robertԿոմպոզիտորների միության նախագահ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ խոսքերով` միությունը խարխափող վիճակում է, քանի որ դարի բարոյախոսությունը կապված է ստեղծագործող մարդու համար անընդունելի` փողի գաղափարախոսության հետ:

-Փող ամեն ինչում, այսինքն` միջոց: Կոմպոզիտորների միությունը միջոց չէ: Նա այն ստեղծագործողն է, որ արդյունք է տալիս, իսկ միջոցը հասարակության համար է, որպեսզի դռներ բանա: Մենք զրկված ենք այդ հնարավորությունից, բայց ուզում ենք ինքներս ստեղծել մեր միջոցները: Ունենք նախաձեռնություններ` մշակութային տուրիզմ ստեղծելու կոմպոզիտորների միության բազայի վրա, որտեղ, հույս ունենք, դրսից մարդիկ բերել, ովքեր կգան մեզ մոտ տուրիզմի համար, բայց կծանոթանան մեր երաժշտության, պատմության, մշակույթի հետ: Աշխարհում շատ քիչ մարդ է իրական Հայաստանը ճանաչում: Եվ աշխարհում շատ քիչ մարդ է, որ ուզում է ճանաչել Հայաստանը, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր խնդիրը: Հայաստանը պետք է ճանաչելի լինի դրսի համար: Հերիք է, որեւէ մեկը մտնի Հայաստան ու Արարատ լեռան այդ մոգական պատկերը տեսնի, կզգա, որ սա հատուկ տեղ է աշխարհի վրա, դրախտավայր: Այդ դրախտավայրի բաղկացուցիչ մասը նաեւ մեր մշակութային հզոր ժառանգությունն է, որի պարզագույն ապացույցներից մեկը 1600 տարվա գրերն են:  

- Ի՞նչ կասեք այսօրվա երգահանների ու նրանց ստեղծած երգերի մասին:

- Այսօր առավոտյան ինձ զանգահարեց մի անձնավորություն եւ ասաց, որ ինքը երգահան է, հարցրեցի` տղա ջան, դու գիտե՞ս, թե ինչ բան է երգահանը: Պարզվում է, որ նա բոլորվին ուրիշ բան էր, բայց իրեն համարում է ստեղծագործող: Առհասարակ, մեր ժամանակները վտանգավոր են այդ ամբիցիայով: Մեզ մոտ խմբագրի ինստիտուտը վերացած է: Այնուամենայնիվ, գոյություն ունի գնահատականի ցենզ, որպեսզի իմանաս, թե ինչից ես դու դժգոհ եւ ինչից` գոհ: Եվ դա պետք է ասի միայն մասնագետը, այլ ոչ թե ասվի քաղքենի զրույցի արդյունքում: Մասնագետը պետք է գնահատի գիրքը, ստեղծագործությունը կամ հոգեւոր արժեքի հետ կապված որեւէ բան, իսկ այդ ինստիտուտը մեզ մոտ վերացած է:

- Գուցե դա նրանից է, որ ծաղկել են տարբեր տեսակի երաժշտական նախագծերը, ու ոչ պրոֆեսիոնալ մարդի՞կ են ժյուրիում նստած:

- Ենթադրվում էր, որ այսպես պիտի լինի, որովհետեւ երբ ժողովուրդը ազատաբար ստանում է ինքն իր կյանքը, ճակատագիրը դրսեւորելու հնարավորությունը, նա դուրս է գալիս այն գայթակղիչ ճանապարհների վրա, որոնք կարճ  հաճույքներ են բերում: Բնական է, որ դա պիտի լիներ, բայց փոսի մեջ ընկնող մարդը չպիտի բողոքի փոսի մեջ ընկնելուց, նա պիտի բողոքի նրանից, թե ինչ եզրակացություն արեց դրանից: Այսօր մեզ մոտ պակասում է գլոբալ առումով ազգային հերոսը: Ես գուցե հին մարդ եմ, բայց  իմ մտածողությունը երբեք հին չէ: Բայց, երբ ասում են, որ ժողովուրդն ուզում է այն, ինչ որ մենք ցույց ենք տալիս, սա մեծ մոլորություն է: Ազատությունն ունի իր մեծ արժանապատիվ դիմագիծը, եւ, եթե սա է մեր ազատությունը, ես դեմ եմ այդպիսի ազատությանը: Ես չեմ ուզում, որ հեռուստատեսությունն ամեն օր մարդ սպանի, որ մեր մոդաները փողոցում սեռական թեքումով լինեն: Ես չեմ ուզում, որ մարդիկ զավեշտի իրենց ձգտումների մեջ կորցնեն նկարագիրը, թե իրենք ով են, որտեղից են գալիս եւ ուր են գնում: Ես չեմ ուզում, որ լկտիությունը փողոցում սկսի աշխատել որպես վարք: Չեմ ուզում` վավաշոտությունը դառնա մեզ այսօր նկարագրող դիմագիծ: Ընդհանրական հայացքով նայում եմ երիտասարդությանը ու տեսնում, որ գորշություն է մտել իրենց մեջ, բայց իր տեսակն այդպիսին չէ: Երբ մարդիկ առանձին են ապրում, ուզեն-չուզեն, կարող են շարժվել` ինչպես ցանկանում են: Բայց, երբ միասնական են սկսում ապրել, պիտի համակարգեն իրենց գոյությունը: Յուրաքանչյուր մարդու մեջ մշտապես կա աշխարհի բոլոր հասկացությունների փականները` ե°ւ հանցագործության, ե°ւ հերոսության, ե°ւ զոհաբերության, նայած, թե  ինչ կացության մեջ է զարգանում: Փականները բացվում են կամ այդպես էլ փակ են մնում: Դրա համար մեր միության հաջողությունների կողքին կարիք եմ տեսնում իրականացնել այն ծրագիրը, որով կկարողանանք լինել ավելին:   

- Ո՞րն է այդ ծրագիրը:

- Հեղինակի արժեքի գիտակցությունը: Ես շատ չեմ սիրում համացանցը եւ գրեթե երբեք չեմ մտնում: Բայց այսօր ստեղծում ենք կոմոպոզիտորների միության կայք, որպեսզի յուրաքանչյուր հեղինակի սպառիչ ձեւով ներկայացնենք աշխարհին: Նպատակն այն է, որ ողջ աշխարհում համացանցի մեջ քրքրեն եւ հեշտությամբ կարողանան կապ հաստատել տվյալ երաժշտի հետ, իսկ այդ կապի դեպքում սկսվում է հաղորդակցությունը: Ինձ համար ոչ մի արժեք չունի այն կոլեկտիվը, որն ապրում է Հայաստանում, բայց  նրա ուշքն ու միտքը դեպի եվրոպական երաժշտությունն է: Եվ պարարվեստի մեջ նա ձգտում է ՙX-Ֆակտոր՚-ների միջոցով գնալ դեպի օտարի պարերը: Հակառակ դեպքում, մեզ մնում է փակել հանրապետությունը ու մի մասս գնանք Դուբայում պարենք, մյուսն էլ` գնա երգի ուրիշ երկրում... Բա մեր պատմական ժառանգությո՞ւնը, բա մեր ինքնությո՞ւնը: Մեր խնդիրը սեփական մշակութային արժանապատվության ինքնագիտակցությունն է:  

- Տարիներ առաջ գոյություն ուներ գեղարվեստական խորհուրդ ասվածը, որը թույլ չէր տալիս` ամեն մի երաժշտություն մուտք գործեր հեռուստաեթեր: Այդ խորհրդի անհրաժեշտությունը չկա՞ այսօր:

- Ես արդեն ասացի, որ խմբագրի ֆունկցիան վերացել է: Ի՞նչ խմբագիր, եթե ես այսպես եմ ուզում, ապա նա ինչո՞ւ պիտի ինձ ասի` ինչ անել: Այ, այսպիսի մոդելն է աշխատում այսօր:

- Այսինքն` Կոմպոզիտորների միությունն իրավունք չունի՞ արգելելու:

- Ոչ, հասարակական կազմակերպությանն ի՞նչ իրավունք ունենք արգելելու:

- Ասենք, պետական ալիքներով արգելելու իրավունք էլ չունեք:

- Ինչպես արգելվի:

- ժամանակը չէ, որ համախմբվեք մի քանի արվեստագետներով եւ ստեղծեք գեղխորհուրդ, որն արգելի փողով գնված ՙթոփ տասնյակները՚:

- Դա մեր ցավն է, բայց ոչ մի բան չի օգնում: Օրինակ, հարցազրույց եմ տալիս նախագահական ընտրություններից առաջ Նվեր Մնացականյանին: Հայտարարվեց, որ երեկոյան պիտի եթեր գնա հաղորդումը, եղավ 11:30, բայց չկար այդ հաղորդումը, 12:30` էլի չկար: Այնինչ այն նախընտրական քարոզարշավի բաղկացուցիչ հարցազրույցներից մեկն էր: Ես զանգահարում ու հարցնում եմ, թե ինչու մինչեւ հիմա հարցազրույցը չկա, ասում են` որովհետեւ սերիալ է գնում: Որեւէ երկրում նման բան պատկերացնելն անհնար է: Երբ նախագահի մասին խոսք է գնացել, եւ պետական ալիքը, որ սնվում է պետական օգնության կողմնորոշման հաշվին, պետական խնդիրները հաղորդելու համար ժամ չունի, եւ պատճառաբանում են, թե սերիալ է գնում: Դա մեզ դարձնում է վաշխառուական, նվաստ երկիր, եւ դա անում է հենց Առաջին ալիքը: Ամեն անգամ այդ սերիալների համար 22 մլն դրամ գումար է բաց թողնվում, պետությունից գնում է այդ գումարը ամեն երեկո, ամեն ֆիլմի համար:   

- Դրա համար էլ հասարակության մակարդակն այսօր հասել է ամենացածր կետին:

- Եթե մարդը որոշեց անցնել չինական խոհանոցի, մի քանի օր անց նրա մոտ նստում է այդ կոդը, իսկ եթե մարդիկ նստած են հոգեւոր մշակույթի վրա, ապա անցնում է ժամանակ, եւ նրանք դրա պահանջը զգում են: Գիտեք, թե ինչքան երիտասարդներ են հետեւում ու գալիս մեծ հետաքրքրությամբ մեր համերգներին, որովհետեւ զզվել են այդ անհոգի, անմիտ, անսիրտ, վերին աստիճանի ագրեսիվ երաժշտությունից: Այն դառնում է ագրեսիվ, որովհետեւ շահույթ ունենալու կարճ նպատակներ ունի: Լուրջ խնդիր պետք է դրվի, ու այն լուծելու քայլեր արվեն:

- Տարիներ առաջ ԱԺ պատգամավոր էիք ու կարողանում էիք ինչ-որ չափով լուծել այդ խնդիրները: Այժմ մտադրություն չունե՞ք վերադառնալու ԱԺ:

- Վերջին շրջանում այնքան եմ տարված իմ երաժշտությամբ, այնքան բաներ են կուտակված, որ հասկացա` սրանք կարող եմ ուղղակի կորցնել, որովհետեւ տարիքն արդեն իրենը կանի: Հիմա զբաղված եմ իմ երաժշտության խնդիրներով, իհարկե, ականջալուր եմ այդ իրադարձություններին: Ձգտում եմ, կուզենամ նորից վերադառնալ ԱԺ, փորձել նախաձեռնել ինչ-որ բաներ, բայց մեր ամբողջ իրականությունը նման է դասական մի ծառի, որը տեղադրված է հողի մեջ եւ ժամանակ է ուզում, որպեսզի բերք տա: Պատմականորեն շատ քիչ ժամանակ է անցել, անշուշտ, բայց ես հավատում եմ, որ դա պիտի իր արդյունքն ունենա, որովհետեւ փակ պատուհաններով սենյակի մեջ մարդ կարող է նստել կես ժամ, մեկ ժամ, մեկ օր: Ի վերջո, նա պետք է այդ պատուհանը բացի, որովհետեւ մաքուր օդի, մշակույթի, հոգեւորի կարիք ունի:  

- Ինչպես կգնահատեք այսօր տիրող քաղաքակական իրավիճակը:

- Առհասարակ ամեն ինչ ստեղծվում է ներդաշնակության միջոցով: Իսկ այսօր մենք չափից դուրս մեծ փորձության մեջ ենք, մեր նախագահի թեկնածուները ամեն ինչ արեցին, որպեսզի մենք գնանք եւ ընտրենք մեր գործող նախագահին: Ի դեպ, դրա համար շնորհակալ եմ իրենց: Այն բզկտված վիճակը, երբեմն ինտելեկտի պակասը, երբեմն ավանտյուրիզմը, հակադրությունը, ուղղակի ամբողջ նախընտրական շրջանում նման էր թղթախաղի երեւույթի: Այդ կացության մեջ, անշուշտ, ե°ւ բանական ուժերի կարիք ունենք, ե°ւ հեռուստատեսային հաղորդումների մեջ կարիք ունենք խմբագրման: Ուրիշ բան, որ գեղխորհուրդ լինի, ասի` սա կարելի է, իսկ սա` ոչ: Մարդուն ազատությունը տրված է նրա համար, որպեսզի ինքն իրեն գայթակղություններից հեռու պահի: Ես ազատ եմ այնքան, որ ինքս կարող եմ արգելել ինձ զբաղվել ինչ-որ բանով: Շատ հաճախ ուզում ես ինչ-որ մեկին մի լավ ապտակ հասցնել սխալի համար, բայց քո ՙչի կարելին՚ ներսից թույլ չի տալիս: Մեզ մոտ ազատությունն ինքն ազատ չէ: Այսօր նա գտնվում է ճիրանների մեջ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ