livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

lusineԼուսահոգի երգչուհի ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ եւ ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆԻ բնակարանը դեռեւս շարունակում է մնալ անմխիթար վիճակում: ՙԻրավունքը՚ նախորդ համարներում անդրադարձել էր եւ ներկայացրել նրանց բնակարանի, ինչպես նաեւ նկուղային հարկում գտնվող նկարիչ-ճարտարապետ Վան Խաչատուրի արվեստանոց-թանգարանի անմխիթար վիճակին:

Տ

Տվյալ թեմայի վերաբերյալ դիմել էինք Երեւանի քաղաքապետարանին` հուսալով, որ գոնե այնտեղից մի լուծում կառաջարկեն, քանի որ ե'ւ Լուսինե Զաքարյանի բնակարանը, ե'ւ նկուղային հարկում գտնվող Վան Խաչատուրի արվեստանոց-թանգարանը, ամբողջությամբ ջրի ու խոնավության մեջ գտնվելով, ի վերջո, շենքի խարխլման հիմք են հանդիսանում: Նույնիսկ Լ. Զաքարյանի բնակարանի վերեւի հարեւանուհին էլ գուցե չի պատկերացնում, որ, եվրավերանորոգած բնակարանի երկու ՙկաֆել՚ չկոտրելով ու ջրի արտահոսքը չդադարեցնելով, մի օր ինքն էլ կարող է իր եվրավերանորոգված բնակարանով մյուս հարեւանների հետ հայտնվել նկուղային հարկում:

Այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետարան մեր ուղղած հարցադրմանը աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք այսպիսի չեզոք պատասխան. ՙԻ պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի բնակարանը հանդիսանում է երկու կողմերի ոչ անմիջական ժառանգորդների սեփականություն: Ինչ վերաբերում է բնակարանի գործառնական նշանակությունը փոխելուն եւ այն տուն-թանգարան վերածելուն, ապա դրա համար անհրաժեշտ է սեփականատիրոջ համապատասխան դիմումը, որից հետո հարցը, սահմանված կարգով, կքննարկվի՚:

Երբ դիմեցինք Մշակույթի նախարարությանը, այնտեղից խորհուրդ տվեցին դիմել ժամանակին Խորեն Պալյանի  կողմից հիմնած ՙԼուսինե Զաքարյան՚ հիմնադրամով զբաղվող Պետհամալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ: Վերջինս հերքեց, որ ինքն է զբաղվում այդ հիմնադրամով. ՙԲացարձակապես ես չեմ զբաղվում հիմնադրամով: Որպես հայ մարդ եւ Խորեն Պալյանի ընկեր` հետաքրքրված եմ եղել, որ կարողանանք բնակարանը թանգարանի վերածել: Ես կարող եմ ասել, որ իր եղբոր տղայի` Րաֆֆիի հետ կապվեք ու նրա հետ խոսեք. նա է զբաղվում այդ հարցերով: Ինքս հասարակ շարքային եմ, որ ուզում եմ վաղամեռիկ ընկերոջս օգտակար լինել: Ցավոք, մեր ժողովուրդը կորցրել է սրբությունը: Ես գնում եմ իր գերեզմանին, խնկարկում եմ... Պարսիկներն ասում են. ՙԻմ ձեռքը կարճ է, արմավն էլ` արմավենու վրա՚: Ի՞նչ կարող եմ անել: Ինչով որ կարող եմ, օգտակար կլինեմ, թող ինձ ասեն` Գուրգեն ջան, արի այստեղ գաջը տար, քարը բեր, սա տեղաշարժենք, պատրաստ եմ այդպես օգնել՚:

Ցավոք, գրեթե մեկ շաբաթ է մեզ այդպես էլ չհաջողվեց պարոն Գ. Մելիքյանի փոխանցած ԱՄՆ-ի երեք հեռախոսահամարներով կապ հաստատել Րաֆֆի Պալյանի հետ: Երեւանից մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:  

ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում ստեղծված ՙԼուսինե Զաքարյան՚ խմբում ընդգրկված օգտատերերը ակտիվ քննարկում են հարցը, եւ յուրաքանչյուրն իր տարբերակն ու տեսակետն է առաջադրում: Օգտատերերից մեկը անհանգստացած հարց է բարձրացնում. ՙԻնչո՞ւ պիտի Լուսինե Զաքարյանի տունը կտակվեր Րաֆֆի Պալյանին, ի՞նչ իրավունքով պիտի նա ժառանգորդ համարվի մեծության ունեցվածքին, երբ Լուսինեն ասել է իր խոսքը` իր տան հետ կապված... Րաֆֆի Պալյանը պիտի ձեւակերպի իր հետնվերը որպես թանգարանի վերածման նպատակի: Կարծում եմ` Խորեն Պալյանը նրան այդ է կտակել...՚:

Իսկ ՙԼուսինե Զաքարյան՚ խմբի ադմինիստրատորն էլ, հաստատելով այն, նշել է. ՙԵս էլ եմ հիշում, որ նրան է կտակվել նման պայմանով: Նա երդվել է հորեղբոր աճյունի մոտ, որ լծվելու է տուն-թանգարանի ստեղծման գործին: Պետք է բարոյական պատասխանատվության ենթարկել: Երդմնազանց...՚

Օգտատերերից մեկն էլ հիշատակում է. ՙԵս հասկանում եմ, որ սա յուրաքանչյուրիս հոգսն ու մտահոգությունն է, սակայն ինձ շատ հետաքրքիր է` ո՞ւր են նայում մեր Կաթողիկոսն ու Կառավարությունը, երբ Լուսինեն իր աստվածային ձայնով ծառայում էր Մայր Տաճարին եւ իր հայրենիքին: Մի՞թե այդ ամենը այս ավերակներում մնաց, այս փլատակում, դատարկ տեղում: Ցավալի է եւ ամոթալի՚:

Սակայն մեզ դեռեւս չհաջողվեց հարցի վերաբերյալ ունենալ նաեւ Մայր աթոռի պատասխանը, որը ստանալուն պես կներկայացնենք առաջիկա համարներում:

Ֆեյսբուքյան ՙԼուսինե Զաքարյան՚ խմբում նաեւ նշվում էր, որ Մշակույթի նախարարությունը զբաղվում է այդ հարցով, եւ նրանց հաջողվել է կապ հաստատել Րաֆֆի Պալյանի հետ: Սակայն նախարարությունից տեղեկացրեցին, որ դեռեւս Խորեն Պալյանի կենդանության օրոք է դիմել, որ բնակարանը վերածվի թանգարանի, բայց որեւէ արձագանք չի ստացել: Պալյանի մահից հետո ժառանգներին է փոխանցվել, մասնավորապես` Րաֆֆի Պալյանին: Մոտ 2 տարի առաջ նախարարության թանգարանի մասնագետը նորից է այդ առաջարկով դիմել Րաֆֆիին, բայց արձագանք, որոշում չի եղել, ժառանգները լռում են, որեւէ քայլ չեն ձեռնարկել: Առաջարկություններ բազմիցս եղել են, համենայնդեպս, ոչ մի արձագանք: Իսկ մինչ ժառանգները որոշում չկայացնեն, չի կարող բնակարանը թանգարանի վերածվել: Երբ ժառանգները կորոշեն ստեղծել, ըստ կարգի նախարարությունը եւ պետությունն իրենց աջակցությունը կցուցաբերեն: Նախարարությունից մեզ տեղեկացրեցին նաեւ, որ գոյություն ունի ոչ պետական թանգարանների համար աջակցություն ցուցաբերելու մասին կարգ. ՙՕրինակ, նույն սկզբունքով հիմնվել է Կալենցի թանգարանը: ժառանգները ստեղծեցին թանգարանը եւ հետո արդեն դիմեցին նախարարությանը` պետությանը, եւ պետությունը տալիս է պահպանման ծախսեր, ցուցաբերում ամեն տեսակի մասնագիտական աջակցություն: Այդ մարդիկ ցանկություն ունեին եւ ստեղծեցին թանգարանը, ու պետությունն էլ տեր է կանգնում՚:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում