livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

gaxutԿյանքի սխալ ասպարեզներ, միջավայրեր, զարտուղի ճանապարհներ մղված մեծահասակների կողքին, ցավոք, քիչ չեն նաեւ դեռահասները, անչափահասները: Խաթարված նկարագիր, սանձարձակ վարքագիծ` հայտնված բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտում, որոնք, ցավոք, խոր մտորումների տեղիք են տալիս:

Պատանին, ով հայտնվել է ՙԱբովյան՚ ՔԿՀ-ում, արդեն երկրորդ ժամկետն է կրում գողության համար: Զրուցելով նրա հետ` փորձեցինք իմանալ, թե ինչն է նրան դրդել նման քայլի: Հասկանալի պատճառներով չենք ներկայացնում նրա անունը:

- Որքան ժամանակ է, որ անչափահասների գաղութում եք:

- Երկու տարի հինգ ամիս է:

- Գողություն անելիս մենակ եք եղել, թե:

- Սա իմ երկրորդ դատվածությունն է, առաջին անգամ դատապարտվել եմ գողության համար, որը կատարել եմ ընկերներիս հետ, իսկ երկրորդ անգամ միայնակ եմ եղել:

Առաջին գողությունս կատարել եմ բնակարաններից, հետո մեքենաներից տարբեր իրեր եմ գողացել. օրինակ` անվադողեր, անվահեծաններ, ձայնագրիչներ, ձայնասկավառակներ:

- Բնակարանների ընտրությունը ինչպե՞ս էր կատարվում:

- Հիմնականում Արարատում եմ գողություն արել` սեփական տներ եմ մտել: Տարեմուտին էր. այն ժամանակ ես միայնակ չէի, եւ ինչ պատահեց, այն էլ գողացանք:

- Չէի՞ք մտածում, որ բնակարանները կարող էին ահազանգող սարք ունենալ:

- Ո՛չ, քանի որ մենք նախապես էինք տեղեկանում` տվյալ բնակարանը ունի՞ ահազանգ, թե՞ ոչ, եւ եթե ուներ, ծրագրում էինք, թե ինչպես կարող ենք այդ սարքը աննկատ անջատել:

- Տարածքը նախապես ուսումնասիրո՞ւմ էիք:

- Իհարկե, հետո հիմնականում հարուստ տներ էինք ընտրում:

- Գողություն հիմնականում կատարում էիք ցերե՞կը, թե՞ գիշերը:

- Ե՛վ կեսօրին, ե՛ւ գիշերը` նայած տուն:

- Իսկ գիտեի՞ք, թե տվյալ բնակարանից ինչ պետք է գողանաք:

- Հիմնական նպատակը ոսկեղեն  ու գումար տանելն էր, բայց երբ տեսնում էինք, որ  լավ հեռախոս, հեռուստացույց, տեսասկավառակ, տեսախցիկ, ֆոտոխցիկ, նկարներ կան, տանում էինք:

- Ձեզ դուր կգա՞ր, եթե մի օր դուք էլ տուն գնայիք եւ տեսնեիք, որ գողացել են Ձեր սիրելի իրերից:

- Էդպիսի դեպքեր շատ են եղել. մտել են մեր տուն ու տարբեր իրեր են տարել, բայց ոչինչ էլ չենք արել, ոստիկանություն էլ չենք դիմել:

- Գողացած իրերը վաճառում էիք:

- Գողացվածը տանում էինք Արարատի հանրախանութ եւ մատչելի գներով վաճառում, կամ էլ Վերնիսաժ էինք տանում:

- Իսկ Վերնիսաժում հանձնում էիք վաճառողներին, թե անցորդներին էիք առաջարկում:

- Ե՛վ նա, ե՛ւ նա, ինչպես պատահեր` նայած հանգամանքների:

- Նշեցիք, որ մատչելի գներով էիք իրերը վաճառում, չէ որ դուք դժվարությամբ էիք գողանում, էլ չեմ խոսում վախի զգացումի մասին:

- Քանի որ օգտագործված իրեր էին, այդ պատճառով էլ շուկայականից բավականին ցածր գներով էինք վաճառում. մեզ գումարն էր հետաքրքրում: Ընկերներիս պարտքերն էի փակում, ինձ համար շորեր էի գնում, միասին սրճարաններ էինք գնում: Բայց երբ սիրահարվեցի, ամեն ինչ շատ ավելի լրջացավ. միակ նպատակս էր, որ շատ գումար հայթայթեմ` ընկերուհուս բուժման ծախսերը հոգալու համար:

- Իսկ  ընկերուհիդ ծնողներ չուներ:

- Ուներ, բայց իրենք շատ դժվար էին ապրում, գումարի խնդիր ունեին:

- Ծնողներ, քույր, եղբայր ունես:

- Ծնողներս ամուսնալուծված են, տարիներ շարունակ հայրիկիս հետ էի ապրում, բայց նախքան բռնվելս` մայրիկիս, քույրիկիս եւ եղբորս հետ:

- Վաճառածդ իրերի գումարներից ընտանիքիդ անդամներին տալի՞ս էիր:

- Իհարկե՛, գումարներ տարել եմ տուն, բայց չէի ասում, թե ինչ ճանապարհով եմ ձեռք բերել: Գիտեին, որ ձայնասկավառակների խանութում եմ աշխատում: Իրենց մտքով երբեք չի անցել, որ ես գողությամբ եմ զբաղվում:

- Ձեզ ի՞նչը դրդեց գողության:

- Երկրորդ անգամ եմ հայտնվում գաղութում, առաջին անգամ գողության համար դատապարտվեցի, երբ ընկերներիս պետք է օգնեի. շատ գումար էր հարկավոր, ես էլ գնացի այդ քայլին: Երկրորդ անգամ կրկին գողության համար դատապարտվեցի. այս անգամ ընկերուհուս համար էի գողություն անում: Ընկերուհիս առողջական խնդիրներ ուներ եւ պետք է վիրահատվեր, ես էլ գնացի այդ քայլին:

- Բայց ինչ-որ ձեւով կարողացա՞ր ընկերուհուդ օգնել:

- Ո՛չ, քանի որ մահացավ:

- Արածդ քայլերի համար զղջո՞ւմ ես:

- Այո՛, սա ինձ դաս եղավ, կարծում եմ այլեւս նման քայլի էլ չեմ գնա:

- Գողություն անելիս չէիք մտածում, թե ինչպես կզգան իրենց այն մարդիկ, ում տարիների վաստակածը տանում էիք:

- Մեր գյուղն այդքան էլ մեծ չի, չնայած շատ հարուստ մարդիկ են ապրում: Երբեմն ինձ փող է պետք եղել, դիմել եմ իրենց, բայց իրենք մերժել են ինձ: Ես իրենց զգուշացնում էի` կգամ ձեր տուն եւ գողություն կանեմ, բայց իրենք ինձ չէին հավատում: Գումար չտալու համար էլ մտել եմ իրենց բնակարանները:

- Անչափահասների գաղութի մասին պատկերացում ունեիք:

- Հիմնականում հեռուստատեսությամբ էի տեսել, երբեւէ մտքովս չէր էլ անցնի, որ ես կհայտնվեմ այստեղ: Ովքեր իմ շրջապատում իմանում էին, որ գողությամբ եմ զբաղվում, ինձ անընդհատ ասում էին, որ մի օր կհայտնվեմ անչափահասների գաղութում, նման բան չանեմ: Բայց ես չէի հավատում, որ կբռնվեմ, առավել եւս, կհայտնվեմ այստեղ: Այդ բախտին ես էլ արժանացա:

- Այստեղ ինչո՞վ եք զբաղվում, կա ինչ-որ նոր բան, որ Ձեզ համար կարողացաք բացահայտել:

- Սրտի եւ հոգու հանգստության համար լավագույն միջոցը մտքի աշխատանքն է: Շատ լավ փորագրում եմ եւ կավեգործությամբ եմ զբաղվում, երբեք մտքովս էլ չի անցել, որ ես կկարողանայի փորագրել կամ կավից իրեր պատրաստել: Ժամանակ առ ժամանակ էլ երգերի բառեր եմ գրում, ինքս ինձ համար ստեղծագործում եմ, փորձում եմ ինքնակրթությամբ զբաղվել:

- Համարենք, որ Դուք լիովին վերափոխված եք, եւ խոտոր ճանապարհն արդեն հետեւում է, ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ եւ ի՞նչ գնահատական կտայիք Ձեր կատարած հանցանքին:

- Գաղութում ձեռք բերեցի դրական շատ բաներ, ես իմ արած քայլի համար զղջում եմ եւ խորհուրդ կտայի ձեր թերթի ընթերցողներին, որ զերծ մնան գողություն անելուց: Միեւնույն է, ուշ թե շուտ կբռնվեք:

- Մի պահ պատկերացնենք, որ Դուք արդեն ազատության մեջ եք, ո՞րը կլինի Ձեր առաջին քայլը:

- Երգել շատ եմ սիրում: Երբ դուրս գամ, երգ ու երաժշտությամբ եմ ուզում զբաղվել: Ճիշտ է, այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրեցի շատ սխալներ գործել, բայց պետք է փորձեմ ճիշտ ուղու վրա կանգնել:

Հարցազրույցը վարեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում