suicideՓետրվարի 28-ին Հարավ-արեւմտյան Ա 1 թաղամասի Անդրանիկի 48 հասցեի 14 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է մահացած աղջկա դի: Ժամեր անց ոստիկանները պարզել են, որ մահացած աղջիկը 15-ամյա Սիրարփի Վ-ն է, ով բնակվում է Հաղթանակ գյուղի (Չորրորդ գյուղ) Ամառանոցային 1-ին տարածքում:

Աղջիկը սովորում էր 174 դպրոցի 9-րդ դասարանում: Ըստ նախնական տեղեկությունների, 15-ամյա Սիրարփին ինքնասպան է եղել: Նախնական տվյալների համաձայն, աղջիկը որեւէ գրություն չի թողել: 15-ամյա Սիրարփիի մասին փորձեցինք տեղեկություններ պարզել 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանից, ով ցնցված էր կատարվածից եւ չէր կարողանում առանց հուզմունքը զսպելու խոսել:

- Չգիտեմ` ինչ ասեմ, դպրոցում բոլորս ցնցված ենք: Ինչ ասեմ, կազմակերպված, դասերից չբացակայող աշակերտուհի էր: Վերջին շրջանում իրեն մի տեսակ տարօրինակ էր պահում, դարձել էր ինքնամփոփ, մենակյաց: Աղանդավորական ընտանիքի երեխա էր: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչը կարող էր նրան այդ քայլին դրդել: Ամեն դեպքում, բոլորիս համար դա մեծ հարված էր:

Իսկ Սիրարփիի դասընկերները նրան այսպես բնութագրեցին.

- Ինքը միշտ էլ իրեն մի տեսակ տարօրինակ էր պահում, փորձում էր ամեն կերպ հեռու պահել իրեն մեզանից: Զգացվում էր, որ ինչ-որ բան իրեն ներսից հանգիստ չի տալիս: Փորձում էինք հետաքրքրվել, իմանալ, թե ինչով կարող ենք օգնել, բայց նա միշտ իրեն հեռու էր պահում, թույլ չէր տալիս շփվել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ՙՍպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՚, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: