livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

gaxut3Անահիտը (կեղծանուն) 2011թ. Աջափնյակ եւԴավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն), 268 հոդվածի 2-րդ մասի (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն առանց իրացնելու նպատակի) եւ 266 հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուսորների ապօրինի շրջանառություն իրացնելու կամ պատրաստելու նպատակով) 7 տարի 6 ամիս ազատազրկման: Սա միայն քրեական հակիրճ ձեւակերպումն է: Բայց ահա Անահիտի հետ մեր զրույցը շատ ավելի ուշագրավ էր այն տեսանկյունից, որ նա ՙԱբովյան՚ ՔԿՀ-ում է հայտնվել տարիներ շարունակ Ֆրանսիայում միանգամայն բարեկեցիկ, ապահովված կյանք վարելուց հետո.

-Ծնվել եմ Հայաստանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ պոլիտեխնիկ ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ: Ավարտելուց հետո չեմ աշխատել, 23 տարեկանում սիրահարվել եմ, ամուսնացել ու տեղափոխվել Ֆրանսիա: Այնտեղ եւս կրթություն եմ ստացել, բայց չեմ աշխատել. զբաղվել եմ աղջկաս դաստիարակությամբ: Ես շատ երջանիկ եմ եղել, որովհետեւ ունեի ամեն ինչ` սիրող ամուսին, լավ բնակարան, մեքենա եւ մեծ շրջապատ: Ամուսինս ֆրանսահայ էր: Աղջիկս ապրում է Ֆրանսիայում, ապագա իրավաբան է: Տարիներ հետո երջանկությունս, կարծեք թե, կանգ առավ, 2007թ. կորցրի ամուսնուս եւ ես միայնության դատապարտվեցի:

- Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանում, առավել եւս` այս կարգավիճակով:

- Ֆրանսիայում ես թմրանյութ էի օգտագործում, երբ եկա Հայաստան, ինձ իմ բնակարանից բերման ենթարկեցին եւ ձերբակալեցին: Վստահ եմ` ինձ մատնեցին իմ ընկերական շրջապատից: Ինձ մեղադրեցին նաեւ, որ ես հյուրասիրել եմ: Հայտնվելով գաղութում` հասկացա, որ այս կյանքում մարդ պետք է շատ հասարակ ապրի եւ ոչ մեկին ոչինչ ցույց չտա: Չնայած երբեք ցուցամոլ չեմ եղել, բայց ինձ ոմանք փաստի առաջ կանգնեցրին: Մարդիկ շատ նախանձ եւ չար են դարձել:

- Իսկապես հյուրասիրե՞լ եք, չէ՞ որ դա թանկ ՙհաճույք՚ է, մի՞թե այդքան առատաձեռն եք:

- Այո՛, իրավացի եք՝ թանկ ՙհաճույք՚ է, բայց ես ունեի այդ հնարավորությունը: Դա նույնն է` տունդ հյուր գա, եւ դու նրա ներկայությամբ սկսես ինչ-որ բան խոզի նման մենակ ուտել: Մարդն էլ ինձ նման ուզում է այդ հաճույքից օգտվել:

- Օգտագործում էիք հաճույքի՞ համար, թե՞ ընկճված էիք:

- Օգտագործել եմ, որ կյանքի այլանդակությունները չնկատեմ: Ես տանել չեմ կարող 21-րդ դարը, ցեղային մրցակցությունը, ոսկի, հարստություն դիզելը:

- Հայտնվելով կալանավայրում՝ ի՞նչ եք զգում:

- Ինքս ինձ անմեղ չեմ համարում, որովհետեւ այնպիսի քայլեր եմ արել, որն արգելված է եղել Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ օրինական չափաբաժին գոյություն ունի: Ահավոր զղջում եմ: Ամեն բացվող օր ասում եմ. ՙՏեր Աստված, տուր ինձ համբերություն՚:

- Գաղութում լինելով` որքանո՞վ է փոխվել Ձեր պատկերացումը իրականության մասին:

- Հասուն կնոջը ի՞նչը պետք է փոխի, նա արդեն ձեւավորված է: Ինձ համար բացահայտեցի, որ աշխարհը շատ է չարացել, բարություն չկա: Շատ կցանկանայի, որ դատապարտյալների համար աշխատելու հնարավորություն ստեղծվեր, որ կարողանային իրենց անապահով ընտանիքներին ինչ-որ կերպ օգտակար լինել:

- Գուցե դա գալիս է նրանից, որ նախկինում խորապես չէի՞ք շփվել մարդկանց հետ:

- Ազատության մեջ գտնվելով` ցանկացած մարդ կարող է թաքցնել իր էությունը. քիչ ենք շփվում, չենք տեսնում նրանց կենցաղը: Այստեղ հակառակն է` ամեն ինչ պարզ տեսնում եւ հասկանում ես, թե մարդն ինչի է ընդունակ: Պետք է կարողանալ գնահատել ազատությունը եւ բաց երկինքը:

- Յուրաքանչյուրի կյանքում դժվարություններ լինում են, Դուք ինչպե՞ս եք կարողանում այն հաղթահարել:

- Ես թմրամոլության գերի երբեք չեմ եղել, կախվածություն չեմ ունեցել: Չգնահատեցի գեղեցիկ եւ ապահով կյանքը, միայն այստեղ հայտնվելով` հասկացա, թե ինչ է ազատությունը: Այլեւս երբեք անօրեն քայլ չեմ անի:

- Երբեւէ մտածե՞լ եք, թե պատժաժամկետը լրանալուց հետո ինչով եք զբաղվելու:

- Որոշել եմ զբաղվել բարեգործությամբ: Ինձ շքեղություններ հարկավոր չեն, չնայած այդ ամենը ես տեսել եմ եւ ունեմ: Աշխարհում շատ են անապահով ընտանիքները, պետք է նրանց օգնեմ, նաեւ զբաղվելու եմ գյուղատնտեսությամբ:

- Որոշել եք բարեգործությամբ զբաղվել, այդ ուժը եւ ցանկությունը որտեղից է գալիս:

- Կյանքը սիրելուց. առհասարակ, սիրելուց եւ սիրվելուց: Երբ ասում են, թե մարդը մեծացել է, համամիտ չեմ, դա միայն դեմքի վրա է երեւում: Պետք է միշտ սիրահարվել, սերը միշտ երիտասարդ է պահում, ես միշտ սիրահարված եմ: Դա կարող է լինել արեւը, բնությունը, կտավը, երաժշտությունը: Առանց սիրո մարդը ծաղկի նման շուտ թառամում է, թեկուզ եւ լինի շքեղ ծաղկամանում:

- Ձեր պատմելով, Դուք ամեն ինչ ունեցել եք` փառք, գեղեցիկ կյանք, հեշտությա՞մբ համակերպվեցիք այստեղի պայմաններին:

- Բնականաբար, մեծ դժվարությամբ: Ես վերին արտի ցորենը չեմ, ունենալով առողջական խնդիրներ՝ ես կարող էի ինձ համար պահանջել առանձնասենյակ, սակայն հրաժարվեցի, որովհետեւ ինձանից շատ ավելի կարիքավորներ կան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում