livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

parosՊարզվում է, որ մեր երկրում, որոշ պետական չինովնիկներ շատ սխալ են հասկացել, կամ առհասարակ չեն հասկացել, թե ինչ նկատի ուներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր ելույթում նշեց, որ քաղաքացիների հետ պետք է Դուք-ով խոսել: Ավելին, բացի այն, որ Դուք-ով չեն խոսում, մի բան էլ անցել են շանտաժների ու ահաբեկումների տարբերակին:

Մենք բազմիցս անդրադարձել ենք ծննդկան մայրերի շուրջ առաջացող բազմաթիվ խնդիրներին, երբ պարզապես մի երեխա ունենալու համար պետք է բազում թղթեր ու փաստաթղթեր ներկայացնեն պետական համապատասխան մարմիններին, որպեսզի ապացուցեն իրենց հղիության փաստը, իսկ եթե ապացուցվեց, որ հղի ես, ապա պետք է մի թուղթ էլ ներկայացնես` ծնվեց երեխան, թե ոչ, իսկ եթե ծնվեց, ապա ծննդկանն աշխատում է, թե ոչ, եթե աշխատում է, ապա արձակուրդ վերցրել է, եւ այդպես շարունակ... Մինչեւ երկու տարեկան իր երեխային խնամելու համար մեր պետությունը տալիս է 18 հազար դրամ: Իսկ եթե մայրը ճարահատյալ, սովամահ չլինելու համար փորձի հանկարծ աշխատել, վայրկենական կզրկվի այն խղճուկ 18 հազար դրամ նպաստից, որով պետք է մայրը պահի, թե՛իր գլուխը եւ թե՛հոգա երեխայի կարիքները: Ավելին, այդ դեպքում մանկահասակ երեխայի մայրը կստանա զանգ` աչալուրջ ու ՙպետական շահերի պահպանման՚ դիրքերում կանգնած ՙՓարոսից՚ եւ կլսի սպառնալիքներ, թե. ՙստացած նպաստի ամբողջ գումարը պետք է ետ տաս՚: Օրվա հացի խնդիրները լուծող երիտասարդ մայրերը թե որտեղի՞ց պետք է ճարեն շուրջ 1000 դոլար գումար եւ ինչպե՞ս պետք է կտրեն իրենց երեխաների բերանից, որ այն գցեն ՙՓարոսի՚ բերանը, ՙբարի՚ փարոսցիներին չի էլ հետաքրքրում:

ԱՄՊՐՈՊ ՊԱՐԶ ԵՐԿՆՔՈՒՄ

Բողոքները այս հարցի առումով սկսեցին դեկտեմբերին:
Օրերս խմբագրությունը ստացավ եւս մեկ նման մի ահազանգ: Երիտասարդ մայրը պատմում էր, թե ինչպիսի փաստի առաջ է նա կանգնել, մասնավորապես Արաբկիր համայնքի անփարոս ՙՓարոսի՚ տնօրեն տիկին Նիկոյանի եւ նրա աշխատակցուհի Մառայի ջանքերի շնորհիվ: Երիտասարդ մայրը մեզ հայտնեց, որ շուրջ մեկ ամիս նրան սկսել են անհանգստացնել այն բանի համար, որ վերջինս իր տնայնագործությամբ մի քսան հազար դրամ է աշխատել, որի հետ կապված օրեր շարունակ փարոսցիները զանգահարում են քաղաքացուն եւ պահանջում, որ գնա տեղեկանք բերի ՙօրենքը խախտելու մասին՚, որպեսզի հետգանձում կատարվի: Հետո պարզվում է, որ մեկ այլ տեղեկանք էր պետք, եւ այդպես շարունակ... Նշենք, որ վերը նշված ՙհարգալից՚ չինովնիկները երիտասարդ մայրերի հետ շփվում են բացառապես հեռախոսազանգերով եւ, ընդ որում, զանգում են այն ժամերին, երբ իրենց հարմար է: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց մեկ այլ ՙտուժած՚ քաղաքացի. ՙՄենք նրանց ասացինք, որ եթե ձեզ ինչ-որ բան է հարկավոր, մեզ գրավոր դիմեք, որ հասկանանք ձեր ուզածն ինչ է, այլ ոչ թե ամեն օր զանգեք եւ ահաբեկեք, թե ինչի մինչեւ հիմա տեղեկանք չեք բերել, ողջ գումարը հետ կգանձենք եւ այսպես արդեն ինչքան ժամանակ է, որ մեզ անհանգստացնում են՚:
ՙՓարոսում՚ պատճառաբանում են, թե օրենքն է այդկերպ պահանջում: Տիկին Նիկոյանը մեզ ներկայացրեց, որ եթե երիտասարդ մայրն անգամ 1000 դրամ այլ եկամուտ ստանա, ապա պետք է անմիջապես ետ վերադարձնի 18 հազար դրամ նպաստը: Եվ եթե նրանք հետգանձում չկատարեն, ապա սոցապը նրանց կպատժի: Բայց չէ՞ որ օրենքը պահանջում է նաեւ քաղաքացիներին չվազեցնել հազար ու մի տեղեկանքի համար եւ օրենքի սահմաններում նամակ ուղարկել, պարզաբանումներ ներկայացնելով հարցի հետ կապված. չէ՞ որ երիտասարդ մայրերի ճնշող մեծամասնությունը պատկերացում անգամ չունի օրենքի նման ՙհումանիստական՚ դրույթի մասին: Եվ ՙՓարոսի՚ ահարկու զանգ-սպառնալիքները դառնում են երիտասարդ ընտանիքների համար, ինչպես ամպրոպ պարզ երկնքում:

ՙՓԱՐՈՍԸ՚ ԶԱՆԳԵԼՈՒ ՓՈՂ ՉՈՒՆԻ

Իսկ երկու օր առաջ արդեն գիշերը 21:30-ին զանգահարում է ինձ փարոսի Մառան ու ասում, որ գնամ տեղեկանք բերեմ, որպեսզի իրենք այդ ողորմելի գումարը ինձանից բռնագանձեն՚,- պատմում է ՙՓարոսից՚ հերթական տուժածը:
Այս ամենը նմանվում է աբսուրդի թատրոնի, ի՞նչ օրենքի մասին է խոսքը, եթե օրենք ՙպահպանող՚ կառույցն անգամ տեղյակ չէ իր օրենքներից, քանի որ օրենքը չի նախատեսում ամբողջ գումարի ետգանձումը, ավելին, նման աննշան ՙայլ եկամուտների՚ համար օրենսդիրը նախատեսել է ՙավելցուկ՚ վճարած գումարների ներում կամ աստիճանաբար մարում:
Իսկ ամենազավեշտալին տեղի ունեցավ մեզ հետ, երբ զանգահարեցինք Արաբկիր վարչական շրջանի ՙՓարոսի՚ աշխատակցուհի Մառայից ճշտելու, թե որն է երիտասարդ մայրերի ու նրանց երեխաների հանդեպ նման վերաբերմունքի պատճառը: Մառան սկսեց արդարանալ. ՙԳիտեք, ես ցերեկով զանգում եմ  ու չեմ կարողանում գտնել, ես քանի անգամ ասել եմ, գնա տեղեկանք վերցրու: Ինքն էլ ասեց, որ չեմ կարող ներկայացնել, ես էլ ասեցի, որ խնդրեմ, ես էլ զեկուցագիր կգրեմ... Զանգեցի ու ասեցի, ինձ հետ զանգի, բայց սպասեցի, սպասեցի չզանգեց: Իսկ մենք էլ պիտի պատասխան տանք, չէ՞: Ես իրան չեմ զանգել` որպես պետական աշխատող: Հիմա ես չեմ հասկանում, թե դուք ինչի՞ եք ինձ զանգում ու անհանգստացնում, ձեզ թվում ա մենք չենք կարո՞ղ ուրիշ տեղ դիմենք: Ես էլ կդիմեմ Հովիկ Աբրահամյանին: Կասեմ, որ ես քաղաքացուն չեմ զանգել որպես աշխատակից, այլ զանգել եմ որպես իր ընկերուհի՚:
Իսկ վերջում Մառան մեզ էլ հանձնարարություն տվեց. ՙԻ՞նչ եք տպագրելու մի հատ ասեք ու եթե տպագրեք, էդ թերթի համարը ինձ կասեք, որ ես վերցնեմ կարդամ՚:
Սա դեռ ավարտը չէ աբսուրդի թատրոնի շարունակությունը տեղաց երեկ, երբ տողերիս հեղինակին զանգահարեց Արաբկիր տարածքի ՙՓարոսի՚ պետ տիկին Նիկոյանը եւ խիստ վրդովված փորձում էր ճշտել, թե այդ ի՞նչ պետք է մենք տպագրենք եւ ինչո՞ւ ենք իր աշխատակցին զանգահարում ու անհանգստացնում: Տիկինը խոսակցության ավարտին սպառնաց. ՙԽնդրեմ, գրեք, ուրեմն, եթե հարցը էսպես սուր է դրվում, մենք էլ մեր ասելիքը կասենք, բայց շատ ավելի վատ: Դուք ի՞նչ իրավունք ունեք ծառայության աշխատանքի մասին գրել՚:
Պահո¯, ստացվում է, որ սրբության սրբոց ՙՓարոսը՚, ում գործունեության մասին պարզապես լեգենդներ են պտտվում հանրապետությունում, որ մինչեւ առաջին երկու ամսվա գումարը չտրամադրես, դու ՙՓարոսի՚ երեսը տեսնող չես, այսքանից հետո փորձում է արդարացնել իր ՙգեստապոյական՚ վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ, որպեսզի քթներից հանեն այն խղճուկ 18 հազար դրամը, որը տրամադրվում է երեխաներին: Բացի այդ, չեն կատարում օրենքով սահմանված իրենց պարտավորությունները եւ այսքանից հետո էլ նույն ահաբեկչական ոճով գործողություններ են փորձում իրականացնել լրատվամիջոցի ու լրագրողի նկատմամբ` ասելով, որ դուք գրեք, տեսեք մենք էլ ինչ կանենք, կամ առհասարակ ի՞նչ իրավունք ունեք մեր մասին գրելու: Ի դեպ, սա արդեն քրեորեն պատժելի արարք է: Այսքանից հետո էլ ի՞նչ Դուք-ով դիմելու մասին է խոսքը:
Մեկ հարց եւս, ինչ եք կարծում, ՙՓարոսի՚ այսպիսի ՙաջակցությունից՚ հետո քանի երիտասարդ ընտանիք կհրաժարվի հաջորդ երեխան ունենալուց, իսկ քանիսը այդ երեխան կունենա այլ երկրում, որտեղ չկա ՙՓարոս՚. ենթադրությունները թողնում ենք ընթերցողին եւ հույսով ենք, որ համապատասխան մարմինները ուշադրության կենտրոնում կպահեն նման աշխատելաոճը ու վերաբերմունքըª քաղաքացիների հանդեպ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում