livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

goxԳրպանահատությունը դարերի պատմություն ունի, եւ դրա համար տարբեր ժամանակներում սահմանված են եղել տարբեր պատիժներ: Օրինակ, Իրանում հրապարակայնորեն կտրել են գողի այն ձեռքը, որով նա գրպան է մտել:

Իհարկե, եվրոպական երկրներում դրա համար բոլորովին այլ պատիժներ են նախատեսված, իսկ թե ինչպիսինն է իրավիճակը Հայաստանում այդ առումով, փորձեցինք պարզել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի պետ, փոխգնդապետ ՌՈՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ում գրպանահատության երեւույթին առհասարակ, նշեց.

-Գրպանահատության դեպքեր Հայաստանում արձանագրվել են դեռեւս տասնամյակներ առաջ:  2012թ. մայիսի 21-ից Ոստիկանապետի հրամանով Երեւան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնում ստեղծվել է գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքը: Այսինքն` մինչ բաժանմունքի ստեղծումը, կար գրպանահատության դեպքերի բավականին բարձր ցուցանիշ, ինչը եւ առիթ հանդիսացավ համապատասխան բաժանմունք ստեղծելու համար: Գրպանահատությունը ամենատարածված հանցատեսակներից է, որը որպես շարունակական հանցատեսակ է դիտվում: Այն ամենադժվար բացահայտվող հանցագործությունների շարքին է դասվում, որն ունի իր ուրույն առանձնահատկությունը. գրպանահատները միայնակ չեն գործում, գործում են խմբերով` երկու-երեք հոգով, որոնցից յուրաքանչյուրը հանցագործությունը կատարելու իր ֆունկցիան ունի. մեկը շեղում է, մյուսը` խոսեցնում, դե, իսկ մյուսը գործում է: Գրպանահատության բարդությունն այն է, որ պետք է հենց տեղում հայտնաբերվի գրպանահատը:

- Պարո՛ն Կիրակոսյան, իսկ ինչպիսին է 2012 թվականի վիճակագրությունը գրպանահատության առումով:

- 2012թ.-ին Երեւան քաղաքում արձանագրվել է գրպանահատության 92 դեպք, որից 43-ը` մինչ բաժանմունքի ստեղծումը: Գրպանահատությունը 177 (գողություն) հոդվածի 4-րդ մասով (տուժողի հագուստից, պայուսակից կամ ձեռքի այլ պահոցից կատարված մանր չափերով գողություն, որը պատժվում է տուգանքով կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով) նախատեսված արարք է: Սակայն, նշելով քրեական օրենսգրքի 177 հոդվածը, հղում անենք քրեական դատավարության 183 հոդվածին (տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործ): Օրինակ, եթե ունենք գրպանահատության դեպք, բայց չունենք տուժողի բողոք, ապա քրեական գործի հարուցումը ինքնին մերժվում է: Այսինքն, եթե հանցագործը կատարում է գողություն, եւ չկա տուժողի բողոք, նա ազատ է, ու չի բացառվում, որ նույն մարդը երկրորդ օրը նույն հանցանքը կատարի:

- Իսկ բողոքներ տուժող քաղաքացիների կողմից հիմնականում լինո՞ւմ են, թե՞ ոչ:

- Հիմնականում` ոչ: Քանի որ տուժողի գումարը գրպանահատները հիմնականում վերադարձնում են, իրար հետ հաշտվում են, միանգամից քրեական գործի հարուցումը մերժվում է:

- Արձանագրված դեպքերով քանի՞ քրեական գործ է հարուցվել:

- Արձանագրված 92 դեպքերից բողոքի հիման վրա ունենք հարուցված չորս քրեական գործեր: 2012թ.-ին արձանագրված դեպքերից յոթանասունը եղել են երթուղային տաքսիներում, չորս դեպք` ավտոբուսներում, ութը` տոնավաճառներում եւ տասը դեպք` կանգառներում: Այսինքն` գրպանահատության դեպքերը առավել հաճախակի արձանագրվում են մարդաշատ վայրերում:

- Մայրաքաղաքում, թե մարզերում են առավել հաճախակի նկատվում գրպանահատության դեպքեր:

- Ավելի շատ` Երեւանում: Բայց պետք է նշեմ, որ գրպանահատների դեմ պայքար առավել արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել է գրպանահատների տվյալներով քարտադարան, այսինքն` նրանք, ովքեր մեր տեսադաշտում են, ովքեր որ քրեական գործերով անցել են, նրանց տվյալներով ստեղծվել է քարտադարան, որոնց հետ էլ աշխատանքներ են տարվում: Քարտադարանը ուսումնասիրելով` տեսնում ենք, որ գրպանահատների մեծ մասը մարզերի բնակիչներ են, ովքեր գործում են Երեւանում:

- Գրպանահատների տարիքային ինչ միտում է նկատվում:

- Ըստ քրեական գործերով անցնող գրպանահատների, վերջիններիս հիմնական տարիքը քառասուն եւ ավելի է: Եվ, որ ամենահատկանշականն է եւ ինչ-որ տեղ ցավալի մեր ազգի համար, գրպանահատների մեծ մասը կանայք են:

Գրպանահատները հիմնականում մի քանի անգամ դատված անձինք են, որոնց համար հանցագործություն կատարելը դարձել է սովորական երեւույթ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում