livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

tutki30-ը նոր-նոր բոլորած Համլետ Տոնոյանն ու Տիգրան Հովհաննիսյանը 2011թ. դեկտեմբերի 23-ին մտադրվել էին մի լավ ՙտժժալ՚: Գումարներ քամուն չտալու համար, երիտասարդ տղամարդիկ ծրագրել ու անցել էին ՙօպերատիվ՚ հետեւյալ գործողությունների իրականացմանը:

ՍԵՔՍՈՒԱԼ ՙՈՐՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ՚

Ուշ երեկոյան նրանք  տաքսի ավտոմեքենայով գնացել էին Երեւանյան լիճ, մոտեցել էին այնտեղ երկու մարմնավաճառների եւ ներկայացել էին որպես ազգային անվտանգության աշխատակիցներ, որոնց ծառայողական պարտքն է հանդիսանում ՙգիշերային թիթեռնիկներին՚ բերման ենթարկել ՙիրավապահ մարմին՚: Բուտաֆորիայի պակաս չկար. մարմնավաճառներին ներկայացվել էր ծառայողական վկայական: Դրան գումարած ՙկյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնությունը՚, եւ կանայք հայտնվել էին ավտոմեքենայի մեջ: ՙԻրավապահ մարմինների՚ հենակետն էր հանդիսացել Երեւան-Աշտարակ խճուղու վրա գտնվող ՙՈսկեպար՚ հյուրանոցը: ՙՈւտուշ-խմուշի՚ ժամանակ մարմնավաճառները գլխի էին ընկել, որ գործ ունեն ոչ թե իրավապահների, այլ` շարքային ՙնիսյա՚ հաճախորդների հետ: Այդ պահից կանանց վախը ՙօրենքի՚ հանդեպ վերացել էր, եւ նրանք սկսել էին մտածել ինքնակոչ ՙչեկիստներից՚ փախչելու եւ նրանց պատժելու մասին:
Առեւանգողների մոտ բավարար վստահություն ձեռք բերելով` մարմնավաճառ Կարինե Առաքելյանը գնացել էր լոգարան եւ տաքսի էր պատվիրել: Քիչ անց` կրկին լոգարան գնալու պատրվակով, նա դուրս էր եկել հյուրանոցից, նստել պատվիրված ավտոմեքենան եւ փախել...
Երբ քեֆչի տղամարդիկ հասկացել էին, որ մարմնավաճառներից մեկը վերջնականապես լքել է իրենց` հեռախոսով կապվել էին հանդուգն կնոջ հետ եւ ներկայացրել վերջնագիր. կամ Կարինեն վերադառնում է իրենց մոտ, կամ իրենք սպանում են նրա գործընկերոջը` Մարիա Բաբասիեւային: Վերջինս, սակայն, արդեն հաշված էր եղել իր երկու ՙբռնակալների՚ ատամները եւ գլխի էր գցել, որ կարելի է գնալ Երեւանյան լիճ, ուրիշ ՙջրահարս՚ ճարել, վերադառնալ ու շարունակել  զվարճանքը: Արնախում տրամադրությունները իրենց տեղը զիջել էին սեքսուալ պատրանքներին, եւ պատահական տաքսի ավտոմեքենան երեք սեղանակիցներին հասցրել էր ՙորսավայր՚: Հերթական զոհին ՙբերման ենթարկելու՚ համար` ընտրելուց հետո Համլետ Տոնոյանն ու Տիգրան Հովհաննիսյանը հասկացել էին, որ իրենց օպերացիան տապալվելու վտանգի տակ է. պահը կամ նրանց միամտությունը օգտագործելով ` Մարիան  Բաբասիեւան դիմել էր փախուստի: Ինչպես ասում են` ՙքեֆ անողի քեֆը չի պակասի՚. թարմ առեւանգված Նաիրա Սարգսյանի հետ նրանք վերադարձել էին ՙՈսկեպար՚ ու... ձերբակալվել  ոստիկանության աշխատակիցների կողմից:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔԱԿԱՆ ԲԱՆ Է

Մարմնավաճառությունը խոցելի արհեստ է: Հետեւաբար, հասկանալի է, որ մարմնավաճառների հիմնական կարգախոսներից է` ՙՇառից հեռու՚:  Քրեական այս գործով տուժող ճանաչված մարմնավաճառները դատաքննության ժամանակ որոշակի փոփոխել էին իրենց դիքորոշումները` կատարվածի վերաբերյալ եւ մեղմացրել էին  նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Մենք կներկայցնենք նրանք, որոնք դատարանը համարել էր քիչ թե շատ արժանահավատ: Փախուստից հետո տուժող Կարինե Առաքելյանը իր գործողությունները ներկայացրել է հետեւյալ կերպ. ՙՎերադառնալով Երեւան, ես զանգահարել եմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունում աշխատող իմ ծանոթին, պատմել կատարվածի մասին: Վերջինս ասել է, որ արձակուրդում է, եւ, որ ինձ այլ աշխատակից կզանգահարի: Քիչ անց զանգահարել են, եւ ես հայտնել եմ կատարվածը: Ինձ կանչել էին զրուցելու: Ճանապարհին զանգահարել էր Մարիա Բաբասիեւան: Հասկանալով, որ մեր խոսակցությունը Համլետն ու Տիգրանն էլ կարող են լսել` ես ասել եմ, իբրեւ թե տան անդամների հետ եմ խոսում, քիչ անց կվերադառնամ, իսկ երբ քիչ անց Մարիան կրկին է զանգահարել` ասել եմ, որ դիմել եմ ոստիկանություն: Այդ ժամանակ Համլետը բարձրախոսի միջոցով ինձ հայհոյանքներ է տվել եւ ասել` ՙուր ուզում ես գնա, ով գա, նույն ձեւով հետ է գնալու՚: Այնուհետեւ Մարիան ինձ ասել էր, որ այդ երկուսը սպառնում են սպանել իրեն, եթե ես հետ չվերադառնամ: Ես ոստիկաններին ուղեկցել էի ՙՈսկեպար՚ հյուրանոցային համալիր: Դեռ հյուրանոց չհասած` ինձ էր զանգահարել Մարիան եւ ասել, որ հյուրանոցից դիմել է փախուստի: Ես նրան ասել էի, որ սպասի Մալաթիա թաղամասում գտնվող ՙԵրեւան Սիթի՚ սուպերմարկետի մոտ: Այնտեղ հանդիպել եմ Մարիային: Ոստիկանների հետ գնացել էինք Երեւանյան լճի մոտ, սակայն Համլետին ու Տիգրանին այնտեղ չգտնելով` գնացել ենք ՙՈսկեպար՚: Որոշ ժամանակ անց նկատել ենք հյուրանոցի բակ մտնող տաքսի ավտոմեքենա: Ես ու Մարիան մնացել էինք ավտոմեքենայի մեջ, իսկ ոստիկանները մտնելով հյուրանոց` այնտեղից դուրս էին բերել մարմնավաճառ Նաիրա Սարգսյանին, Տիգրանին ու Համլետին՚:
Համլետ Տոնոյանն ու Տիգրան Հովհաննիսյանը, անշուշտ, մարմնավաճառներից շատ ավելի լայն ՙծանոթություն՚ ունեին իրավապահ համակարգում: Այս համոզմունքի հիմքում ընկած են նրանց կենսագրությունները: Առաջին անգամ Հ. Տոնոյանը մեղադրյալի նստարանին էր հայտնվել 16 տարեկանում` գողություն կատարելու համար: Դրանից հետո նա դատապարտվել էր եւս 5 անգամ:
Նույն տարիքում իր առաջին հանցագործությունն էր կատարել Տիգրան Հովհաննիսյանը` նույնպես գողություն: Այս գործով նրան պետք է դատապարտեին 5-րդ անգամ:

ԴԱՏԱՎՃԻՌ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆԵՐ

Համլետ Ավետիքի Տոնոյանին եւ  Տիգրան Մինասի Հովհաննիսյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով /մարդուն առեւանգելը/ եւ, հաշվի չառնելով` մեղմ պատիժ նշանակելու մասին մարմնավաճառների ՙհորդորները՚, երկուսին էլ դատապարտեց ազատազրկման 6 տարի ժամկետով:
Դատավճռին, հասկանալի է, հետեւեցին ամբաստանյալների բողոքները վերադաս դատարան:
Վերաքննության ժամանակ Հ.Տոնոյանը հայտարարել էր, թե ինքը ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվելուց հետո ենթարկվել է ծեծի, որի հետեւանքով ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Վերաքննիչ դատարանը չէր հավատացել այդ հայտարարությանը եւ հղում էր կատարել ՀՔԾ-ի կողմից նախապատրաստված նյութերին: Ըստ դրանց` ՙՆախկինում 6 անգամ դատապարտված Համլետ Տոնոյանի մարմնական վնասվածքներն առողջության վնասի հատկանիշներ չեն պարունակել եւ հնարավոր է, որ պատճառված լինեին բերման ենթարկելու ընթացքում նրա նկատմամբ ձեռնամարտի հնարքների կիրառման հետեւանքով՚:
Մեղադրյալը հայտարարել էր նաեւ, որ ՙանձնական խուզարկության ժամանակ իր գրպանից հայտնաբերված եւ առգրավված ծառայողական վկայականն իրեն չի պատկանում, այն իր գրպանն են գցել ոստիկանության աշխատակիցները՚: Ժամանակն է ասել, որ ԱԱԾ-ի աշխատակցի ներկայացված փաստաթուղթը` փաստաթուղթ էլ չէր եղել, եւ հավանաբար, այդ պատճառով առաջադրված մեղադրանքը չէր ՙհարստացվել՚ փաստաթուղթ կեղծելու հոդվածով: Սակայն, ինչպես պարզվում է, թղթի այդ կտորով էլ հնարավոր էր եղել ՙհամոզել՚ մարմնավաճառներին բերման ենթարկվել հյուրանոց...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում