livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

cyberՆերկայումս մեծանում են ինտերնետի հնարավորությունները, ինչը նպաստում է նաեւ  հանցագործության ձիրքով եւ վառ երեւակայությամբ օժտված մարդկանց գործունեությանը, ինտերնետի միջոցով իրականացվող հանցագործությունների աճին: Իսկ ինչպիսի՞ն է այդ առումով իրավիճակը Հայաստանում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ , ով, անդրադառնալով կիբեռհանցագործությունների տարածվածությանը Հայաստանում, նախ նշեց.

-ՀՀ-ում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որպես այդպիսին, գործում է մոտավորապես վեց տարի: Սակայն, այն ամբողջությամբ համալրվեց 2009թ.-ի կեսերին, եւ այդ ժամանակահատվածից կարելի է տալ հստակ վիճակագրություն, թե ինչպիսինն է եղել կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը, եւ ինչ վիճակագրություն կա տվյալ ոլորտում: 2009թ.-ին բացահայտվել է 13 կիբեռհանցագործության դեպք, 2010թ.-ին` 16, 2011թ.-ին` 20, իսկ 2012թ. գրանցվեց կիբեռհանցագործությունների բավականին մեծ աճ: Նման աճը մասամբ պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում ինտերնետից օգտվողների քանակը շատացել է, ինչը հատկապես ցայտուն երեւաց վերջին մեկ տարվա ընթացքում:

Հայաստանում կիբեռհանցագործների հիմնական թիրախը սոցիալական կայքերն են, էլեկտրոնային փոստի հասցեները, վճարային համակարգերը, ինչպես նաեւ այն համակարգերը, որոնք հնարավորություն են տալիս, որ մարդիկ հաղորդակցվեն միմյանց հետ: Սոցիալական կայքերում հանցագործությունների հիմնական դրսեւորումը քաղաքացիների նկատմամբ անօրինական այն ոտնձգություններն են, որոնք վերաբերում են անձնական կյանքին, ընտանեկան տվյալներին, եւ արտահայտվում սպառնալիքի ձեւով` պոռնկագրական նյութերի տեղադրմամբ, շատ դեպքերում` մոնտաժ անելու եղանակով:

Առհասարակ, կիբեռհանցագործության հիմնական հանցատեսակներն են պոռնկագրական նյութերի տարածումը, տեղեկատվական բազաների ապօրինի օգտագործումը, համակարգչի օգնությամբ խարդախությունը եւ համակարգչային հանցագործությունների այլ տարատեսակներ, որոնց համար, ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի, նախատեսվում է պատիժ:

- Կիբեռհանցագործության քանի՞ դեպք է բացահայտվել 2012թ.-ին:

- 2012թ. -ին ի հայտ է բերվել կիբեռհանցագործության 38 դեպք: Բացի այդ, կան 2012-ի ընթացքում ստեղծված նյութեր, որոնք սպասում են նախաքննական մարմնի կողմից իրենց քրեաիրավական գնահատականին: 38 քրեական գործը քիչ չէ: Դա նշանակում է, որ մեկ տարվա մեջ` 2011թ.-ի հետ համեմատած արձանագրվել է համարյա կրկնակի աճ: Իսկ դրանից էլ կարելի է հետեւություն անել, որ մենք այսօր գործ ունենք լուրջ խնդրի հետ: Այսինքն` կա հասարակության մի ստվար զանգված, որը կլանված է, այսպես կոչված, կիբեռտարածքով, եւ որի գերակշիռ մասը երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են:

Ինչպես նշեցի` մեր երկրում կիբեռվտանգ կարելի է սպասել նաեւ սոցիալական ցանցերից: Հարկ է նշել, որ ՀՀ ՙՔրեական օրենսգիրքը՚ նախատեսում է պատիժ ՙՏեղեկատվական անվտանգության դեմ՚ կատարված արարքների համար: Բացի այդ ՙՀՀ Քրեական օրենսգիրքն՚ ունի եւս 5-6 հոդված, որոնք նույնպես վերաբերում են կիբեռհանցավորության ոլորտում` առավելապես` սոցիալական ցանցերում, կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելն, ինչպես նաեւ գույքի ոչնչացման սպառնալիքներին, անձնական կամ ընտանեկան գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հավաքելուն կամ  հրապարակելուն, շորթմանը, պոռնոգրակական նյութեր ստեղծելուն, տարածելուն, գովազդելուն, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող հափշտակություններին, խաբեություններին, վստահությունը  չարաշահելու եղանակով խարդախություններին եւ այլն: Այս ամենին առնչվող դեպքեր անցած տարի շատ են գրանցվել:

- Կնկարագրե՞ք վերջին ամիսների ընթացքում բացահայտված դեպքերից մի քանիսը:

- Վերջին դեպքերից մեկը հետեւյալն է. երիտասարդ մի աղջիկ դիմել էր մեզ եւ ասել, որ ոմն մեկը սպառնում է իրեն, որ իր վերաբերյալ արատավոր տեղեկություններ կհաղորդի իր ամուսնուն: Մեր բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ի հայտ բերվեց այդ կազմակերպված խումբը: Պարզվեց, որ աղջկան սպառնացողն իր ընկերուհու աղջիկն էր, որի մտքով անցել էր, որ կարելի է ՙՕդնոկլասնիկի՚ սոցիալական կայքով` շորթման եղանակով, երկու հազար դոլար փող կորզել: Գործի նախաքննությունն արդեն ավարտվել է:

Նկարագրեմ մեկ այլ դեպք.19 տարեկան մի երիտասարդ, ընդ որում` ապահովված, սոցիալական կայքերում վարկաբեկող տեղեկություններ տարածելու սպառնալիքով` շորթման եղանակով, տարբեր երիտասարդ աղջիկներից լիցքավորման քարտեր էր ձեռք բերում:

Վերջին բացահայտված դեպքերի մեծ մասը վերաբերում են խարդախություններին: Այստեղ կարեւոր է նշել, որ անհրաժեշտ է շատ ուշադիր լինել էլեկտրոնային հասցեներին, մի տառի կամ մի կետադրական նշանի փոփոխությունը կարող է մեծ անախորժությունների առաջ կանգնեցնել:   

- Ինչպե՞ս կարելի է խուսափել կիբեռհանցագործության զոհ դառնալուց:

- Հորդորում եմ քաղաքացիներին` լավ սերտել ինտերնետից օգտվելու կանոնները: Ինտերնետից օգտվելու համար կան մի քանի պայմաններ. առաջին հերթին զերծ մնալ տարբեր կարգի կասկածելի նամակներից, որոնք գալիս են ձեր էլեկտրոնային հասցեներին: Այդ, այսպես կոչված` ՙնիգերիական նամակների՚ միջոցով, տարբեր մարդիկ խնդրում են ուղարկել գումար, որպեսզի կարողանան, ասենք, միլիոնների ժառանգություն ստանալ եւ ՙկիսվել՚ ձեզ հետ: Պետք է զերծ մնալ նաեւ տարբեր կասկածելի կայքերի հղումներից: Շատ հաճախ այդպիսի հղումների տակ կարող են թաքցված լինել ոչ միայն վնասաբեր ծրագրեր, այլեւ սկրիպտի տեսակներ, որոնք կարող են գողանալ ձեր համակարգչի էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային վճարամիջոցի գաղտնաբառը: Նաեւ անհրաժեշտ է զգույշ լինել տարբեր սոցիալական կայքերում նկարներ տեղադրելուց, կասկածելի մարդկանց հետ շփվելուց, ինչպես նաեւ` սահմանափակել վիրտուալ շփումները ծանոթությունների կայքերում եւ զերծ մնալ տարբեր հայտարարություններից, որտեղ տարբեր բնույթի ծառայություններ են առաջարկվում: Եվ անհրաժեշտության դեպքում պետք է ժամանակին ահազանգել ոստիկանության համապատասխան ստորաբաժանում:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում