livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

kladՕրերս խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի, ով ներկայացավ, որպես Կոտայքի մարզի Թեղենիկ գյուղի բնակիչ եւ պատմեց, որ գյուղի վերեւի հանդամասում արդեն քանի ամիս ինչ-որ մարդիկ մեծ փոս են փորում, ընդ որում` այդ աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի միջոցով:

Մենք փորձեցինք Թեղենիկի գյուղապետարանից ճշտել, թե ովքեր են իրականացնում այդ աշխատանքները եւ ինչ նպատակ են հետապնդում: Թեղենիկ գյուղի գյուղապետ ՄԱՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ անդրադառնալով վերոնշյալ հարցին, ասաց.

- 2012թ. աշնանը ՀՀ քաղաքացի Անահիտ Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է գյուղապետարան՝ գյուղի համայնքային հողերի տարածքում հատկացնել 10քմ հողատարածք, որոնողական աշխատնքներ իրականացնելու համար, քանի որ համոզված են, որ այնտեղ խաչքարեր կան: Եվ նա ուխտ է արել այդ խաչքարերը պեղել եւ հանրությանը ներկայացնել: Ձմռանը` առատ ձյան պատճառով աշխաատանքները դադարեցվել են եւ պետք է շարունակվեն գարնանը: Նշեմ նաեւ, որ նշված վայր այցելել են Հուշարձանների պահպանության հատուկ մասնագետներ:

Փաստորեն, խոսքը մշակութային արժեքների որոնման նպատակով պեղումների մասին է, որոնք, ստացվում է, իրականացվում են մասնավոր անձանց կողմից: Նպատակները լավ են թե վատ, հարցի մի կողմն է: Մյուս կողմից էլ պակաս կարեւոր չէ, թե այդ գործունեությունն ինչքանով է համապատասխանում գործող օրենսդրությանը:

Մի խոսքով` չբավարարվելով գյուղապետի պարզաբանմամբ` դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարության ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանի եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի ծառայության պետ ԿԱՄՈ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ: Վերջինիս խոսքով.

- 2012թ. աշնանը (ամիսը եւ օրը ստույգ չեմ հիշում) մեր ՊՈԱԿ-ն ահազանգ ստացավ գյուղի բնակիչներից, որ Թեղենիքի վերին հանդամասում ինչ-որ անհայտ մարդիկ` հինգ հոգի` երկու կին եւ երեք տղամարդ, հատուկ տեխնիկա են մտցրել գյուղ եւ մեծ փոս են փորում, չգիտես ինչ նպատակներով: Ես հաջորդ օրն առավոտյան գյուղապետի հետ գնացի եւ տեսա այդ ամենը: Երբ նրանց հարցրի, թե ինչ նպատակով են այդքան մեծ փոս փորում, նրանցից մեկը` Հայկանուշ Գրիգորյանը, ասաց, որ դա նրանց հոգեւոր պարտքն է: Ըստ այդ կնոջ խոսքերի` վերջինիս մորաքույրը երազում տեսել է, որ տվյալ տարածքում` հողի տակ, կան երեք խաչքարեր, եւ նրանք ուխտ են արել այդ խաչքարերը գտնել: Այդ նույն խոսակցության ընթացքում վերոնշյալ կինն ասաց, որ 2011թ. եւս նմանատիպ աշխատանքների շնորհիվ այժմյան փորվող փոսից ոչ հեռու գտնվող տարածքում գտել են մի խաչքար: Հարցիս, թե որտեղ է այժմ այդ գտնված խաչքարը, տիկինը պատասխանեց, որ տեղադրել է մոտակայքի մատուռներից մեկի շրջակայքում, բայց թե ստույգ որ մատուռի, այդպես էլ չասաց:

- Իսկ Դուք չհետաքրքրվեցիք կոնկրետ որ մատուռի մասին էր խոսքը:

- Իհարկե, հետաքրքրվեցի, բայց այն մատուռի շրջակայքում, որի մասին մեզ ասաց տիկինը, մեր աշխատողը նման խաչքար չի գտել:

- Չգտնելով խաչքարը` Դուք չեք դիմել պատկան մարմիններին:

- Ո՛չ, սպասում ենք ամեն ինչ մանրամասն ուսումնասիրենք, նոր միայն, եթե կարիքը լինի, կդիմենք անպայման:

- Իսկ նոր փորվող փոսի հետ կապված նրանք թույլտվություն ստացան, օրինական են այդ որոնողական աշխատանքները:

- Այդ տիկնոջը, ով ներկայացավ որպես այդ խմբի ղեկավար, ասացի, որ անպայման պետք է դիմի Մշակույթի նախարարություն` աշխատանքները օրինականացնելու նպատակով: Բայց երեւում է, որ մինչեւ օրս նա դա չի արել: Իմ իմանալով` նա միայն գյուղապետարանում է մուծում արել տարածքը հատկացնելու համար:

Ասեմ, որ տեղի բնակիչների համար եւս շատ կասկածելի է այդ` հինգ հոգուց բաղկացած խմբի գործունեությունը, ոմանք նույնիսկ մտածում են, որ երեւույթը շատ նման է գանձագողության, քանի որ նրանք գյուղի բնակիչներին տարբեր բաներ են ասում. մեկին ասում են` ջրագիծ են փորում, մեկին` մի ուրիշ բան: Եվ դա է պատճառը, որ նրանց ծավալած, այսպես կոչված, խորհրդավոր գործունեությունը շատերի կասկածն է հարուցում:

Հասկանալի է, այս բացատրություններից հետո մեր զրուցակցի գործունեությունն էլ է սկսում առնվազն տարօրինակ թվալ: Պատկերացրեք. հայտարարել են, թե դեռ մեկ-մեկուկես տարի առաջ, ըստ ամենայնի, մշակութային արժեք հանդիսացող խաչքար են հանել հողի մի քանի մետրանոց շերտի տակից: Խաչքարը մատնանշված վայրում չի հայտնաբերվել, սակայն մեկ այլ փոս են սկսել փորել: Իսկ պատկան պաշտոնյա հանդիսացող պարոն Հակոբյանը չգիտես թե ինչի է սպասում...

Այնուամենայնիվ, նրա պատմածների հիման վրա փորձեցինք մեկ անգամ եւս կապվել Թեղենիքի գյուղապետ Մարատ Բաղդասարյանի հետ` պարզելու` արդյոք նա տեղյա՞կ է գանձագողության մասին վերոնշյալ խոսակցություններից, եւ ինչի հիման վրա է տարածք հատկացրել այդ խմբին: Պարոն Բաղդասարյանն այսպես արձագանքեց.

- Հա, տեղյակ եմ, բայց հավատացե՛ք, իմ կարծիքով` էդ մարդիկ ոչ մի կասկածելի բան չեն անում, որ վախենայի, տարածք չտրամադրեի նրանց: Նրանք իրենց հոգու պարտքն են կատարում: Այսքանը:

Բայց ինչքան բարի մարդ է Թեղենիքի գյուղապետը, որ հանուն մի քիչ անհասկանալի ՙհոգու պարտքի՚, գյուղապատկան հողերն է տալիս մարդկանց, որոնց մասին իր իսկ համագյուղացիները բազում տարօրինակ բաներ են պատմում: Բայց տեսնես ՙհոգու պարտք կատարող՚ բոլոր մարդկա՞նց նա նույն բարեսրտությամբ գյուղի հողերը կտա: Եթե այո, ապա զարմանալի է, որ ինչ-որ հողակտոր դեռ մնացել է: Այլ հարց է նաեւ, թե գյուղապետի այդ բարությունը ինչքանով է համապատասխանում գործող օրենսդրությանը:

Ամենահետաքրքիրն այն է, որ որոշ գյուղացիների պնդմամբ ժամանակին այդ տարածքում տեղադրված է եղել պատմական արժեքների առկայության մասին ցուցանակ, որը մի քանի տարի առաջ անհետացել է: Իսկ թե ինչու է հենց այդ կարգի տարածքների նկատմամբ մեր տվյալներով ԲՀԿ-ական գյուղապետի մարդասիրությունը բռնել, արդեն այլ երանգի հարց է թվում:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում