում թմրամոլներ, կա՞ն սոցիալական կոնկրետ շերտեր, որոնք պատկանում են ռիսկային խմբին:

- Կոնկրետ տարանջատել եւ ասել, որ այսքան տոկոսը այս մարդիկ են, այսքանը` մի ուրիշը, չես կարող ասել: Ոչ մի սոցիալական շերտի մարդիկ ապահովագրված չեն, որ նրանք կամ նրանց զավակները վաղը մյուս օրը չեն դառնա թմրամոլ: Իմ խորհուրդն է ազգաբնակչությանը, զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, որը կործանարար է եւ իր` օգտագործողի համար, եւ իր զավակների, չէ որ մշտապես թունավոր նյութեր օգտագործելով, սերունդն էլ առողջ լինել չի կարող: Մարդիկ պիտի հասկանան, որ թմրամոլությունը սպանիչ հիվանդություն է:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում