livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

Նկարիչ, քանդակագործ, ոսկերիչ-դիզայներ Նուռը՝ ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ, ապրիլից իր <<Ընթերցողի արձան>> քանդակով կամրագրի 2012-ին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելու փաստը: <<Զարուհու>> հետ զրույցում դիզայները փաստեց, որ  մոնումենտալ քանդակագործ կոչվելու հավակնություն չունի, քանի որ այն մոնումետալ քանդակ չէ, այլ միջավայր, լուրջ հոգեբանական խաղ, որը հետաքրքիր ֆունկցիա է կատարելու:

- Արձանի վիզուալ գաղափարախոսությունը, տեսքը գրքեր են, որոնք առաջին հայացքից անօրինաչափ, հենց այնպես շարված են իրար վրա: Բայց երկրորդ հայացքից հասկանում ես, որ դա նստատեղ է, կարելի է բարձրանալ գրքերի վրայով եւ նստել: Այն որոշակի ձեւով նաեւ բազկաթոռ է:

- Իսկ չեք վախենում, որ նա էլ վերջերս Երեւանում տեղադրած արձանների ճակատագրին արժանանա:

- Կոտրվում են կավից հուշարձանները: Արձանը, որը մարդու հետ պետք է շփվի, չի կարելի անել նյութից, որը դիմացկուն չէ, հետո էլ մեղադրել մարդուն, որ բարբարոս է: Որոշ չափով բարբարոսություն էլ կա, բայց նախապես ստեղծել պայման, որ ազգը բարբարոս կոչվի, դա արդեն վատ է:

Արձանը բրոնզից է, ունի 2,5 մետր բարձրություն, ցանկացած մարդ կարող է բարձրանալ աստիճանաձեւ դրված գրքերի վրայով, նստել  վերեւի մասում: Այնտեղ միշտ լույս է վառվելու, ամենավերեւում դրված բաց գրքի վրա  պիտի գրված լինի աշխարհի գրեթե բոլոր օգտագործվող լեզուներով կարճ ինֆորմացիա. Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք 2012թ: Կարծում եմ, որ այն էլ չի կրկնվի, որովհետեւ մայրաքաղաքները շատ են, եւ այդ տիտղոսը մինչեւ շրջի բոլոր մարաքաղաքներով, նորից վերադառնա մեզ, կանցնի եւս 500 տարի: Ցանկացած զբոսաշրջիկ բարձրանալով իր լեզվով կկարդա ու կտեղեկացվի այդ մասին: Բացի դրանից, ցանկացած մարդ, նկարվելով այս արձանի վրա նստած, դառնում է արձանի հերոս, դրա համար էլ կոչվում է <<Ընթերցողի արձան>>: Միանշանակ, շատ չընթերցող մարդիկ կնստեն արձանի վրա եւ կվերցնեն իրենց վրա ընթերցողի դերը: Հոգեբանական փոքրիկ թեզ կա, եթե մարդը ինչ-որ դեր է կատարել իր կյանքում, ուշ թե շուտ ցանկանալու է նմանվել այդ դերին: Եվ հետո, սա առաջին պայմանն է, որով քարոզվում է գիրք կարդալ: Արձանի մեջ տեղադրված է ինտերնետ, որը թույլ է տալիս միանալ միայն արձանի պաշտոնական կայքին, որը կոչվում է ընթերցող: Այն իրենից ներկայացնում է 30 մլն գիրք պարունակող մեծ գրադարան, որտեղից կարող են անվճար ներբեռնել գիրքը եւ կարդալ՝ կա՛մ արձանի շրջակայքում նստած, կա՛մ էլ տանը: Ուզում եմ, որ ստեղծվի ավանդույթ՝ արձանի շուրջ լինի բաց ընթերցարան: Առաջին անգամ է աշխարհում, երբ արձանն ունի էլեկտրոնային հնարավորություն, իմանալով այս արձանի մասին՝ հետաքրքվել են տարբեր համաշխարհային կազմակերպություններ:

- Իսկ քաղաքի ո՞ր հատվածում է լինելու այն:
- Խնկո-Ապոր անվան գրադարանի տարածքում: Մեր հայտնի նկարիչներից մեկը, որը որոշում պիտի կայացներ, արձանը լինի՞ մեր քաղաքում, թե՞ ոչ, այսպիսի մի բան ասաց, ինչն ինձ շատ ծիծաղեցրեց: Ասաց՝ գրադարանի դիմաց գիրք դնելը մի տեսակ սխալ է, ես իրեն պատասխանեցի, որ Ձեր լոգիկայով, երեւի, եկեղեցու գլխին խաչ դնելն էլ է սխալ: Ցավոք սրտի, նման կերպ մտածող մարդիկ էլ ունենք, որոնց հետ ստիպված ենք պայքարել եւ լավ մտքերը փորձենք առաջ տանել:

- Արձանը ստեղծելու առաջարկն ո՞ւմ կողմից եք ստացել:
- Ինքս էի մտածել դեռ անցյալ տարվա փետրվարից: Այն ոչ մի տեղ չեմ առաջարկել, խոսակցությունները հասել էր քաղաքապետարան եւ այնտեղից հետաքրքրություն հայտնեցին, որ խնդրում ենք բերել ձեր նախագիծը դիտարկման: Ուրախ եմ, որ այսօր իրականանում է այն: Ապրիլի 23-ին կլինի արձանի բացումը, այն նույն օրը, երբ տիտղոսը կհանձնենք հաջորդ մայրաքաղաքին:

- Վերջերս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ վերջին տարիներին քաղաքի ձեւաչափը փոխվել է:

- Երբեք չի կարելի հետ նայել: Ինչ կատարվում է, լավ թե վատ, դա մեր օրերի իրականությունն է, պատմական էջը: Վատ էջը հնարավոր չէ պատռել ու դեն նետել: Կարդում եք շատ լավ վեպ, որտեղ կան ե՛ւ հաջողված, ե՛ւ չհաջողված մասեր, հնարավո՞ր է այդ չհաջողված մասերը պոկել, դեն նետել՝ թողնելով միայն լավը: Լավ, թե վատ՝ սա մեր կյանքի էջն է, պետք է ընդունենք այնպես, ինչպես որ կա: Մենք շատ դեպքերում բողոքական ենք, ինքս էլ եմ բողոքող, որ մի՛ քանդեք այս շենքը, կամ մի՛ դրեք այսպիսի քանդակներ, բայց դրա հետ մեկտեղ, երբ արդեն դրվում է, չեմ կարող ասել՛ հանեք, որովհետեւ դա արդեն էջ է, որը կա: Մարդկության պատմությունն ունի շատ վատ էջեր, բայց մենք չենք կարող չուսումնասիրել դա, չնայել դրա վրա առհասարակ ու միայն լավը հիշել:

- Վերջերս Գառնու վերանորոգված կամրջի շուրջ էլ աղմուկ բարձրացվեց:
- Էջմիածնի եկեղեցին քանի՞ անգամ է ավելացել սկզբնական տարբերակից: Խոր վիրապը, Նորավանքը քանի՞ անգամ է վերափոխվել: Դա պատմական էջ է: Այսօր  Գառնու կամուրջը վերականգնվեց այդ տեսակի մեջ, ուրեմն, մեր պատմական էջը բերեց նրան, որ 2013-ին՝ 21-րդ դարում ունեցավ այս տեսքը: Գուցե 25-րդ դարում ասեն, գիտեք այս կառույցը ունեցել է շատ հին պատմություն, այսպիսի տեսք, հետո՝ 21-րդ դարում դարձել այսպես: Հիմա 25-րդ դարն է, եկեք մտածենք՝ ինչ անել: Դա էջ է, որը չի կարելի ջնջել, կարելի է կանխել նախօրոք, եթե արդեն արված է, ընդունեք դա իբրեւ էջ:

- Մշակույթի գործիչներից շատերն ընդգրկված են ավագանու թեկնածուների ցուցակում, իսկ Դուք չե՞ք ցանկանում:
- Եթե ցանկությունը, ջիղը կամ կարիքն ունենայի, վաղուց կլինեի պաշտոնավոր: Երբեւէ դա ինձ հետաքրքիր չէ եւ չի կարող հետաքրքիր լինել: Ես հիմա անգամ չեմ դասավանդում ինստիտուտում, որովհետեւ համարում եմ՝ դեռ իմ այն տարիքն է, որ պետք է ստեղծագործեմ: Եղել եմ ինստիտուտի պրոռեկտոր, հրաժարվել եմ: Կլինեմ 80 տարեկան, երբ ի վիճակի չեմ լինի ստեղծագործել, այն ժամանակ նոր կսկսեմ զբաղվել ադմինիստրատիվ աշխատանքով: Չհաջողված դերասանն է դառնում ադմինիստրատոր, այնպես որ, չեմ ուզում լինել չհաջողված դերասան:


- Երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին ի՞նչ կասեք:

- Միշտ ասել եմ, որ ապոլիտիկ եմ: Ստեղծել եմ իմ աշխարհը, որը գտնվում է իմ երկրում: Ես այդ քաղաքի, երկրի ամեն ինչն եմ. քաղաքացին, նախագահը, բանվորը, գյուղացին, ծերունին ու երեխան: Հետեւաբար, ինչ-որ կատարվում է զուգահեռ աշխարհում, առհասարակ չի հետաքրքրում ինձ, որովհետեւ կարծում եմ, որ դա սուտ է, ամեն ինչ բեմականացում է: Այնքան են դերը խաղացել, որ արդեն հավատացել են իրենք իրենց խաղին եւ համապատասխանում են իրենց խաղացածին: Ինձ առհասարակ չի հետաքրքրում, թե ո՞վ է հացադուլ անում, ինչու է անում, ով է ինչ-որ բողոքներ ներկայացնում... Ես ապրում եմ իմ աշխարհում եւ լավ եմ ինձ զգում: Ով հոգնել է այն աշխարհից, հրավիրում եմ իմ աշխարհ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում